• am
  • ru
  • en
Версия для печати
19.07.2005

Թուրքիայի դերը «Մեծ Մերձավոր Արևելք» նախագծում

   

Արտակ Շաքարյան

«Մեծ Մերձավոր Արևելք» ամերիկյան նախագիծը հեղինակվել է 2001թ. ահաբեկչական հարձակումներից և դրանց հետևած աֆղանստանյան ու իրաքյան պատերազմներից հետո։ Այն ուղղված է լուծելու ԱՄՆ խնդիրները Մերձավոր և Միջին Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում` մահմեդական պետությունների ժողովրդավարացում, ազատականացում, ինչը թույլ կտա Վաշինգտոնին առավել հեշտությամբ հարաբերվել նրանց հետ և միջամտել նրանց գործերին։

Մոդել երկիր և «ժողովրդավարացման» գործընթացի առաջնորդ

2004թ. հունվարին Սպիտակ տունը հյուրընկալեց Թուրքիայի վարչապետ Էրդողանին։ Բուշ-Էրդողան քննարկման հիմնական թեմաներն էին Կիպրոսը, Հյուսիսային Իրաքը, Հայաստանի հետ սահմանի խնդիրը։ Խոսվել է նաև «Մեծ Մերձավոր Արևելք» (ՄՄԱ) նախագծի մասին, և Էրդողանը, ի տարբերություն Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Թունիսի ու Մարոկկոյի, հայտնել է այդ խնդրում Թուրքիայի աջակցության մասին։

Վերջին ժամանակներս ավելի ու ավելի ցայտուն է երևում Թուրքիան որպես չափավոր մահմեդական երկիր ցույց տալու ԱՄՆ ցանկությունը։ ՄՄԱ նախագծի գաղափարի բաղկացուցիչ այս մասը, թերևս, բացատրում է այն հեշտությունը, որով Արդարություն և զարգացում կուսակցությունը հաղթանակ տարավ 2002թ. նոյեմբերին կայացած Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում։ ԱՄՆ-ը երկար տարիներ ի վեր Թուրքիան ներկայացնում է որպես իսլամի և ժողովրդավարության համակեցության մոդել երկիր, աջակցում նրա մուտքին Եվրամիություն` ձգտելով ցույց տալ մահմեդական աշխարհին, որ իսլամն ու արևմտյան արժեքները համատեղելի երևույթներ են։ ԱՄՆ նախագահ Բուշի 2004թ. հունվարի 20-ի ելույթից հետո, որը վերաբերում էր հենց ՄՄԱ նախագծին, ամերիկյան պաշտոնյաներն անմիջապես հայտարարեցին, թե այստեղ Թուրքիան ունի «հանգուցային» դեր։ Նույնը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը կրկնեց 2004թ. հունիսի 25-ին թուրքական NTV հեռուստաալիքին տված իր հարցազրույցում։

Նախագահ Բուշի վերընտրությունից հետո կասկած չկար, որ ԱՄՆ ռազմավարությունն այդուհետ կենտրոնանալու էր հիմնականում մահմեդական աշխարհի վրա, իսկ ԱՄՆ հիմնարար շահերից բխում էր աջակցել Թուրքիային քաղաքական, սոցիալական, տնտեսական բարեփոխումներում, ԵՄ լիիրավ անդամակցության հարցում, Կիպրոսի խնդրում, քանի որ եթե Թուրքիան անհաջողության մատնվի արդիականացման գործընթացում, ապա դա կլինի նաև ՄՄԱ ամերիկյան նախագծի ձախողման սկիզբը։

Այսօր Թուրքիան աշխարհին ներկայանում է ոչ որպես ԱՄՆ կամակատար, այլ ինքնուրույն, երբեմն Վաշինգտոնի շահերին հակասող քաղաքականություն վարող դերակատար։ Հենց սա է պետք Վաշինգտոնին, որպեսզի Թուրքիան կարողանա տարածաշրջանում առաջնորդի կարգավիճակի ձգտել` ի հակակշիռ Իրանի կամ Սիրիայի։ Այս պարագայում Իսրայելը «խաղից դուրս» է, քանի որ տարածաշրջանի միակ երկիրն է, որ մահմեդական չէ։ Կա նաև կարծիք, թե հենց հանուն այս գաղափարի Վաշինգտոնի «պատվերով» Թուրքիայում իշխանության բերվեց իսլամամետ ԱԶԿ-ն, որպեսզի Անկարան ավելի մերձենա մահմեդական աշխարհին ու հնարավոր լինի Թուրքիան անվանել «օրինակելի իսլամական երկիր, որն առաջնորդվում է ժողովրդավարությամբ»։ ԱՄՆ-ը ընդունեց Էրդողանին Վաշինգտոնում, երբ նա դեռ ո՛չ վարչապետ էր, ո՛չ էլ նույնիսկ խորհրդարանի պատգամավոր։

Չնայած Թուրքիան, ըստ սահմանադրության, աշխարհիկ երկիր է, Վաշինգտոնի բարձրաստիճան գործիչները քանիցս այն անվանել են մահմեդական երկիր, որը հաջողությունների է հասնում ժողովրդավարության շնորհիվ։ Թեպետ Թուրքիան առարկել է, այնուամենայնիվ, այդ «վրիպակները» շարունակվել են, ինչը ցույց է տալիս, որ դրանք ամենևին էլ պատահական խոսքեր չեն, այլ կազմում են մի ընդհանուր ծրագրի բաղադրամաս։ Հայտնի քաղաքագետ Ս.Հանտինգտոնը նույնպես իր վերլուծություններում առաջ է քաշում այն միտքը, որ Թուրքիան պետք է հրաժարվի ԵՄ անդամակցության գործընթացից և ընտրի մահմեդական աշխարհի առաջնորդ դառնալու ուղին։

* * *

2005թ. հունվարի 31-ին Անկարա այցելեց ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդական, Պենտագոնում երրորդ անձ Դուգլաս Ֆեյթը, որը հանդիպումներ ունեցավ Թուրքիայի վարչապետ Էրդողանի, Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալփողանի և այլ բարձրաստիճան անձանց հետ։ Ֆեյթը հայտարարեց, որ իրենք ցանկություն ունեն աջակցել Թուրքիային` դառնալու տարածաշրջանում միջուկային զենքերի վերահսկողության նախաձեռնության առաջնորդ` թերևս ակնարկելով Իրանը։

Մայիսի սկզբին Իսրայելի նախագահ Մոշե Կացավի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտնեց, որ կիսում է Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ Իսրայելի մտահոգությունները. «Իրանի միջուկային ծրագիրը սպառնում է ողջ աշխարհին, և Իսրայելը Թեհրանի միջուկային սպառնալիքներին դեմ-հանդիման կանգնած միակ երկիրը չէ»։

2005թ. հունիսի 8-ին տեղի ունեցավ Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցը Վաշինգտոն։ Թուրքական շատ թերթեր այն բնութագրեցին որպես «նոր էջ երկկողմանի հարաբերություններում»։ Այցի հիմնական շեշտադրումը ՄՄԱ նախագիծն էր և Թուրքիային վստահվելիք դերակատարումը։ Հանդիպման ժամանակ նախագահ Բուշը մեծապես կարևորեց թուրքական ժողովրդավարության նշանակությունը տարածաշրջանում «առաջնորդություն» ստանձնելու հարցում, ինչպես նաև թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները։ Էրդողանն, իր հերթին, Բուշին հայտնեց Թուրքիայի աջակցությունը ՄՄԱ նախագծին։

Բուշի հետ հանդիպումից հետո մամլո ասուլիս հրավիրած Էրդողանի առանձնացրած կետերից առավել աչքի ընկավ ՄՄԱ նախագծում Թուրքիայի ստանձնած առաջնորդության դերի «առաջին հանձնարարականների» նախանշումը: Դրանք են զանգվածային ոչնչացման միջուկային զենքերի տարածման դեմ վերահսկողության սահմանումը (ակնարկվում է Իրանը–Ա.Շ.), բազմակուսակցական համակարգի հիմնումը (ակնարկվում է Սիրիան–Ա.Շ.)։ Սիրիային ուղղված կոչերը շարունակվեցին «Նյու Յորք Թայմս» թերթին տրված հարցազրույցում, որտեղ Թուրքիայի վարչապետը, ակներևորեն արդեն իր նոր դերի մեջ մտնելով, կոչ արեց Սիրիային վարչակարգի հարցում օրինակ վերցնել Թուրքիայից։

Իրանի պարագայում նույնպես զարգացումները երկար չսպասեցրին։ Արդեն հունիսի 14-ին Անկարայում ԱՄՆ դեսպան Էրիք Էդելմանն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, դեսպան Ալի Թույգանը ստորագրեցին զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարի վերաբերյալ պայմանագիր։ Սա քայլ էր` արված տարածաշրջանում Անկարայի հակամիջուկային վերահսկիչի նոր դերի ստանձնման ուղղությամբ, ինչպես 2005թ. սկզբին խոստացել էր Դուգլաս Ֆեյթը։

Բուշ–Էրդողան հանդիպումից մի քանի օր անց ի հայտ եկան ՄՄԱ նախագծի շրջանակներում Թուրքիայի արած առաջին հստակ քայլերը։

Հունիսի 16-17-ին Բեյրութում տեղի ունեցավ արաբական տնտեսական 11-րդ համաժողովը, որին, 30 երկրների մոտ հազար պատվիրակների թվում, մասնակցեց նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանը, որն իր ելույթում Թուրքիան բնորոշեց որպես «հաջողության մոդել»։ Ինչպես արտահայտվեց նա Լիբանանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, «Թուրքիան պատրաստ է ամեն տեսակի օգնության ու ներդրման ՄՄԱ նախագծի շրջանակներում»։

ՄՄԱ շրջանակներում կազմակերպված միջոցառումներից էր հունիսի 20-21-ին Ստամբուլում տեղի ունեցած «Հասարակական կյանքին կանանց մասնակցության աջակցություն և Մեծ Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի ժողովրդավարացում» միջազգային համաժողովը, որին ներկա էին 90 մասնակից տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներից։ Այն կազմակերպվել էր «Ժողովրդավարության աջակցման երկխոսություն» կազմակերպության կողմից, որի համանախագահներն են Թուրքիան, Իտալիան ու Եմենը։ Այս կազմակերպությունը ձևավորվել է «Մեծ ութնյակի» 2004թ. հունիսյան գագաթաժողովի ժամանակ և կոչված է աջակցելու «Մեծ ութնյակի» և տարածաշրջանի երկրների համակողմանի համագործակցությանը։

Հետևություններ

Ակներև է, որ Թուրքիան քայլեր է կատարում դեպի մերձավորարևելյան ավելի ակտիվ քաղաքականություն։

Կարգավորելով հարաբերությունները Իրանի, Սիրիայի և ընդհանրապես արաբական աշխարհի հետ` Անկարան իրեն պատրաստ է զգում Արևմուտքի աջակցությամբ ստանձնել «ժողովրդավարացման» առաջնորդի դերը Մեծ Մերձավոր Արևելքում։

Սակայն Աֆղանստանում ու Իրաքում ԱՄՆ կողմից պարտադրվող ժողովրդավարական ծրագրերի տխուր վիճակը հուշում է Թուրքիային, որ նմանօրինակ բռնի գործընթացում առաջնորդի դիրք ունենալը կարող է զրոյի հավասարեցնել արաբական աշխարհի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված վերջին մի քանի տարվա ջանքերը։ Ուստի, Անկարան կձգտի այս նախագծի շրջանակներում գործողությունների առավել ազատության ու կփորձի ինքն ուղղորդել տարածաշրջանի ժողովրդավարացման ջանքերը։

«Հանրապետական», թիվ 7 (27), 2005թ.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր