• am
  • ru
  • en
Версия для печати
19.07.2005

Իրան. նոր նախագահ, հին խնդիրներ

   

Սևակ Սարուխանյան

Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքն անակնկալ էր ոչ միայն միջազգային հանրության, այլև այդ երկրի հասարակության մի զգալի շերտի համար: Փորձառու Հաշեմի-Ռաֆսանջանիի պարտությունը, թերևս, շատ քչերն էին կռահում, քանզի նրա վարկը և իսլամական հանրապետության պատմության մեջ խաղացած դերը բավարար էին թվում հաղթանակի համար: Այս ամենից բացի, միջազգային իրավիճակի սրացումը Իրանի շուրջ կարծես թե թելադրում էր Հաշեմի-Ռաֆսանջանիի վերադարձը նախագահական ղեկին, քանզի նրա փորձը և հմտությունն ավելի քան անհրաժեշտ էին երկրի կենսունակության համար: Սակայն Իրանի ժողովուրդը կատարեց իր ընտրությունը, և այդ ընտրության արդյունքում Իրանի նոր նախագահ դարձավ պահպանողական Մ.Ահմադինեժադը:

Ահմադինեժադի հաղթանակն արդյունք է Իրանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի.

1. 2003 թվականի փետրվարին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնցում հաղթանակ տարան պահպանողականները, Իրանի ներքաղաքական դաշտում բարեփոխումների կողմնակիցների պարտության սկիզբ հանդիսացան:

2004-ի փետրվարին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ևս պահպանողականները հաղթանակ տարան: Այդ հաղթանակը բարեփոխականների կողմից բացատրվեց հիմնականում նրանով, որ ընտրացուցակներից հեռացվել էին մի քանի հարյուր բարեփոխիչներ և դրանով իսկ սահմանափակվել էր իրանցիների ազատ ընտրության հնարավորությունը:

Սակայն վերջին նախագահական ընտրությունները հանդիսացան վկայությունն այն փաստի, որ բարեփոխումների կողմնակիցներն արդեն իսկ չեն վայելում իրանցի ընտրողների պաշտպանությունը: Չնայած թեկնածուների գրանցման պահին որոշակի խնդիրներ առաջացան բարեփոխիչ թեկնածուների գրանցման հետ կապված, սակայն գլխավոր հավակնորդներ Քյարուբին և Մոյինը գրանցվեցին որպես թեկնածուներ, բայց նրանցից և ոչ մեկը անգամ երկրորդ փուլ չանցավ: Բարեփոխիչների պարտության հիմնական պատճառ կարելի է համարել այն, որ նրանք վերջին տարիների ընթացքում ոչ միայն չկարողացան կատարել իրենց խոստումները, այլև նրանցից ոմանք, օգտագործելով իրենց դիրքերը, կարողացան կուտակել հսկայական կարողություններ։

2. Ոչ պակաս անակնկալ կարելի է համարել այն, որ պահպանողականների ճամբարից երկրորդ փուլ անցավ Ահմադինեժադը և ոչ թե այլ թեկնածու, ասենք` նույն Լարիջանին, որը կես տարի առաջ համարվում էր նախագահական ղեկը զբաղեցնելու հիմնական պահպանողական թեկնածուն:

Չնայած Ահմադինեժադը կոշտ գծի կողմնակից է, այնուամենայնիվ, դասական պահպանողական չէ և, ի տարբերություն Իրանի նախկին նախագահների, կրոնական գործիչ չէ: Նրա քաղաքական հայացքներում կրոնական գործոնը զբաղեցնում է բավականին կարևոր տեղ, սակայն դրա համար չէ, որ իրանցիները քվեարկել են նրա օգտին:

Սոցիալական խնդիրները Ահմադինեժադի նախընտրական ծրագրում զբաղեցնում են կարևորագույն տեղ, ինչը և գերել է սոցիալապես վատ վիճակում գտնվող իրանցիների մեծամասնության սրտերը: Այս հանգամանքը բավականին բարդացնելու է նոր նախագահի իրավիճակը, քանզի սոցիալական սպասելիքները չբավարարելը կարող է առաջ բերել համապատասխան հուզումներ հասարակության լայն շերտերում: Եվ եթե նախկինում երկրում չիրականացվող բարեփոխումների պատճառ դիտվում էին Խաթամիին սահմանափակող կրոնավորները, ապա ինքը` Նեժադը, հենց այդ կրոնավորների կողմից պաշտպանված թեկնածուն է, և ցանկացած սոցիալական լարվածություն կարող է առաջ բերել բնակչության բացասական վերաբերմունքը իշխանական երկու` կրոնական և նախագահական թևերի նկատմամբ:

3. Կարելի է պնդել, որ Իրանի նախագահական ընտրությունների արդյունքը որոշակիորեն հանդիսանում է նաև ամերիկյան նոր «իրանական քաղաքականության» հետևանք, որի բաղկացուցիչ մասն են ռազմական ուժի կիրառման հնարավորության քննարկումները ԱՄՆ քաղաքական և տեղեկատվական դաշտում: ԱՄՆ հակաիրանական արշավը հանգեցրեց Իրանում իշխանության համախմբմանը, և այդ իշխանությունը ԱՄՆ-ին ընդդիմանալու է լավ մշակված և համապարփակ ծրագրով: Իհարկե, բարեփոխիչների հեռանալով նվազում է իրանական ընտրանու տակտիկական խուսանավման հնարավորությունը, սակայն ԱՄՆ-ի հետ հակամարտության սրման պարագայում իշխանության համախմբումն ավելի կարևոր է և նշանակալի:

Ի՞նչ փոփոխություններ կարելի սպասել Իրանի քաղաքականության մեջ:

Առաջին հերթին հարկավոր է նշել, որ նախագահն այն անձնավորությունը չէ, ով կարող է կտրուկ փոփոխություններ առաջ բերել Իրանում, քանի որ նախագահի իրավասությունները սահմանափակված են կրոնական իշխանությունների կողմից: Մյուս կողմից` նոր նախագահն ավելի շատ հնարավորություններ կունենա փոխել ինչ-որ բան, քանզի նա, ի տարբերություն Խաթամիի, վայելում է հոգևոր առաջնորդ Խամենեիի աջակցությունը, ինչը հեշտացնում է համապատասխան որոշումների և օրենքների ընդունումը:

Նախագահական ընտրություններից հետո Ահմադինեժադի առաջին իսկ մամլո ասուլիսը ցույց տվեց, որ նոր նախագահի նախընտրական դրույթները շատ առումներով նման են մյուս թեկնածուի` Ռաֆսանջանիի դրույթներին: Նշենք միայն, որ նոր նախագահը նպատակ ունի անցկացնել տնտեսական բարեփոխումներ, պաշտպանել մարդու իրավունքները, շարունակել բանակցությունները Եվրոպական Միության հետ և զարգացնել խաղաղ միջուկային ծրագիրը:

Սակայն նոր զարգացումներ Իրանում, իհարկե, տեղի կունենան: Սոցիալական խոստումներն իրականացնելու համար Ահմադինեժադին հարկավոր է կատարել տնտեսական ռեսուրսի վերաբաշխում Իրանում: Համապատասխան փոփոխություններ տեղի կունենան նավթարդյունաբերության ոլորտում, որը վերջին տարիներին բավականին կլանայնացվել և կոռումպացվել է: Նավթային ռեսուրսների վերաբաշխման Ահմադինեժադի ծրագրերը կարծես թե վայելում են հոգևոր առաջնորդ Ա.Խամենեիի աջակցությունը և այդ պատճառով իրագործվելու մեծ հնարավորություն ունեն:

Ահմադինեժադի հաղթանակն էապես չի փոխի Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը: Սակայն այս հաղթանակն ավելի է ամրացնում ԱՄՆ հակաիրանական քարոզչության դիրքերը, քանզի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից և նախկին երիտասարդ հեղափոխական Ահմադինեժադն ավելի խոցելի է «հակաահաբեկչական» քարոզչության համար, քան «քաղաքակրթությունների երկխոսության» արհեստավարժ քարոզիչ Խաթամին:

ԱՄՆ-ի կողմից արդեն իսկ սկսվել է Իրանի նկատմամբ նոր քարոզչական գծի իրականացումը, որով Ահմադինեժադը հավասարեցվում է Սադամ Հուսեյնին և Բեն Լադենին: Այս գծի իրականացման հաջողումը, ի վերջո, կբերի Իրանի նկատմամբ նոր բացասական հասարակական կարծիքի ձևավորմանը, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ին` հետագայում հնարավոր ռազմական ակցիա իրականացնելու համար: Մյուս կողմից` պահպանողականների հաղթանակը կարող է Իրանի շուրջ էլ ավելի համախմբել հակաամերիկյան ուժերին։ Նշենք, որ Վենեսուելայի նախագահ Չավեսը միակ արտասահմանյան նախագահն է, ով ոչ միայն հատուկ ուղերձով շնորհավորել է Ահմադինեժադին, այլ նաև զանգահարել է նրան և խոստացել անձամբ ներկա լինել նրա երդման արարողությանը։

Կովկասյան-կասպյան շրջանում Իրանի քաղաքականությունը մեծ մասամբ չի փոխվի, սակայն կարելի է սպասել որոշակի փոփոխություններ Իրան–Ադրբեջան հարաբերություններում, որը պայմանավորված կլինի Ադրբեջանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հնարավոր տեղակայմամբ: Իրանում հասկանում են, որ Ադրբեջանի հետ ստորագրված համաձայնագիրն այն մասին, թե վերջինս չի տրամադրի իր տարածքը Իրանի նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար, զուտ դեկլարատիվ բնույթ ունի: Այս է պատճառը, որ Իրանը կշարունակի կտրուկ դիրքորոշում ցուցաբերել Ադրբեջանում ԱՄՆ ռազմակայանների տեղակայման հարցում, ինչը բացասաբար կազդի իրանա-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Ռուսաստանի նախագահին տված պատասխան ուղերձում Ահմադինեժադը նշում է Կասպիցի իրավական կարգավիճակի շուրջ համաձայնության հասնելու անհրաժեշտության մասին, սակայն հասկանալի է, որ այս խնդրում Իրանի հիմնական ընդդիմախոսը լինելու է ոչ թե Ռուսաստանը, որի հետ Իրանը չունի ջրային ռեսուրսների կիսման անմիջական խնդիր, այլ հենց Ադրբեջանը:

Հայ-իրանական հարաբերություններն ունեն կարևոր աշխարհաքաղաքական հիմքեր, և այս պատճառով Իրանի նոր նախագահի մոտեցումը Հայաստանի նկատմամբ կմնա կառուցողական և բարիդրացիական: Մյուս կողմից` Հայաստանը պատրաստ պետք է լինի Իրան–ԵՄ հարաբերությունների բարելավմանը, ինչի արդյունքներից մեկը կլինի Իրան–ԵՄ գազամուղի կառուցումը, որի տեխնիկական մանրամասներն արդեն քննարկվում են համապատասխան եվրոպական կառույցներում: Այս գազամուղի աշխարհաքաղաքական նշանակությունը լինելու է հսկայական, և կարևոր է, որ այն անցնի հենց Հայաստանի տարածքով: Կարելի է ենթադրել, որ Իրանն ինքը շահագրգռված է գազամուղի` Հայաստանի տարածքով անցնելով, քանզի իրանցիների համար անցանկալի է թուրքական ճանապարհից օգտվելը, ինչը նշանակալիորեն կուժեղացնի Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում:

Ամփոփելով` նշենք, որ Իրանում հետագա զարգացումները կախված են ոչ այնքան այդ երկրում տեղի ունեցող գործընթացներից, որքան նրանից, թե ինչպես դրանք կմեկնաբանվեն և կօգտագործվեն ԱՄՆ քաղաքական ընտրանու կողմից: Մնում է հուսալ, որ Իրան–ԱՄՆ հարաբերությունների հնարավոր զարգացումները չեն հանգեցնի պատերազմական գործողությունների, որոնք տարածաշրջանի համար կարող են ունենալ աննախադեպ բացասական հետևանքներ:

«Հանրապետական», թիվ 7 (27), 2005թ.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր