• am
  • ru
  • en
Версия для печати
03.03.2011

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

English

   

Գագիկ Հարությունյան

Գ.Հարությունյան` «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն

Պետությունների և ազգային հանրությունների առաջնային խնդիրներից է առկա իրադրության համալիր գնահատումը և ապագա զարգացումների վերաբերյալ որոշակի պատկերացումների ձևավորումը։

Ներկայում աշխարհի առաջատար երկրներում մեծ պահանջարկ ունեն կանխատեսումները և սցենարային մշակումները, որոնք դարձել են քաղաքական մշակույթի կարևոր բաղադրամաս։

Պետք է ասել, որ գիտական կանխատեսման մեթոդները մշտապես կատարելագործվում են, ինչը զգալիորեն բարձրացրել է կանխատեսումների հավաստիությունը։ Այսօր կիրառվում են մի քանի տասնյակ մեթոդներ, որոնցից մի քանիսը համառոտ կներկայացնենք ստորև։

«Հանճարեղ» կանխատեսում. Ընդունված է համարել, որ «հանճարեղ» կանխատեսումներ կարողանում էին կատարել միայն անցյալի գուշակները (ինչպիսին էր, օրինակ, Նոստրադամուսը)։ Սակայն նման կանխատեսումներ կատարվել են նաև մեզ համեմատաբար ավելի մոտ ժամանակներում։ Օրինակ, հայկական արմատներ ունեցող նշանավոր պոետ Վելիմիր Խլեբնիկովը դեռևս 1912թ. կանխատեսել էր Ռուսաստանյան կայսրության կործանումը 1917թ.։ Մեր օրերում էլ կան անհատներ, որոնց կանխատեսումների ճշգրտությունը զարմացնում է ժամանակակիցներին։ Օրինակ, «Միտումների հետազոտման ինստիտուտի» ղեկավար Ջերալդ Սելենտեին անվանում են «ամերիկյան Նոստրադամուս», քանի որ նա կանխատեսել է 1987թ. ֆոնդային շուկաների անկումը, Խորհրդային Միության փլուզումը և այլն։ Համաձայն Սելենտեի վերջերս արած պնդումների` Միացյալ Նահանգների համաշխարհային հեգեմոնիայի վերջը մոտ է. նա գուշակում է, որ ԱՄՆ-ին ներքին ապստամբություններ են սպասվում, որոնք կավարտվեն հեղափոխությամբ։

«Դելֆի» մեթոդը. Մեթոդի էությունը հետևյալն է։ Սկզբում «անհայտ» փորձագետներն (անձը չի բացահայտվում) իրենց կանխատեսումներն են ներկայացնում հետազոտվող հիմնախնդրի վերաբերյալ, որոնք տրամադրվում են հետազոտության բոլոր մասնակիցներին։ Փորձագետները պետք է քննադատաբար մեկնաբանեն ծայրահեղ տեսակետները և արդյունքում` հիմնավորեն կամ փոխեն սեփական գնահատականները։ Համադրումների գործընթացը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև ձևավորվում է կազմակերպիչների և փորձագետների համար ընդունելի տարբերակը։

«Դելֆի» տեխնոլոգիայի արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ է պահպանել բազմաթիվ նախնական պայմաններ, սակայն գլխավոր գործոնն, իհարկե, բարձրորակ փորձագիտական հանրության առկայությունն է։

«Սցենարներ գրելու» մեթոդը. Այս մեթոդը հատկապես տարածված է երկարաժամկետ կանխատեսումներ կատարելիս։ Սցենարները, որպես կանոն, ենթադրում են իրադարձությունների զարգացման երեք հնարավոր տարբերակ. լավատեսական, հոռետեսական և առավել հավանական։ Ընդունված է համարել, որ այս մեթոդի տեսական հիմքերը մշակվել են անցյալ դարի 60-ական թթ., իսկ կիրառական նշանակության առաջին սցենարային պլանավորումը 1971թ. իրականացրել են Royal Datch Shell նավթային ընկերության վերլուծաբանները. նրանք այդպիսով փորձել են հաշվարկել OPEC-ի կողմից նավթի գների բարձրացման (ինչն այն տարիներին խիստ ակտուալ էր) հնարավոր տարբերակները և կանխատեսել դրանց հետևանքները։

Մտածողության սցենարային կերպը թույլ է տալիս ավելի անկաշկանդ ռեժիմով գուշակել լոկալ կամ գլոբալ զարգացումների հնարավոր, երբեմն` փոխբացառող և ծայրահեղ թվացող տարբերակները։ Սցենարային պլանավորման ժամանակ բարձր է գնահատվում փորձագետների երևակայությունը, և պատահական չէ, որ նման մշակումներում հաճախ ներգրավվում են ոչ միայն տվյալ հիմնախնդրի գծով նեղ մասնագետները, այլև ֆանտաստ գրողները, շախմատիստները և այլք (այսպես կոչված` ստեղծագործ, «ոչ ստանդարտ» անձնավորությունները)։ Նման «ազատ» մոտեցումը հնարավոր զարգացումներին, այլ առավելությունների թվում, թույլ է տալիս նախապես պատրաստվել ամենաանսպասելի ռազմաքաղաքական կամ տնտեսական շրջադարձերին։ Այդ հանգամանքների շնորհիվ «սցենարային տեխնոլոգիաները» լայն տարածում են գտել ոչ միայն պետական կառույցներում կամ նրանց հովանավորությամբ գործող «ուղեղային կենտրոններում», այլև խոշոր առևտրային ընկերություններում։

Գոյություն ունեն սցենարային մշակումների տարբեր մեթոդներ, սակայն, որպես կանոն, դրանք ենթադրում են հետևյալ քայլերի իրականացումը.

  • հնարավորության դեպքում ճշտվում է իրավիճակի զարգացման ընդհանուր ֆոնը, և այդ համատեքստում առանձնանում են այն իրադարձությունները, որոնք իրականանալու մեծ հավանականություն ունեն,
  • որոշվում են այն գործոններն ու բնութագրիչները, որոնք առավելագույն մեծ ազդեցություն ունեն տվյալ իրադարձության զարգացման վրա,
  • հնարավորինս որոշվում են վերոնշյալ գործոնների և բնութագրիչների ազդեցության առավելագույն և նվազագույն չափերը,
  • դրանց տրամաբանական համեմատության արդյունքում ձևավորվում են այն հնարավոր սցենարները, որոնց իրագործման հավանականությունը գնահատվում է առավելագույն բարձր կամ, գոնե, տեսականորեն չի բացառվում։

«Ֆորսայթ» մեթոդ. Կանխատեսման ոլորտում այսօր հստակ երևում է համակցված մեթոդների ստեղծման միտում, որոնցում համադրվում են տարբեր մոտեցումներ և տեխնոլոգիաներ։ Որպես նման օրինակ` առավել տարածված է «Ֆորսայթ» մեթոդը` «ապագայի տեսլականը»։

Այս մեթոդը համադրում է «Դելֆի», «սցենարներ գրելու» և այլ մեթոդների ալգորիթմերը։ «Ֆորսայթի» կիրառման նպատակը «փորձագիտական հանրության առավել ամբողջական համաձայնության հասնելն է սոցիալ-տնտեսական և գիտատեխնոլոգիական զարգացման հարցերում»։

Բոլոր հնարավոր տարբերակները հաշվի առնելու և ամբողջական պատկերն ստանալու համար ներգրավվում են մեծ թվով փորձագետներ։ Այսպես, գիտատեխնոլոգիական զարգացման ճապոնական երկարաժամկետ կանխատեսումներին, որոնք կատարվում են հինգ տարին մեկ, մասնակցում է ավելի քան 2 հազար փորձագետ, որոնք ներկայացնում են գիտության, տեխնոլոգիաների և տեխնիկայի զարգացման բոլոր կարևորագույն ուղղությունները։

«Ֆորսայթի» հիմնական սկզբունքներն են.

  • Ապագան կերտվող է. այն կախված է գործադրվող ջանքերից։
  • Ապագան բազմատարբերակ է (հնարավոր են ապագայի շատ տարբերակներ), այն սկիզբ չի առնում անցյալից ու կախված է նաև այն քայլերից, որոնք կձեռնարկեն մասնակիցները։
  • Ապագան չի կարելի ճշգրիտ կանխատեսել կամ գուշակել. ապագային պետք է պատրաստ լինել։

Միտումների էքստրապոլյացիա. Այս եղանակի միջոցով ուսումնասիրվում են արդեն գոյություն ունեցող ցուցանիշների զարգացման միտումները, որոնք մաթեմատիկական մեթոդներով էքստրապոլացվում են ապագային։ Հիմնային սկզբունք է այն, որ «ապագան ձևավորվում է այն նույն ուժերի ազդեցության ներքո, որոնք անցյալում վճռորոշ դեր են խաղացել»։ Մեթոդն արդյունավետ է կարճաժամկետ կանխատեսման պարագայում, երբ պայմանները կայուն են մնում ժամանակի երկար հատվածում, որն «ընդգրկում է ժամանակի ինչպես անցյալում դիտվող, այնպես էլ կանխատեսվող հատվածը»։

Խոհափիլիսոփայական մոտեցում

Այս ուղղության հիմնադիր է համարվում հայտնի փիլիսոփա և քաղաքագետ Ալեքսանդր Պանարինը (1940–2003թթ.)։ Նման մոտեցման ելակետը պատկերացումն է այն մասին, որ մարդկության ապագան որակապես այլ է, և այն անհնար է էքստրապոլացնել այսօրվա իրողություններից։ Ըստ Պանարինի` «մարդկությունը կանգնած է երկընտրանքի առջև. կամ կբացի որակապես այլ ապագայի դուռը, կամ ընդհանրապես ապագա չի ունենա»: Իսկ պնդումը, թե ապագան ներկայի շարունակությունն է, այսինքն` «ստեղծված բնութագրիչների և միտումների քանակական ավելացումն է», քննադատության չի դիմանում` երեք հիմնավորումներով։

Այդ հիմնավորումներից առաջինը կապված է «աճի էկոլոգիական սահմանների»` երկրագնդի էկոլոգիական գերբեռնվածության հետ։ Դա պահանջում է փոխել արդի տեխնիկական քաղաքակրթության զարգացման պարադիգմը և բնության հետ նրա հարաբերությունների ձևերը։

Երկրորդը կապված է բարոյական այլասերման միտումների հետ, որն ի հայտ է գալիս ոչ միայն զանգվածային վարքագծին վերաբերող վիճակագրության աղետալի պատկերի, այլև արդի էլիտաների կողմից ընդունվող քաղաքական, տնտեսական, վարչա-կառավարչական որոշումների էական վատթարացման արդյունքում։ Առաջ է գալիս արդի մարդկության բարոյական և վարքագծային կոդը ձևավորող սոցիոմշակութային պարադիգմի փոփոխման անհրաժեշտություն։

Պետք է ասել, որ բարոյական, խոհափիլիսոփայական գործոնն այլ կանխատեսումային եղանակներում, որպես կանոն, հաշվի չի առնվում։ Մինչդեռ այդ հանգամանքն առավել քան կարևոր է և, ի դեպ, կապված համակարգային ճգնաժամի գործընթացների հետ` վերջերս սկսել է արժևորվել։

Երրորդը կապված է մարդկության բարեկեցիկ և ոչ բարեկեցիկ հատվածների միջև խորացող սոցիալական բևեռացման հետ։ Այնինչ, ավելի վաղ համարվում էր, որ գլոբալ մոդեռնացման գործընթացն իրականացվում է միասնական համամարդկային հեռանկարի հետ քիչ զարգացած երկրների, տարածաշրջանների հաղորդակցման հունով։

Նկատենք, որ Պանարինի մոտեցումներն այսօր կիսում են բազմաթիվ անվանի փիլիսոփաներ, սոցիոլոգներ և քաղաքագետներ։ Միևնույն ժամանակ, համաձայն կանխատեսումների տեսության փոքր-ինչ պարադոքսալ դրույթի, ապագան կարելի է «բարելավել» միայն այն «լավ իմանալու» պարագայում։

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 1, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր