• am
  • ru
  • en
Версия для печати
01.03.2011

ԴԱՎՈՍԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

   

Դավոսում, Համաշխարհային տնտեսական համաժողովում խուճապ է տիրում։ Բոլորն սպասում են ճգնաժամի երկրորդ ալիքին, որը, բոլոր կանխատեսումներով, Չինաստանից է ծագելու։ Այստեղ են հոսում ողջ աշխարհի սպեկուլյանտների փողերը՝ մեկուկես տրիլիոն դոլար։ Ամերիկան անզոր է, խոստովանել են համաժողովի մասնակիցները, ինչպեսև ողջ «մեծ քսանյակը», Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը։ Ռուսաստանն, իր հերթին, իր հոգսերն ունի։ Ինֆլյացիան դուրս է եկել վերահսկողությունից. միայն հունվարին գներն աճել են ավելի քան երկու տոկոսով։

Համաժողովի գլխավոր թեման հրամցրեց Չինաստանը Շվեյցարիայում քաղաքական գործիչների և բիզնեսմենների համագումարից մեկ շաբաթ առաջ։ Այստեղ տեղի ունեցավ այսպես կոչված իրացվելիության ճգնաժամ. բոլոր միջոցները սպեկուլյացիաներում ներդրած բանկերի փողը չբավականացրեց։ Հիշեցնենք, որ 2008թ. ճգնաժամը նույնպես նույն ախտանշաններն ուներ։ Բայց այն ժամանակ Չինաստանը դիմացավ։ Սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե հիմա սկսի երերալ։

Չինաստանի ժողովրդական բանկի ներկայացուցիչ Լի Դաոկույը Դավոս եկավ, որպեսզի հայտարարի. «Տնտեսության կոշտ վայրէջք» թույլ չենք տա, «փուչիկը» սահուն կերպով կիջեցնենք»։ Նրա գերատեսչության դիրքորոշումից է այժմ կախված ամեն ինչ. Ժողովրդական բանկն անցած տարի արտասահմանում ավելի շատ վարկեր է բաժանել, քան Համաշխարհային բանկը։ Միայն 2010-ին չինացիները ողջ աշխարհում 14 միլիոն աշխատատեղ են ստեղծել. ընդհանուր առմամբ մեկ միլիարդ չինացուց ուղղակիորեն կախված է ևս մեկ միլիարդ ոչ չինացի ողջ երկրագնդում։ Նրանց գործից կհեռացնեն, եթե Պեկինում ցանկանան դա։

Չինաստանին ոչ ոք չի կարող դիմակայել։ ԱՄՆ պրոֆեսոր Նուրիել Ռուբինին՝ միակը, որ կանխատեսում էր 2008թ. ճգնաժամը, տրտնջում է. G20-ը վերածվել է «մեծ զրոյի» (GZero

- G20-ում համաձայնություն չկա, և քաոս է տիրում,- ասաց նա։- Ոչ մի հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ կառավարում գոյություն չունի։

Համաժողովում փաստվեց, որ բոլոր երկրներից, այդ թվում և Ռուսաստանից, փողերը «ճամփա են ընկել»։ Դեպի Չինաստան։ Այնտեղ շահույթն ավելի բարձր է։ Եվ այդ փողերն էլ ավելի են «փչում» չինական փուչիկը։ Միայն 2010թ. չորրորդ եռամսյակում Ռուսաստանը լքեց 22,7 մլրդ դոլար (ողջ տարվա ընթացքում՝ 38,3 մլրդ)։ Սա խաչ է քաշում 2011-ին ՀՆԱ բարձր աճի վրա։ Ներդրումներ չեն լինի։ Եթե ամեն ինչ այնպես ընթանա, ինչպես Ռուբինին է մտածում, «երկրորդ ալիքը» կդիմավորենք բարձր ինֆլյացիայով, տնտեսության զրոյին մոտ աճով ու վատնված ռեզերվներով։

http://izvestia.ru/economic/article3150945/

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 1, 2011

դեպի ետ