Զարգացումներ Իրանում և նրա շուրջ

Օգոստոսի 6-ին տեղի ունեցավ Իրանի նոր նախագահ Մ.Ա. Նեժադի երդման արարողությունը։ Նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո Նեժադի կողմից ձևավորվեց նոր կառավարություն, որը, հավանաբար, կգործի մինչև նախագահի պաշտոնավարության վերջը։
Օգոստոսը շատ կարևոր ամիս հանդիսացավ Իրանի ներքին և արտաքին կյանքում, քանզի Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցան մի շարք կարևոր փոփոխություններ։
Ինչպես և սպասվում էր, Մ.Ա. Նեժադի կողմից ձևավորված նոր կառավարությունում նախարարների պաշտոններ ստացան պահպանողական քաղաքական գործիչները։ Ծայրահեղ պահպանողականները ստանձնեցին կարևորագույն պաշտոններ, այդ թվում` նրանց ղեկավարման տակ անցան ներքին գործերի և ինֆորմացիայի նախարարությունները։ Պահպանողական նոր կառավարությունում չեն ներկայացված ոչ միայն բարեփոխիչներ, այլև չափավոր պահպանողական գծի կողմնակիցներ, որոնք համապատասխան պաշտոններ կզբաղեցնեին Հաշեմի Ռաֆսանջանիի հաղթանակի դեպքում։
Անկասկած է, որ ծայրահեղականների մեծամասնությունն իրանական նոր կառավարությունում առաջին հերթին նպատակ ունի ազդանշան ուղարկել արտաքին աշխարհին, որ Իրանի քաղաքական դաշտը ծայրահեղացման իրական հեռանկարներ ունի։ Վերը նշված հանգամանքը, ըստ իրանական ստրատեգների, ավելի զիջումների պատրաստ կդարձնի Արևմուտքին, որն ամեն կերպ կաշխատի Իրանին պահել միջուկային բանակցությունների ձևաչափում և, ի վերջո, կբերի միջուկային հիմնախնդրի լուծման` Իրանին մեծ զիջումներ տրամադրելու միջոցով։
Իրանի ներքին կյանքում, իհարկե, կարևոր նշանակություն կունենա նավթային ոլորտի վերափոխումը։ Հարկ է նշել, որ նավթային սեկտորն ապահովում է իրանական տարադրամային հոսքի մեծ մասը, և այդ հոսքը վերջին երկու տարիներին նշանակալիորեն ավելացել է` շնորհիվ նավթի գների կտրուկ աճի։ Իրանական տնտեսության ամենակոռումպացված ճյուղը հենց նավթայինն է։ Բացի դրանից, նավթային սեկտորի շնորհիվ են հիմնականում առաջ եկել իրանական «նոր շահերը», որոնց հարստությունը վերջին տարիներին նշանակալիորեն ավելացել է։ Կարևոր է նավթի նախարարության դերը երկրի քաղաքական դաշտում, քանզի այս հաստատությունը, սկսած Հաշեմի Ռաֆսանջանիի երկրորդ նախագահական շրջանից, ղեկավարվել է հիմնականում բարեփոխիչների կողմից, ինչը նշանակալիորեն ավելացրել է Խաթամիի և նրան սատարող շրջանակների ֆինանսական անկախությունը։ Նավթի նախարարության նկատմամբ հսկողության հաստատումը նպատակ ունի նաև բարեփոխիչներին վերջնականապես զրկել Իրանի կյանքում էական լծակից։ Օգոստոսին Իրանի հոգևոր առաջնորդ Ա.Խամենեիի` երկրի հարստություններից ստացված շահույթների ավելի արդար վերաբաշխման մասին արած հայտարարությունը նախանշում է, որ նավթային կարևորագույն սեկտորի հիմնավոր բարեփոխումները սարերի հետևում չեն։
Օգոստոսի սկզբին սկսվեց նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ որոշակի լարվածության նոր շրջան։ Սպահանի միջուկային կենտրոնում ուրանի կոնվերսիայի աշխատանքների վերսկսումը հանգեցրեց Իրան–«Եվրոպական եռյակ» բանակցությունների ժամանակավոր տապալմանը։ Կարելի է եզրակացնել, որ նոր նախագահի ընտրություններից հետո Իրանն անցել է նոր միջուկային մարտավարության մշակման, որը պայմանականորեն կարելի է նոր անվանել։ Այս մարտավարությունը նպատակ ունի համոզել միջազգային հանրությանը, որ Իրանի նոր իշխանություններն ավելի վճռական են տրամադրված միջուկային տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Այս մարտավարության մասերից մեկն է նաև այն, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվեց Հ.Ռուհանին և նոր քարտուղար նշանակվեց Իրանի նախագահի պաշտոնին վերջին ընտրությունների ժամանակ հավակնող պահպանողական Ա.Լարիջանին։ Ռուհանիի հեռացումը և Լարիջանիի նշանակումը հիմնականում ինֆորմացիոն բնույթ ունեն, քանզի վերջինս միջազգային հանրությանը հայտնի է որպես ամենակոշտ, ծայրահեղական գծի կողմնակից։ Իրանին հենց նման բանակցող է հարկավոր ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային էներգիայի զարգացման հեռանկարների շուրջ քննարկումների համար, քանզի Լարիջանիին «համոզելու» համար եվրոպացիներն Իրանի համար ավելի շատ բարենպաստ «կոմպենսացիոն» առաջարկություններ կանեն։ Հարկ է նշել, որ միջուկային էներգիայի ոլորտը դեռ Խաթամիի օրոք ուղղորդվել է պահպանողականների կողմից, մասնավորապես, այս ոլորտում գլխավոր ստրատեգ է հանդիսացել երկրի հոգևոր առաջնորդ Ա.Խամենեին, այլ ոչ թե Մ.Խաթամին, որին, ըստ սահմանադրության, ենթակա է Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությունը։ Հատկանշական է, որ նոր կառավարությունում իր պաշտոնը պահպանեց Միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Գ.Ռ. Աղազադեն, որն ի պաշտոնե նաև Իրանի փոխնախագահն է։
Առաջիկա ամիսների ընթացքում հարկ է սպասել միջուկային հարցերում Իրանի դիրքորոշման էլ ավելի կարծրացման, որի հիմնական նպատակներից է այդ կարծրացումից վախեցած և Իրանի խնդրի խաղաղ հանգուցալուծման կողմնակից եվրոպացիներից նոր փուլում էլ ավելի շատ զիջումներ ստանալը։ Հավանաբար, նոր բանակցային ակտիվ փուլը Իրանի և ԵՄ միջև կսկսվի ոչ շուտ, քան ուշ աշնանը։
Միևնույն ժամանակ, ըստ վերջին առաջարկների, որոնք Իրանին արվել են ԵՄ կողմից, ուրանի հարստացումից հրաժարվելու դեպքում Իրանը կստանա ԵՄ աջակցությունը տեխնոլոգիական և տնտեսական ոլորտներում, այդ թվում` Իրանը կդառնա ԵՄ հիմնական «նավթ և գազ մատակարարողը»: ԵՄ համար այս հարցը հատուկ կարևորություն ունի և միաժամանակ ենթադրում է համապատասխան գազամուղների կառուցում, այդ թվում նաև Հարավային Կովկասի տարածքով։
Օգոստոսին Իրանում Ադրբեջանի դեսպանը հայտարարեց, որ իր երկրի համար Մ.Ա. Նեժադի ընտրությունը դրական մեծ հետևանքներ կարող է ունենալ, քանզի Ռաֆսանջանին վառ ընդգծված հակաադրբեջանական գործիչ է։ Այս հայտարարությունը կարելի է զուտ քաղաքական համարել, և որոշակի տեղաշարժ իրանա-ադրբեջանական հարաբերություններում սպասել չի կարելի։ Իրանի որոշումը Հայաստանին և Վրաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին որոշակիորեն վկայությունն է այն բանի, որ Իրանը շարունակելու է Հարավային Կովկասում իր նախկին մարտավարությունը և այն մշակվելու է, ինչպես նախկինում, ոչ այնքան արտաքին գործերի նախարարությունում, որքան երկրի հոգևոր առաջնորդ Ա.Խամենեիի գրասենյակում, մասնավորապես, Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական, պահպանողական Ա.Ա. Վելայաթիի կողմից։ Վերջինս, հանդիսանալով պահպանողական գործիչ և ունենալով ադրբեջանական ծագում, արտաքին գործերի նախարար եղած տարիներին երբև է չի առանձնացել ադրբեջանամետ դիրքորոշմամբ։
Միևնույն ժամանակ, Վրաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին որոշումը հուշում է, որ Մ.Ա. Նեժադի կառավարությունը շարունակելու է վերջին տարվա ընթացքում դիտված իրանա-վրացական հարաբերությունների դրական զարգացման գիծը, քանզի հենց Վրաստանի կառավարության մոտեցումից է կախված Իրան–Ուկրաինա–Եվրոպա գազամուղի կառուցման հեռանկարը։
Վերջին մեկ ամիսը ցույց տվեց, որ Իրանը մտադիր է էլ ավելի աշխուժացնել իր քաղաքականությունն Իրաքում, որտեղ դաշնության ստեղծումը հրապարակայնորեն ողջունվում է Իրանի ղեկավարության կողմից, քանզի Իրանին սահմանակից իրաքյան տարածքները հիմնականում անցնելու են, պայմանականորեն ասած` պրոիրանական շիա-արաբական մարմինների իշխանության տակ։ Հարկ է նշել, որ քրդական մասի ձևավորման հեռանկարները իրանական ղեկավարությանն այնքան էլ չեն հուզում։ Ավելին, վերջին շրջանում Իրանը կարծես թե Իրաքում քրդական ինքնավարության ստեղծումը դիտարկում է որպես առաջին հերթին հակաթուրքական հետևանքներ ունեցող երևույթ։ Սա կարելի է բացատրել նաև նրանով, որ Իրաքի քրդերի և շիա մահմեդականների միջև ստեղծված հակասուննիական դաշինքը ստանում է Իրանի աջակցությունը և պայմանավորում է իրաքյան քրդերի` Իրանի նկատմամբ դիրքորոշման մեղմացում։
Ինչ վերաբերում է Իրան–ԱՄՆ հարաբերություններին, ապա հարկ է նշել, որ Ջ.Բուշի այն հայտարարությունը, թե չի բացառվում Իրանի դեմ զինուժի օգտագործումը, իրանական նոր իշխանություններն ընդունեցին որպես հերթական բլեֆ, քանզի Իրանը կարծես թե վստահ է, որ ԱՄՆ-ը` իրաքյան բարդությունների համատեքստում, դեռ երկար ժամանակ պատրաստ չի լինի ռազմական գործողություն իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Սակայն, չնայած սրան, Իրանը, գիտակցելով Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների մեծ նշանակությունը, նոր մոտեցում է ցուցաբերում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գործունեությանը` հատուկ կարևորելով Չինաստանի և Ռուսաստանի հետ համագործակցությունը, ինչպես նաև ողջունելով Ուզբեկստանի` ամերիկյան ռազմակայանների դուրսբերման պահանջը։
Իրանը ՇՀԿ վերջին նիստում դարձավ այս կազմակերպության դիտորդ, դիտորդի կարգավիճակով նաև ներկա եղավ ռուս-չինական համատեղ զինավարժությանը Հեռավոր Արև ելքում։ Ասիական ուղղությամբ քաղաքականության ակտիվացումը շատ կարևոր է Իրանի համար, քանի որ ԱՄՆ քաղաքականությանն ընդդիմացող եվրոպական պետություններում (Գերմանիա և Ֆրանսիա) նշանակալիորեն ակտիվանում են ԱՄՆ-ին սատարող քաղաքական ուժերի դերն ու դիրքը։
Ինչև է, եկող ամիսների ընթացքում Իրանը և նրա քաղաքականությունը մնալու են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, ինչը հիմնականում պայմանավորված կլինի միջուկային խնդրի լուծման հեռանկարներով։ Հարկ է նշել, որ հարցի ցանկացած լուծում որակապես նոր իրավիճակ կստեղծի Իրան–արտաքին աշխարհ հարաբերություններում։ Հայաստանի համար, իհարկե, շատ կարևոր է հարցի խաղաղ կարգավորումը, ինչը ենթադրում է Իրան–ԵՄ հարաբերությունների ջերմացում։ Այս ջերմացումը ՀՀ համար մեծ նշանակություն կունենա հիմնականում երեք պատճառով.
- ավելի իրատեսական կդառնան Իրան–ԵՄ գազամուղի կառուցման հեռանկարները,
- Իրանի հետ հարաբերությունների լավացման դեպքում ԵՄ-ը կամրապնդի դիրքերը Հարավային Կովկասում և կապահովի տարածաշրջանի քաղաքական և տնտեսական բազմաբևեռությունը,
- Իրան–ԵՄ հարաբերությունների ջերմացումը կհանգեցնի Իրանի տնտեսության ինտեգրմանը համաշխարհային տնտեսության մեջ, կբերի Իրանի անդամակցությանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և, զրկելով Իրանի կառավարությանը հովանավորչության քաղաքականություն վարելու հնարավորությունից, կբացի հսկայական իրանական շուկան հայկական ապրանքատեսակների և արդյունաբերության համար։
«Հանրապետական», թիվ 8 (28), 2005թ.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]