ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ FACEBOOK-ՅԱՆ ԱԿՏԻՎԻՍՏԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՈՉԵՐ ԵՆ ՀՆՉՈՒՄ
Կովկաս Կովկասյան լրատու
# 579 15-ը փետրվարի, 2011թ.
Facebook-ում տարածված հակակառավարական հաղորդագրությունների պատճառով ակտիվիստի ձերբակալությունն Ադրբեջանի իշխանությունների դեմ աճող քննադատության պատճառ է դարձել:
«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության 20-ամյա անդամ Ջաբբար Սավալանը ձերբակալվել է մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու գտնվող Սումգայիթում փետրվարի 5-ի երեկոյան` կուսակցական ժողովից տուն վերադառնալիս:
Սավալանը մեղադրվում է թմրանյութեր պահելու մեջ, իսկ ներքին գործերի նախարարության մամլո ծառայության տվյալներով` նա արդեն խոստովանել է, որ իր մոտ 0,74 գրամ մարիխուանա է հայտնաբերվել:
Սակայն ձերբակալվածի փաստաբան Ասխաբալի Մուստաֆաեւի խոսքերով` Սավալանը խոստովանությունը ստորագրել է ոստիկանության ճնշման ներքո: Երկու օր հետո Սավալանը հրաժարվեց իր խոստովանությունից, երբ նրա փաստաբանը, վերջապես, կարողացավ կապվել իր հետ, եւ հայտարարեց, որ ձերբակալության ընթացքում ոստիկանության աշխատակիցներն իրենք էին գցել թմրանյութերն իր գրպանը:
Մուստաֆաեւը պահանջել է անկախ դատաքիմիական փորձաքննություն անցկացնել իր պաշտպանյալի գործով:
Սավալանի մայրը` Սումգայիթի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Թարավաթ Ալիեւան, պնդում է, որ իր որդին [ով նույն ֆակուլտետի ուսանող է] թմրանյութեր չի օգտագործում: Սավալանի ձերբակալության ողջ ընթացքում նրա մորը թույլ չեն տվել տեսակցության գալ իրեն, եւ վերջինս ստիպված է եղել որդու հետ կապ պաշտպանել նրա դատապաշտպանի միջոցով:
Իր ձերբակալության նախորդ օրը Սավալանը Facebook-ի իր էջում գրառում էր տեղադրել, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանում անհրաժեշտ է Եգիպտոսում եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներում անցկացվող ժողովրդավարական բնույթի բողոքի ցույցեր կազմակերպել: Ավելին` ադրբեջանցի ակտիվիստը նաեւ տեղադրել էր թուրքական թերթերից մեկի տպագրած հոդվածի կրկնօրինակը, որտեղ քննադատվում է նախագահ Իլհամ Ալիեւը:
«Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամներն իրենց հերթին նշում են, որ Սավալանը մասնակցել է հունվարի 20-ին իշխանությունների դեմ կազմակերպված բողոքի ցույցին:
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած մամլո հաղորդագրության մեջ մտահոգություն է հնչում, որ թմրանյութեր պահելու վերաբերյալ մեղադրանքները «[Սավալանին] քաղաքական ակտիվության համար պատժելու պատրվակ էին եւ ուղղված են կանխելու այլ երիտասարդ ակտիվիստների` խոսքի ազատության իրավունքից օգտվելու փորձերը»:
Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով «Amnesty International»–ի փոխտնօրեն Ջոն Դալհույսենի խոսքերով` Սավալանի ակտիվությունը համացանցում հարուցել է իշխանությունների բարկությունը:
«Փաստորեն, իշխանություններն արդեն լռեցրել են հիմնական լրատվամիջոցների մեծ մասին: Համացանցից օգտվողների ակտիվությունը ճնշելով` նրանք ոչնչացնում են Ադրբեջանում պահպանված հազվադեպ հարթակներից մեկը, որտեղ կարելի է քննադատական հայացքների վերաբերյալ բաց քննարկումներ անցկացնել», - նշվում է մամլո հաղորդագրության մեջ:
Սավալանի հետ կապված միջադեպը կրկին ուշադրություն հրավիրեց Ադրբեջանում խոսքի ազատության դեմ կիրառվող աճող սահմանափակումների վրա:
Նախագահ Ալիեւի դեմ բաց քննադատությամբ հանդես եկողներին պարբերաբար լռեցնում են ձերբակալությունների միջոցով, իսկ անկախ լրատվամիջոցները գրաքննության են ենթարկվում:
[Վերջերս] միջազգային հանրության ուշադրությունը գրավեց երկու ադրբեջանցի բլոգերների` Ադնան Հաջիզադեի եւ Էմին Միլլիի ձերբակալությունը վիճահարույց մեղադրանքներով, որը տեղի ունեցավ նրանց կողմից ժողովրդավարական բովանդակության հոդվածների հրապարակումից հետո: Նրանք ազատ արձակվեցին անցյալ տարվա նոյեմբերին` 17 ամսվա ազատազրկումից հետո (Տե´ս «Ազատ արձակված ադրբեջանցի բլոգերները խոստանում են շարունակել պայքարը» հոդվածը):
«Ժողովրդական ճակատ» կուսակցության երիտթեւի նախագահ Աբուլֆազ Գուրբանլին նշում է, որ վերջին ձերբակալությունը համացանցում տեղ գտած քաղաքական ակտիվությունը ճնշելուն ուղղված մեխանիզմի մասն է կազմում:
«Տեսեք, թե քանի հոգի է այցելել Սավալանի Facebook-ի էջը, եւ կհասկանաք այս ձերբակալության իրական պատճառները: Թմրանյութերն ընդամենը պատրվակ են, եւ բավական աբսուրդ պատրվակ: Այս քայլն ուղղված է քաղաքական ակտիվություն դրսեւորող երիտասարդներին ահաբեկելուն», - հայտարարել է Գուրբանլին:
Փետրվարի 9-ին «Ժողովրդական ճակատ»-ի մեկ այլ երիտասարդ անդամ` Էլչին Հասանովը եւս ոստիկանությունում հայտնվեց, Facebook-ում Սավալանին աջակցելու կոչով հաղորդագրություններ տարածելուց հետո: Ոստիկանության բաժանմունքում հարցաքննության ենթարկված Հասանովից պահանջեցին ջնջել իր հաղորդագրությունները եւ ներողություն խնդրել, սակայն վերջինս հրաժարվեց դա անել:
Միեւնույն ժամանակ, ներքին գործերի նախարարությունում հերքում են, որ Սավալանի ձերբակալության պատճառը նրա քաղաքական հայացքներն են:
«Նա ընդամենը 20 տարեկան է, հանրահայտ քաղաքական գործի՞չ է: Ոստիկանությանը նրա քաղաքական հայացքները չեն հետաքրքրում: Եթե նա հանցագործություն է կատարել, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի, անկախ նրա կուսակցական պատկանելությունից», - հայտարարել է նախարարության մամլո խոսնակ Օրհան Մանսուրզադեն:
Երբ պարզվեց, որ դատարանի որոշման համաձայն` Սավալանը դեռ 2 ամիս բանտարկության մեջ կլինի, իսկ գործով նախաքննությունը շարունակվում է, «Ժողովրդական ճակատի»-ի երիտթեւը, «Ազատ Երիտասարդություն» կազմակերպությունը եւ այլ կառույցներ արշավ սկսեցին նրա ազատ արձակման համար:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի
«Կովկասյան լրատու» պարբերականից:
http://www.iwpr.net
դեպի ետ