
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԹՈ ՑԵՂԱԽՈՒՄԲԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Հայոց ցեղասպանության տարիներին Շրնաք նահանգում բնակվող բազմամարդ հայկական մի ցեղախումբ, որն իր առաջնորդի` Վարդանի անունով կոչվում էր Վարթո, կարողանում է խույս տալ կոտորածից եւ ապաստանել լեռներում: Այնուհետեւ փրկված հայերի այս խումբը մեկուսանալով ամբողջ աշխարհից` անասելի պայմաններում սկսում է գոյապայքար, որը տեւում է մի քանի տասնամյակ: Այդ ընթացքում ինքնապահպանման բնազդը դրդում է նրանց խախտել քրիստոնեական արգելքը եւ հարկադրաբար կնքել ներցեղային ամուսնություններ: Միեւնույն ժամանակ, ցեղախմբի անդամները լինում են խիստ կրոնասեր քրիստոնյաներ: Ինչպես հայտնի է, Վարթո ցեղախմբի անդամ է նաեւ Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, որի հետ 2009թ. մայիսին Ստամբուլում մեր անձնական զրույցի ժամանակ հարցրինք ներցեղային ամուսնությունների եւ քրիստոնեական արգելքի միջեւ եղած հակասության մասին, ինչին ի պատասխան` նա ասաց, թե Պողոս Առաքյալը մի միտք ունի, որի համաձայն` ստիպողաբար գործված մեղքը մեղք չի համարվում: Ապա հավելելով, որ արյունակիցների միջեւ ամուսնությունների ժամանակ մեծ է հիվանդությունների հավանականությունը, Ռաքել Դինքն ասաց. «Մեր ցեղի մեջ հիվանդ կամ մտավոր հետամնաց մարդիկ չկան, եւ սա մենք համարում ենք Աստծո շնորհ ու նշան, որ մեր ստիպողաբար գործված մեղքը մեղք չի համարվել»:
Անհավատալի կերպով գոյատեւած Վարթո ցեղախմբի գոյության մասին Ստամբուլի հայկական համայնքում տեղեկանում են միայն 1960-ականների վերջին, եւ Պոլսո այն ժամանակվա պատրիարք Շնորհք Գալուստյանի ու Հայ Ավետարանական եկեղեցու սպասավոր, պատվելի Հրանտ Գյուզելյանի ջանքերով ցեղախմբի նախ դպրոցահասակ երեխաները, այնուհետեւ ամբողջ ցեղախումբը տեղափոխվում են Ստամբուլ: Իհարկե, հայ հոգեւորականների այս նախաձեռնությունը հանդիպում է թուրքական հատուկ ծառայությունների կոշտ արձագանքին, որոնք ամեն կերպ ցանկանում են խոչընդոտել փրկված հայության բեկորների վերազարթոնքին: Ինչեւէ, շուրջ մեկ տասնամյակ Ստամբուլում անցկացնելուց հետո Վարթո ցեղախումբը որոշում է գաղթել Եվրոպա, եւ այժմ Թուրքիայում նրանցից մնացել է միայն մեկ ներկայացուցիչ` Ռաքել Դինքը:
Հարկ է խոստովանել, որ Վարթո ցեղախմբի պատմության շատ մանրամասներ դեռեւս լուսաբանված չեն, իսկ Եվրոպայում ներկայումս նրանց վիճակի մասին գրեթե տեղեկություն չկա: Այդ առումով խիստ ուշագրավ է թուրքական Hurriyet Daily News թերթի հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուի 2011 թվականի հունվարին տպագրված հոդվածը, որտեղ պատմում է Եվրոպայում Վարթո ցեղախմբի ներկայիս վիճակի մասին: Ինչպես նշում է Վերջիհանը, վերջերս Մարսելում շուրջ մեկ շաբաթ անցկացրել է Վարթո ցեղախմբի տարբեր ներկայացուցիչների տներում, շփվել նրանց հետ, խոսել տարեց եւ երիտասարդ «վարթոյականների» հետ, ինչի արդյունքում էլ գրել է հետաքրքրական հոդված, որը թուրքերենից թարգմանաբար եւ որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորեւ:
Մի ժամանակ հարավարեւելյան Անատոլիայի ամենամեծ ցեղախմբի` Վարթոյի (հայերեն` Վարդան, քրդերեն` Վարթո) անդամներն արդեն Մարսելում եւ Բրյուսելում են: Ցեղախմբի ընդհանուր թիվը Եվրոպայում 1200 հոգի է, կիրառվող լեզուները քրդերենն ու թուրքերենն են: Վարթո ցեղախմբից Թուրքիայում մնացել է միայն Ռաքել Դինքը: Նրա հայրը` Սիամենթ աղան, Շրնաքի Սիլոպի եւ Ջիզրե գավառներում հազարավոր հեկտարներ հաշվվող հողատարածքների տեր է եղել: Ցեղախումբը, սկսած 1960-ական թվականների վերջից, Թուրքիայի Հայոց 82-րդ պատրիարք Շնորհք Գալուստյանի նախաձեռնությամբ խմբերով տեղափոխվում է Ստամբուլ. նրանց թվում են եղել Ռաքել Դինքն ու նրա հայրը` Սիամենթ աղան: Վերջինս, ինչպես եւ ցեղախմբի մնացած անդամները, չեն կարողացել վաճառել Շրնաքի իրենց հողերը եւ ստիպված լքելով դրանք` տեղափոխվել են Ստամբուլ: Բազմամարդ ցեղախումբը Ստամբուլում հաստատվելուց մի քանի տարի հետո փորձում է փոխադրվել Խորհրդային Հայաստան, սակայն ավելի ուշ` 1980-ականների կեսերից սկսած տեղափոխվում է Ֆրանսիայի Մարսել եւ Բելգիայի Բրյուսել քաղաքները: Ինչպես Շրնաքում, այնպես էլ Մարսելում ցեղախմբի շուրջ 500 անդամներ միասին են ապրում իրենց հիմնած երեք ավաններում: Արդեն Ֆրանսիայում մեծացած ցեղախմբի անդամներն ընդգրկված են տարբեր ոլորտներում` առեւտրից մինչեւ քաղաքականություն: Չնայած արդեն ներցեղային ամուսնություններ չեն կնքվում, սակայն ավանդույթները դեռեւս պահպանվում են, եւ ամուսնության միջոցով ցեղախմբի հետ բարեկամացող հարսները կամ փեսաները պարտավոր են ընդունել ցեղախմբի օրենքները:
Ցեղախմբի ավագ սերնդի ներկայացուցիչներից է վաթսուներեքամյա Ֆիդել Պարգեւ Յալիչը, որը Ռաքել Դինքի հորեղբոր տղան է: Պարգեւ Յալիչը պատմում է, որ իրենց ցեղը հարյուրավոր տարիներ բնակվել է Շրնաքում եւ հավելում է. «Ժամանակին մենք հարավ-արեւելքի ամենահարուստ ցեղախումբն էինք, հազարավոր հեկտար հողեր ունեինք»: Յալիչը նշում է, որ 1915 թվականին ամբողջ աշխարհի հետ կտրել են իրենց կապերը. «Մենք կարծում էինք, թե աշխարհում բացի մեզնից այլեւս հայ չէր մնացել: Մի քանի հարյուր հոգի էինք եւ այդ պատճառով, չնայած քրիստոնեության մեջ արգելված է, սակայն մեր գոյությունը պահպանելու եւ բազմանալու համար արյունակից ազգականների միջեւ ամուսնություններ էինք կնքում: Շրնաքի քրդական ցեղախմբերը մեր ամբողջ ունեցվածքը խլեցին մեզնից, մնացինք առանց մի գրոշի, բացի այդ, մեզ ստիպեցին հարկեր վճարել մեր գոյությունը պահպանելու համար, մեր ամեն ինչը յուրացրին, քրդերը մեզ շատ զրկանքներ պատճառեցին»: Յալիչը պատմում է, որ 1915-ից մինչեւ 1968 թվականն ապրել են գետոյական վիճակում եւ միայն 1968 թվականին են իմացել, որ Թուրքիայում, բացի իրենցից, այլ հայեր էլ կան, ինչը նրանց անասելի հուզում է պատճառել: «Օրհան Բաքըր անունով մարդինցի մի երիտասարդ կար, որի ծնողներից մեկը հայ էր, մյուսը` ասորի, նա զինվորական ծառայությունը Ստամբուլում էր անցկացրել, այնտեղ գտել էր հայերի եւ իմացել Հայոց պատրիարքության մասին, որի հետ էլ կապ հաստատեցինք: Եթե այդ կապը չլիներ, մենք միգուցե մինչեւ այսօր էլ այնտեղ մեկուսի ապրելիս լինեինք»: Յալիչը նշում է նաեւ, որ մինչեւ այդ ժամանակ նրանք չեն ունեցել անգամ ինքնության վկայական եւ իրենք էլ հստակ չգիտեն իրենց տարիքը. «Ավելի ուշ անձը հաստատող վկայականներ տվեցին մեր ցեղախմբի միայն տղամարդկանց, այն էլ` զինվորական ստուգման համար»:
Ռաքել Դինքի մեկ այլ ազգականը` Սամվել Յաղըրը, հավելում է. «Պատրիարքության հետ կապ հաստատելուց անմիջապես հետո երեխաներին կրթություն տալու նպատակով ցանկացան տանել Ստամբուլ, ես գնացողների առաջին խմբի մեջ էի, իսկ Ռաքելը` երկրորդ: Սակայն իրավական մի խնդիր ծագեց. անվտանգության ուժերը միջամտեցին, երբ տեղեկացան, որ ցեղախմբի երեխաներին սկսել են զանգվածաբար Շրնաքից տանել Ստամբուլ: Ինչեւէ, հարցը թեկուզ դժվարությամբ, սակայն լուծվեց»: Յաղըրը նշում է, որ ցեղախմբի ավագները, հավաքվելով, միահամուռ որոշում են ընդունել` թողնել իրենց հողերը Շրնաքում եւ տեղափոխվել. մինչեւ 1977թ. ցեղախումբը լիովին հաստատվում է Ստամբուլում: Ցեղախմբի անդամները միասին բնակություն են հաստատել Ստամբուլի Շիշլի թաղամասում, որտեղ մեծ թիվ են կազմել պոլսահայերը: Նեղությունները մնացել էին անցյալում, Հայոց պատրիարքությունը ցեղախմբին վերցրել էր իր հովանու տակ, սակայն կրկին Վարթոյի ավագները որոշում են ընդունում փոխել իրենց բնակության վայրը եւ 1978 թվականին Խորհրդային Հայաստան են ուղարկում մի խումբ` այնտեղի վիճակն ուսումնասիրելու համար: Սակայն խումբը, վերադառնալով Թուրքիա, հայտնում է, որ կոմունիզմի պատճառով ցեղախմբի համար այդքան էլ հարմար չէ բնակվել Խորհրդային Հայաստանում: Յաղըրը հետեւյալ կերպ է ներկայացնում ցեղախմբի` 1980-ականների կեսերին դեպի Ֆրանսիա եւ Բելգիա սկսած արտագաղթի պատճառները. «Մեր ցեղախմբից մի երիտասարդ 1980թ. զինվորական հեղաշրջման ժամանակ մասնակից էր եղել դեպքերին եւ այնուհետեւ փախել Ֆրանսիա: Երբ մեզնից որեւէ մեկը վտանգի մեջ է լինում, մենք բոլորս միասին համախմբվում ենք նրա կողքին. սրան կարող եք ասել ինքնությունը պաշտպանելու բնազդ, այնուամենայնիվ, ցեղի ավագները նորից հավաքվելով` մի նոր գաղթի ծրագիր մշակեցին, եւ կրկին ճամփա ընկանք: Երկու խմբերով, տարբեր ուղիներով հասանք Մարսել եւ Բրյուսել: Ներկայումս թեկուզ տարբեր երկրներում ենք ապրում, սակայն կրկին միասին ենք եւ միմյանցից տեղյակ ենք»:
Ցեղախմբի ավելի երիտասարդ սերնդից Կարո Յալիչը (37 տարեկան) Վարթոյից միակն է, ով զբաղվում է քաղաքականությամբ. նա մի քանի տարի առաջ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցության անդամ է դարձել եւ մտել քաղաքականության մեջ: Որքան էլ ցեղախումբը Թուրքիայից հեռու է, միեւնույն է, Ռաքել Դինքի հետ կապերն ամուր կերպով շարունակում են: Հենց Ռաքել Դինքի երիտասարդ ազգական Կարո Յալիչն է ջանացել, որպեսզի Ֆրանսիայում Հրանտ Դինքի հետ կապված` հիշատակի մի շարք միջոցառումներ կազմակերպվեն եւ Մարսելում մի փողոց անվանակոչվի Դինքի անունով:
Այն հարցին, թե հնարավոր է, որ Վարթո ցեղախումբը մի նոր գաղթի ալիք սկսի, Պարգեւ Յալիչը հետեւյալ պատասխանն է տալիս. «Ֆրանսիայում եւ Բելգիայում մենք խնդիր չունենք, սակայն մեր սիրտը Հայաստանի կողքին է, մեկ էլ տեսար մի որոշում ընդունենք եւ բոլորս միասին Հայաստան գաղթենք»:
Ռուբեն Մելքոնյանը
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[31.05.2012]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ[14.05.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[12.04.2012]
- ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ[28.12.2011]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[05.12.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[14.11.2011]
- ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[24.10.2011]
- «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ[12.10.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[03.10.2011]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ[25.07.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ[07.07.2011]