• am
  • ru
  • en
Версия для печати
24.11.2005

Նոր միտումներ Իրանի արտաքին քաղաքականությունում

   

Սևակ Սարուխանյան

«Իմամ Խոմեյնին ասում էր, որ սիոնիստական ռեժիմը պետք է ջնջվի աշխարհի երեսից, և աստծո զորության օգնությամբ շատ շուտով աշխարհը կապրի առանց ԱՄՆ-ի և Իսրայելի։ Եթե որևէ մեկը համաշխարհային բռնապետության ճնշմամբ կամ անմտության, եսասիրության և ագահության պատճառով պաշտոնապես ճանաչի իսրայելյան ռեժիմը, այդ մարդը կայրվի իսլամական ցասման հնոցում»։ Այսպիսի աղմկահարույց հայտարարությամբ հոկտեմբերի 27-ին կայացած «Աշխարհն առանց սիոնիզմի» համաժողովում հանդես եկավ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադի Նեժադը։

Իրանի շուրջ ստեղծված իրադրության վերլուծությունն առաջին հայացքից հարկադրում է մտածել այն մասին, որ Ահմադի Նեժադը խիստ անժամանակ է արել այս ագրեսիվ հայտարարությունը։

Նախ՝ նոյեմբերի վերջին տեղի է ունենալու ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի հերթական նիստը, որտեղ որոշվելու է ՄԱԿ Անվտանգության խորհրդին Իրանի միջուկային «թղթապանակի» հանձնման կամ չհանձնման հարցը։ Թվում է, թե Իրանը ջանում է համոզել միջազգային հանրությանը, որ ցանկություն չունի միջուկային զենք ստեղծել, և միջուկային ծրագիրն էլ զարգացնում է բացառապես խաղաղ նպատակներով։ Ահմադի Նեժադի հայտարարությունն Իսրայելի և ԱՄՆ ոչնչացման անհրաժեշտության մասին կասկածի տակ է դնում Իրանի՝ միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի մասին հավաստիացումները։

Երկրորդ՝ Իրանի նախագահն իր ելույթով ուժեղ հարված հասցրեց այն երկրների դիրքորոշումներին, որոնք փորձում են խանգարել ՄԱԿ ԱԽ-ին Իրանի միջուկային «թղթապանակի» հանձնմանը։

Երրորդ՝ «աշխարհի երեսից Իսրայելը ջնջելու» հայտարարությունը փաստարկված է դարձնում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի մեղադրանքներն այն մասին, թե Իրանն ահաբեկչական պետություն է։ Ահմադի Նեժադի հայտարարությունը հեշտությամբ կարելի է ներկայացնել որպես ահաբեկչական, քանի որ այն բավական նման է այնպիսի կազմակերպությունների համանման հայտարարություններին, ինչպիսին «Ալ-Կաիդան» է։

Ահմադի Նեժադի հայտարարության վերը թվարկված բացասական հետևանքները շատերի մոտ հարց են առաջացրել նրա հնչեցրած սպառնալիքների նպատակահարմարության մասին։ Շատերն սկսեցին Իրանի նախագահի ելույթը բացատրել նրա անփորձությամբ, մյուսները՝ «Աշխարհն առանց սիոնիզմի» համաժողովի սրահում տիրող հուզական մթնոլորտով և այլն։

Ըստ մեզ՝ Ահմադի Նեժադի հայտարարությունը ծրագրված էր և Իրանի ղեկավարության նոր արտաքին քաղաքական գծի բաղադրատարր է հանդիսանում, որը մենք պայմանականորեն կանվանենք «քաղաքական արագացման գիծ»:

Ասվածը հիմնավորելու համար մեջբերում կատարենք Եվրոպայի գլխավոր «հակաահաբեկչի»՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թ.Բլերի հարցազրույցից, որ նա տվել է հոկտեմբերի 26-ին «SKY NEWS» հեռուստաալիքին, ոչ թե Իրանի նախագահի հայտարարությունից հետո, այլ նախօրեին. «Իրանը պետք է հասկանա. նա ունի Արևմուտքի հետ այլ հարաբերություններ ունենալու հնարավորություն։ Բայց միայն մի քանի շատ որոշակի պայմանների դեպքում։ Նախ՝ Իրանը թողնում է Իրաքին զարգանալ այնպես, ինչպես նա է ուզում։ Երկրորդ՝ Իրանը դադարեցնում է աջակցությունն ահաբեկչությանը՝ որտեղ էլ որ այն լինի։ Եվ երրորդ՝ Իրանը կատարում է ատոմային էներգիայի և միջուկային զենքի վերաբերյալ միջազգային պարտավորությունները։ Հակառակ պարագայում նրանք պետք է հասկանան, որ այդ ժամանակ իրենց հետ կլինեն այլ հարաբերություններ։ Իսկ ... եթե նրանք անտեսեն միջազգային հանրության վարքի կանոնները, ապա իրենց կյանքն ավելի քան կբարդանա»:

Բրիտանական վարչապետի առաջադրած բոլոր պայմանները գրեթե բառացիորեն հիշեցնում են այն պահանջները, որոնք ԱՄՆ-ը և նույն Մեծ Բրիտանիան ժամանակին ներկայացրին Իրաքին։ Այդ պայմանները թելադրվում են երկու ունիվերսալ մեղադրանքներից ելնելով, որոնք ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ներկայացնում են իրենց անցանկալի վարչակարգերին. աջակցություն ահաբեկչությանը և զանգվածային ոչնչացման զենքի ստեղծում։

Սակայն Իրանի շուրջ ստեղծված իրադրությունն Իրաքի համեմատությամբ ունի մի շարք տարբերիչ գծեր։ Այդ տարբերությունները, որոնք կթվարկենք ստորև, այն բանի հիմնական պատճառներն են, որ մինչ այժմ թույլ չեն տվել Իրանի դեմ իրականացնել «իրաքյան սցենարը».

1. Իրաքի ներքաղաքական իրադրությունն այսօր մեծ մասամբ զարգանում է այդ երկրում Իրանի դերի և ազդեցության հաշվառմամբ։ Կարելի է ասել, որ Իրանն ակտիվորեն մասնակցում է Իրաքի գերազանցապես շիա կառավարության քաղաքականության ձևավորմանը։ Իրանի այս դիրքորոշումը ճիշտ հաշվարկի արդյունք է, այն է՝ ա) աջակցություն Իրաքի ժողովրդավարությանը, որն ապահովում է իրաքյան կառավարությունում Իրանի նկատմամբ լոյալ շիա կուսակցությունների գերիշխանությունը, բ) աջակցություն ներքին անկայունությանը և պարտիզանական շարժմանը, ինչը թույլ չի տալիս ԱՄՆ-ին հասնել երկրում լիակատար ռազմական վերահսկողության և, միևնույն ժամանակ, հարկադրում է նրան ավելի շատ հենվել այդ նույն իրաքյան, գերազանցապես՝ շիա վարչակազմի վրա:

2. Մեծ մասամբ Իրանի իրաքյան քաղաքականության շնորհիվ է, որ ԱՄՆ-ը «խրվել-մնացել» է այդ երկրում։ Եվ որքան շատ հիմնախնդիրներ ունենան ամերիկացիներն Իրաքում, այնքան Իրանում «ժողովրդավարություն հաստատելու» քիչ հնարավորություն կունենան:

3. Իրաքյան իրադրությամբ են մեծ մասամբ պայմանավորված նավթի համաշխարհային բարձր գները, ինչն էլ ավելի է ամրապնդում Իրանի դիրքերը. նախ՝ այդ գները նվազագույնի են հասցնում Իրանի դեմ պատերազմի կամ նրան հարվածելու հնարավորությունը, քանի որ նավթի գներն էլ ավելի կբարձրանան, երկրորդ՝ նվազագույնի են հասցնում ՄԱԿ ԱԽ կողմից Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառումը, քանի որ այդ պատժամիջոցները կարող են մտցվել, առաջին հերթին, Իրանի նավթային հատվածի նկատմամբ: Իսկ իրանական նավթի արտահանման նկատմամբ պատժամիջոցները ևս մեկ, ընդ որում՝ հիմնավոր պատճառ են նավթի գների բարձրացման համար, ինչին համաշխարհային տնտեսությունը մեծ դժվարությամբ կդիմանա:

4. Իրանը, ի տարբերություն սադամյան Իրաքի, իրական մեծ ազդեցություն ունի պաղեստինյան և լիբանանյան այնպիսի կազմակերպությունների վրա, ինչպիսիք են «Հիզբալլահը» և «Համասը», և պատերազմն Իրանի դեմ կհանգեցնի նրանց գործունեության ակտիվացմանը, ինչը հարվածի տակ կդնի կայունությունը Լիբանանում և Իսրայելի անվտանգությունը:

Ելնելով վերն ասվածից՝ կարելի է պայմանականորեն ուրվագծել Իրանի դեմ պատերազմի հիմնական հետևանքները.

  • Ապակայունացում Իրաքում. հնարավոր է քաղաքացիական պատերազմ։ Անգլո-ամերիկյան զինվորական համակազմի մեծ կորուստներ։ Հնարավոր է երկրի նկատմամբ վերահսկողության կորուս:
  • Նավթի բարձր գներ. էներգետիկ և տնտեսական հնարավոր համաշխարհային ճգնաժամ:
  • Ապակայունացում Մերձավոր Արևելքում. ահաբեկչական սպառնալիքի ուժեղացում։ Ահաբեկչություններ Իսրայելի և ամերիկյան քաղաքացիների դեմ։ Ամերիկյան դեսպանատների և ներկայացուցչությունների պայթեցումներ։
  • Այս ամենն ակնհայտորեն նվազագույնի է հասցնում Իրան «ժողովրդավարության արտահանման» հնարավորությունը։ Այնպես որ՝ կարելի է եզրակացնել, թե Իրանն այսօր բավական վստահ է զգում իրեն, և Իրանի նախագահը չպետք է նման վտանգավոր հայտարարություններ աներ Իսրայելի ոչնչացման ծրագրերի մասին։ Սակայն, թերևս, այնքան էլ այդպես չէ:

Թ.Բլերի առաջադրած պայմաններն Իրանի համար բավականաչափ կարևոր և հետաքրքիր տեղեկություն են պարունակում։ Ի՞նչ է պահանջում Մեծ Բրիտանիայի վարչապետն Իրանից։

1. Պահանջվում է, որպեսզի Իրանը հեռանա Իրաքից և թույլ տա ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային վերջնականապես հաստատվել այդ երկրում։ Անհնար է, որ Իրանը հեռանա, քանի որ դա կնշանակի ԱՄՆ-ին անհամաչափ հարվածելու հիմնական միջոցի կորուստ՝ վերջինիս ԻԻՀ ներխուժման դեպքում։ Այս պայմանն, ըստ էության, անիրականանալի է։

2. Չաջակցել ահաբեկչությանը՝ որտեղ էլ որ այն լինի։ Ոչ մի որոշակի բան, ոչ մի անվանում, ոչ մի վկայություն։ Ունիվերսալ մեղադրանքի բնորոշ օրինակ։ Նման մեղադրանք-պահանջի տարբերակիչ գիծը անիրականանալիությունն է՝ անորոշ լինելու պատճառով։

3. Չստեղծել միջուկային զենք։ Ի տարբերություն ֆրանսիացիների, որոնք ԻԻՀ-ից պահանջում են փակել որոշակի ձեռնարկություններ, օրինակ՝ Սպահանի ուրանի փոխակերպման գործարանը, Մեծ Բրիտանիան կրկին առաջ է քաշում անորոշ և, բնականաբար, անիրականանալի պայման։

Ի՞նչ են իրականում ուզում ամերիկացիներն ու բրիտանացիները։ Նրանց, ըստ էության, պետք չէ, որ Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագրից, նրանց պետք չէ ժողովրդավարությունն Իրանում։ Նրանց պետք է ժամանակ՝

  • Իրաքում իրադրության կարգավորման համար, այդ թվում՝ Իրաքի շիա պաշտոնյաներին կաշառելու և ապստամբների խմբերը վերացնելու միջոցով,
  • նավթի գների կարգավորման համար,
  • որպեսզի Ռ.Հարիրիի սպանության հետաքննությունը հանգեցնի Լիբանանի լիակատար «անջատմանը» Իրանի դաշնակից Սիրիայից, իսկ Լիբանանի հակասիրիական տրամադրությունները ամրապնդեն լիբանանյան ղեկավարության արևմտամետ քաղաքականությունը, ինչը հետագայում կհանգեցնի մերձավորարևելյան իրանամետ գլխավոր գործոնի՝ «Հիզբալլահ» կազմակերպության գործունեության սահմանափակմանը կամ ոչնչացմանը։ Դրանով իսկ Իրանը կզրկվի ամերիկյան ներխուժման անհամաչափ պատասխանի ևս մեկ միջոցից։

Պարզ է, որ այս նպատակներին հասնելու համար ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ժամանակ է հարկավոր։ Այդ ընթացքում Իրանին կներկայացվեն հերթական մեղադրանքները, իրավիճակը կշարունակեն անվանել տագնապալի, կձևակերպվեն ԱԷՄԳ հերթական բանաձևերը և այլն։ Եվ այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ ուժերը չեն բավականացնի «իրանական հիմնախնդրի» ռազմական լուծման համար։

Փաստորեն, Մահմուդ Ահմադի Նեժադը զրկում է ԱՄՆ-ին այդ թանկարժեք ժամանակից։ Նա «արագացնում» է ժամանակը՝ պահանջելով լուծել «իրանական հիմնախնդիրը» ոչ թե հետագայում, այլ հիմա։ Այսինքն՝ նա պահանջում է, որ իրավիճակի կարգավորման նպատակով իր հետ պայմանավորվեն այժմ։ Հասկանալի է, որ հիմնախնդրի լուծումն այսօր այլ կլինի, քան ասենք 5 տարի անց։ Իրանի հետ այսօր կարելի է միայն պայմանավորվել. 5 տարի անց, թերևս, հարցը կարելի կլինի լուծել բոլորովին այլ կերպ։

Իրանի նախագահի հայտարարությունը «Իսրայելի ոչնչացման» պատրաստակամության մասին ժամանակի «արագացման» քաղաքականության գլխավոր բաղադրիչն է։ Մահմուդ Ահմադի Նեժադը չի փորձում հումանիստ կամ «քաղաքակրթությունների երկխոսության» կողմնակից ձևանալ։ Նա ցանկանում է և սկսել է հանդես գալ իբրև արմատական և չի թաքցնում իր ագրեսիվությունը՝ բացահայտորեն սպառնալով բոլորին։ ԱՄՆ-ը չէ, որ նրան դարձնում է այդպիսին։ Նա ինքն է իրեն այդպիսին դարձնում՝ պահանջելով արագացնել «իրանական հիմնախնդրի» լուծումը, հասկանալով, որ այսօր ընդունված որոշումը որակապես կտարբերվի այն որոշումից, որը կարող է ընդունվել ավելի ուշ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր