• am
  • ru
  • en
Версия для печати
17.02.2011

ԻՐԱՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

EnglishРуский

   

Սեւակ Սարուխանյան

Թունիսում եւ, հատկապես, Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունները կարեւոր նշանակություն ունեն Իրանի համար։ Դրանք կարող են լուրջ փոփոխությունների ենթարկել քաղաքական իրադրությունն ու զարգացումներն արաբական աշխարհում` վտանգելով կամ ամրապնդելով Իրանի տարածաշրջանային եւ միջազգային դիրքերը։

Այն բանից հետո, երբ հանրային բողոքի ակցիաները Եգիպտոսում վերածվեցին հակաիշխանական հանրահավաքների, պաշտոնական Թեհրանն աջակցություն հայտնեց եգիպտական ընդդիմությանը։ Իրանի նախագահը, հոգեւոր առաջնորդը եւ այլ քաղաքական գործիչներ իրենց կոչերում եգիպտացիներին հորդորում էին տապալել Հ.Մուբարաքի իշխանությունը, որին Թեհրանը մեղադրում է իսրայելա-ամերիկամետ քաղաքականություն վարելու եւ հակաիսլամական բնույթ ունենալու մեջ։ Հոգեւոր առաջնորդ Ա.Խամենեիի փետրվարի 4-ի ուղերձի հիմնական տոնայնությունն այն էր, որ Եգիպտոսում կատարվողը Աստծո կամքով է եւ իր բնույթով հիմնված է իսլամի ու բարոյականության վրա, որի նպատակն է ազատվել ներկայիս եգիպտական ղեկավարությունից` հանուն իսլամական վերածննդի։ Նույն օրը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին ղեկավար Ռ.Սաֆավին հայտարարեց, որ եգիպտական հեղափոխությունն Իրանի իսլամական հեղափոխության բնական շարունակությունն է, եւ Իրանը պատրաստ է աջակցել դրան։

Չնայած իրանական կողմի ջերմ արձագանքին, եգիպտական ուժերը Թեհրանի ակտիվացումը չողջունեցին։ Փետրվարի 7-ին «Մուսուլման եղբայրներին» պատկանող IkhwanWeb կայքում հրապարակվեց կազմակերպության պատասխանը Ալի Խամենեիին, որտեղ նշվեց, որ եգիպտական հեղափոխությունն իսլամական չէ, այլ մահմեդականների, քրիստոնյաների, բոլոր կրոնների հեղափոխություն է` հանուն ազատության։ Այս պատասխանը նշանակալից է ոչ թե նրանով, որ բնութագրում է հեղափոխական ալիքի ուղղվածությունը եւ դրա իսլամական չլինելու բնույթը, այլ այն, որ Թեհրանը ներկայիս Եգիպտոսում չունի ոչ մի լուրջ գործընկեր, որը պաշտպանում է իրանական շահերը։

Իշխանափոխությունը Եգիպտոսում Իրանի համար կարող է դառնալ իր նշանակությամբ կարեւորագույն զարգացումն արաբական աշխարհում` Սադամ Հուսեյնի տապալումից հետո։ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո Թեհրանի հարաբերությունները Կահիրեի հետ երբեք լավ կամ անգամ նորմալ չեն եղել: Եգիպտոսն ԱՄՆ կարեւոր դաշնակիցն է տարածաշրջանում, Իսրայելի անվտանգ գոյության անուղղակի գրավականներից մեկը, իսկ Հ.Մուբարաքը մինչեւ վերջերս ամենահաջողված արաբ աշխարհիկ առաջնորդն էր, որի կառավարման ընթացքում Եգիպտոսը խուսափել է պատերազմներից, ապահովել կայուն տնտեսական աճ եւ վերածվել համաշխարհային զբոսաշրջային եւ մշակութային կենտրոնի։ Չնայած Մուբարաքի իշխանությունը միշտ եղել էլ կոռումպացված եւ ավտորիտար, բայցեւայնպես իր քաղաքականությամբ կարողացել է խուսափել ներքին անհանգստություններից եւ հավասարակշռել ամերիկյան, խորհրդային-ռուսական, արաբական, եվրոպական եւ վերջին շրջանում` նաեւ չինական շահերը։ Այս բոլոր հատկանիշներով եւ հաջող հակաիսլամիստական քաղաքականությամբ Եգիպտոսն աշխարհագաղափարական իմաստով Իրանի հակապատկերն է հանդիսացել։ Թեհրանը 1979-ից հետո ընթացել է այլ ճանապարհով, որի անկյունաքարն է եղել գերտերությունների հետ հակամարտության շնորհիվ մահմեդական աշխարհում առաջնորդի դեր զբաղեցնելը եւ տարածաշրջանային հակամարտություններում ուղղակի եւ անուղղակի մասնակցությամբ սեփական դիրքերն ամրապնդելը։

Այս ֆոնին, Մուբարաքի հրաժարականն Իրանի համար, գաղափարական եւ բարոյական տեսակետից, ձեռնտու հանգամանք էր, որի արդյունքում տապալվեց իսլամական աշխարհում հաջողակ աշխարհիկ իշխանության սիմվոլներից մեկը։

Սակայն Եգիպտոսում տեղ գտած զարգացումները կարող են նաեւ կոնկրետ տարածաշրջանային նշանակություն ունենալ Թեհրանի համար։

Նոր անկայունության գոտի

Ակնհայտ է, որ Մուբարաքի հեռացումով Եգիպտոսում հիմք դրվեց անկայունության, որի պահպանմանը նպաստելու է երեք կարեւոր հանգամանք.

  • Եթե Մուբարաքից հետո իշխանությունն անցնի նրա յուրային եւ Արեւմուտքի համար ընդունելի Օմար Սուլեյմանին, ապա իրավիճակը երկրում դժվար կլինի կայունացնել, քանզի հասարակության մեջ վերջինիս հեղինակությունն այնքան էլ բարձր չէ:
  • Եգիպտական լեգալ ընդդիմությունը դեռեւս ձեւավորման փուլում է գտնվում, իսկ «Մուսուլման եղբայրները» նոր են մուտք գործում պաշտոնական եւ լեգիտիմ ընդդիմության դաշտ։ Հայտնի չէ, թե ինչի կհանգեցնի ընդդիմության բյուրեղացման գործընթացը, եւ ինչպես այն կազդի Եգիպտոսի կայունության վրա։
  • Եգիպտոսի ներքաղաքական կյանքի ազատականացումն ու ժողովրդավարական մեխանիզմների կիրառումը հնարավորություն են տալու իսլամական աշխարհին եւ արտաքին այլ ուժերի ներգրավվել ներեգիպտական զարգացումներում, ինչը Մուբարաքի իշխանության տարիներին գրեթե անհնար էր։

Այս հանգամանքները թույլ չեն տա Եգիպտոսին հաղթահարել քաղաքական ճգնաժամը կարճաժամկետ եւ միջնաժամկետ կտրվածքով, այնպես, ինչպես դա Իրանին չհաջողվեց 1979թ. իսլամական հեղափոխությունից հետո։ Ահաբեկչական ակտերից եւ արյունալի քաղաքական պայքարից տառապող Իրանը 1979–1981թթ. վերապրեց խոր ճգնաժամ, որը կարող էր դեռ երկար շարունակվել, եթե իշխանությունները, օգտագործելով իրանա-իրաքյան պատերազմը, չխեղդեին պետությունը կազմալուծող գործընթացները։ Նման սցենար Եգիպտոսում հազիվ թե կիրառելի լինի, ինչն այս խոշորագույն արաբական պետությունը վերածելու է տարածաշրջանային նոր հակամարտությունների կենտրոնի։ Նման հեռանկարն Իրանի համար առավել քան ձեռնտու է, քանի որ Թեհրանի դեմ տրամադրված հիմնական ուժերը` Իսրայելն ու Միացյալ Նահանգները, Իրանի միջուկային զենքի ստեղծման կասեցմանն ուղղված գործունեության փոխարեն, ներառյալ` հնարավոր ռազմական հարվածն Իրանին, կենտրոնանալու են եգիպտական կարգավորման գործընթացի վրա։

Այս տեսանկյունից կարելի է սպասել, որ Իրանը հնարավոր ողջ ներուժը դնելու է, որպեսզի երկարաձգի նման կարգավորումը. ճիշտ այնպես, ինչպես Իրանն այսօր գործում է Իրաքում։ Նաեւ հարկ է նշել, որ քաղաքական ճգնաժամը Եգիպտոսում, ի տարբերություն իրաքյան ճգնաժամի, Իրանի համար լուրջ սպառնալիք չի ներկայացնում, եւ դժվար թե եգիպտական անկայունության «դոմինոյի էֆեկտը» հասնի Իրանին։

«Դոմինոյի էֆեկտը»

«Դոմինոյի էֆեկտի» տեսանկյունից` Իրանի համար կարեւոր է եգիպտական «իսլամական» եւ «ժողովրդական հեղափոխության» հնարավոր տեղաշարժը դեպի Մերձավոր Արեւելքի եւ Ծոցի երկրներ։ Նման հեռանկարը, այդ թվում նաեւ տարածաշրջանի իսլամականացումը, Իրանին ամենեւին ձեռնտու չէ։ Հակաիշխանական իսլամիստական շարժումները տարածաշրջանում ուժեղ են Իրանի ռազմավարական գործընկեր Սիրիայում, որտեղ ծայրահեղական սուննի-իսլամիստական ուժերը հիմնականում կապված են «Ալ-Ղաիդայի» հետ եւ նպատակ ունեն տապալել ներկայիս սիրիական աշխարհիկ իշխանությունը։ Նման հեռանկարն Իրանի համար բոլորովին ցանկալի չէ, քանի որ դրա արդյունքում Թեհրանը կկորցնի իր կարեւոր գործընկերոջն ու դաշնակցին եւ դրա փախարեն կստանա առավել հակաիրանական եւ հակաշիական իշխանություն Սիրիայում։ Իրանին ձեռնտու չէ նաեւ «իսլամական վերածնունդն» այլ արաբական երկրներում։ Այնպես է ստացվել, որ «իսլամական վերածննդի» կողմնակից արաբական կազմակերպությունների մեծ եւ ամենից ակտիվ մասը հակաիրանական ու հակաշիական տրամադրություններ ունի։

Փաստորեն, Իրանի համար ձեռնտու է.

ա. Եգիպտոսի հետագա ապակայունացումը,

բ. ճգնաժամի պահպանումը բուն Եգիպտոսի տարածքում։

Որքան էլ տարօրինակ թվա, բայց առնվազն երկրորդ կետով Իրանի շահերը համընկնում են Իսրայելի եւ Միացյալ Նահանգների շահերին, որոնք, ճգնաժամի չհաղթահարվելու դեպքում, փորձելու են այն առավել կառավարելի պահել եւ թույլ չտալ դրա հետագա տարածումն արաբական աշխարհում։

Իրանա-ադրբեջանական հարաբերությունների սրումը

Թունիսում եւ Եգիպտոսում հակաիշխանական շարժումներից գրեթե անմիջապես հետո Ադրբեջանում սկսվեց հակաիրանական քարոզարշավ, որը վերջին շաբաթներին հիշեցնում է իսկական հիսթերիա։ Հաշվի առնելով այն, որ այս արշավին մասնակցում են գրեթե բոլոր պետական լրատվամիջոցները, կարելի է ասել, որ այն պետության կողմից ուղղորդվող գործողությունների շարք է։ Հակաիրանական քարոզչությունում հիմնականում օգտագործվում է հայ-իրանական համագործակցության փաստը, սակայն երկրորդ կամ երրորդ տողով նշվում է, որ Թեհրանը խառնվում է Ադրբեջանի ներքին գործերին եւ պաշտպանում տարբեր կազմակերպությունների Ադրբեջանում։

Ամենայն հավանականությամբ, «իսլամական վերածնունդը» Հյուսիսային Աֆրիկայում լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում։ Այս առումով, առաջիկա ամիսներին Ադրբեջանում պետք է սպասել Իրանի հետ առնչություն ունեցող կրոնական կազմակերպությունների դեմ արշավի, ինչն, իր բնույթով, բավական լուրջ ապակայունացնող լիցք կարող է հաղորդել ադրբեջանական հասարակական-քաղաքական կյանքին` միեւնույն ժամանակ վնասելով Թեհրանի հետ Բաքվի հարաբերություններին։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր