
ԻՐԱՆԸ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ. ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Սևակ ՍարուխանյանՍ.Սարուխանյան` «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քա¬ղաքական գիտությունների թեկնածու
2011 թվականը կարևոր է լինելու Իրանի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման, ինչպես նաև միջուկային ծրագրի ու արտաքին քաղաքական և ներքաղաքական զարգացումների տեսանկյունից։
1. 2010 թվականի հիմնական արդյունքները
Անցած՝ 2010 թվականը բավական դժվար տարի էր Իրանի համար։ Երկրի ներքին և արտաքին կյանքում տեղի ունեցան կարևոր զարգացումներ, որոնք որոշակի մարտահրավեր էին պարունակում երկրի կայուն սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման համար։
Ներքաղաքական կյանքում ամրացան ծայրահեղ պահպանողականների դիրքերը, ինչի հիմնական դրսևորումը «կենտրոնամետ» Մ.Մոթաքիի հեռացումն էր ԱԳՆ ղեկավարի պաշտոնից։ Միևնույն ժամանակ, ծայրահեղ պահպանողականներն ավելի սուր բնույթ հաղորդեցին իրենց հակամարտությանը հին «կենտրոնամետ» իշխանական վերնախավի հետ (այդ հակամարտությունում վերջիններս ցույց տվեցին սեփական ուժերի որոշակի թուլացումը)։ 2010-ի նոյեմբերին իրանական դատարանի՝ նախկին նախագահ Ա.Ա. Հաշեմի Ռաֆսանջանիի որդու՝ Մ.Հաշեմիի ձերբակալության որոշումը տարվա կարևորագույն ներքաղաքական զարգացումներից կարելի է համարել, քանզի այն խորհրդանշում է Հաշեմի Ռաֆսանջանիի շուրջ համախմբված «կենտրոնամետների» հարաբերական պարտությունը ներքաղաքական պայքարում։
Իրանի հետ առնչվող կարևոր արտաքին քաղաքական զարգացումները կապված էին միջուկային ծրագրի հետ, որի իրագործումը Թեհրանը ոչ միայն չդադարեցրեց, այլև նոր թափ ստացավ։ Թեհրանի նկատմամբ կիրառված նոր պատժամիջոցները որևէ արդյունք չտվեցին։ Տարվա կարևոր արտաքին քաղաքական իրադարձություն կարելի է համարել նաև իրանա-ռուսական հարաբերությունների կտրուկ վատացումը՝ պայմանավորված Իրանի միջուկային ծրագրի հարցում Կրեմլի դիրքորոշման կոշտացմամբ և ԱՄՆ-ի հետ «իրանական քաղաքականության» համաձայնեցման գործընթացով։
Անցած տարի արձանագրված հիմնական արդյունքները կարևոր դեր են խաղալու Իրանի 2011թ. հնարավոր զարգացումներում։
2. Ներքաղաքական զարգացումներն Իրանում 2011-ին. հնարավոր գործընթացներ
2011 թվականը կարևոր նշանակություն է ունենալու Իրանի ներքաղաքական կյանքում, քանի որ հենց այս տարվա ընթացքում է երկիրը պատրաստվելու 2012թ. փետրվարին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին։ Դրանք առաջին համապետական ընտրություններն են լինելու 2009-ից հետո, երբ Իրանի նախագահ վերընտրվեց Մ.Ահմադինեժադը, իսկ երկրում սկսվեց, հավանաբար, իսլամական հեղափոխությունից հետո ամենալուրջ քաղաքական ճգնաժամը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Իրանի քաղաքական կյանքի հիմնական գործող ուժերը սկսել են ակտիվորեն պատրաստվել գալիք ընտրություններին, որոնց ստվերի տակ է ընթանալու գալիք 12 ամիսների ողջ քաղաքական պայքարը։ Վերջին ամիսներին Իրանի նախկին նախագահ Ա.Ա. Հաշեմի Ռաֆսանջանիի դեմ սկսված տեղեկատվական և վարչական պայքարը խոսում է այն մասին, որ նախագահ Մ.Ահմադինեժադի շուրջ համախմբված ծայրահեղ պահպանողականները հենց Հաշեմի Ռաֆսանջանիի շուրջ համախմբված կենտրոնամետներին են դիտում որպես իրենց հիմնական հակառակորդ։ Նախկին նախագահի որդու՝ Մեհդի Հաշեմիի ձերբակալման մասին որոշումը լուրջ հարված է «կենտրոնամետներին», քանի որ Լոնդոնում գտնվող Հաշեմին մեղադրվում է ոչ միայն տնտեսական չարաշահումների և 2009-ին հակաիշխանական ցույցերի կազմակերպման, այլ նաև բրիտանական ծառայությունների հետ համագործակցության մեջ։ Կարելի է սպասել, որ 2011-ին կկարծրանա պետական լրատվամիջոցների կողմից ընդդիմության դեմ տարվող քարոզչությունը, որի հիմնական մեխը 2010-ին դարձան ընդդիմությանը բրիտանական հետախուզության հետ կապի մեջ մեղադրանքները։
Հարկ է նշել, որ «բրիտանական հետքի» մասին մեղադրանքներն Իրանում քաղաքական ավանդույթի նման բան են դեռևս 1960-ականներից, երբ ակնհայտ դարձավ, որ Մոսսադիկի կառավարությունը տապալվել է բրիտանական և ամերիկյան հետախուզությունների կողմից։ Սակայն հարկ է նշել, որ ներկայիս իրանական ընդդիմության ղեկավարության մի մասն իրականում միջնորդավորված ձևով կապված է Բրիտանիայի հետ. ընդդիմության առաջնորդներ Մ.Քյարուբիի և Մ.Հ. Մուսավիի որոշ ազգականներ բնակվում են Միացյալ Թագավորության տարածքում, ինչն էլ օգտագործվում է պետական քարոզչության կողմից։ Բուն բրիտանական ծառայություններն, իրենց հերթին, յուղ են լցնում Իրանի հակաբրիտանական կրակին. 2010-ի հոկտեմբերին բրիտանական ՄԻ-6 հետախուզության ղեկավար Ջ.Սոուերսի «իրանական միջուկային ծրագիրը պետք է կասեցնել ոչ միայն քննարկումներով, այլ նաև հետախուզական հատուկ գործողություններով» հայտարարությունից հետո Իրանը Մեծ Բրիտանիան պաշտոնապես հայտարարում է իր տարածքում ահաբեկչությունների (որոնց թվում՝ միջուկային ֆիզիկայի մասնագետների ոչնչացումը) հիմնական կազմակերպիչ։
Հարկ է սպասել, որ 2011-ին ընդդիմադիր դաշտը պետական քարոզչության կողմից ամբողջովին կնույնացվի պետական դավաճանների հետ, ինչը տարվա վերջին կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի Պահապանների խորհուրդն ընդդիմության ակտիվ ղեկավարներին և նրանց քաղաքական խմբերին պատգամավորության թեկնածուներ չգրանցի։
Միևնույն ժամանակ, բուն ընդդիմադիր ճամբարում 2011-ին ակտիվ քաղաքական պայքար է ընթանալու ընդդիմության պաշտոնական առաջնորդի դերի համար։ Հավանաբար, այս պայքարի հիմնական մասնակիցներն են լինելու Մ.Հ. Մուսավին և Մ.Քյարուբին։ 2009-ից հետո Մուսավիի դիրքերն ընդդիմության շրջանում թուլացել են, քանզի շատերը նրան մեղադրում էին ցույցերի դուրս եկած հարյուր հազարավոր մարդկանց հեղափոխական ուժի չձևափոխելու մեջ. ակնհայտ է, որ 2009-ին Թեհրանում նախահեղափոխական իրավիճակ էր, որի առաջնորդ Մուսավին հրաժարվեց այն հեղափոխականի վերածել։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է ակնկալել, որ ավելի կոշտ հակաիշխանական դիրքորոշում ունեցող Մ.Քյարուբին 2011-ին կարող է ստանձնել իրանական քաղաքական ընդդիմության առաջնորդի դերը։ Դրան հասնելու համար նա ամեն ինչ անում է. 2010-ի վերջին Քյարուբին արդեն ուղղակիորեն քննադատում էր երկրի հոգևոր առաջնորդ Ա.Խամենեիին՝ անվանելով նրան երկրում տիրող իրադրության հիմնական պատասխանատուն։ Ընդդիմության ներսում ընթացող գործընթացների վրա կազդի նաև Հաշեմի Ռաֆսանջանիի դիրքորոշումը. կգնա՞ նա ընդդիմության անմիջական պաշտպանությանը, թե՞ որդու և իր դեմ սկսված արշավից հետո կհամաձայնի երկխոսության և համագործակցության ծայրահեղ պահպանողականների հետ։
Նշենք նաև, որ 2011-ին ներքաղաքական զարգացումների հիմնական ինտրիգներից կլինի նախկին նախագահ Մ.Խաթամիի պահվածքը. կվերադառնա՞ նա մեծ քաղաքականություն, թե՞ ոչ։ Շատերը գտնում են, որ 2013-ին հենց Մ.Խաթամին պետք է դառնա ընդդիմության թեկնածուն նախագահական ընտրություններում։
3. Հնարավոր արտաքին քաղաքական զարգացումներն Իրանի շուրջ 2011թ.
Իրանի շուրջ ընթացող արտաքին քաղաքական զարգացումներում շարունակելու է գլխավոր դեր զբաղեցնել միջուկային ծրագրի հարցը։ Սակայն այս ուղղությամբ 2011-ին որևէ լուրջ տեղաշարժ սպասել չի կարելի, քանի որ տարեսկզբին վերսկսման նշույլներ ցույց տված Իրան-«վեցնյակ» բանակցությունները կողմերին նորից բերելու են հաճախակի հանդիպումների, հարցի կարգավորման տարբերակների քննարկումների, իրարամերժ հայտարարությունների, որոնք Իրանի միջուկային ծրագրի կասեցման որևէ լուրջ հնարավորություն չունեն։ Հնարավոր է, որ 2011-ին ՄԱԿ ԱԽ-ի կողմից հերթական պատժամիջոցների փաթեթն ընդունվի Իրանի դեմ, որը դժվար թե կանգնեցնի միջուկային տերության վերածման ճանապարհով ընթացող Իրանին։ Պետք է ընդգծել, որ 2011 թվականը նախընտրական է լինելու ոչ միայն Իրանի, այլ նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար, որտեղ 2012-ին նախագահներ են ընտրելու։
Եթե Ռուսաստանի վարած իրանական քաղաքականության տեսակետից այս հանգամանքը որևէ լուրջ ազդեցություն դժվար թե ունենա, ապա Իրանի ու Միացյալ Նահանգների իշխանությունները 2011-ին հավանաբար կկոշտացնեն իրար դեմ ուղղված հայտարարությունները և քարոզչությունը, սակայն ստիպված կլինեն ավելի զգույշ գործել միմյանց դեմ, քանզի արտաքին քաղաքական ոլորտում արձանագրված լուրջ սխալները կարող են բացասաբար ազդել ընտրությունների հնարավոր արդյունքների վրա։ Միևնույն ժամանակ, պետք է սպասել, որ վերընտրման գնացող Բ.Օբաման հաջողության հասնելու համար պարտավոր է ավելի ապահով դարձնել ամերիկյան ռազմական ներկայությունն Իրաքում ու Աֆղանստանում, որպեսզի զսպի ամերիկյան ընտրողների դժգոհությունն ամերիկյան արտաքին քաղաքականության անհաջողություններից։ Նման արդյունքների հասնելու համար, ամենայն հավանականությամբ, 2011-ին Վաշինգտոնը կակտիվացնի երկխոսությունն Իրանի հետ Իրաքում և Աֆղանստանում իրադրության կարգավորման համար աջակցություն ստանալու նպատակով։ Հաշվի առնելով այն, որ ամերիկյան իշխանությունները և ազդեցիկ լրատվամիջոցներն արդեն չեն վարանում հայտարարել, որ առանց Իրանի տարածաշրջանում կայունություն դժվար թե հաստատվի, Վաշինգտոնն արդեն իսկ պատրաստ է բանակցությունների։
Իրանի համար 2011-ին, Իրաքից և Աֆղանստանից բացի, կարևոր են լինելու հարաբերությունները Թուրքիայի հետ և իրադրությունը Պակիստանում։ Թուրք-իրանական համագործակցությունն արդեն հասել է որոշակի բարձր մակարդակի, որից հետո կամ պետք է տեղի ունենա համագործակցության վերջնական ամրապնդում և ինստիտուցիոնալացում, կամ էլ դրանց որոշակի սառեցում։ Հաշվի առնելով, որ 2010-ի երկրորդ կեսից Թուրքիայի վարչապետը դադարել է ԵՄ-ի հետ բանակցություններում պնդել «Նաբուկկոյին» Իրանի միանալու մասին, կարելի է ակնկալել, որ 2011-ին իրանա-թուրքական հարաբերությունների ամենակարևոր տնտեսական մասի (իրանական բնական գազը Թուրքիայի տարածքով ԵՄ արտահանելու) ուղղությամբ որևէ դրական տեղաշարժ չի լինի։ Ինչ վերաբերում է Պակիստանին, ապա Իրանը 2011-ին ջանք չի խնայի, որպեսզի իրադրությունն այս երկրում չհանգեցնի այն բանին, որ իշխանության գան հակաիրանական և հակաշիական հայացքներ ունեցող ծայրահեղական սուննի իսլամիստները։
Այսպիսով, 2011 թվականն Իրանի համար թե՛ ներքաղաքական և թե՛ արտաքին քաղաքական զարգացումների տեսակետից չափազանց կարևոր կլինի։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]