
ԹՈՒՐՔԻԱ. ԷԹՆԻԿ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
Ռուբեն ՄելքոնյանԷթնիկ ծագման խնդիրը Թուրքիայի մեջլիսի օրակարգում
Թուրքիայում էթնիկ ինքնության խնդիրը կարեւոր դեր ունի ոչ միայն հասարակական քննարկումներում, այլեւ աստիճանաբար ավելի շատ է ընդգրկվում քաղաքական օրակարգում: 2010 թվականի հուլիսին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քրդական ընդդիմադիր Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունը հանդես եկավ մի առաջարկությամբ, որը բուռն կրքեր առաջացրեց թուրքական քաղաքական դաշտում: Քուրդ պատգամավորներն առաջարկեցին, որ Թուրքիայում անցկացվի բացահայտ «էթնիկ մարդահամար», որպեսզի պարզվի, թե իրականում ինչպիսին է երկրի էթնիկ պատկերը: Նույն առաջարկով դեռեւս 2009թ. հանդես էր եկել քրդական կուսակցության պատգամավոր Հասիփ Քափլանը, որի առաջարկի համաձայն` արդեն 2011 թվականի վերջին Թուրքիայում պետք է անցկացվեր մարդահամար էթնիկ ծագման հիման վրա:
Քրդական կուսակցության այդ առաջարկը խստորեն քննադատվեց ինչպես իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության, այնպես էլ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունների կողմից: Խորհրդարանական քննարկումներն այն աստիճան թեժացան, որ պատգամավորների միջեւ անգամ տեղի ունեցան քաշքշուկներ եւ ձեռնամարտեր: Առաջարկության հեղինակներին մեղադրեցին ռասիզմի մեջ, որին ի պատասխան Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության պատգամավոր Սըրրը Սաքըքը հետեւյալ մեկնաբանությունն արեց. «Այս առաջարկության մեջ ռասիզմի կամ անջատողականության հետք անգամ չեք կարող գտնել: Ուղղակի մեր ասածը հետեւյալն է. այս երկրում տարբեր ժողովուրդներ են ապրում, արդյոք մենք իրավունք չունե՞նք իմանալ, թե ինչքան հայ, ինչքան հույն, ինչքան ասորի, ինչքան քուրդ կա, եւ այս մասին իմանալու ցանկությունը երբեք ռասիզմ չի կարող համարվել: Մի՞թե իշխանությունները չեն ասում, որ մեր տարբերությունը նաեւ մեր հարստությունն է»: Իսկ Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Թայֆուն Իչլին կարծում է, որ անհնար է նման հետազոտություն անել եւ բերում է հետեւյալ հիմնավորումը. «Ինչպե՞ս եք տարբերակելու, ի՞նչ է, արյան անալի՞զ եք անելու: Այս երկրում հազարավոր մարդիկ կան, որոնց ծնողներից մեկը թուրք է, մեկը քուրդ, նրանց որպես ի՞նչ եք հաշվարկելու: Էթնիկ ծագման հիմքի վրա քաղաքականություն անելը հակասում է մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությանը»:
Բուռն քննարկումների ժամանակ տեսակետ էր հնչում, որ նման հետազոտություն հնարավոր չէ կատարել նաեւ տեխնիկական առումով, քանի որ պարզ չէ, թե ինչն են ընդունելու որպես էթնիկ ծագման հիմք` գանգի չափը, արյունը, գենը: Առաջարկի հակառակորդները նշում էին, որ Թուրքիայում տարբեր ժողովուրդներ միախառնվել են նաեւ խառնամուսնությունների հետեւանքով եւ «դրա համար շատ երջանիկ են»: Քննարկումների ընթացքում անընդհատ խոսվում էր Թուրքիայի հասարակության խառնածին բնույթի մասին. թուրքական «Փոստա» թերթի հեղինակներից Ջանդաշ Թոլգա Ըշըքը մի հետաքրքիր դիտարկում արեց, համաձայն որի` էթնիկ ծագման հիման վրա մարդահամար անցկացնելը դժվար է ոչ միայն պետության, այլեւ Թուրքիայի բնակչության մի ստվար զանգվածի համար եւս, քանի որ խառնածին մարդկանց շատ բարդ է հստակ պատասխան տալ իրենց էթնիկ ծագման մասին հարցին:
Ի վերջո, այս բուռն արձագանքներից հետո թուրքական խորհրդարանն օրակարգում չընդունեց հիշյալ առաջարկը, սակայն հանրային քննարկումները չդադարեցին եւ ունեն շարունակվելու միտում: Անշուշտ, ազգությամբ քուրդ պատգամավորների առաջարկի հիմնական դրդապատճառը Թուրքիայում քրդերի իրական թվաքանակի պաշտոնականացումն է եւ դրան քաղաքական հնչերանգ հաղորդելը: Գաղտնիք չէ, որ Թուրքիայում թուրք-քրդական պայքարն ունի մի քանի կողմ, որոնցից մեկն էլ դեմոգրաֆիկ պատերազմն է: Տվյալները ցույց են տալիս, որ հիմնականում գավառաբնակ եւ գյուղաբնակ քրդերի շրջանում բարձր է ծնելիության մակարդակը, եւ կարծիքներ են հնչում, որ աճի այս տեմպերի պարագայում արդեն 2025թ. քրդերը կարող են թվային առումով հավասարվել թուրքերին, իսկ 2050թ. գերազանցելու են նրանց` դրանից բխող բոլոր հետեւանքներով:
«Ծպտյալ հայերի վերազարթոնքը»
Թուրքիայում բնակվող ծպտյալ եւ իսլամացված հայերի շրջանում ներկայումս տեղի ունեցող վերազարթոնքի գործընթացն առաջացրել է տարբեր գիտական շրջանակների, այդ թվում եւ արեւմտյան ուսումնասիրողների հետաքրքրությունը: Արդեն տեւական ժամանակ է, ինչ գերմանական, ամերիկյան, ֆրանսիական մի շարք հետազոտողներ, լրագրողներ զբաղվում են այդ խնդրով: Հարկ է նկատել նաեւ, որ նրանց ուսումնասիրությունները, մեծ մասամբ, անհասանելի են հայկական գիտավերլուծական շրջանակներին: Ստորեւ, հայերեն թարգմանությամբ եւ որոշ կրճատումներով, ներկայացնում ենք ֆրանսիական Le Nouvel Observateur ամսագրում Լորա Մարշանի հրապարակած «Թուրքիա. ծպտյալ հայերի վերազարթոնքը» հետաքրքրական հոդվածը:
Նրանց անվանում են «կրոնափոխներ»: Փողոցում նրանք թուրք եւ մուսուլման են, իսկ սրտերում` հայ եւ քրիստոնյա: Սակայն հետզհետե այդ մեծաքանակ հայերը բացահայտվում են. ովքե՞ր են նրանք իրականում…
«Աստված, շնորհակալ ենք քեզ այս կերակուրի համար եւ խնդրում ենք օրհնես այն,- հանդիսավոր կերպով կարդում է հայերեն աղոթքը Մուրադը` ընտանիքի ղեկավարը,- Հանուն Հոր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, ամեն»: Նրա երեխաները, կինը, տատը, ում գլխին կա սպիտակ քող, որոնք կրում են քուրդ գեղջկուհիները, խաչակնքում են եւ սկսում ճաշել: Այս արարողությունը տեղի է ունենում գիշերը, բնակարանում, երբ դուռն ապահով կողպված է, որպեսզի հարեւանները չլսեն: Հաջորդ օրը Մուրադը գնում է աշխատանքի. «Խանութում ես գրանցված եմ որպես Ռամադան,- բացատրում է նա,- այստեղ բոլորը պահպանողական մուսուլմաններ են: Քրիստոնյա լինելը լավ չէ բիզնեսի համար, քանի որ ոչ ոք առեւտուր չի անի գյավուրից»: Մեր այն հարցին` հիմա նա քրիստոնյա՞ է, թե՞ մուսուլման, թե՞ երկուսը միասին, նա ժպտալով պատասխանում է. «Իմ ինքնությունը իմ սրտում է, միայն Աստված գիտի այդ մասին: Իմ սրտում կա Քրիստոս»: Նրա սրտում կա նաեւ հատկապես Ցեղասպանությունը, որից տուժել են հայերն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես նաեւ իր ընտանիքի ողբերգությունը, որի մասին շշուկով պատմել են սերնդեսերունդ. օսմանյան զինվորների պարտադրանքով նրա այն ժամանակ դեռահաս պապը խեղդել է իր փոքր եղբորը Եփրատ գետում:
Պաշտոնապես Թուրքիայում մնացել է փոքրիկ հայկական համայնք, որի թիվը հասնում է 65 հազարի. նրանք ողջ են մնացել «էթնիկական զտումներից» հետո, որոնց ընթացքում զոհվել է ավելի քան 1 միլիոն մարդ: 1915թ. երիտթուրքերի կառավարության, իսկ ավելի վաղ` 19-րդ դարի վերջերին, սուլթան Աբդուլ Համիդի կողմից ծրագրված կոտորածից փրկվելու համար տասնյակ հազարավոր հայեր ընդունել են իսլամ: Նրանց անվանում են «դյոնմե» (կրոնափոխ): Տասնամյակների ընթացքում նրանք մնացել են ընդհատակում, որպեսզի փրկվեն թուրքական պետության քաղաքականությունից, որը ցանկանում է ոչնչացնել հայկական ներկայության բոլոր հետքերը Անատոլիայից: Սակայն ներկայիս ժողովրդավարացման գործընթացը Թուրքիայում սկսում է կոտրել Ցեղասպանության թեմայի տաբուն, եւ ծպտյալ հայերը` Թուրքիայի պատմության ամենամռայլ էջի լուռ վկաները, զգուշությամբ բացահայտում են իրենց ծագումը:
Ուսանողուհի Դամլան, ինչպես բոլոր կրոնափոխները, ունի թուրքական անուն, որպեսզի աննկատ մնա: «Ես միշտ գիտեի, որ հայուհի եմ, բայց երբ ես փոքր էի, իմ ծնողները պնդում էին, թե պետք չէ այդ մասին խոսել»,- հիշում է նա: Լինելով հոգեւորականի ծոռնուհի` նա իր հերթին հետեւում է բազմաթիվ քրիստոնեական սովորույթների. «Սուրբ Ծննդին մենք պատրաստում են հատուկ խմորեղեն, որի մեջ դնում ենք չամիչ: Սուրբ Զատկին մենք գունավոր թելերը թրջում են օրհնված ջրում, որպեսզի պատրաստենք թեւնոցներ, իսկ երբ որեւէ մեկը հիվանդ է, ես եկեղեցում մոմ եմ վառում նրա համար…»:
Ծպտյալ հայերը յուրացրել են սինկրետիզմի արվեստը: Պսակադրության արարողությունն իրականացվում է մզկիթում, սակայն «դյոնմեների» միջեւ, որպեսզի պահպանեն ինքնությունը: Սակայն սոցիալական ճնշումից խուսափելու համար կրոնափոխների որոշ մասն ամբողջությամբ ձուլվել է, ինչն անխուսափելի է: «Ես ունեմ մի ազգական, որը մզկիթի իմամ է, իսկ մեկ ուրիշը` ծայրահեղ իսլամիստ»,-ասում է հայազգի Սադըք Բաքըրջըօղլուն: Դաժան եւ նենգ ժամանակը եղել է ժխտման քաղաքականության լավագույն դաշնակիցը:
Չնայած պաշտոնական գաղափարախոսությանը, թուրքական որոշ հետազոտողներ սկսել են վեր հանել հայերին, որոնք «թաքնված են պատմության մութ անկյուններում»: «Սկզբում օսմանյան իշխանություններն աքսորից ազատում էին այն հայերին, որոնք իսլամ էին ընդունում,- բացատրում է Բոսֆորի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Սելիմ Դերինգիլը,- սակայն հետո իսլամի ընդունումն այլեւս չէր փրկում հայերին, քանի որ նրանց կրոնափոխությունը համարվում էր ոչ անկեղծ»: Այն հարցին, թե քանի մարդ է փոխել իր կրոնը, որպեսզի փրկվի, Դերինգիլը պատասխանում է. «19-րդ դարում 20 հազարից մինչեւ 150 հազար…Իսկ 1915-ին անհայտ է…»: Նույնիսկ ցեղասպանությունից հետո այդ երեւույթը պահպանվել է, եւ դրա արդյունքն այն է, որ ներկայումս Թուրքիայի երակներով հոսում է հայկական արյուն:
Սասունի իր գյուղում Գիյասեթթին Գելիրը հավաքել է ցեղասպանության վերջին վերապրածների հիշողությունները. «Բոլորն ինձ ասում էին, որ այն ժամանակ իրենք մտածել են, թե կրոնափոխությունը կլինի ժամանակավոր, մինչեւ ամեն ինչ կկարգավորվի»:
«Թրից պրծածներ». այդպես են չարամտորեն անվանում ցեղասպանության վերապրողներին, որոնք մնում են պետության սեւեռուն ուշադրության տակ: Ադմինիստրատիվ հարցումների կամ զինվորական ծառայության ժամանակ կրոնափոխները գիտակցում են, որ իրենք վստահելի չեն համարվում: Երիտասարդ ինժեներ Ահմեդն ասում է, որ իր եղբայրն աշխատանքի չի ընդունվել որպես ռազմական օդաչու, «չնայած հաջողությամբ հանձնել էր բոլոր քննությունները զինվորական ակադեմիայում»: Մի երեկո նրա գինովցած հորեղբայրն ասել է նրան. «Դու հայ ես, դրա համար էլ նրանք քեզ գործի չընդունեցին»: Թուրքական ազգայնականության ոգով դաստիարակված երիտասարդը ցնցվում է այդպիսի բացահայտումից: «Հայ լինելը վիրավորանք է: Իմ եղբայրը սկսեց հավատալ, որ ինքը Մուհամեդի ընտրյալն է եւ իր շրջապատն ուղղակի փորձում է իրեն հայ դարձնել»: Հետագայում նա մահանում է հոգեկան խանգարումից` շիզոֆրենիայից:
2007թ. հայազգի լրագրող Հրանտ Դինքը սպանվեց 17-ամյա ծայրահեղ ազգայնամոլի կողմից: Նրա հուղարկավորությանը 100 հազար թուրք դուրս եկան փողոց` ունենալով պաստառներ, որոնց վրա գրված էր. «Մենք բոլորս հայ ենք»: Զայրույթի այս բղավոցների հետեւում հավանաբար կար նաեւ կոլեկտիվ ժառանգության գիտակցումը….Թուրքիայում գլխավոր հայկական ձայնի սպանությունից հետո սկսեցին նկարահանվել փաստագրական ֆիլմեր, տեղի ունենալ քննարկումներ, գիտաժողովներ, որոնք կոչ էին անում հաշտության, պատմական ճշմարտության ընդունման, հիշողության առջեւ պարտքի գիտակցման:
Այսպիսի անսպասելի կարեկցանքից ոգեւորվելով` կրոնափոխների սերունդները Ստամբուլում դուրս են գալիս ընդհատակից: Դամլան կատարել է իր ընտրությունը, եւ նրա ամուսինը լինելու է իսկական հայ, իսկ նրանց երեխաներն ունենալու են քրիստոնեական անուններ: Իսկ 27-ամյա Հաքիֆեն վերջերս է մկրտվել. «Մենք ունենք տարօրինակ ինքնություն: Մեր տատերը եւ պապերը եղել են հայեր, մեր ծնողները` մուսուլմաններ, իսկ մենք դառնում ենք այնպիսին, ինչպիսին մեր տատերն ու պապերն են եղել»,- ասում է Հաքիֆեն:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[31.05.2012]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ[14.05.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[12.04.2012]
- ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ[28.12.2011]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[05.12.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[14.11.2011]
- ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[24.10.2011]
- «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ[12.10.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[03.10.2011]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ[25.07.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ[07.07.2011]