Իսլամն Ադրբեջանում

1990-ականներից ի վեր հետխորհրդային հանրապետություններում ազգային և կրոնական ընկալումները վերարժևորվեցին: Իր համար նոր ուղի հարթեց նաև իսլամը, որը Կովկաս էր թափանցել դեռևս 7-րդ դարում:
ԽՍՀՄ փլուզումից հետո իսլամի արմատավորումը հիմնականում ընթացավ յուրաքանչյուր հանրապետությանը հատուկ հանգամանքներում` առանձին դեպքերում կրելով միջազգային իսլամական կենտրոնների ազդեցությունը: Ի տարբերություն իսլամի ավանդական տարածման շրջանների, որտեղ իսլամը դերակատարում ունի նաև սոցիալ-քաղաքական կյանքում, հետխորհրդային տիրույթում այն հիմնականում պայմանավորում է հասարակության ավանդույթային և կենցաղային կողմերը:
ԽՍՀՄ իսլամադավան հանրապետությունների շարքում իսլամի յուրահատուկ նկարագրով առանձնանում է Ադրբեջանը, որի բնակչության մեծամասնությունը (94%) դավանում է իսլամ. այն ներկայացված է երկու ուղղություններով` շիա և սուննի: Իսլամադավան բնակչության զգալի մասը շիաներ են (շուրջ 70%): Ադրբեջանը շիա բնակչության թվով երկրորդ տեղն է զբաղեցնում Իրանի Իսլամական Հանրապետությունից հետո։
Ադրբեջանական ազգային ինքնության մաս են կազմում թյուրքականությունը, ինչպես նաև իսլամը. ադրբեջանցիների մեծ մասն իրեն համարում է մահմեդական` չնայած սեփական կրոնի ոչ համապարփակ իմացությանը կամ գրեթե չիմացությանը: Իսլամական ծիսակարգին հետևող հավատացյալները կազմում են բնակչության 1/10-ը:
Հետխորհրդային շրջանում իսլամական վերածնունդն Ադրբեջանում ավելի շատ ընթացավ ազգայինի համատեքստում: Բաքուն հատկապես ընդգծում է ադրբեջանական «ազգային իսլամի» յուրահատկությունը, փորձում ստեղծել ադրբեջանական իսլամի բրենդ` ձգտելով պահպանել անկախությունը միջազգային իսլամական (հատկապես` իրանական) կենտրոնների հնարավոր ազդեցություններից։
Ադրբեջանական իսլամի յուրահատկության մասին է խոսում այն փաստը, որ բացի սուննիական և շիական մզկիթներից, Ադրբեջանում կան «խառը» մզկիթներ, որտեղ հերթականությամբ աղոթում են շիաներն ու սուննիները։
Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը, համաձայն իր իսկ սահմանադրության, աշխարհիկ պետություն է, երկրի իշխանություններն օգտագործում են իսլամական գործոնը` ամրապնդելու սեփական դիրքերը:
1994թ. նախագահ Հ.Ալիևի կատարած ուխտագնացությունը Մեքքա մեծ հնչեղություն ստացավ երկրում։ Քաղաքական գործիչները` իշխանական, թե ընդդիմադիր, օգտագործում են իսլամական հռետորականությունը: Ադրբեջանում նշվում են բոլոր իսլամական տոները (աշուրա, ուրազա բայրամ, մավլուդ)։ Հեռուստատեսությամբ և ռադիոյով կան իսլամին նվիրված ժամեր, ազգային հանդիսությունների ժամանակ Ղուրանից հատվածներ են հնչեցվում: Երկրում գործում է շուրջ 1300 մզկիթ:
Ադրբեջանում միշտ լուրջ խնդիր է եղել կրոնական կադրերի պատրաստման հարցը: Այս նպատակով 1990-ականների սկզբին Բաքվում հիմնվեց իսլամական համալսարան` Սաուդյան Արաբիայի աջակցությամբ: 1992-ից Բաքվի համալսարանում սկսեց գործել իսլամական աստվածաբանության ֆակուլտետ։ Ադրբեջանցի ուսանողները կրոնական կրթություն են ստացել հիմնականում Իրանում, Սիրիայում, Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում, Թուրքիայում, Պակիստանում:
Պաշտոնական իսլամն Ադրբեջանում ներկայացնում է Կովկասի մահմեդականների վարչությունը (ԿՄՎ), որի գաղափարական ազդեցությունը տարածվում է նաև ԱՊՀ շիաների և Կովկասի սուննիների վրա: Կառույցը ֆինանսական միջոցներ է ստանում թե՛ պետությունից, թե՛ միջազգային իսլամական կառույցներից։ 1980-ականների սկզբից այն գլխավորում է շեյխ ուլ-իսլամ հաջի Ալլահշյուքյուր Փաշազադեն: Դավանական համամասնությունը պահպանելու համար վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվում է սուննի հոգևորական:
Ադրբեջանում պաշտոնական իսլամը ներկայացնում է նաև Գիտական իսլամական խորհուրդը, որի հիմնական խնդիրներն են` ազգային կրոնական քաղաքականության մշակումը և իսլամին վերաբերող գրականության հրատարակումը:
Ադրբեջանում իսլամական պաշտոնական քաղաքականությունն ուղղված է երկրի աշխարհիկ բնույթի պահպանմանը, ինչը նկատի է առնում նաև իսլամի և արդիականության մերձեցում։ Առանձին շրջանակներ առաջ են քաշում իսլամը պետական կրոն հռչակելու, իսլամական օրենքներն իրավական դաշտ մտցնելու, իսլամի ազդեցությունը հասարակական կյանքում ընդլայնելու գաղափարներ: Ադրբեջանում, օրինակ, հարց է բարձրացվել բազմակնության և ժամանակավոր ամուսնության մասին օրենք մտցնելու մասին։ Պահանջվել է, որպեսզի չարգելվի կնոջը պաշտոնական փաստաթղթի համար լուսանկարվել գլխաշորով, ինչը 1999թ. օրենքի ուժ է ստացել։
Պաշտոնական իսլամի հետ կողք կողքի գոյատևում է շիական ուղղվածությամբ «ժողովրդական իսլամը», որի դրսևորումներից է սրբատեղիներ այցելելը: Դեռևս խորհրդային շրջանում Ադրբեջանում սրբատեղիներ ուխտի գնալը շատ տարածված երևույթ էր (ի դեպ, այդ տարիներին իսլամական ծիսակարգով էին կատարվում հատկապես հարսանիքն ու թաղումը): Ներկայումս Ադրբեջանում հաշվվում է շուրջ 300 սրբատեղի, որոնցից ամենահայտնին Բաքվի մոտակայքում գտնվող Շյուվյալանն է:
Նշենք, որ Ադրբեջանում կրոնականությունը բարձր ցուցանիշ ունի հատկապես երկրի հարավային շիական շրջաններում (Մասալին, Բիլյասուվարի, Ջալիլաբադ, Լենքորան) և Ապշերոնի թերակղզում։
Սուննի իսլամի ներկայացուցիչներն Ադրբեջանում նույնպես զգալի թիվ են կազմում (իսլամադավանների շուրջ 30%-ը) և հիմնականում բնակվում են հյուսիսային շրջաններում: Մերժելով շիա իսլամը` սուննիներն այն համարում են հեթանոս բաղադրիչներով հագեցած և իրանցիների կողմից աղճատված: Այս տեսությունն ունի նաև քաղաքական կիրառում. խնդիրն այն է, որ շիա իսլամը հեռացնում է ադրբեջանցիներին իրենց թուրք ազգակիցներից և մերձեցնում իրանցիներին:
Ադրբեջանի անկախության ձեռքբերումից հետո այս երկրում իրենց ազդեցությունը տարածելու համար ի հայտ եկան թուրք-իրանական հակասություններ։ Թեհրանը ձեռնամուխ եղավ զգալի ֆինանսական միջոցների ներդրմանը` հօգուտ Ադրբեջանում մզկիթների և կրոնական այլ հաստատությունների շինարարության, ինչպես նաև հոգևոր կադրերի պատրաստման։ Ադրբեջանում ազգայնականությունը չեզոքացնելու և շիական գործոնն ակտիվացնելու Թեհրանի ջանքերն իրենց քաղաքական ենթատեքստն ունեին։ Թեհրանին մտահոգում էր Ադրբեջանում ազգայնական տրամադրությունների աճը, ինչը կարող էր խթանել իրանական Ատրպատականում ազգային կամ անջատողական շարժումները։
Թեհրանից եկող մարտահրավերներին ի պատասխան, աշխարհիկ Թուրքիան նույնպես սկսեց Ադրբեջանում ֆինանսական ներդրումներ անել` մզկիթներ ու մեդրեսեներ հիմնելու ուղղությամբ։ Անկարան իսլամը դիտարկում էր որպես միջոց` ամրապնդելու Ադրբեջանում թուրքական ներկայությունը։ Բաքուն Թուրքիայի նախաձեռնություններին ավելի շատ էր արձագանքում, քան Իրանի, չնայած վերջինիս հետ ընդհանուր պատմական ժառանգությանը։ Ադրբեջանը Թեհրանին համարում էր անվստահելի դաշնակից, որը լավագույնս չի օգտագործում իսլամական համերաշխության սկզբունքը` Հայաստանի վրա ճնշումներ իրականացնելու համար։
Ադրբեջանի քաղաքական կյանքում Թեհրանի ազդեցության ապացույցն էր 1991-ին հիմնված Ադրբեջանի իսլամական կուսակցությունը, որը շուրջ 50 հազար անդամ ուներ։ 1995-ին իշխանությունները փակեցին կուսակցությունը` դրսից ֆինանսավորվելու և ղեկավարվելու հիմնավորմամբ (կան տեղեկություններ այն մասին, որ կուսակցությունն ընդհատակում գործում է մինչ օրս)։
Այս դեպքից հետո որոշվեց, որ բոլոր իսլամական կազմակերպություններն ու մզկիթները պետք է ենթարկվեն ԿՄՎ-ին։ 1996թ. Ադրբեջանի խորհրդարանի որոշմամբ արգելվեց միսիոներների գործունեությունը, ինչպես նաև պահանջվեց, որպեսզի տեղական կրոնական համայնքները գրանցվեն։
Ընդհանրապես, Բաքվին մտահոգում է մահմեդական տարբեր ուղղությունների արմատավորումը (հատկապես վահաբական, որ հիմնականում ներթափանցում է Հյուսիսային Կովկասից), ինչը կարող է ապակայունացնել իրավիճակը երկրում։ Բաքուն գիտակցում է, որ իսլամը կարող է դառնալ անվերահսկելի քաղաքական գործոն Ադրբեջանի ներքին կյանքում, ինչպես նաև` էթնոդավանական փոքրամասնությունների շրջանում:
Միաժամանակ պետք է նշել, որ Բաքուն դեմ չէ միջազգային իսլամական տարբեր հիմնադրամների և կառույցների հետ համագործակցությանը, որոնց միջոցներով Ադրբեջանում հիմնվել և հիմնվում են մզկիթներ ու մեդրեսեներ: Ասվածի ապացույցն է 1997-ին քուվեյթյան «Իսլամական ժառանգության վերածնունդ» կազմակերպության` Բաքվում կառուցած Աբու Բաքր մզկիթը, որ տեղավորում է ավելի քան 5000 հավատացյալների: Բացի այդ, Ադրբեջանը, որպես կանոն, ակնկալում է միջազգային իսլամական հանրության աջակցությունը Հայաստանի «ագրեսիան» դատապարտելու և այդ ուղղությամբ գործնական քայլեր անելու ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում զգուշանում են կրոնական հուզումներից։ 1999թ. Գեկչայ քաղաքի մզկիթում տեղի ունեցան միջիսլամական բախումներ, որոնք մեկնաբանվեցին իբրև արտաքին միջամտության արդյունք։ Նույն թվականին պաշտոնական հրապարակում եղավ այն մասին, որ կրոնական համայնքները շատ հաճախ ԿՄՎ-ին իրազեկ չեն պահում իրենց գործունեության մասին և տարածում են պառակտիչ կրոնական գրականություն։
Ադրբեջանական իշխանությունները մշտապես ձգտում են թուլացնել ոչ միայն շիա–սուննի հակասությունները, այլև կրոնի դերը երկրի քաղաքական կյանքում։ 2001թ. իշխանությունները ճնշեցին Նարդարան քաղաքի ելույթները, որոնք մեկնաբանվեցին իբրև երկրի աշխարհիկության դեմ ուղղված բողոքի ակցիաներ։
Ադրբեջանում խորացող սոցիալական լարվածությունն ի հայտ է բերում իսլամի քաղաքականացման միտումներ։ Իսլամական կառույցների գործունեությունն առավել արդյունավետ է սոցիալապես անապահով շրջանակներում, որոնք պետության անգործության ֆոնի վրա իսլամի մեջ նեցուկ են տեսնում։ Այս առումով, իսլամը զգալի ներուժ ունի` դառնալու գաղափարախոսական հենք սոցիալ-քաղաքական շարժումների համար:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]