
ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
Վահրամ ՀովյանՄիջին Արևելքի առանցքային պետություններից մեկի՝ Եգիպտոսի հայ համայնքի կազմում ուրույն տեղ ունեն հայ ավետարանականները։ Չնայած փոքրաթվությանը՝ Եգիպտոսի հայ ավետարանական համայնքն ապրում է բավական աշխույժ կյանքով, ինչը հրավիրում է թե՛ փորձագիտական հանրության, թե՛ գիտական շրջանակների ուշադրությունը։
Եգիպտոսի հայ ավետարանական համայնքը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով.
- Քանակական առումով այն փոքրաթիվ է և կենտրոնացած է Ալեքսանդրիայում։
- Նրա կազմակերպչական կառույցներն իրականացնում են կանոնավոր գործունեություն, որով էլ առաջին հերթին արտահայտվում են համայնքի կազմակերպվածությունն ու ակտիվությունը։
- Համայնքի գործունեությունը չի սահմանափակվում միայն տեղական (Եգիպտոսի) մակարդակով, այլև երբեմն կրում է տարածաշրջանային բնույթ։ Դրա արտահայտությունն են նրա ներգրավվածությունը Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության, ինչպես նաև տարածաշրջանային այլ ավետարանական կազմակերպությունների աշխատանքներին։
- Համայնքը սերտորեն ինտեգրված է տեղի հայ առաքելական և կաթողիկե համայնքների հետ և նրանց հետ կազմում է մեկ միասնական կուռ ամբողջություն՝ եգիպտահայ համայնքը։
Հայ ավետարանական համայնքի ձևավորումը
Եգիպտոսի հայ ավետարանական համայնքը ձևավորվել է 19-րդ դարի վերջին, հիմնականում Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին հայերի զանգվածային ջարդերի հետևանքով բազմաթիվ հայերի, այդ թվում և ավետարանականների՝ Եգիպտոս գաղթի արդյունքում։ Հայոց ցեղասպանությամբ պայմանավորված հայերի գաղթի նոր զանգվածային ալիքը Եգիպտոս 20-րդ դարի սկզբում ավելի ստվարացրեց տեղի հայ ավետարանական համայքը։ Այս մասին վկայում է Կ.Ատանալյանի «Յուշարձան հայ աւետարանականաց եւ աւետարանական եկեղեցւոյ» աշխատությունում ամփոփված երկու փաստ.
- Եգիպտոսի հայ բողոքականները 1936թ. դրությամբ 40 տարվա գաղթականություն էին1։ Գաղթականություն լինելու հանգամանքը վկայում է հենց այն մասին, որ այդ համայնքը ձևավորվել է հայկական կոտորածներից ու ցեղասպանությունից փրկված ավետարանականների՝ Եգիպտոս գաղթի և այստեղ ապաստանելու արդյունքում։
- 1936թ. դրությամբ Եգիպտոսի հայ բողոքականների կեսը թուրքախոս էր2։ Եգիպտոսը, թեև ֆորմալ կերպով մինչև 1914թ. Օսմանյան կայսրության մաս էր կազմում, սակայն իրականում, սկսած դեռևս 18-րդ դարի կեսից, օսմանյան տիրապետությունը Եգիպտոսի վրա կրում էր զուտ ձևական կամ անվանական բնույթ։ Երկիրը փաստացիորեն դուրս էր գտնվում օսմանյան իշխանությունների վերահսկողությունից՝ սահմանափակվելով ընդամենը որոշակի տուրք վճարելով։ Հետևաբար, այնտեղ, հատկապես ազգությամբ ոչ թուրք բնակչության շրջանում, թուրքերենի տարածումը չէր կարող օբյեկտիվ հիմքեր ունենալ։ Ուստի, հայ ավետարանականների կեսի թուրքալեզու լինելը կարող էր պայմանավորված լինել միայն նրանով, որ նրանք բռնագաղթած լինեին Օսմանյան կայսրության այլ շրջաններից։
Եգիպտոսի հայ ավետարանականների թվաքանակը 1936թ. դրությամբ կազմում էր 800 մարդ։ Նրանք կենտրոնացած էին Եգիպտոսի ավանդական հայաշատ քաղաքներում՝ Կահիրեում (500 մարդ) և Ալեքսանդրիայում՝ (300 մարդ)3։
Սկսած 20-րդ դարի կեսերից՝ եգիպտահայության մեջ նկատվում է արտագաղթի միտում դեպի Խորհրդային Հայաստան, Արևմտյան Եվրոպայի երկրներ, ԱՄՆ, Կանադա և Ավստրալիա, որն ավելի ուժգնանում է 1952թ. ապստամբությունից և նախագահ Գամալ Աբդ ալ Նասերի իշխանության գալուց հետո4։ Աստիճանաբար զանգվածային բնույթ ստացող արտագաղթը, ինչը բնորոշ է նաև եգիպտաբնակ քրիստոնյա այլ խմբերին5, բացասական ազդեցություն է թողնում նաև տեղի հայ ավետարանական համայնքի վրա։ Արդյունքում՝ Կահիրեի հայ ավետարանական համայնքը գրեթե լիովին սպառվում է։ Այդ մասին է վկայում այն, որ դադարում է գործել Կահիրեի Հայ Ավետարանական եկեղեցին։
Ներկայումս Եգիպտոսի հայ ավետարանական համայնքը սահմանափակվում է միայն Ալեքսանդրիայի շրջանակներում, որտեղ գործում է դեռևս 1920-ական թթ. հիմնված Հայ Ավետարանական եկեղեցին։ Համայնքի ներկայիս թվաքանակի վերաբերյալ կոնկրետ տվյալներ չկան։ Կան մոտավոր տեղեկություններ, որոնք կարող են հիմք լինել որոշ ենթադրությունների համար։ Այսպես, համաձայն Ա.Հակոբյանի՝ ներկայումս Եգիպտոսի հայ ավետարանական համայնքը բաղկացած է ավելի քան 300 ընտանիքից6։ Նրանց թվաքանակի մասին ենթադրություններ անելու հնարավորություն կարող է տալ նաև Ալեքսանդրիայի Հայ Ավետարանական եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի աշակերտների թիվը։ Կրթօջախի սաների թիվը 15-18 է7։
Կազմակերպչական կառույցները
Եգիպտոսի Հայ ավետարանական համայնքի կազմակերպչական կառույցները, ի տարբերություն Միջին Արևելքի այլ երկրների (Լիբանան, Սիրիա, Իրան) նույն համայնքների, աչքի չեն ընկնում քանակական առատությամբ և տեսակային բազմազանությամբ։ Տեսակային առումով դրանք բաժանվում են երկու մասի՝ եկեղեցական և կրթական, որոնցից առկա են մեկական հատ։
- Եկեղեցական միակ հաստատությունը Ալեքսանդրիայի Հայ Ավետարանական եկեղեցին է։ Այն հիմնվել է 1920-ական թթ.։ Եկեղեցին ներկայումս գլխավորում է քարոզիչ Սամվել Խունգանյանը8, որն էլ, ըստ էության, Եգիպտոսի հայ ավետարանական համայնքի առաջնորդն է։ Առկա է հոգևոր գործիչների պակասի խնդիր։ 1990-ից ի վեր, երբ վախճանվեց վերջին պատվելին՝ Վահրամ Խունգանյանը, եկեղեցին պատվելի չունի։ Այդ պատճառով պաշտամունքները ղեկավարվում են եկեղեցու վարչության անդամների կողմից (Սամվել Խունգանյան, Հակոբ Կանիմյան)9։
- Կրթական միակ հաստատությունը Ալեքսանդրիայի Հայ Ավետարանական եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցն է։ Վերջինիս սաների թիվը 15-18 է։ Դպրոցը ղեկավարում է տիկին Լիմի Խունգանյանը, որը Լիդիա Խունգանյանի հետ միասին զբաղվում է կրթության և դաստիարակության գործով10։
Եգիպտոսի հայ ավետարանական համայնքի կազմակերպչական կառույցների քանակական սահմանափակությունը, ինչպես նաև տեսակային աղքատությունը՝ սոցիալական, տեղեկատվական և այլ կառույցների բացակայությունը, կարելի է բացատրել հետևյալ գործոններով.
- Համայնքի թվաքանակի սահմանափակությունը։ Եգիպտոսի հայ ավետարանականները քանակական առումով էապես զիջում են տարածաշրջանային այլ երկրների (Լիբանան, Սիրիա, Իրան) հայ ավետարանականներին։ Քանակական սահմանափակությամբ էլ պայմանավորված է տարատեսակ կառույցների լայն ցանց հիմնելու անհրաժեշտության բացակայությունը։
- Եգիպտոսի նկարագիրը՝ որպես ավելի աշխարհիկ պետություն։ Ի տարբերություն Միջին Արևելքի այլ երկրների (Լիբանան, Սիրիա, Իրան), Եգիպտոսն ավելի աշխարհիկ պետություն է, որը տարածաշրջանի մուսուլմանական երկրների մեջ իր հասարակական-քաղաքական մթնոլորտով ավելի է համապատասխանում արևմտաեվրոպական հասարակություններին։ Այդ պատճառով էլ այստեղ կրթական, մշակութային, սոցիալական և այլ կառույցները հիմնականում դուրս են գտնվում հոգևոր կառույցների տնօրինությունից։ Կրոնական համայնքները կամ կառույցները զբաղվում են հիմնականում հոգևոր-եկեղեցական խնդիրներով՝ այլ ոլորտները թողնելով աշխարհիկ կառույցներին։ Այս առումով ավելորդ չէ հիշատակել, որ ընդհանրապես Եգիպտոսի հայկական կրթական, մշակութային և այլ կառույցները հիմնականում գտնվում են աշխարհիկ ոլորտում՝ դուրս լինելով հոգևոր հաստատությունների տնօրինությունից։
- Խտրական վերաբերմունքը։ Չնայած Եգիպտոսն իր սոցիալ-քաղաքական միջավայրով ավելի է համապատասխանում արևմտաեվրոպական աշխարհիկ հասարակություններին, այնուամենայնիվ, որպես մուսուլմանական երկիր լիովին զերծ չէ մուսուլմանական հասարակություններին բնորոշ որոշակի անհանդուրժողական վերաբերմունքից այլակրոնների և, մասնավորապես՝ քրիստոնյաների նկատմամբ։ 1952թ. ապստամբությունից և նախագահ Գամալ Աբդ ալ Նասերի իշխանության գալուց հետո քրիստոնյաների նկատմամբ խտրական վերաբերմունքն ավելի հստակ ուրվագծվեց թե՛ հասարակական և թե՛ պետական մակարդակներում։ Մասնավորապես, եթե մուսուլմաններն ազատորեն իրավունք ունեն կառուցելու պաշտամունքային շինություններ, ապա քրիստոնյաները եկեղեցիներ կառուցելու համար պարտադիր պետք է ստանան Եգիպտոսի բարձրագույն իշխանությունների պաշտոնական թույլտվությունը11։
Գործունեության մակարդակները
Եգիպտոսի հայ ավետարանական համայնքի գործունեությունը դրսևորվում է երկու մակարդակով՝ տեղական և տարածաշրջանային։
- Տեղական մակարդակով համայնքը գործունեություն է ծավալում Եգիպտոսի սահմաններում։ Այդ գործունեությունն իր հերթին բաժանվում է երկու ենթամակարդակների՝ ազգային և միաջազգային։
- Ազգային ենթամակարդակով Եգիպտոսի հայ ավետարանական համայնքի ակտիվ գործունությունը դրսևորվում է համայնքային կառույցների կանոնավոր գործառնությամբ ինչպես հայ ավետարանականների, այնպես էլ ողջ եգիպտահայության շրջանակներում։
Հայ ավետարանականների շրջանում կանոնավոր գործունեություն են իրականացնում Ալեքսանդրիայի հայ ավետարանական համայնքի կազմակերպչական կառույցները։ Չնայած բոլոր դժվարություններին, որոնց թվում առաջնային նշանակություն ունի համայնքի թվաքանակի նվազումը, Ալեքսանդրիայի Հայ Ավետարանական եկեղեցում, ինչպես վկայում է եկեղեցու վարչության անդամ Հակոբ Կանիմյանը, ամեն կիրակի տեղի է ունենում պաշտամունք12։ Կանոնավոր գործում է նաև եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցը, որտեղ հայ երեխաները ստանում են քրիստոնեական դաստիարակություն13։ Ալեքսանդրիայի համայնքի կանոնավոր գործունեության ևս մեկ դրսևորում են ամեն շաբաթ անցկացվող տիկնանց և օրիորդաց Սուրբ գրքի սերտողությունները՝ Լիդիա Խունգանյանի ղեկավարությամբ14։
Ինչ վերաբերում է տեղի ողջ հայ համայնքի շրջանում գործունեությանը, ապա այն ակնառու է հատկապես կրթական բնագավառում, ինչն ընդհանրապես ավանդաբար բնորոշ է եղել Միջին Արևելքի հայ ավետարանական համայնքներին։ Հայ ավետարանական ուսումնական հաստատությունները մշտապես բաց են եղել այլ հարանվանությունների ներկայացուցիչ երեխաների համար՝ կրթություն տալով նաև հայ առաքելական և կաթոլիկ երեխաներին։ Այս առումով կարելի է ասել, որ հայ ավետարանական կրթական հաստատությունները ոչ թե հարանվանական, այլ ազգային բնույթ ունեն։ Այսպես, համաձայն Մերձավոր Արևելքի հայ ավետարանական կիրակնօրյա վարժարանների տեղեկագրի (1947թ. հոկտեմբեր - 1948թ. ապրիլ)՝ Մերձավոր Արևելքի երկրների, այդ թվում նաև Եգիպտոսի բոլոր հայ ավետարանական կիրակնօրյա վարժարանների ընդհանուր աշակերտության միայն 54%-ն էին կազմում ավետարանական երեխաները։ 41%-ը կազմում էին հայ առաքելականները, մնացած 5%-ը՝ այլք15։ Ներկայումս, ինչպես վկայում է Հ.Կանիմյանը, Ալեքսանդրիայի Հայ Ավետարանական եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի ավետարանական աշակերտների կողքին ուսանում են նաև Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների զավակներ16։ - Միջազգային ենթամակարդակով Եգիպտոսի հայ ավետարանական համայնքը գործունեություն է ծավալում տեղի ոչ միայն հայ, այլև այլէթնիկ ավետարանական խմբերի շրջանակներում։ Այդ գործունեությունը դրսևորվում է հիմնականում Եգիպտոսի այլ ավետարանական հանրույթների հետ համագործակցության ձևով։ Մասնավորապես, Եգիպտոսի հայ ավետարանական համայնքն անդամակցում է Եգիպտոսի Ավետարանական եկեղեցիների համագործակցությանը17։
- Տարածաշրջանային մակարդակով Եգիպտոսի հայ ավետարանական համայնքի գործունեությունը դուրս է գալիս Եգիպտոսի սահմաններից և տարածվում միջինարևելյան տարածաշրջանի վրա։ Այս մակարդակում նույնպես այն դրսևորվում է ազգային և միջազգային ենթամակարդակներով։
- Ազգային ենթամակարդակով Եգիպտոսի հայ ավետարանական համայնքն ավանդաբար ակտիվ գործունեություն է ծավալել Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության շրջանակներում, որի անդամ է հանդիսանում18։ Մասնավորապես, համայնքի ներկայացուցիչները կանոնավորապես մասնակցել և մասնակցում են Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության աշխատանքներին։
- Միջազգային ենթամակարդակով Եգիպտոսի հայ ավետարանական համայնքը տարածաշրջանային ավետարանական կազմակերպությունների շրջանակներում գործակցում է Միջին Արևելքի այլ ավետարանական համայնքների հետ։ Նման ենթադրության տեղիք է տալիս, օրինակ, 2005թ. հոկտեմբերին Ամանում (Հորդանան) Միջին Արևելքի Ավետարանական եկեղեցիների միության կազմակերպած «Կանայք լիդերության մեջ» կոնֆերանսին տարբեր ավետարանական ուղղություններ (լյութերական, պրեսբիտերական և հայ ավետարանական) ներկայացնող ավելի քան հիսուն կանանց մասնակցությունը Եգիպտոսից, Սիրիայից, Պաղեստինից, Հորդանանից, Լիբանանից և Քուվեյթից19։
Միջդավանական հարաբերությունները
Եգիպտոսի հայ ավետարանական համայնքն ակտիվ փոխգործակցության մեջ է գտնվում տեղի հայ առաքելական և կաթողիկե համայնքների հետ։ Այս երեք հարանվանությունները միասնաբար կազմում են եգիպտահայ համայնքը։ Դավանանքային հողի վրա առճակատման դեպքեր հայտնի չեն։ Ընդհանուր առմամբ տիրում է համագործակցության ոգին։ Միջդավանական շփումները Եգիպտոսի հայ համայնքում դրսևորվում են ինչպես անհատական, այնպես էլ ինստիտուցիոնալ մակարդակներով։
Անհատական մակարդակով միջդավանական շփումները հիմնականում դրսևորվում են ազգային (ՀԲԸՄ և այլն) և աշխարհիկ (ակումբներ, դպրոցներ, մարզական խմբակներ) կառույցներում հայկական երեք հարանվանությունների ներկայացուցիչների ընդգրկվածությամբ և նրանց համատեղ գործունեության մեջ դավանանքային տարբերությունների դերի բացակայությամբ։ Ազգային և աշխարհիկ կառույցները, որոնց գործունեության մեջ ընդգրկված են եգիպտահայության ներկայացուցիչները՝ անկախ դավանանքային պատկանելությունից, մեծ դեր և նշանակություն ունեն առաքելական, կաթողիկե և ավետարանական հայերին միմյանց հետ ինտեգրելու և նրանց մոտ ազգային ոգին ու գիտակցությունը բարձր պահելու հարցում։
Ինստիտուցիոնալ մակարդակով միջդավանական շփումները դրսևորվում են հայ առաքելական, կաթողիկե և ավետարանական կառույցների միջև համագործակցությամբ։ Միջդավանական ինստիտուցիոնալ համագործակցությունը հիմնականում դրսևորվում է համատեղ հոգևոր-եկեղեցական միջոցառումների իրականացմամբ, որոնք ունեն էկումենիկ բնույթ20։
Հայկական երեք հարանվանությունների համագործունեությունը Եգիպտոսում հիմնված է ընդհանուր նպատակի վրա, այն է՝ ապահովել եգիպտահայ համայնքի կենսունակությունը։ Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիներն այլ հայկական կառույցների հետ միասին ծառայում են եգիպտահայ համայնքին21։
Այսպիսով, ինչպես Սփյուռքի մյուս համայնքներում, այնպես էլ Եգիպտոսի հայ համայնքում հայկական երեք հարանվանություններին միավորողը ազգայինն է՝ հայ լինելու գիտակցությունը։ Ազգայինն իր միավորիչ նշանակությամբ յուրաքանչյուր հայի գիտակցության մեջ՝ անկախ դավանանքային պատկանելությունից, գերակայություն ունի կրոնականի նկատմամբ։ Ինչպես ժամանակին նշում էր Րաֆֆին, միայն ազգայնության ոգով «...կարող ենք միացնել մեզ հետ մեր եղբայրներին, որ բաժանեց եկեղեցու ավազանը...»22։ Եգիպտահայ համայնքում կարծես թե հայկական երեք հարանվանությունները գործում են մեծանուն հայ մտավորականի այս խոսքերը նշանաբան դարձրած։
1Կ. Պ. Ատանալեան, Յուշարձան հայ աւետարանականաց եւ աւետարանական եկեղեցւոյ, Ֆրեզնո, 1952, էջ 363։
2Նույն տեղում։
3Նույն տեղում։
4Арман Акопян, Армянский облик Египта, Ноев Ковчег, № 05 (152), Май, 2010.
5Концессии, церковь, ислам, евреи в Египте http://www.vegatur.ru/egypt/koncessii_cerkov_islam_evrei_v_egipte.html
6Арман Акопян, նշվ. աշխ.։
7Small but significant: Armenian Evangelical Church in Alexandria http://www.azad-hye.net/news/viewnews.asp?newsId=572fdd92; Աւետարանական Եկեղեցին Կը Գործէ Ցայսօր՝ Հակառակ Համայնքի Նօսրացման http://armaveni.com/newscats/church/2311.htm
8AMAA Directory 2010: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide, p. 9 http://www.amaa.org/Directory%20for%20website.pdf
9Աւետարանական Եկեղեցին Կը Գործէ Ցայսօր՝ Հակառակ Համայնքի Նօսրացման http://armaveni.com/newscats/church/2311.htm
10Small but significant: Armenian Evangelical Church in Alexandria http://www.azad-hye.net/news/viewnews.asp?newsId=572fdd92; Աւետարանական Եկեղեցին Կը Գործէ Ցայսօր՝ Հակառակ Համայնքի Նօսրացման http://armaveni.com/newscats/church/2311.htm
11Coptic Christians Voicing Frustration With White House As Persecution Widens in Egypt, The New York Sun, May 22, 2010. http://www.nysun.com/foreign/coptic-christians-voicing-frustration-with-white/86971/
12Աւետարանական Եկեղեցին Կը Գործէ Ցայսօր՝ Հակառակ Համայնքի Նօսրացման http://armaveni.com/newscats/church/2311.htm
13Նույն տեղում։
14Նույն տեղում։
15Տեղեկագիր Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական կիրակնօրեայ վարժարաններու. 1947 հոկտեմբեր – 1948 ապրիլ, Կ. Պ. Ատանալեան, Յուշարձան հայ աւետարանականաց եւ աւետարանական եկեղեցւոյ, Ֆրեզնո, 1952, էջ 358-359։
16Աւետարանական Եկեղեցին Կը Գործէ Ցայսօր՝ Հակառակ Համայնքի Նօսրացման http://armaveni.com/newscats/church/2311.htm
17Арман Акопян, նշվ. աշխ.։
18Տե՛ս http://www.uaecne.org/index.php?option=com_content&view=category&layout=blog&id=18&Itemid=20
19Women’s Ministries at the E.L.C.J.H.L. http://www.elcjhl.org/cong/women/
20Տե՛ս, օրինակ, Small but significant: Armenian Evangelical Church in Alexandria http://www.azad-hye.net/news/viewnews.asp?newsId=572fdd92
21Տե՛ս, օրինակ, նույն տեղում։
22Րաֆֆի, Ի՞նչ վերանորոգություններ պետք են Տաճկական Հայաստանին, http://www.eanc.net/EANC/library/Fiction%5COriginal%5CRaffi%5CEssays_9.htm?page=19&interface_language=am
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ[18.12.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[03.12.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[06.11.2018]
- ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ[26.10.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[25.09.2018]
- ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ[12.09.2018]
- ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ[03.08.2018]
- ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[16.07.2018]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ[19.06.2018]
- ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[06.06.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ[27.04.2018]