• am
  • ru
  • en
Версия для печати
27.12.2010

«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է»

Руский

   

Այսօր Թուրքիայում տեղի ունեցող տարատեսակ գործընթացների մեջ իրենց ուրույն եւ կարեւոր տեղն են զբաղեցնում էթնիկ ինքնության խնդիրների շուրջ զարգացումները: Հենց այս հարցի համատեքստում է պետք դիտարկել վերջին տարիներին Թուրքիայում սկիզբ առած կրոնադարձության (քրիստոնեություն վերընդունելու), այդպիսով նաեւ ազգային ակունքներին վերադարձի երեւույթը: Տարատեսակ տվյալները փաստում են, որ կրոնադարձության գործընթացը հատկապես տարածված է բռնի իսլամացված եւ ծպտյալ հայերի շրջանում: Տարբեր աղբյուրներում ի հայտ եկող նորանոր փաստերը վկայում են, որ գործընթացն ունի ոչ թե մարելու, այլ աճելու միտում:

Վերջերս թուրքական աղբյուրները բավական ակտիվ անդրադառնում են այս թեմային եւ հետաքրքիր փաստեր ներկայացնում: Թուրքական հեղինակավոր «Ռադիկալ» օրաթերթում վերջերս (20.11.2010) տպագրվել էր ուշագրավ մի հոդված, որտեղ հեղինակը` Մինե Թուդուքը, թարմ տվյալներ է ներկայացնում Թուրքիայում բռնի կրոնափոխված հայերի շրջանում արձանագրվող կրոնադարձության դեպքերի մասին: Ստորեւ թուրքերենից թարգմանաբար եւ որոշ կրճատումներով ներկայացնում ենք հիշյալ հոդվածը:

Ռ. Մ.

Վերջին տարիներին զգալի աճել է այն մարդկանց թիվը, ովքեր իմանալով իրենց հայկական ծագման մասին` փոխում են ինքնությունը: Յուսուֆ Յըլմազ (37 տարեկան, ոսկերիչ). «Մենք ծագումով Ադըյամանից ենք, սակայն մանկությանս տարիներն անցել են Այնթափում: Բոլորը մեզ գիտեին որպես քուրդ մուսուլմաններ: Հայրս ու մայրս կրոնասեր մուսուլմաններ էին: Հայրս պաշտոնյա էր, որն օրը հինգ անգամ նամազ էր անում, իսկ մայրս յոթ երեխաների խնամքով զբաղվող տանտիկին էր, որը պարտադիր պաս էր պահում: Քրդերեն էինք խոսում, սակայն թուրքերեն էլ գիտեինք: Ամառները, երբ գնում էինք Ադըյաման, թաղամասի երեխաների հետ խաղալիս, եթե հանկարծ վեճ էր ծագում, մեզ ասում էին. «Կորիր այստեղից, գյավուր, դու հայ ես»: Սկզբում չէի հասկանում: Տասներկու տարեկանում մի օր մորս հարցրի, նա էլ պատմեց, որ իրականում քրիստոնյա ենք եղել, սակայն հետո ընդունել ենք իսլամ: Ասաց նաեւ, որ մենք ծագումով հայ ենք: Երբ սա իմացա, սկսեցի հոնգուր-հոնգուր լաց լինել, որովհետեւ մեզ դպրոցում սովորեցրել էին, որ հայերը դավաճան են: Ինչպե՞ս կլինի, որ ես էլ հայ լինեմ:

Ես տարիներ շարունակ, երկակի ինքնությանս պատճառով, հոգեբանական տատանման մեջ էի: Տեղափոխվեցի Ստամբուլ, փորձեցի հասկանալ Ավետարանը, սկսեցի հաճախել Յենիքափը թաղամասում գտնվող հայկական եկեղեցի: Տասնինը տարեկանում որոշեցի մկրտվել որպես քրիստոնյա, եւ այդ պատճառով հայրս ու քեռիներս որոշ ժամանակ ինձ հետ չէին խոսում: Արդեն տասնյոթ տարի է` ապրում եմ որպես քրիստոնյա: Իսլամում մի խոսք կա. «Իր ծագումը մերժողը ստոր արարած է»: Իր ակունքներին վերադարձի մասին այսպես է պատմում Յուսուֆ Յըլմազը, սակայն նա միակ օրինակը չէ:

«Ռադիկալ»-ին բարձրաստիճան մի աղբյուր հայտնում է, որ վերջին 3-4 տարվա ընթացքում հատկապես Ստամբուլում նկատելի թվական աճ է արձանագրվել այն հայերի շրջանում, որոնք դիմելով պատրիարքությանը եւ եկեղեցիներին` վերադառնում են իրենց կրոնին ու արմատներին: Աղբյուրի հավաստմամբ` այդպիսի մարդկանց թիվն ամեն տարի ավելանում է «հարյուրներով», եւ հավելվում է. «Նախ ուսումնասիրվում է դիմողի հայկական ծագման հարցը, որի համար մի քանի ճանապարհ կա: Օրինակ` բնակչության գրանցամատյանները, պատրիարքության փաստաթղթային տվյալները եւ տեղական բանավոր վկայությունները: Հատկապես ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ նմանատիպ մարդիկ ավելի շատ Արեւելյան Անատոլիայի տարածքից են»:

Չնայած հայկական տաբուն սկսել է ճեղքվել, սակայն թուրքական եւ մուսուլմանական արտաքին ինքնություն ունեցող հայերի համար իրենց իրական ինքնությունը բացահայտելը դեռեւս դժվար է: Այս մասին փոխանցում է վերոնշյալ աղբյուրը եւ պատմում մի անձի ողբերգություն, որը ցանկացել է կրոնադարձ լինել. «Ստամբուլում բնակվող 30-ամյա մի փաստաբան ցանկանում էր կրոնը փոխել: Նա բավական հայտնի ընտանիքի զավակ էր, որը գաղթել էր Կենտրոնական Անատոլիայից, որտեղ ունեցել են ընդարձակ հողատարածքներ, այգիներ: 1915-ի հայերի աքսորի ժամանակ` չնայած այն տարիներին եղած խիստ արգելքներին, կարողացել են կաշառք տալ եւ փախչել Ստամբուլ: Փաստաբանը մոտավորապես հինգ տարի առաջ պատահաբար իմանում է, որ իրենք հայ են: Նրա ընտանիքն ակտիվորեն ընդգրկված է եղել ծայրահեղ աջ քաղաքական կուսակցություններում, իսկ իրենք էլ դաստիարակվել են որպես թուրք ազգայնականներ: Երբ իմացել է, որ իրենք իրականում հայ են, «գլուխը կորցրել է», որովհետեւ փոքրուց հայերին ընկալել է որպես թշնամի եւ օտար: Մայրն ու հայրն ասել են նրան. «Մենք ստիպված էինք այդպես անել, քո բարօրության համար ենք արել»: Ամբողջ հինգ տարի իր հոգում ներքին պատերազմի մեջ է եղել: Ի վերջո որոշել է կրոնը փոխել, սակայն այս անգամ էլ նրա ընտանիքը դեմ է եղել` ասելով. «Մեզ վնաս կտաս»: «Մնացի երկու քարի արանքում, ես այլեւս ինձ վստահ չեմ զգում ո՛չ մուսուլմանական ինքնությանս մեջ եւ ո՛չ էլ հայկական»,–ասում էր նա:

Ստամբուլի Գեդիքփաշա թաղամասի հայկական ավետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդ Գրիգոր Աղաբալօղլուն եւս հաստատում է կրոնափոխ հայերի` իրենց արմատներին վերադառնալու փաստը: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հատկապես վերջին հինգ տարում այս հարցում աճ է նկատվել: Նա ասում է. «Անատոլիայում իր արմատները կորցրած մոտավորապես մեկ միլիոն հայ կա: Այդ մարդիկ մեզ մոտ են գալիս Անատոլիայի տարբեր քաղաքներից, գյուղաքաղաքներից, գյուղերից: Տարիներ շարունակ որպես մուսուլման ապրած, սակայն իրականում հայ քրիստոնյա եղած այս մարդիկ գալիս են մեզ մոտ խորհրդակցելու: Իրենց արմատներին վերադառնալու համար դիմում են եկեղեցիներին, հոգեւորականներին: Անատոլիայում ապրողների համար այս ամենն ավելի բարդ է, քանի որ իրենց բնակության վայրը փոքր է, կան թաղամասային ճնշման եւ իրենց ազգականների կողմից մեկուսացվելու վտանգներ: Այդ պատճառով գավառներում շատերը կան, որ հրաժարվում են նման քայլի դիմել»:

Ստամբուլի Քանդիլի թաղամասի հայկական Տասներկու Առաքյալներ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Գեւորգյանն ասում է. «Մարդն իր արմատներից հեշտությամբ չի կարողանում պոկվել: Այսօր շատ ծպտյալ հայեր կան, որոնց մայրերը, տատերը ժամանակի քաղաքական պայմանների պատճառով ստիպված են եղել իրենց կրոնն ու ինքնությունը փոխել:

Մերալ Թ. (45 տարեկան, տնային տնտեսուհի). «Հայրս իրենց տանը հայկական մշակույթով է դաստիարակվել, սակայն ե՛ւ պապս, ե՛ւ հայրս ու հորեղբայրներս դրսում ապրում էին որպես մուսուլման: Տասնհինգ տարեկանում մայրս ինձ պատմեց, որ հայ ենք, շատ զարմացա: Հայրս ասաց, որ աքսորից հետո ստիպված են եղել իսլամ ընդունել: Քսանութ տարեկանում ես ամուսնացա մի ստամբուլահայի հետ եւ որոշեցի վերադառնալ իմ արմատներին ու մկրտվեցի»:

Սելահաթթին Գյուլթեքին (45 տարեկան). «Դերսիմցի մի հայ ընտանիքից եմ եւ դաստիարակվել եմ ալեւիական մշակույթով: Մեր շրջապատում բոլորը գիտեին, որ հայ ենք: Մեր ընտանիքից ոմանք Ստամբուլ, Ֆրանսիա գաղթելուց հետո վերադարձել էին իրենց ակունքներին, կնքվել որպես քրիստոնյաներ: Ժամանակի ընթացքում հասարակության մեջ սկսեցին տաբուները կոտրվել, եւ այդ վիճակն ինձ էլ հուշեց, որ «արդեն ժամանակը եկել է»: Վեց ամիս առաջ կնքվեցի եւ անունս փոխեցի` դառնալով Միհրան Փրկիչ: Ես ամուսնացած եմ եւ երկու երեխա ունեմ, որոնք սովորում են համալսարանում: Նրանք էլ իրենք թող որոշեն, թե երբ է գալու իրենց ժամանակը»:

Թուրքերենից թարգմանեց
Ռուբեն Մելքոնյանը

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր