• am
  • ru
  • en
Версия для печати
02.11.2006

Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներգրավվածության հեռանկարը

Руский

   

Սարգիս Հարությունյան, Կարեն Վերանյան

2006թ. սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի (ՆԱՏՕ-ի պաշտպանական/ռազմական վիճակագրությունը տե՛ս Հավելված 1-ում) 26 անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ որոշվեց կազմակերպության Partnership for Peace (PfP) (տե՛ս Հավելված 2) ծրագրի շրջանակներում Վրաստանի հետ սկսել Intensified Dialogue (ID) փուլը։ Թեև պաշտոնական Թբիլիսիում այդ որոշմանը սպասում էին դեռևս հուլիս-օգոստոս ամիսներին, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքի նման քայլն, իրականում, կարող է շրջադարձային լինել հարավկովկասյան տարածաշրջանի համար։

ՆԱՏՕ-Հարավային Կովկաս. նոր միտումներ

Մեծ է հավանականությունը, որ առաջիկա 10-15 տարիներին Կասպիցը դառնա լուրջ հակասությունների, անգամ հակամարտության թատերաբեմ։ Մերձկասպյան հինգ երկրների միջև առկա սահմանային հարցերն ու ռազմականացումը, էներգետիկ հարուստ պաշարները և աշխարհաքաղաքական մրցակցությունն այն բոլոր անհրաժեշտ նախապայմաններն են, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը։ Նաև էներգետիկ անվտանգության խնդիրներից ելնելով՝ Արևմուտքի համար առաջնային նշանակություն է ստանում Կասպիցում սեփական ռազմական ներկայության հաստատման հարցը։

Հաշվի առնելով ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության նոր փուլի ծավալումը՝ Միացյալ Նահանգների համար նոր իմաստ է ստացել ՌԴ հարևան հետխորհրդային պետություններում սեփական ազդեցության ընդլայնումը։ Որպես նոր պահանջներին համապատասխանող լուծում՝ դիտարկվում է եվրաատլանտյան համակարգերի հետ այդ երկրների ավելի սերտ ինտեգրումը։

Ներկայացված գործոններին զուգահեռ՝ առանցքային նշանակություն է ստանում այդ բոլոր նախաձեռնություններում ՆԱՏՕ-ի դերակատարության աճի հավանականությունը։ Ամերիկյան անհաջողությունները Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում լրացուցիչ ազդակներ են, որպեսզի ռազմավարական խնդիրներում Վաշինգտոնն ավելի մեծ տեղ հատկացնի եվրաատլանտյան համագործակցության գծով իր դաշնակիցներին։ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ընդլայնումն ու նոր իրավունքների ստանձնումը (օրինակ, աֆղանական հարցերի առնչությամբ Պակիստանի հետ լրացուցիչ պայմանավորվածությունների ձեռքբերումը1), ինչպես նաև Լիբանանում նույն ՆԱՏՕ-ի գծով առանցքային երկրներ համարվող Գերմանիայի ու Իտալիայի ռազմական ներկայության հաստատումը, ինչը Երկրորդ աշխարհամարտից հետո Հյուսիսատլանտյան դաշինքի ձևաչափից դուրս աննախադեպ է այդ երկու երկրների համար, կարծես թե վկայում են այդ մասին։

Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում ընթացող գործընթացները նույնպես վերոհիշյալ տրամաբանության մաս են կազմում։ Ամենից ակնհայտը Վրաստանի շուրջ ընթացող զարգացումներն են։ Ռուսաստանին, թերևս, հաջողվեց սեպտեմբերի վերջից ծավալվող ռուս-վրացական հակամարտութան միջոցով Թբիլիսիի նկատմամբ գործադրված աննախադեպ ճնշման արդյունքում կանխել նոյեմբերի 28-29-ը Ռիգայում կայանալիք ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովում Վրաստանի վերաբերյալ որոշման կայացումը։

Հատկանշական է, որ անգամ ռուս-վրացական վերջին դիմակայության օրերին ԱՄՆ Սենատն ընդունեց մի օրինագիծ, որով, Ալբանիայից, Մակեդոնիայից ու Խորվաթիայից բացի, իր աջակցությունն է հայտնում ՆԱՏՕ-ին անդամակցել ձգտող Վրաստանին2։ Ուշագրավ է, որ այդ օրինագծով նախատեսված մոտ $20 մլն օգնության (որը պետք է աջակցի այդ չորս երկրներին) գրեթե կեսը բաժին է հասնելու Վրաստանին։ Հոկտեմբերի 3-ին, փաստորեն, նույն բովանդակությամբ մի բանաձև էլ ընդունեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը, որով ընդգծվում է, որ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը պետք է սատարվի։

Պակաս ակտիվ չեն Ադրբեջանի ուղղությամբ ընթացող զարգացումները։ Սեպտեմբերի սկզբից Ադրբեջանում էին ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի օգնական Ջիմ ՄըքԴուգալը, ՆԱՏՕ-ի Միջազգային ռազմական սպայակույտի Համագործակցության ու տարածաշրջանային անվտանգության վարչության պետ Դենիս Քութուլուքը, Եվրոպայում ամերիկյան զորքերի փոխհրամանատար Ուիլյամ Ուորդը, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիեռ Լելուշը, իսկ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը նույն ժամանակահատվածում Բաքվում էր երկու անգամ։

Ներկայացվածի տրամաբանական արդյունք պետք է համարել նոյեմբերի 8-ին նախատեսված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցելությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան՝ Բրյուսել։ Արդեն իսկ գործող «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի և դեկտեմբերին գործարկվող «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազամուղի ֆոնին պետք է ենթադրել, որ Բրյուսել Ալիև-կրտսերի նախատեսված այցելության փաստը կարող է առաջին հերթին նշանակել ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցության նոր մակարդակի հիմնում։ Չպետք է բացառել, որ որպես այդ համագործակցության նվազագույն աստիճան դիտարկվի 2007թ. ադրբեջանական զինված ուժերում մեկնարկող ամերիկյան ռազմական գերատեսչության նոր ծրագիրը, որը, Վրաստանում իրականացրած «Վարժեցրու և զինիր» ծրագրի օրինակով, Ադրբեջանի զինված ուժերում պետք է ստեղծի ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան հատուկ նշանակության զորախմբեր։

Նոր միտումներն առկա են նաև Հայաստանի պարագայում։ Հատուկ ուշադրության է արժանի հոկտեմբերի 12-ին Երևանում Ռոբերտ Սիմոնսի արած հայտարարությունը, թե դաշինքն ուշադիր հետևելու է 2007թ. Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այդ հանգամանքը պետք է ընկալել որպես Հայաստանի քաղաքականության վրա ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնմանն ուղղված քայլ։

Հետևություններ

Թեև Հյուսիսատլանտյան դաշինքի հետագա ծավալման հիմքում առաջին հերթին ընկած է Վաշինգտոնի քաղաքականությունը, սակայն կան նաև այլ գործոններ, որոնք նպաստում են Հյուսիսատլանտյան դաշինքի էքսպանսիային.

  • Եվրամիության ինստիտուցիոնալ զարգացման անհաջողությունն առաջին հերթին անդրադարձավ նրա միասնական պաշտպանական ու արտաքին քաղաքականության համակարգի կայացման վրա, որն էլ հանգեցրեց «հին Եվրոպայի» երկրների կողմից ՆԱՏՕ-ի վերարժևորմանը,
  • Եվրամիության և ՆԱՏՕ-ի նոր՝ արևելաեվրոպական երկրների անվտանգության հայեցակարգերի համաձայն, դաշինքի հետագա շարժը դեպի Արևելք միայն նպաստելու է սեփական անվտանգության ամրապնդմանը, որից ելնելով էլ արևելաեվրոպական երկրները զգալի աջակցություն են ցույց տալիս ամերիկյան դիվանագիտությանը ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում,
  • էներգետիկ անվտանգության խնդիրների պատճառով ՆԱՏՕ-ն նոր իմաստ է ստացել եվրոպական երկրների համար. փաստորեն, Հյուսիսատլանտյան դաշինքը միակ մեխանիզմն է, որի օգնությամբ եվրոպական երկրները ներկայում կարող են համախումբ կերպով իրենց ռազմաքաղաքական ազդեցությունը հաստատել էներգետիկ պաշարներով լի տարածաշրջաններում և էներգետիկ հոսքերն ապահովող «միջանցքներում»,
  • ընդհանուր առմամբ, այդ ամենը հանգեցրեց ՆԱՏՕ-ի նշանակության աճին միջազգային քաղաքականության մեջ, թեև Եվրամիությունում ծավալված զարգացումների հետևանքով 1990-ական թթ. երկրորդ կեսին կազմակերպությունը մոտ էր համակարգային ճգնաժամին։

Մյուս կողմից՝ ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնումը Արևելյան Եվրոպայում (օրինակ, հակահրթիռային պաշտպանության գծով պայմանավորվածությունների կայացումը Լեհաստանի հետ) կոչված է նաև նպաստելու ՆԱՏՕ-ի ամրապնդմանը։

Մեծ է հավանականությունը, որ ՆԱՏՕ-ի Ռիգայի գագաթաժողովից հետո, երբ Խորվաթիայի, Մակեդոնիայի ու Ալբանիայի առնչությամբ, ըստ ամենայնի, կայացվեն համապատասխան որոշումներ, Սև ծով-Հարավային Կովկաս-Կասպից-Կենտրոնական Ասիա ուղղությունը Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմավարությունում ձեռք բերի առաջնային նշանակություն։

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներկա տրամաբանության պահպանման դեպքում առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասում աճելու է։

Հայաստանի անվտանգության տեսանկյունից պետք է առանձնացնել այն հեռանկարը, որ ՆԱՏՕ-ի ներգրավվածության հետագա աճը տարածաշրջանում կարող է ի վերջո հանգեցնել ղարաբաղյան զարգացումներում այդ կազմակերպության ազդեցության հաստատմանը։

1 Արևմտյան զանգվածային լրատվամիջոցները հատուկ ուշադրություն դարձրին հոկտեմբերի 10-ին Իսլամաբադում կայացած Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, բրիտանական գեներալ Դևիդ Ռիչարդսի և Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆի հանդիպմանը։

2 Նշենք, որ նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանն էր, փաստորեն, վերաբերում մոտ չորս ամիս առաջ՝ հունիսի 9-ին, նույն ԱՄՆ Սենատի կողմից ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևը։ Համաձայն այդ բանաձևի, ԱՄՆ նախագահ Բուշ-կրտսերը Միացյալ Նահանգների Կոնգրեսին պետք է ներկայացնի «Էներգիայի պաշտպանված, կայուն և վստահելի աղբյուրների ապահովման վերաբերյալ ՆԱՏՕ ռազմավարության մասին» մանրամասն զեկույց` «ներառյալ չնախատեսված իրավիճակներին առնչվող ծրագրերի մասին, եթե էներգիայի ներկայիս աղբյուրները վտանգի ենթարկվեն»:


Հավելված 1

ՆԱՏՕ-ի պաշտպանական/ռազմական վիճակագրությունը

Ստորև ներկայացված է Հյուսիատլանտյան դաշինքի պաշտպանական/ռազմական ծախսերի ընդհանուր վիճակագրական վերլուծությունը՝ ըստ անդամ երկրների։ Ներկայացված է նաև կազմակերպության պաշտպանական ծախսերի բաշխումն ըստ հիմնական ուղղությունների, ինչպես նաև տվյալներ ՆԱՏՕ-ի զինված ուժերի ընդհանուր թվաքանակի և դրա փոփոխության միտումների մասին։ Վերլուծությունն իրականացվել է գերազանցապես ՆԱՏՕ-ի վիճակագրական ու փաստագրական պաշտոնական տեղեկությունների հիման վրա։

Պաշտպանական ծախսեր

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանական ընդհանուր ծախսերը 2000-2005թթ. ընկած ժամանակահատվածում և, մասնավորապես, 2001 թվականից սկսած՝ զգալի աճ են արձանագրել։ Այս հանգամանքը նախ և առաջ պետք է պայմանավորել 21-րդ դարում ռազմաքաղաքական հարթությունում ի հայտ եկած նոր մարտահրավերներով ու սպառնալիքներով (ահաբեկչություն, միջուկային հնարավոր բախումներ և այլն), ինչպես նաև հետևանք էր 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձությունների։

ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը 2000-2005թթ., $մլրդ

Անդամ պետություն* 2000 2001 2002 2003 2004 2005
ԱՄՆ 301.6 312.7 356.7 415.2 464.6 472.2
Մեծ Բրիտանիա 35.6 35.2 37.7 43.1 49.5 52.7
Ֆրանսիա 33.8 33.2 36.4 45.9 53 54.8
Գերմանիա 28.1 27.4 29.3 35 38 39.2
Իտալիա 22.4 22 24.3 30.2 34.1 32.3
Թուրքիա 9.9 7.2 8 9 9.3 11.6
Կանադա 8.2 8.5 8.5 10 11.4 12.5
Իսպանիա 7 7.1 8.9 10.8 12.6 13.6
Նիդեռլանդներ 5.9 6.2 6.7 8.3 9.6 10.2
Հունաստան 5.5 5.3 4.5 4.8 5.9 7
Բելգիա 3.1 3 3.1 3.8 4.4 4.7
Լեհաստան 3 3.5 3.5 3.9 4.6 5.6
Նորվեգիա 2.9 2.9 4 4.5 4.8 4.9
Դանիա 2.3 2.5 2.6 3.2 3.5 3.6
Պորտուգալիա 2.2 2.3 1.9 2.3 2.8 3
Չեխիա 1.1 1.1 1.4 1.8 2 2.3
Հունգարիա 0.8 0.9 1 1.4 1.5 1.5
Լյուքսեմբուրգ 0.1 0.1 0.1 0.2 0.2 0.2
Ռումինիա // // // // 1.5 1.9
Լատվիա // // // // 0.2 0.2
Լիտվա // // // // 0.3 0.3
Էստոնիա // // // // 0.2 0.2
Սլովակիա // // // // 0.7 0.8
Սլովենիա // // // // 0.5 0.6
Բուլղարիա // // // // 0.5 0.6
Ընդամենը 473.5 481.1 538.6 633.5 715.5 736.5

// տվյալներ չկան
* Իսլանդիան չունի զինված ուժեր, ՆԱՏՕ-ի կազմում էական ռազմական հատկացումներ չի կատարում։

Պաշտպանական ծախսերի բաշխումն ըստ ուղղությունների

ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի բաշխման հարցում* էապես կարևորվում են սպառազինությանը հատկացվող ֆինանսները և դրանց բաշխումը։ 2005թ. ընդհանուր ռազմական ծախսերի մեջ սպառազինության ոլորտին (սպառազինության ձեռքբերում, վերանորոգում, ռազմական արդյունաբերություն և այլն) կազմակերպության անդամ պետությունների շարքում առավել խոշոր միջոցներ է տրամադրել Թուրքիան։ Վերջինս ռազմատեխնիկային է հատկացրել իր պաշտպանական ծախսերի 36.9%-ը։ Թուրքիան այդ ցուցանիշով ՆԱՏՕ-ի շրջանակներում առաջատար տեղ է զբաղեցրել 2001-2005թթ. ողջ ընթացքում։

ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերն ըստ ուղղությունների 2005թ.

Անդամ պետություն Պաշտպանական ծախսերն ըստ ուղղությունների (%), այդ թվում՝
Զորակազմ Սպառազինություն Ենթակառուցվածք Այլ ծախսեր
ԱՄՆ 33.2 25.7 1.3 39.8
Ֆրանսիա 58.1 21.3 4.7 15.9
Գերմանիա 59.3 15.1 4 21.6
Մեծ Բրիտանիա 39.1 24.5 2.6 33.9
Իտալիա 78.7 10.7 0.8 9.8
Իսպանիա 54.3 20.7 3.7 21.3
Կանադա 45.8 14.2 3.8 36.3
Թուրքիա 47.8 36.9 2.2 13
Նիդեռլանդներ 49.6 17.5 3.4 29.5
Նորվեգիա 41.7 22.5 5.3 30.5
Հունաստան 76.2 8 1.3 14.4
Լեհաստան 58.5 15.7 4.1 21.7
Բելգիա 75.1 6.4 2.5 16
Չեխիա 49.7 11.6 9.8 28.9
Պորտուգալիա 73.5 11.4 1.4 13.6
Դանիա 52.2 18 2.4 27.4
Հունգարիա 53.3 8.9 2.9 35
Լյուքսեմբուրգ 72.2 14.6 1.5 11.7
Ռումինիա 54.6 21.3 1.9 22.2
Լատվիա 48.8 7.6 11.5 32.2
Լիտվա 57.4 14.9 3.7 24
Էստոնիա 31 13.3 15.3 40.4
Սլովակիա 49.1 11.2 5.2 34.5
Սլովենիա 57.8 17.1 2.6 22.6
Բուլղարիա 54.7 13.4 0.1 31.8
Ընդամենը - - - -

* ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի բաշխումն ըստ ուղղությունների տե՛ս Աղյուսակ 1-ում։

Զինված ուժեր

2000-2005թթ. ՆԱՏՕ զինված ուժերի ընդհանուր թվաքանակը նվազման միտում է ունեցել։ Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական վիճակագրության համաձայն, 2000-2005թթ. ընթացքում կազմակերպության շրջանակներում գործող զինված ուժերի ընդհանուր թվաքանակում գերակշիռ մասը բաժին է ընկել ամերիկյան զինծառայողներին։

ՆԱՏՕ-ի զորակազմը 2000-2005թթ., հազ.

Անդամ պետություն 2000 2001 2002 2003 2004 2005
ԱՄՆ 1483 1487 1506 1422 1378 1371
Թուրքիա 793 803 816 534 502 499
Ֆրանսիա 394 366 355 356 357 357
Իտալիա 381 374 362 325 315 317
Գերմանիա 319 306 295 271 255 254
Մեծ Բրիտանիա 218 215 214 206 202 202
Հունաստան 205 202 208 139 133 135
Լեհաստան 191 178 159 150 150 150
Իսպանիա 144 151 135 130 124 124
Պորտուգալիա 68 68 69 42 45 47
Կանադա 59 59 61 62 62 62
Նիդեռլանդներ 52 51 53 53 51 50
Հունգարիա 50 49 44 36 30 24
Չեխիա 52 49 40 26 25 26
Բելգիա 42 41 42 41 41 38
Նորվեգիա 32 31 22 21 23 23
Դանիա 24 22 22 20 20 20
Լյուքսեմբուրգ 1.4 1.4 1.4 1.6 1.6 1.6
Ռումինիա // // // // 91 79
Լատվիա // // // // 7 6
Լիտվա // // // // 12 12
Էստոնիա // // // // 3 3
Սլովակիա // // // // 18 19
Սլովենիա // // // // 6 7
Բուլղարիա // // // // 42 42
Ընդամենը 4508 4453 4404.4 3835.6 3893.6 3868

// տվյալներ չկան

Ուշագրավ է, որ 2000-2005թթ. կազմակերպության զինված ուժերի ընդհանուր թվաքանակում Միացյալ Նահանգներին հաջորդել է Թուրքիան, թեև վերջինիս ցուցանիշը մասնավորապես 2001-2005թթ. ընկած ժամանակահատվածում կայուն նվազման միտում է արձանագրել։ 2003-2005թթ. ընթացքում ՆԱՏՕ-ի զինված ուժերում թվաքանակով երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ֆրանսիան։

ՆԱՏՕ-ի զինված ուժերում ազգային զինծառայողների քանակով 2000-2005թթ. ընկած ժամանակաշրջանում հաջորդաբար բարձր են եղել նաև Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Հունաստանի ու Լեհաստանի ցուցանիշները։

Նկատառումներ

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական ոլորտում իրականացվող ծախսերից զատ, գործում են նաև բուն կազմակերպության քաղաքացիական ու ռազմական բյուջեները, որոնք համալրվում են գերազանցապես կազմակերպության անդամ պետությունների, համապատասխանաբար, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունների կողմից։

Քաղաքացիական ու ռազմական բյուջեները հիմնականում նախատեսված են կազմակերպության գործառնության և շինարարական տարբեր աշխատանքների, ինչպես նաև միջազգային ռազմական ինստիտուտների շրջանակներում ոչ խոշոր ծավալներով ֆինանսական ներդրումների ու ռազմական տարբեր միջոցառումների իրականացման համար։

ՆԱՏՕ-ի քաղաքացիական և ռազմական բյուջեները, ըստ էության, սպասարկում են կազմակերպության ռազմական/քաղաքացիական ոլորտի տեխնիկական ծախսերը և սահմանափակվում են համեմատաբար նեղ ֆինանսական միջոցներով։ Այսպես, 2000թ. ՆԱՏՕ քաղաքացիական ընդհանուր բյուջեն կազմում էր ընդամենը $133 մլն։ Նույն թվականին կազմակերպության ռազմական բյուջեն կազմում էր շուրջ $751.5 մլն, որի 43%-ը բաժին էր ընկնում ռազմական գործողությունների (նաև խաղաղապահ առաքելության) և դրանց նյութատեխնիկական ապահովության խնդիրներին։

ՆԱՏՕ-ի քաղաքացիական և ռազմական բյուջեներից բացի, գործում է նաև «Անվտանգության ապահովման ներդրումներ» ծրագիրը, որի ֆինանսները նախատեսված են կազմակերպության գլխավոր հրամանատարության ինստիտուտների ու սպայակույտերի անվտանգության ապահովման համար (այդ թվում՝ օդանավակայաններ, նավահանգիստներ, ապաստարաններ և այլք)։ Այս ծրագրի ֆինանսական միջոցները 2000թ. կազմում էին $690 մլն։

Ընդհանուր առմամբ, նշենք, որ վերոնշյալ ֆինանսական միջոցները (քաղաքացիական և ռազմական բյուջեներ, «Անվտանգության ապահովման ներդրումներ» ծրագիր և այլ նախաձեռնություններ/կամ ծրագրեր) կազմում են ՆԱՏՕ-ի պաշտպանական ընդհանուր ծախսերի ոչ ավելի, քան 1.5-2%-ը։

Հավելված 2

ՆԱՏՕ-ի Partnership for Peace (PfP. Համագործակցություն հանուն խաղաղության) ծրագիրը հիմնվել է 1994թ.։ Ներկայում այդ ծրագրի մեջ ներգրավված է 20 երկիր։ Վրաստանը PfP-ում ներգրավվել է 1994թ. մարտի 23-ին, Ադրբեջանը՝ 1994թ. մայիսի 4-ին, իսկ Հայաստանը՝ 1994թ. հոկտեմբերի 5-ին։ PfP շրջանակներում գործընկեր երկրների հետ իրականացվում են երեք կարգի, փաստորեն, ենթածրագրեր, որոնց ավարտից հետո տվյալ երկիրը կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։

  • Individual Partnership Action Plan (IPAP. Անհատական գործընկերության գործողության ծրագիր), ստեղծվել է 2002թ. նոյեմբերին Պրահայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքում, տևողությունը՝ սովորաբար 2 տարի։ 2004թ. հոկտեմբերի 29-ին Վրաստանը դարձավ առաջին երկիրը, որը ներգրավվեց IPAP-ում, Ադրբեջանը՝ 2005թ. մայիսի 27-ին, Հայաստանը՝ 2005թ. դեկտեմբերի 16-ին, Ղազախստանը՝ 2006թ. հունվարի 31-ին և Մոլդովան՝ 2006թ. մայիսի 19-ին։
  • Intensified Dialogue (ID. Խորացված երկխոսություն), ստեղծվել է 1997թ. հուլիսին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքում, տևողությունը՝ սովորաբար 2 տարի։ 2005թ. ապրիլի 21-ին Ուկրաինան հրավիրվեց դաշինքի հետ մտնելու «Խորացված երկխոսության»։ 2006թ. սեպտեմբերի 21-ին նույն հրավերը ստացավ Վրաստանը։
  • Membership Action Plan (MAP. Անդամակցության գործողության ծրագիր), ստեղծվել է 1999թ. ապրիլին Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքում, տևողությունը՝ սովորաբար 5 տարի, չնայած համապատասխան քաղաքական որոշման դեպքում ժամկետը կարող է կրճատվել։ Ներկայում MAP-ում ներգրավված են Ալբանիան, Խորվաթիան ու Մակեդոնիան։

Աղյուսակ 1

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանական/ռազմական վիճակագրությունը 2005թ.

Անդամ պետություն* Պաշտպանական ծախսեր, $մլրդ Պաշտպանական ծախսերն ըստ ոլորտների (%), այդ թվում՝ Զինված ուժեր, հազ.
Զինված ուժեր Սպառա-
զինություն
Ենթա-
կառուցվածք
Այլ ծախսեր
ԱՄՆ 472.2 33.2 25.7 1.3 39.8 1371
Ֆրանսիա 54.8 58.1 21.3 4.7 15.9 357
Մեծ Բրիտանիա 52.7 59.3 15.1 4 21.6 254
Գերմանիա 39.2 39.1 24.5 2.6 33.9 202
Իտալիա 32.3 78.7 10.7 0.8 9.8 317
Իսպանիա 13.6 54.3 20.7 3.7 21.3 124
Կանադա 12.5 45.8 14.2 3.8 36.3 62
Թուրքիա 11.6 47.8 36.9 2.2 13 499
Նիդեռլանդներ 10.2 49.6 17.5 3.4 29.5 50
Հունաստան 7 41.7 22.5 5.3 30.5 23
Լեհաստան 5.6 76.2 8 1.3 14.4 135
Նորվեգիա 4.9 58.5 15.7 4.1 21.7 150
Բելգիա 4.7 75.1 6.4 2.5 16 38
Դանիա 3.6 49.7 11.6 9.8 28.9 26
Պորտուգալիա 3 73.5 11.4 1.4 13.6 47
Չեխիա 2.3 52.2 18 2.4 27.4 20
Ռումինիա 1.9 53.3 8.9 2.9 35 24
Հունգարիա 1.5 72.2 14.6 1.5 11.7 1.6
Սլովակիա 0.8 54.6 21.3 1.9 22.2 79
Սլովենիա 0.6 48.8 7.6 11.5 32.2 6
Բուլղարիա 0.6 57.4 14.9 3.7 24 12
Լիտվա 0.3 31 13.3 15.3 40.4 3
Լյուքսեմբուրգ 0.2 49.1 11.2 5.2 34.5 19
Լատվիա 0.2 57.8 17.1 2.6 22.6 7
Էստոնիա 0.2 54.7 13.4 0.1 31.8 42
Ընդամենը 736.5 - - - - 3868

* Իսլանդիան չունի զինված ուժեր, ՆԱՏՕ-ի կազմում էական ռազմական հատկացումներ չի կատարում։


դեպի ետ