ՎՐԱՍՏԱՆ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ Է
Կովկասյան լրատու # 571
20-ը դեկտեմբերի, 2010
Վրաստանի օրենսդրությունը երաշխավորում է հանրային տեղեկատվության հասանելիությունը բոլորին, սակայն լրագրողները, իրավաբաններն ու շարքային քաղաքացիները պնդում են, որ փաստաթղթերի դիմաց կատարվող խոշոր պետական գանձումներն իրենց թույլ չեն տալիս օգտվել օրենսդրության տրամադրած արտոնություններից:
Շրջանային թերթերից մեկը` «Guria News»-ը, այն լրատվամիջոցների շարքում է, որոնք մեծ դժվարությամբ են խոշոր գումարներ վճարում իրենց իրավունքներից օգտվելու համար:
Վրաստանի շրջանային լրատվամիջոցների միության նախագահ եւ «Guria News» թերթի խմբագիր Իա Մամալաձեն նշում է, որ ներկայում ի վիճակի չէ նշանակալի ուսումնասիրություն իրականացնել Վրաստանի արեւմուտքում 130 հողատերերի մասնակցությամբ վաճառվող տարածքների մասին:
«Յուրաքանչյուր հողատիրոջ հաշվետվությունը պետական ռեգիստրում ստանալու համար պետք է վճարել 10 լարի (5.60 դոլար), եւ սա դեռ մեզ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը չէ», - ասում է Իա Մամալաձեն:
«Այս հոդվածը պատրաստելու համար մեր թերթի ամսական բյուջեն էլ չի բավականացնի: Մեր կատարած հաշվարկների արդյունքում պարզվել է, որ ուսումնասիրության ընդհանուր բյուջեն 5000 լարի է կազմելու, եւ ոչ մի շրջանային կամ նույնիսկ ոչ շրջանային լրատվական կազմակերպություն ի վիճակի չէ նման ծախսեր իրեն թույլ տալ»:
Տեղեկատվության ազատության մասին օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր փաստաթուղթ կարելի է ձեռք բերել 10-20 լարի գումար վճարելով, պատճենահանումն արժե 50 թեթրի, չնայած նրան, որ հասանելի են փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները, որոնք պատճենահանել նշանակում է ընդամենը տպել եւ կնքել դրանք:
Պետական ռեգիստրի մամլո խոսնակը, սակայն, այս ամենի մեջ ոչ մի բացասական բան չի տեսնում:
«Մենք չենք սակարկում, մենք պարզապես գործում ենք օրենքի համաձայն: Փաստաթղթերի արժեքն օրենքն է կարգավորում: Պետական ռեգիստրը հասանելի է յուրաքանչյուրին, եւ վճարելու դեպքում մենք անհապաղ կապահովենք անհրաժեշտ տեղեկատվությունը», - ասում է Էկա Էրգեմլիձեն:
Ռեգիստրի արխիվներից օգտվող շարքային քաղաքացիները, սակայն, պակաս լավատեսական են տրամադրված:
«Ես ուզում եմ պաշտպանել իմ ժառանգությունը, քանի որ պապս մահացել է: Սակայն պետռեգիստրից ինձ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալու համար պետք է այնքան գումար ծախսեմ, որ որոշեցի հրաժարվել այդ մտքից», - ասում է Թբիլիսիի բնակիչ Գագա Սինատաշվիլին:
Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչների խոսքերով` պետռեգիստրում փաստաթղթերի սահմանափակ հասանելիությունը խիստ բացասաբար է ազդում դատարանում իրենց աշխատանքի վրա: Նրանց խոսքերով` հատկապես բողոքարկումների արժեքը խոչընդոտում է արդարադատության ընթացքին:
Տարեսկզբին մոտավորապես 20 վրացական թերթեր իրենց բողոքն արտահայտեցին հանրային տեղեկատվության սահմանափակումների դեմ` իրենց առաջին էջերում տպագրելով հետեւյալ հայտարարությունը`«Ապահովեք մեզ հանրային տեղեկատվությամբ»:
Իշխող «Ազգային շարժում» կուսակցության անդամ եւ իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Պավլե Կուբլաշվիլին կարծում է, որ լրագրողներն իրենց մեղքով չեն կարողանում տեղեկատվություն ձեռք բերել:
«Այս ամենի պատճառը տգիտությունն է: Նրանք չեն կարողանում ճիշտ ձեւակերպել հայցը [պետական ռեգիստրից տեղեկատվություն ստանալու համար]: Մի շարք անկախ հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ հաճախ հենց լրագրողների շրջանում պրոֆեսիոնալիզմի պակասն է խնդիրներ ստեղծում», - ասում է նա:
Կուբլաշվիլու դիտողությունները մասամբ հաստատվեցին Վրաստանի Մարդու իրավունքների տան ցանցի կողմից վերջերս իրականացրած ուսումնասիրության արդյունքում: Այստեղ նշվում է, որ լրագրողները հաճախ իրենք են խուսափում հանրային տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ պաշտոնական հայց ներկայացնելուց:
«Սա որոշ չափով կապված է պրոֆեսիոնալիզմի պակասի հետ, սակայն հիմնական պատճառն այն է, որ լրագրողները վախենում են ժամանակին չստանալ այդ տեղեկատվությունը: Իսկ տեղեկատվությունն արագ է ժամկետանց ապրանք դառնում», - ասում է Կախեթի շրջանում կազմակերպության մասնաճյուղի ներկայացուցիչ Գելա Մտվիվլիշվիլին:
«Մենք հետաքրքիր փորձ ենք կատարել` նույն տեղեկատվության պահանջով 2 հայց ենք ուղարկել պետական ռեգիստր, մեկը լրագրողի անունից, մյուսը` շարքային քաղաքացու: Տասն օր անց ստացանք լրագրողի անունից ուղարկված հայցի պատասխանը, իսկ շարքային քաղաքացու անունով ուղարկված հայցին այդպես էլ չպատասխանեցին»:
Այս տարվա նոյեմբերին մի խումբ լրատվական փորձագետներ եւ իրավաբաններ մշակեցին տեղեկատվության ազատության մասին օրենսդրության մեջ փոփոխությունների նախագիծը` գործընթացն առավել թափանցիկ դարձնելու համար:
«Մարդիկ հավատում էին, որ Վրաստանն իրավական լիբերալ բազա ունի լրատվության եւ խոսքի ազատության ոլորտների կանոնակարգման համար: Սակայն փորձը ցույց է տալիս, որ օրենքներում բացթողումներ` այսպես կոչված «սեւ անցքեր» կան, որտեղ լրատվության եւ խոսքի ազատության որակը կորչում է», - ասում է «Resonance» օրաթերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուգուշին` առաջարկված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնողներից մեկը:
Իշխող կուսակցությունը, սակայն, այդպես էլ չներկայացրեց վերոհիշյալ օրենսդրական փոփոխությունները խորհրդարանի քննարկմանը:
«Ժողովրդավարացման նոր ալիքի ներքո մենք պատրաստ ենք աշխատել հեռարձակող ընկերությունների տնօրինման թափանցիկության վրա: Սակայն հանրային տեղեկատվության հասանելիության առումով ոչ մի խնդիր չենք տեսնում», - ասում է Կուբլաշվիլին:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:
http://www.iwpr.net
դեպի ետ