ԱԴՐԲԵՋԱՆ. ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՀԻՋԱԲ ԿՐԵԼՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Եթե հասարակության որոշ ներկայացուցիչներ հիջաբ (իսլամական ավանդական գլխաշոր) կրելը քաղաքացիական հիմնական իրավունքների շարքին են դասում, ապա իշխանություններն ակնարկում են, որ այս խնդրի հետ կապված հասարակական դժգոհությունը հրահրվել է Իրանի կողմից, որը ձգտում է այսպիսով ավելի բարդացնել իրավիճակը երկրում:
Կովկասյան # 571
17-ը դեկտեմբերի, 2010թ.
Ադրբեջանի կրթության նախարարությունը վերջերս արգելել է աշակերտուհիներին հիջաբ կրել դպրոցում` վրդովմունք հարուցելով հասարակության աստվածավախ շերտերի շրջանում: Եւ սա այն դեպքում, երբ երկրի բնակչության մեծամասնությունը մահմեդականություն է դավանում:
Երբ Կրթության նախարար Միսիր Մարդանովը հայտարարեց, որ այսուհետ դպրոցական համազգեստի հետ արգելվում է հիջաբ կրել, հաջորդ օրը` դեկտեմբերի 10-ին, հարյուրավոր ծնողներ եւ երեխաներ բողոքի ցույց կազմակերպեցին նախարարության շենքի մոտ:
«Աղջիկս առաջին դասարանում է սովորում: Նա կամավոր է գլխաշոր կրում դասարանում: Մեր ընտանիքի բոլոր անդամները հավատացյալներ են: Աղջկաս դեռեւս դուրս չեն արել դասարանից. նրան մինչեւ դեկտեմբերի վերջը ժամանակ են տվել»,- պատմում է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը` 27-ամյա Լեյլա Քերիմովան` դժգոհելով, որ այժմ իր դստերը կարող էին փաստացիորեն հեռացնել դպրոցից առանց որեւէ հիմնավոր պատճառի:
«Եթե նախարարը չվերանայի իր որոշումը, ստիպված կլինեմ աղջկաս պետական դպրոցից տեղափոխել մասնավոր հաստատություն, չնայած չգիտեմ` կկարողանամ արդյո՞ք թույլ տալ դա ինձ: Կուզենայի, որ երեխաս շարունակեր ուսումն այս դպրոցում, իր ընկերների հետ: Նա առողջ է եւ սիրում է շփվել մյուս երեխաների հետ: Ինչո՞ւ պետք է նա մեկուսացվի իր հասակակիցներից», - դժգոհում է կինը:
Ոստիկանությունը ցրեց բողոքի ցույցը սկսվելուց քիչ անց` ձերբակալելով 16 ցուցարարների:
Կրթության նախարարության պաշտոնյաները վստահեցնում են, որ այս որոշումը փոփոխման ենթական չէ, եւ մեղադրում են հարեւան Իրանին հասարակությանն իշխանությունների դեմ լարելու նպատակով հիջաբ կրելու հարցը շահարկելու մեջ:
Բողոքի ցույցից հետո լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Մարդանովը հայտարարել էր, որ պարզապես պաhպանում էր օրենքը եւ չէր ոտնահարում ոչ ոքի իրավունքները:
«Երկրում գործող օրենքները հստակ սահմանում են, որ դպրոց պետք է գնալ համազգեստով, եւ որ հանդերձանքի մյուս բոլոր տեսակներն անընդունելի են համարվում», - ասել էր նա «APA» լրատվական գործակալությանը:
Իրավական փորձագետները, սակայն, չեն կիսում այս կարծիքը:
«IREX» միջազգային կազմակերպության իրավաբան Ալասգար Մամեդլիի խոսքերով` հիջաբ կրելը դեռ չի նշանակում այլ մարդկանց իրավունքները ոտնահարել:
«Հետեւաբար`հիջաբ կրելն արգելելու համար իրավական հիմքեր չկան: Ո´չ սահմանադրությունը, ո´չ էլ կրթության մասին օրենքը հատուկ արգելք չեն սահմանում: Այսպիսով, դպրոցում հիջաբ կրելու արգելքը… համարվում է Ադրբեջանի սահմանադրության 71-րդ հոդվածի խախտում, որի համաձայն`արգելվում է սահմանափակել սահմանադրության կողմից երաշխավորված մարդու քաղաքացիական իրավունքները», - նշում է Մամեդլին:
Իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ համապատասխան իրավական նորմերը վերաբերում են դպրոցական համազգեստին, ոչ թե հիջաբին:
«Կրթության համակարգը երբեք դեմ չի եղել հիջաբին: Հավատացյալներն առանց դժվարությունների սովորում են երկրի բոլոր համալսարաններում: Սակայն օրենքն արգելում է հիջաբ կրել դպրոցներում: Նախեւառաջ, գոյություն ունի օրենք, որը հստակ կերպով սահմանում է, որ բոլոր երեխաները պետք է համապատասխան համազգեստով դպրոց հաճախեն: Բացի այդ, դպրոցականներն անչափահաս են: Երբ մեծանան, իրենք կորոշեն`կրել հիջաբ, թե ոչ», - ասում է Բաքվի քաղաքապետարանի կրթության վարչության մամլո խոսնակ Զամինա Ալիքիզին:
Հիջաբ կրելու հարցն առաջին անգամ չէ, որ բարձրացվում է Ադրբեջանում: Այսպես, 2007-ին Սումգայիթում մի աշակերտուհու հեռացրել էին դպրոցից, սակայն այս դեպքին հետեւած բողոքի ցույցերի արդյունքում` մեկ շաբաթ անց նրան կրկին հետ էին ընդունել:
Այս անգամ կառավարությունը, կարծես, ձգտում է ավարտին հասցնել այս քաղաքականության իրագործումը: Կրթության նախարար Մարդանովն անգամ հայտարարել էր, որ սա ազգային անվտանգության խնդիր էր` կապելով հիջաբի խնդիրն Ադրբեջանը քայքայելուն ուղղված արտաքին ձգտումների հետ: Թեեւ նախարարը որոշակի երկիր չնշեց, նրա խոսքերը թափանցիկ ակնարկ էին Իրանի մասին:
«Կարծում եմ` կրթության նախարարության շենքի առջեւ հիջաբ կրելու արգելքի կապակցությամբ կազմակերպված բողոքի ցույցը ծրագրվել էր որոշակի արտաքին եւ ներքին թշնամական ուժերի կողմից», - ասել էր նախարարը «APA» լրատվական գործակալությանը:
Իրանում Ադրբեջանի նախկին դեսպան Ալիյար Սաֆարլին իր հերթին նշում է, որ Թեհրանը միշտ էլ ձգտել է մեծացնել իր ազդեցությունն Ադրբեջանում:
«Կարծում եմ, որ նախարարը ճիշտ է վարվել` դպրոցներում հիջաբ կրելու սովորույթը սահմանափակելով: Աշակերտների միջեւ չպետք է էական տարբերություններ լինեն, քանի որ սա կարող է վնաս հասցնել նրանց կրթությանը: Դպրոցն ավարտելուց հետո, նրանք ազատ են ցանկացած կրոն դավանել եւ դրան համապատասխան հանդերձանք կրել», - հավատացնում է նա:
«Իրանը փորձում է Իսլամի միջոցով մեծացնել իր ազդեցությունն Ադրբեջանում եւ առիթը բաց չի թողնում իր նպատակին հասնելու համար: Ես լիովին համոզված եմ, որ Իրանն է դրդում մարդկանց բողոքի ցույցեր կազմակերպել հիջաբ կրելն արգելելու կապակցությամբ»:
Իսլամական ուսմունքի մասնագետներն իրենց հերթին կոչ են անում իշխանություններին հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել կրոնական ավանդույթներին հետեւող հավատացյալների նկատմամբ:
Իսլամի մասնագետ Էլշադ Միրին, ով ղեկավարում է http://www.islam.com.az կայքը, նշում է, որ աղջիկները պետք է սկսեն հիջաբ կրել հասունության տարիքին հասնելուն պես, որն Իսլամի օրենքներով ավելի շուտ է սահմանված, քան աշխարհիկ պետության նորմերով:
«Հավատացյալները պարտավոր են կրթություն ստանալ անկախ նման արգելքներից, նույնիսկ եթե ստիպված են տանն ուսում ստանալ: Պետությունը պետք է զիջումների գնա այս երեխաների հարցում, ովքեր ստիպված կլինեն լքել պետական դպրոցները հիջաբ կրելու պատճառով: Գուցե հնարավոր է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կստուգի այն երեխաների գիտելիքները, ովքեր որոշում են շարունակել կրթությունը տանը կամ մասնավոր դպրոցներում», - ասում է Միրին:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:
www.iwpr.net
դեպի ետ