• am
  • ru
  • en
Версия для печати
21.12.2006

Իսլամական գործոնը Վրաստանում

   

Արաքս Փաշայան

Քննության ենթարկվող թեման, չնայած մի քանի ամսվա վաղեմությանը, չի կորցրել արդիականությունը: Խոսքը Վրաստանի Իսլամական դեմոկրատական կուսակցության ստեղծման մասին է, որը հռչակվեց Թուրքիայի Էրզրում քաղաքում 2006թ. հունիսի 20-ին: Վերջնական փաստաթուղթը (բացի ներկա գտնվող աբխազներից) ստորագրեցին Վրաստանի մահմեդական հիմնական էթնոդավանական խմբերի ներկայացուցիչները՝ ադրբեջանցիներ, մահմեդական օսեր, վրացիներ, չեչեններ, ինգուշներ, թուրք մսխեթցիներ և աջարներ (նշենք, որ Վրաստանում ապրում են իսլամադավան այլ խմբեր ևս՝ ավարներ, թաթարներ, ղազախներ, ուզբեկներ և թաջիկներ): Հանդիպմանը, որին մասնակցում էին 80 պատվիրակներ, որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կկազմակերպեր Իսլամական դեմոկրատական կուսակցության հիմնադիր համագումարը: Նորաթուխ կուսակցության պլատֆորմը և ձգտումները դեռևս հստակ չեն: Սակայն նմանօրինակ կուսակցության ստեղծումն ինքնին կարևոր քայլ է և վկայում է Վրաստանի մահմեդականների ակտիվացման և համախմբվելու կարողության մասին: Այս տեսանկյունից կարևոր է Վրաստանում իսլամական գործոնի և իսլամական համայնքներին վերաբերող հիմնահարցերի հետազոտությունը:

Իսլամը Կովկաս է թափանցել դեռևս 7-րդ դարում: Հետագայում, երբ 16-րդ դարի երկրորդ կեսին տարածաշրջանի նկատմամբ հավակնություններ հանդես բերեց նաև Օսմանյան կայսրությունը, իսլամը տարածվեց նաև թուրքերի միջոցով: Ասվածի ապացույցն է թուրքերի կողմից քրիստոնյա աբխազների բռնի հավատափոխությունը:

1989թ. Վրաստանում մահմեդականները կազմում էին ընդհանուր բնակչության 12%-ը (ավելի քան 640 հազ.): Այսօր մահմեդականների մոտավոր թիվը նվազել է և գնահատվում է 400 հազ., ինչը կապված է մահմեդականների արտագաղթի, իսկ որոշ դեպքերում էլ՝ իսլամական ինքնության կորստի հետ:

Վրաստանի մահմեդականների շրջանում էլ տարածված են իսլամի սուննի, շիա ուղղությունները և սուֆիականությունը, իսլամական իրավական դպրոցներից տարածված է շաֆիականությունը:

1990-ականներից ի վեր հետխորհրդային հանրապետություններում ազգային և կրոնական ընկալումների վերարժևորման արդյունքում իսլամի արմատավորումը հիմնականում ընթացավ յուրաքանչյուր հանրապետությանը հատուկ հանգամանքներում՝ առանձին դեպքերում կրելով միջազգային իսլամական կենտրոնների ազդեցությունը: Ի տարբերություն իսլամի ավանդական տարածման շրջանների, որտեղ իսլամը դերակատարում ունի նաև սոցիալ-քաղաքական կյանքում, հետխորհրդային տիրույթում, այդ թվում՝ Վրաստանում, այն հիմնականում պայմանավորում է հասարակության ավանդույթային և կենցաղային կողմերը: Պատահական չէ, որ հետխորհրդային շրջանում իսլամական ինքնագիտակցության բարձրացումն ավելի շատ ընթացավ ազգայինի համատեքստում:

Ընդհանուր առմամբ, Վրաստանում քրիստոնեական մեծամասնությունը և մահմեդական փոքրամասնությունը գոյատևել են խաղաղ և փորձել են համատեղ պայքարել տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդող Ռուսաստանի, Պարսկաստանի և Օսմանյան կայսրության դեմ: Սակայն 1991-ից՝ Վրաստանի անկախացումից ի վեր, էթնոդավանական բարդ խճանկար ունեցող այս երկրում ի հայտ եկան մի շարք ազգային հիմնահարցեր (որոնց մեջ իրենց հիմնարար տեղն ունեն Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ջավախքի, Աջարիայի խնդիրները):

Ի տարբերություն իսլամի ավանդական տարածման շրջանների, կրոնականությունը Վրաստանում բարձր ցուցանիշ չունի: Սակայն վերջին հարցումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի համեմատությամբ Վրաստանն առավել կրոնական է: Վրաստանում տարբերակում են իսլամադավան չորս խմբի ներկայացուցիչների:

Առաջին խմբի ներկայացուցիչներն, այսպես կոչված, «բարեպաշտ մահմեդականներն» են, ովքեր հետևում եմ իսլամական ծիսակարգին՝ ծոմ են պահում (Ռամադանի վերջում նշում են ուրազա բայրամը), աղոթում են հինգ անգամ, իրականացնում բարեգործության պարտադիր գործառույթներ, նշում զոհաբերության տոնը (կուրբան բայրամ), պարբերաբար Ղուրան են ընթերցում:

Երկրորդ խմբի ներկայացուցիչները հավատում են Աստծուն, սակայն չեն հետևում իսլամական ծիսակարգին, այսինքն՝ աղոթում կամ մզկիթ են հաճախում ըստ հայեցողության:

Երրորդ խմբի ներկայացուցիչները հավատում են Աստծուն, սակայն նրանց մոտ կրոնական ինքնությունն ազգային ինքնության մի բաղադրիչն է և ստորադաս է դրան:

Չորրորդ խմբում աշխարհիկ ուղղության ներկայացուցիչներն են:

Իսլամական համայնքները Վրաստանի իշխանությունների համար լուրջ մարտահրավեր են: Նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ խնդիրներ ու հավակնություններ: Այս առումով ուշադրության է արժանի թուրք մսխեթցիների հարցը: Դեռևս 1944-ին Ստալինի հրամանով նրանց մի մասն արտաքսվեց Կենտրոնական Ասիա: Սակայն ներկայումս նրանք ցանկություն ունեն Վրաստան վերադառնալ: 1999թ. Եվրախորհուրդը Վրաստանի իշխանություններից պահանջեց կազմակերպել նրանց հայրենադարձությունը: 2006-ի հունվարին Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, որ մինչև 2011թ. կիրականացնեն այդ ծրագիրը: 2006-ի հունվարին պետական նախարար Խայինդրավան հանդիպեց Ադրբեջանում գտնվող 70 հազ. թուրք մսխեթցիների ղեկավարների հետ: Ջավախահայերը դեմ են, որպեսզի նրանք բնակեցվեն Վրաստանի և Թուրքիայի սահմանագլխին:

Ինչ վերաբերում է ադրբեջանական համայնքին, ապա այն Վրաստանի ամենամեծ մահմեդական համայնքն է, հաշվվում է մոտ կես միլիոն, ադրբեջանցիները հիմնականում բնակվում են Լուվեր Քարթլիում և Կախեթում: Պատահական չէ, որ Էրզրումի հանդիպումը կազմակերպել էր Վրաստանում ադրբեջանական ազգային խորհուրդը: Հատկանշական է, որ Վրաստանում ապրող ադրբեջանցիներին չեն գոհացնում մի շարք հարցեր: Դրանցից մեկը կապված է հողի սեփականաշնորհման գործընթացից նրանց դուրս մնալու հետ: Հայտնի է, որ նրանք հիմնականում ընդգրկված են գյուղատնտեսության և գյուղատնտեսական ապրանքների վաճառքի մեջ: Նրանք հույս ունեին, որ Սահակաշվիլին կիրականացնի իրենց ցանկությունը՝ հողի սեփականաշնորհման հետ կապված, սակայն դա չիրականացավ: 2005թ. բավական թվով ադրբեջանցիներ են մահացել վրացի հողատերերի հետ ունեցած բախումների արդյունքում: Չնայած առկա խնդիրներին՝ ադրբեջանցիները համարվում են ամենավստահելի և վերահսկելի համայնքը: Հիմնական պատճառը Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա համագործակցությունն է, ինչն ամրագրված է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի ծրագրերով:

Վրաստանի իշխանությունների համար մտահոգիչ է նաև չեչենական գործոնը: Գաղտնիք չէ, որ Վրաստանի ճանապարհով Չեչնիա են տեղափոխվել իսլամ գրոհայիններ, զենք և զինամթերք: Չեչենական գործոնը լուրջ լարվածություն է ստեղծել Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում:

Այսպիսով՝

  1. Չնայած Էրզրումի հանդիպման մասնակիցներն իրենց ընդունած վերջնական կոմյունիկեում նշեցին, որ իրենց գործողությունները միտված են Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանմանն ու խաղաղությանը, Վրաստանի Իսլամական դեմոկրատական կուսակցության ստեղծումը վկայում է այս երկրում իսլամի քաղաքականացման և իսլամական գործոնի հնարավոր ակտիվացման մասին:
  2. Վրաստանում իսլամական գործոնի ակտիվացմամբ կարող են հետաքրքրված լինել Ռուսաստանը, ինչպես նաև Թուրքիան և Ադրբեջանը:
  3. Իսլամական գործոնի ակտիվացումը կասեցնելու հարցում Վրաստանի և Հայաստանի շահերը նույնական են:

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր