• am
  • ru
  • en
Версия для печати
20.12.2010

ՀԱՅՈՑ ՀԱՐՑԸ

   

Գ.Արարչության PhD
CA, USA

Արարչության և նրանում մարդ արարածի դերի ու նշանակության բացահայտումն է լուսաբանում նրան (մարդուն) առնչվող ցանկացած հարց՝ անձնական, ընտանեկան, խմբակային, ցեղային և, մանավանդ, ազգային՝ «Հայոց հարցը»:

Արարչությունն օբյեկտիվորեն գոյություն ունեցող իրականությունն է, որը բացահայտվում է սուբյեկտի/ընկալողի կարողություններին համապատասխան:

Արարչությունը մարդ արարածին բացահայտվում է գիտակցության միջոցով: Նրա էվոլյուցիոն զարգացումը Երկիր մոլորակի վրա ոչ այլ ինչ է, եթե ոչ նույն այդ գիտակցության զարգացումը կենդանականից դեպի Արարչականը, կամ «մարդ-կենդանականից» «Մարդ-Աստվածայինը» (Մարդ-Քրիստոս, Բուդդա):

Համապատասխանաբար, մարդ արարածին նաև բացահայտվում է օբյեկտիվորեն գոյություն ունեցող իրականությունը, ընդհուպ ինքը՝ Արարչությունը:

Արդի գիտությունն Արարչությունը նկարագրում է որպես կլոստերային կառուցվածքի մասնիկների անընդհատ ու անծայրածիր էներգաինֆորմատիվ դաշտ (դաշտերի ամբողջություն), որի բազմաթիվ ու բազմազան տատանումների մարմնավորումն է ամեն բան՝ տիեզերքը, աստղերը, երկրագունդը, օդը, ջուրը, ծառը, կենդանին և, վերջապես, մեր վերլուծության առարկան՝ մարդ արարածը: Այսպես կոչված «համակարգերի տեսությունն», իր հերթին, գիտականորեն ապացուցում է, որ Արարչության էներգաինֆորմատիվ դաշտն իր բազմաթիվ ու բազմազան մարմնավորումներով արարվում, կայանում ու զարգանում է համընդհանուր, համատիեզերական օրենքներով ու կանոններով («Աստծո խոսք», «Աստվածային լույս», «Աստվածային պատգամ», «իմաստություն» և այլն):

Սրանք էլ, «համակարգերի ինքնապահպանման օրենքի» համաձայն, Արարչության էներգաինֆորմատիվ դաշտերի տատանումների ողջ կարողությունների հետ միասին, նպատակամղված են մեկ համընդհանուր խնդրի լուծմանը՝ ապահովել համակարգի (տվյալ դեպքում՝ Արարչության) ամբողջականությունը: Դրանով են պայմանավորված Արարչության ցանկացած մասնիկի, այդ թվում նաև մարդ արարածի դերն ու նշանակությունն Արարչության գործընթացում՝ օբյեկտիվ իրականությունում:

Արարչության օրենքներով ու կանոններով գոյատևելու միջոցով է մարդ արարածը Երկիր մոլորակի վրա ներդաշնակվում Արարչության, նրա ուժերի ու կարողությունների հետ և այդպիսով ապահովում նրա ամբողջականությունը՝ ի կատար ածում իր համակարգային դերն ու նշանակությունը՝ Արարումը: Այդ դեպքում են Արարչության կարողությունը, ուժն ու էներգիան նպաստում և աջակցում մարդ արարածի բնականոն զարգացմանը Երկիր մոլորակի վրա, բազմապատկում նրա կարողությունները՝ հաղթահարելու մարդ-կենդանական գիտակցությունից Մարդ-Աստվածայինի անցման նպատակակետը:

Մարդ-Աստվածային գիտակցության մակարդակում է մարդ արարածին բացահայտվում օբյեկտիվորեն գոյություն ունեցող իրականությունն իր ողջ էությամբ՝ Արարչությունն իր ողջ կարողությամբ, օրենքներով ու կանոններով: Գիտակցության զարգացածության այս գերագույն մակարդակի ճանապարհին նրա էներգաինֆորմատիվ դաշտի տատանումները հղկվում, մշակվում և մոտենալով համընկնում են Արարչության համընդհանուր դաշտերի առավել նուրբ տատանումներին: Մարդ արարածը «կարծես թե», միանում, «tune in» է լինում Արարչության էներգաինֆորմատիվ դաշտերին, հայտնվում է հոգեգիտակցական վիճակում, որտեղ լուսաբանված է ամեն ինչ և տիրում է Ճշմարտությունը, էականը, Իմաստությունը՝ Արարչության օրենքներն ու կանոնները:

Արարչության օբյեկտիվորեն գոյություն ունեցող օրենքներով ու կանոններով է արարվել մարդկությունը Երկիր մոլորակի վրա:

Մարդ-Աստվածային գիտակցության հասած անհատների` իմաստունների միջոցով է մարդ արարածին լուսաբանվել չբացահայտված Արարչությունը, պարզաբանվել են նրա կարողությունները, օրենքներն ու կանոնները: Բրգաձև - իմաստությունը վերնագագաթում, ինքնակառավարման համակարգի շնորհիվ է հազարամյակներ շարունակ մարդկային զարգացումը Երկիր մոլորակի վրա առաջնորդվել Արարչության օրենքներով ու կանոններով:

Հայոց երկիրն է եղել այդ բուրգի «վերնագագաթը» դեռևս մարդ արարածի վերածննդի ժամանակներից: Այստեղ, Հայկական լեռնաշխարհի բարձունքների, Արարատի հրաբխային կրակի շնորհիվ, սառնամանիքներից ու ջրհեղեղներից փրկվածների միջոցով էին պահպանվել մարդկային բանականության դեռ նախաջրհեղեղյան շրջանի ձեռքբերումները՝ «Իմաստությունը», նույն ինքը Արարչության համընդհանուր օրենքներն ու կանոնները: Այդ օրենքներով ու կանոններով էր արարվում և այդ իսկ պատճառով «Աստվածների երկիր» անվանումը կրում Հայաստան աշխարհը՝ «Արատտան», «Հայքը»: Արատտայի լեզվահոգեբանական համակարգի շնորհիվ էին էվոլյուցիոն ամենատարբեր մակարդակի մարդկային բազմություններին, ազգերին ու ժողովուրդներին լուսաբանվում չբացահայտված Արարչությունը, նրա օրենքներն ու կանոնները: Այդ օրենքներով ու կանոններով էր «Աստվածների երկիրն» առաջնորդում մարդկային զարգացումը Երկիր մոլորակի վրա, նրա վերածննդից ընդհուպ «մարդ-կենդանական» հեղափոխությունը:

Արարչի որդուն խաչելով՝ մարդ արարածը մերժեց օբյեկտիվորեն գոյություն ունեցող, սակայն իր մարդ-կենդանական գիտակցությանն անհասանելի Արարչության օրենքներն ու կանոնները: «Նոր թվականության» հռչակմամբ նա իր «մարդկային» (սուբյեկտիվ) օրենքների ու կանոնների իշխանությունը հայտարարեց Երկիր մոլորակի վրա:

Արարչության լուսավորիչ մեր նախապապերը, «...Տեր, ներիր, իրենք էլ չեն գիտակցում, թե ինչ են անում...» բառերը շուրթերին, գլխատվեցին ու խաչվեցին Քրիստոսի անունով, Քրիստոսին խաչած մարդ-կենդանիների կողմից: Ոչնչացվեց նրանց հետ կապող ողջ նյութական շերտը: Կողոպտվեց, ցաքուցրիվ արվեց Արարչությանը, նրա օրենքներին ու կանոններին, Իմաստությանը վերաբերող, հազարամյակներով տարածաշրջանում կուտակված ողջ տեղեկությունը, այրվեց գիր-գրականությունը: «Աստվածների երկրի» կործանումով սկսվեց մինչ օրս շարունակվող իմաստակիր մարդ տեսակի ոչնչացումը: «Աստվածների երկրից» մինչև Տիբեթյան իմաստության սահմանները ոչնչացվեցին Արարչության ուղին բռնած բոլոր ազգերն ու ժողովուրդները: Գլխատված հայ ազգը մեթոդաբար մաղվեց ու հավատազրկվեց: Մնացածներն էլ ցեղասպանվեցին՝ իրենց հետ տանելով Իմաստության մասին իրենց գեների խորքում թաքնված տեղեկությունները:

Մարդ-կենդանական հեղափոխությամբ ընդհատվեց մարդ արարածի՝ դեպի Արարչություն, Արարչության օբյեկտիվորեն գոյություն ունեցող օրենքներին ու կանոններին համապատասխան Երկիր մոլորակի վրա գոյատևելու բնականոն զարգացումը: Մարդկությունը բռնեց իր իսկ՝ մարդկային օրենքների ու կանոնների իշխանության, «ռևոլյուցիոն» կոչված ուղին:

Եվ երկու հազարամյակ «հիմնովին քանդելով» արարվածը՝ «հին աշխարհը», և կառուցելով «նոր աշխարհը», «ով որ ամենն էր՝ դարձնելով ոչինչ, իսկ ով որ ոչինչն էր՝ դարձնելով ամեն ինչ»՝ մարդ-կենդանական գիտակցության տեր մարդ արարածը գլխիվայր շրջեց մարդկային արժեքների ու հարաբերությունների, մարդկային բանականության ողջ համակարգը։ Իմաստությունը դարձավ տեղեկություն, որն էլ ժամանակի ընթացքում վերածվեց «անիմաստության»: Ճշմարտությունը փոխարինվեց ստով: Սուտը վերածվեց ճշմարտության: Հայտնվեցին բազմաթիվ ճշմարտություններ: Հավատը դարձավ կրոն: Տնտեսությունը վերածվեց խաղատան: Բժշկությունը սկսեց հիվանդացնել, օդն ու ջուրը, ինչպես նաև կերակուրը, վնասել և, նույնիսկ, թունավորել: Ինքնաոչնչացման ճանապարհին հայտնված մարդկությունը, իրականության իր սուբյեկտիվ պատկերացումների իլյուզիայի թակարդն ընկնելով, դադարել է ընկալել նույնիսկ բացահայտված իրականությունը:

Այսօր, երբ ակնհայտ է մարդկային օրենքների իշխանության ֆիասկոն Երկիր մոլորակի վրա, «Հայոց հարցն» ազգայինից վերածվում է համամարդկային նշանակության խնդրի:

«Աստվածների երկրի» ժառանգների, Իմաստակիր Մարդ տեսակի ուսերին դրված է Քրիստոսային առաքելություն:


դեպի ետ