• am
  • ru
  • en
Версия для печати
26.03.2007

Վահաբական գործոնն Ադրբեջանում

Руский

   

Արաքս Փաշայան

ԽՍՀՄ փլուզումից և ստեղծված գաղափարական վակուումից հետո Ադրբեջանում իրենց դիրքերն սկսեցին ամրապնդել առանձին կրոնական ուղղություններ: Այդ հարցում կարևոր դեր խաղաց արտաքին գործոնը, ինչը դրսևորվեց իրանական, թուրքական և արաբական ուղղություններով:

Այս տեսանկյունից ուշագրավ է արաբական ուղղությունը, որ բնորոշվում է Ադրբեջանում վահաբականության տարածմամբ:

 

Վահաբականությո՞ւն, թե՞ սալաֆիականություն. խնդրի մեթոդաբանական կողմը

Իսլամի պատմության բոլոր ժամանակներում որպես իսլամական հասարակության և պետության կազմակերպման էտալոն համարվել է Մադինայի շրջանը (622-632), երբ ձևավորվեց առաջին իսլամական համայնքը, որ կապված է Մուհամեդ մարգարեի գործունեության հետ: Իսլամի պատմության գրեթե բոլոր ժամանակներում ի հայտ են եկել իսլամական կրոնաքաղաքական շարժումներ, որոնք կոչ են արել վերադառնալ վաղ իսլամի ակունքներին: Իսլամական վերածննդին միտված կրոնական ուղղությունը կոչվում է սալաֆիականություն, որ առաջացել է արաբերեն աս-սալաֆ՝ նախահայր եզրից: Հենց սալաֆիականության դիրքերում էր կանգնած Մուհամմադ իբն Աբդ Ալ-Վահաբը՝ 18-րդ դարի կրոնական քարոզիչը, որի ուսմունքը ստացավ վահաբականություն անվանումը: Պատմականորեն վահաբականությունը վճռորոշ դերակատարություն ունեցավ Սաուդյան Արաբիայի պաշտոնական գաղափարախոսության ձևավորման հարցում: 1970-ականներից ֆինանսական արագընթաց և աննախադեպ հաջողությունները նպաստեցին, որպեսզի Սաուդյան Արաբիան գործնականում իրականացնի վահաբականության արտահանումը՝ նպատակադրվելով իսլամը դարձնել գլխավոր գործող ուժը՝ մահմեդական աշխարհում իր առաջնայնությունը հիմնավորելու համար: Նա զգալի միջոցներ հատկացրեց ողջ իսլամական աշխարհում վահաբական քարոզչության համար, որի դրսևորումներից է սաուդական կրթական հաստատություններում երիտասարդ մահմեդականների ուսումնառության կազմակերպումը, մզկիթների շինարարությունը, իսլամական կենտրոնների ստեղծումը, միսիոներների պատրաստումը: Այս պրակտիկան Սաուդյան Արաբիան օգտագործեց նաև հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Ադրբեջանում:

Ներկայումս վահաբականություն եզրը երկակի նշանակություն ունի: Մի կողմից՝ այն կարելի է դիտարկել որպես ներկայիս Սաուդյան Արաբիայի պետական գաղափարախոսություն (որի հիմքում ընկած է աստվածապետության գաղափարը), մյուս կողմից՝ վահաբականությունը Ռիադի հսկողությունից դուրս արմատական կրոնաքաղաքական հոսանք է, որը շատ դեպքերում նույնացվում է ահաբեկչության, ծայրահեղականության և մոլեկրոնության հետ:

Վահաբականության սկզբնավորումն Ադրբեջանում. հիմնական շարժառիթները

Վահաբականությունն Ադրբեջան ներթափանցեց 1990-ականների սկզբին հիմնականում Ղարաբաղյան պատերազմի (1991-1994), ռուս-չեչենական պատերազմների (1994-1996թթ., 1999թ.) արդյունքում, դաղստանցի, չեչեն և արաբ վահաբի քարոզիչների, Ադրբեջանում հաստատված չեչեն փախստականների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում և արաբական այլ երկրներում ուսանած ադրբեջանցի երիտասարդների միջոցով:

Տարածաշրջանում արմատական իսլամական ուղղությունների ներկայությունը պայմանավորված էր աշխարհաքաղաքական այն նոր իրողություններով, որ ի հայտ եկան ԽՍՀՄ փլուզումից հետո: Նորանկախ Ադրբեջանում ազդեցություն ձեռք բերելու համար պայքարում էին Թուրքիան և Իրանը (որոշ առումով՝ նաև Սաուդյան Արաբիան), որոնցից յուրաքանչյուրը ձգտում էր Ադրբեջանում գերակա դարձնել գաղափարախոսական իր ազդեցությունը:

Վահաբականությունն ադրբեջանական աշխարհիկ իրականության մեջ գաղափարական առումով նոր երևույթ էր։ Անկախության ձեռքբերումից հետո, չնայած ազգային-կրոնական զարթոնքին, ադրբեջանցիների ինքության մեջ կրոնը ոչ առաջնային բաղադրիչ է։ Իսկ իսլամական պետություն ստեղծելու գաղափարը Ադրբեջանում երբեք համընդհանուր աջակցություն չի ստացել։

Հատկանշական է, սակայն, որ Ադրբեջանի իշխանությունները, որոնք Ծոցի երկրներից զգալի ֆինանսական և քաղաքական օժանդակության ակնկալիքներ ունեին հատկապես Ղարաբաղի հարցում, սկզբնական շրջանում դրականորեն էին վերաբերվում Ադրբեջանում վահաբականության ներկայությանը։ Նախագահ Հեյդար Ալիևի պատվերով վահաբական կողմնորոշման 1000-1500 արաբ աֆղանցի մոջահիդներ մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին:

1990-ականների սկզբին Բաքվում հիմնվեց իսլամական համալսարան` Սաուդյան Արաբիայի աջակցությամբ: 1991թ. Ադրբեջանը սկսեց ինտեգրվել Իսլամական կոնֆերանս կազմակերպությանը։ 1994-ին Հ.Ալիևի Մեքքա կատարած ուխտագնացությունից հետո համագործակցությունը Ծոցի երկրների հետ ամրապնդվեց։ 1994-ին Ադրբեջանում սկսեցին գործել սաուդական (մասնավորապես Իսլամական աշխարհի լիգայի վերահսկողության) մի քանի միջազգային իսլամական կազմակերպություններ և բարեգործական հիմնադրամներ, այդ թվում՝ «Փրկությունը» և «Երկու սրբավայրերը» (որոնց մասնաճյուղերից շատերը 9/11-ից հետո ԱՄՆ ճնշմամբ փակվեցին միջազգային ահաբեկչությանն աջակցելու և ֆինանսավորելու պատճառով):

Ադրբեջանում վահաբականության քարոզչությունը սկսվեց հյուսիսային՝ Դաղստանին սահմանակից շրջաններից՝ առանձին դեպքերում որոշակի հաջողություններ ունենալով երկրի հյուսիսային շրջանում բնակվող սուննիադավան ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ անջատողական տրամադրություններ ունեցող լեզգիների շրջանում: 1995-ից ի վեր վահաբականության աշխարհագրությունն ընդլայնվեց՝ աստիճանաբար ներառելով Բաքուն և նրա շրջակայքը (հետագայում՝ որոշ չափով նաև կենտրոնական և հարավային շրջանները): Քարոզչության կարևոր բաղկացուցիչներն էին վահաբական գրականության տարածումը, վահաբական ուղղվածությամբ մեդրեսեների ու մզկիթների կառուցումը: Վահաբիները (որոնք տիրապետում էին զգալի ֆինանսական ռեսուրսների) ավելի մեծ հաջողության էին հասնում սոցիալապես անապահով շրջաններում, իսկ հայրենիքում ուսման հեռանկար չունեցող երիտասարդներից շատերին կրոնական կրթության ուղարկում Սաուդյան Արաբիա կամ այլ արաբական երկրներ:

Աբու Բաքր մզկիթը

1997-ին Բաքվի Նարիմանով թաղամասում քուվեյթյան Իսլամական ժառանգության վերածնունդ կազմակերպության ադրբեջանական մասնաճյուղի միջոցով կառուցվեց իր մեծությամբ և ճարտարապետությամբ աննախադեպ Աբու Բաքր մզկիթը, որ համարվում է Ադրբեջանում վահաբականության կենտրոնը: Ի տարբերություն տեղական մզկիթների, որոնք կարող են տեղավորել մոտ 300 այցելուի, Աբու Բաքրը տեղավորում է ավելի քան 5000 հավատացյալի: Այն Բաքվի ընդգծված աշխարհիկ քաղաքային մշակույթի մեջ ստեղծեց որոշակի իսլամական մթնոլորտ: Աբու Բաքր հաճախողների մեջ հիմնականում գերակայող էր սուննիական կողմնորոշում ունեցող, սոցիալապես անապահով և հակաիշխանական ուղղվածությամբ կրոնականացված, սակայն ոչ մեծ զանգվածը, որն աչքի էր ընկնում որոշակի վահաբական իմիջով` դեմքի արտահայտությամբ, վահաբական ոճի՝ կարճ տաբատով և մորուքով: Մզկիթ հաճախողների մեջ էր նաև չեչենական տարրը, որը մինչ այդ հաճախում էր Բաքվի հին քաղաքում գտնվող Լեզգիական մզկիթը:

Աբու Բաքրը Ադրբեջանի կրոնական մշակույթի մեջ մեծացրեց ուրբաթօրյա կրոնական քարոզի՝ խուտբայի նշանակությունը, որի ինստիտուտն Ադրբեջանում լայն տարածում չուներ: Բավական կարճ ժամանակում Աբու Բաքրը կարողացավ ճանաչում ձեռք բերել՝ չնայած սուննիական ուղղվածությանը, որի հարցում կարևոր նշանակություն ունեցան մզկիթի երիտասարդ իմամի՝ Համեթ Սուլեյմանովի քարոզները, հռետորականության նրա ձիրքը, աստվածաբանական պատրաստվածությունը: Վերջինս կրոնական կրթություն էր ստացել նախ Խարթումի իսլամական համալսարանում, ապա՝ Մեդինայի միջազգային իսլամական համալսարանում: Ադրբեջանական իշխանությունների բազմաթիվ փաստարկումների համաձայն՝ Աբու Բաքր մզկիթը ներգրավված է եղել ադրբեջանցի երիտասարդների հավաքագրման մեջ, որոնք ուղարկվել են Աֆղանստան, Չեչնիա, Իրաք: 2006-ի մարտին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն՝ Գուանտանամոյի բանտարկյալներից մեկը Ադրբեջանի քաղաքացի է, ով Բեն Լադենի թարգմանիչն է եղել և հավաքագրվել է հենց Աբու Բաքր մզկիթում:

Վահաբականությունը՝ սպառնալիք Ադրբեջանի ազգային անվտանգությանը

Աստիճանաբար Ադրբեջանում վահաբականությունը դարձավ անկառավարելի և (չնայած հետևորդների փոքր թվաքանակին) սպառնում էր ապակայունացնել իրավիճակը երկրում: Վահաբական կողմնորոշման մզկիթներում և առհասարակ վահաբական քարոզչության մեջ գերիշխող էր դարձել հակակառավարական հռետորականությունը: Իշխանությունները մեղադրվում էին սոցիալական և քաղաքական ձախողումների, այդ թվում՝ Ղարաբաղի պատերազմը տանուլ տալու մեջ: Հակակառավարական դիսկուրսը նպաստում էր գնալով ավելացող վահաբական մզկիթների շուրջ որոշակի համախմբմանը կամ վահաբական համայնքի աշխուժացմանը, ուր հաշվվում էր 7000-15000 մարդ:

Իշխանությունները գիտակցում էին, որ իսլամը կարող է դառնալ անվերահսկելի քաղաքական գործոն թե՛ ներքին կյանքում, թե՛ էթնոդավանական փոքրամասնությունների շրջանում: Դեռևս 1995-ին որոշվեց, որ իսլամական բոլոր կազմակերպություններն ու մզկիթները պետք է ենթարկվեին մեկ կենտրոնի՝ Կովկասի մահմեդականների վարչությանը։ 1996թ. Ադրբեջանի խորհրդարանի որոշմամբ արգելվեց միսիոներների գործունեությունը, իսկ տեղական կրոնական համայնքներին պարտադրվեց գրանցվել։

Ադրբեջանում գործում էին նաև միջազգային իսլամական արմատական մի շարք կազմակերպությունների մասնաճյուղեր (Հիզբ աթ-Թահրիր, Թաբլիղի Ջամաաթ, Իսլամական ջիհադ, Ջեյշ ուլ-իսլամ), որոնց գործունեությունը հիմնականում պայմանավորված էր միջազգային հարաբերություններում իսլամական գործոնի հարաճուն ակտիվացմամբ: Այս տեսանկյունից Ադրբեջանը` որպես իսլամի աշխարհ, դիտարկվում էր Արևմուտքի դեմ պայքարի բաղկացուցիչ։ Ադրբեջանի տարածքը շատ դեպքերում օգտագործվում էր Չեչնիա զենք, ֆինանսական և նյութական միջոցներ ու գրոհայիններ տեղափոխելու համար: Հետաքննության դաշնային բյուրոյի տվյալներով` 1998թ. Քենիայի և Տանզանիայի ամերիկյան դեսպանատների պայթյունների կազմակերպման մեջ մասնակից էր Իսլամական ջիհադի Բաքվի մասնաճյուղը, որը սերտորեն համագործակցում էր Բեն Լադենի Ալ-Կաիդայի հետ: Այս շրջանում և ապա 2001-ից հետո կար Վաշինգտոնի ճնշումը՝ պայքարելու երկրում իսլամական արմատական խմբավորումների դեմ: Վահաբականության դեմ պայքարի հարցում հետաքրքրված էին նաև Անկարան և Թեհրանը:

Ադրբեջանի իշխանությունները 2001-ի վերջերից առավել ինտենսիվ կերպով սկսեցին հետապնդել վահաբականներին: Փակվեցին վահաբական կողմնորոշման մի շարք մզկիթներ, ահաբեկչություններ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվեցին և բանտարկվեցին վահաբականության բազմաթիվ համախոհներ: Վահաբականների դեմ վերջնականորեն ձևավորվեց որոշակի հասարակական կարծիք, որի հարցում բացի իշխանություններից իր դերակատարումն ունեցավ բարձրաստիճան շիա հոգևորականությունը: Վահաբականներն անվանվում էին մորուսավորներ, սևամորուսներ, նույնացվում ահաբեկիչների հետ:

2002թ. մայիսին Ադրբեջանի Ազգային անվտանգության փոխնախարար Թոֆիկ Բաբաևի հայտարարության համաձայն` արաբական մի շարք երկրներ հետաքրքրված են Ադրբեջանում արմատական վահաբականության տարածմամբ, ինչն իրականացվում է հնարավոր ակտիվիստներին ֆինանսական օժանդակություն ցույց տալով, մարզական ճամբարներ ուղարկելով, արմատական ռեսուրսն ահաբեկչության մեջ օգտագործելով:

Վահաբականությունը 2005թ. նոյեմբերի խորհրդարանական ընտրությունների նախօրեին և դրանից հետո

2005թ. նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին իշխանություններն ավելի ու ավելի շատ էին խոսում այն մասին, որ վահաբականությունը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի քաղաքական կայունությանը։ Նման մտավախությունը հիմնավորվում էր որոշակի փաստարկումներով։ Շրջանառվեց Ասիայի մահմեդականների Քուվեյթի հանձնախմբի կողմից Կովկասի մահմեդականների վարչության անունով ուզբեկերեն, ղազախերեն, արաբերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով Բաքու 14 տոննա (իսկ դրանից առաջ` 10 տոննա) կրոնական գրականության առաքման մասին տեղեկատվությունը: Իշխանություններն արգելեցին գրքերի տարածումը, քանի որ դրանցից շատերի մեջ բաց ձևով քարոզվում էր վահաբականությունը, հակադրվում էին շիա և սուննի ուղղությունները։

Ընտրությունների նախօրեին Ադրբեջանի իշխանությունները քաղաքականությամբ զբաղվող կրոնական գործիչներին արգելեցին շարունակել կրոնական գործունեությունը:

Հատկանշական է, որ ընդդիմությունն իշխանություններին մեղադրում էր վահաբական խաղաքարտը շահարկելու մեջ։ Ըստ այդմ` իշխանությունները ձգտում էին ընտրությունների նախօրեին շահել բնակչության համակրանքը` նրանց մեջ արմատական իսլամի նկատմամբ վախի մթնոլորտ ստեղծելով։ Ընդդիմադիրների պնդմամբ` վահաբականության սպառնալիքի չափերը մեծացնելով` Բաքուն միևնույն ժամանակ ձգտում էր Արևմուտքից որոշակի ֆինանսական միջոցներ ստանալ` ահաբեկչության դեմ պայքարելու հիմնավորմամբ։

Կարելի է ասել, որ Ադրբեջանի հատուկ ծառայություններին հաջողվեց հիմնականում վերահսկել արմատական մզկիթների (այդ թվում` վահաբական) և իսլամական կրոնաքաղաքական արմատական ցանցային կառույցների գործունեությունը երկրում: Արդեն 2007թ. փետրվարին Հիդայաթ Օրուջովը՝ Կրոնական կառույցների գծով պետական կոմիտեի նախագահը, հայտարարեց, որ Ադրբեջանում կա վահաբականություն, բայց այն այլևս վտանգ չի ներկայացնում երկրի պետական անվտանգությանը: Այն, որ իշխանությունները հանդուրժում են Աբու Բաքրի գոյությունը, վկայում է այն մասին, որ Սուլեյմանովը քաղաքական բանավեճերին չի մասնակցում, այլ սահմանափակվել է վահաբական հռետորականությամբ, որի կարևոր բաղկացուցիչը հակաարևմտյան և հակաամերիկյան քարոզչությունն է:

Այսպիսով`

  • Վահաբական գործոնի ակտիվացմանը նպաստեցին ադրբեջանական հասարակության մեջ առկա սոցիալական խնդիրները, հասարակության բևեռացումը, կոռուպցիան, բարոյական արժեքների անկումը, ժողովրդավարության պակասը, որոնք հանգեցրին հիասթափության ավանդական կրոնական ինստիտուտների և ազատական արժեքների նկատմամբ:
  • Մյուս կողմից՝ վահաբականների գործունեությունն Ադրբեջանում կարելի է դիտարկել որպես միջազգային իսլամական արմատական շարժման մի բաղկացուցիչը:
  • Ադրբեջանում վահաբականության նահանջին նպաստեցին Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի պարտությունը, իսլամական համերաշխության գաղափարի ոչ կենսունակությունը, վահաբականության պարտությունը Չեչնիայում և Բալկաններում:
  • Այս հարցում ոչ պակաս կարևոր գործոն է այն, որ վահաբականությունը ծայրահեղ անհանդուրժող էր տրամադրված շիականության և հատկապես ժողովրդական իսլամի նկատմամբ, որոնք ամուր հիմքեր ունեն Ադրբեջանում։

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր