
ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ԳԱԶԸ NABUCCO–Ի ՀԱՄԱՐ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇԱՀ
Սերգեյ ՍարգսյանՍ.Սարգսյան` «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ
2009թ. սեպտեմբերին Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յլդըզը հայտարարեց, որ Թուրքիան և Իրաքը քննարկել են Թուրքիայի տարածքով իրաքյան գազը ծրագրվող Nabucco1 գազատարով Եվրոպա տեղափոխելու հարցում փոխըմբռնման մասին հուշագիր ստորագրելու հնարավորությունը։
Սա փոքր-ինչ անսպասելի էր՝ նկատի ունենալով այն, որ «իրաքյան գազը» ենթադրում է դրա արդյունահանում Քուրդիստանի տարածքում, ինչը կնպաստի այդ տարածաշրջանի տնտեսական ինքնուրույնության զարգացմանն ու ինքնաբավությանը և, որպես հետևանք, կաշխատի այս տարածաշրջանի՝ որպես անկախ պետական կազմավորման, ամրապնդմանը, ինչի հանդեպ Անկարայի բացասական վերաբերմունքը պայմանավորված է ոչ միայն պատմական, այլ նաև աշխարհաքաղաքական հիմնավորումներով։
Հետևաբար, տրամաբանական կլիներ ենթադրել, որ Թուրքիայի շահագրգռությունն իր տարածքով Իրաքի գազի արտահանմամբ պայմանավորված է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական իրողություններով։ Իսկ ինչպիսի՞ն են Թուրքիայի իրական շահերը, և որքանո՞վ են իրականանալի Անկարայի և Բաղդադի համատեղ պլանները Իրաքյան Քուրդիստանը ԵՄ հիմնական այլընտրանքային գազամատակարարներից մեկի վերածելու վերաբերյալ։
Իրաքի տարածքում հետախուզված գազի պաշարները կազմում են 3,17 տրլն մ3, որի շուրջ 90%-ը՝ մոտ 2,8 տրլն մ3, Քուրդիստանի տարածաշրջանում է։ Սակայն ներկայումս բնական գազ Իրաքում չի արդյունահանվում, քանի որ չկան անհրաժեշտ արտադրական հզորություններ և համապատասխան ենթակառուցվածք։ Իհարկե, Իրաքի կառավարությունն ակտիվորեն ձեռնամուխ է եղել օտարերկրյա կապիտալի և ընկերությունների ներգրավման վերաբերյալ ուղղակի բանակցությունների և միջազգային մրցույթների անցկացմանը՝ երկրում գրեթե «զրոյից» գազարդյունահանման և գազի տեղափոխման ճյուղեր ստեղծելու նպատակով։
Այսպես, 2009թ. մայիսին ավստրիական էներգետիկ «OMV» և հունգարական «MOL» ընկերությունները գնեցին «Pearl Petroleum Company»-ի բաժնետոմսերի 10-ական տոկոսը, որն զբաղվում է Իրաքյան Քուրդիստանի տարածքում գտնվող Խոր Մոր (Kor Mor) և Չեմչեմալ (Chemchemal) հանքավայրերի մշակմամբ, որոնց ենթադրվող հզորությունն արդեն 2015թ. կկազմի մոտ 85 մլն մ3 օրական, ինչը նշանակում է, որ կդրվի համաշխարհային շուկաներ գազի արտահանման սկիզբը։ Այդ ծավալները պետք է, առնվազն, բավականացնեն Nabucco նավթամուղի գործարկման համար։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նշել, որ այն ընկերություններին, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել Իրաքի նավթագազային հատվածում, զուտ տնտեսական բարդություններից բացի, սպասում են նաև իրավաբանական և քաղաքական բնույթի դժվարություններ, որոնք առաջիկայում հազիվ թե հաջողվի հաղթահարել և կապիտալ ներդրումներն ավելի պաշտպանված դարձնել։
Նախ՝ Իրաքում ներկայումս չկա ամբողջական իրավաբանական-իրավական բազա ներդրումների ներգրավման և կիրառման համար։ Մասնավորապես, ածխաջրածինների մասին շրջանակային օրինագիծը, որը դեռ 2007թ. փետրվարին է արժանացել Իրաքի նախարարների կաբինետի հավանությանը, առ այսօր այդպես էլ չի ընդունվել։
Երկրորդ՝ լուրջ տարաձայնություններ կան երկրի Կենտրոնական կառավարության և Քուրդիստանի տարածքի իշխանությունների միջև Իրաքի սահմանադրության այն դրույթների առնչությամբ, որոնք վերաբերում են ընդերքի օգտագործման կանոններին։
Վեճերը հիմնականում վերաբերում են օտարերկրյա ներդրողների հետ համաձայնագրերի կնքման և էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների բաշխման ընթացակարգերին։
Իրաքի սահմանադրության2 113-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ Քուրդիստանը ստացել է դաշնային շրջանի կարգավիճակ՝ ինքնավարության բարձր աստիճանով, ընդհուպ մինչև սեփական օրենսդրության իրավունք, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության համակարգ, անվտանգության սեփական ուժեր և այլն։
107-րդ հոդվածի համաձայն, կենտրոնական իշխանության լիազորությունների բացառիկ ոլորտում մնացին արտաքին և ազգային պաշտպանական քաղաքականության իրականացումը, Իրաքի շրջանների և նահանգների միջև առևտրային քաղաքականության կազմակերպումը, ջրային ռեսուրսների հետ կապված քաղաքականության պլանավորումն Իրաքից դուրս և այլն։
Որպես հետևանք՝ Քուրդիստանն սկսեց արագացված տեմպերով ընդունել տարածաշրջանային օրենքներ իր տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու վերաբերյալ՝ չսպասելով դրանց մշակմանն ու դաշնային կառավարության կողմից ընդունմանը։ Արդեն 2006թ. ընդունվեց «Օտարերկրյա ներդրումների մասին» տարածաշրջանային օրենքը, իսկ 2007-ին՝ «Ածխաջրածինների մասին» օրենքը, ըստ որի՝ օտարերկրյա ներդրումները կարող են ներգրավվել ոչ միայն երեք նահանգների՝ Էրբիլի, Սուլեյմանիայի և Դոհուքի ածխաջրածնային ճյուղում, այլ նաև Քիրքուքի շուրջ գտնվող տարածքում։
Ս.թ. մայիսին կենտրոնական և տարածաշրջանային կառավարությունների միջև ստորագրվեց համաձայնագիր, որն իրավաբանորեն ամրագրում էր Քուրդիստանի՝ արտաքին շուկա նավթի ինքնուրույն արտահանման իրավունքը, ինչը մինչև այժմ քրդական կողմն իրականացնում էր ոչ պաշտոնական կարգով։
Միևնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ նավթի մաքսանենգության պատճառով Իրաքի բյուջեն տարբեր հաշվարկներով կորցնում է տարեկան $3-5 մլրդ։ Այդ կորուստների ոչ փոքր մասը բաժին է ընկնում երկրի Հյուսիսում արդյունահանված նավթի մաքսանենգությանը։ Սակայն Իրաքի ցեղային խոշոր կլանների (և՛ քրդական, և՛ արաբ-շիական) և կենտրոնի ու Քուրդիստանի տարածաշրջանի պետական-կուսակցական կառույցների կողմից նավթարդյունահանող և վերամշակող ճյուղերի վերահսկումը հանգեցրեց այն բանին, որ ստեղծված ստատուս քվոն այս կամ այն չափով բավարարում է բոլորին, բացի, թերևս, Իրաքի սուննի արաբներից, որոնց բնակության պատմական տարածքը չունի նավթի և գազի պաշարներ։ Սակայն գազի հեռանկարային ենթակառուցվածքը, որը խոշոր օտարերկրյա ներդրումներ է պահանջում, ֆինանսական և կոռուպցիոն մեծ թափանցիկություն կունենա։ Գազի մաքսանենգությունից շահույթ ստանալու հնարավորություններն այս պարագայում գրեթե զրոյի կհավասարեցվեն։ Սա հարկադրում է Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությանը խստիվ պաշտպանել սեփական շահերը դեռ շահաբաժնի իրավաբանական որոշման փուլում, որը կմնա Քուրդիստանի բյուջեում։ Բացի այդ, գազի արդյունահանումից և արտահանումից ստացվող եկամուտների բաշխման թափանցիկության սխեման և աստիճանը վաղ թե ուշ կտարածվի նաև նավթային ճյուղի վրա։ Իսկ դա ուղղակիորեն կշոշափի քրդական կլանների շահերը և կարող է հանգեցնել ազդեցության վերաբաշխման ինչպես այդ կլանների, այնպես էլ Իրաքի քրդական երկու առաջատար կուսակցությունների՝ Քուրդիստանի Դեմոկրատական (առաջնորդն է Քուրդիստանի տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարզանին) կուսակցության և Քուրդիստանի հայրենասիրական միության (ՔՀՄ, առաջնորդն է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին) միջև։
Միևնույն ժամանակ, Սահմանադրության այն դրույթները, որոնց համաձայն՝ ընդերքի օգտագործումից ստացվող շահույթը3 բաժանվում է Իրաքի բոլոր ժողովուրդների միջև ըստ համամասնության սկզբունքի, ինչը Քուրդիստանը վերածում է դոնորի երկրի մնացյալ հատվածի համար, ոչ ոք չեղյալ չի հայտարարել։ Եվ տարածաշրջանային ու կենտրոնական կառավարությունների միջև հակադիր շահերի առկայությունը կարևոր նշանակություն ունի էթնիկ և դավանական խմբավորումների միջև առճակատման գործընթացների հրահրման առումով, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում հարևան պետություններին, առաջին հերթին՝ Թուրքիային իրականացնել իրենց սեփական շահերը։
Սակայն Հյուսիսային Իրաքի նավթի, իսկ հետագայում նաև գազի արդյունահանման և իրացման խնդիրները չեն սահմանափակվում Քուրդիստանի և կենտրոնի միջև մի ամբողջ շարք հիմնախնդիրներով։
Ամենախոշոր նավթահանքը, որը Քուրդիստանի բյուջե է բերում եկամուտների հիմնական մասը, գտնվում է Քիրքուք քաղաքի մերձակայքում, որը վիճելի տարածք է համարվում քրդերի, արաբների ու թուրքոմանների միջև։ Հիմնախնդիրը ծագել է անցյալ դարի 20-ական թթ., երբ Մոսուլի վիլայեթը Թուրքիայից հանձնվեց Իրաքին։
1991թ. պատերազմի արդյունքում Քուրդիստանի անկախ պետության ստեղծման հեռանկարը կամ գոնե տարածաշրջանային քրդական ինքնավարության կազմավորումը (ինքնուրույնության բարձր և իրական աստիճանով) հարկադրեց Անկարային ակտիվացնել իր արտաքին քաղաքականությունն իրաքյան ուղղությամբ։
Ոչ առանց նրա ճնշման Իրաքի հյուսիսում այսպես կոչված «անվտանգության գոտի» մտավ միայն Իրաքյան Քուրդիստանի մի մասը՝ առանց Քիրքուք և Խանեքին քաղաքների, այսինքն՝ 1974թ. միակողմանիորեն Սադամ Հուսեյնի կողմից հռչակված Քրդական Ինքնավարությունը՝ կարճացված սահմաններով։
Այս ժամանակաշրջանին է վերաբերում նաև էթնիկ թյուրքական թուրքոման (թուրքմեն) փոքրամասնությանը նյութական, ֆինանսական, կազմակերպական, իսկ ըստ որոշ տվյալների՝ նաև ռազմատեխնիկական օգնության ավելացումը։ Այդ փոքրամասնության թվաքանակը կազմում է, ըստ որոշ գնահատականների, 500 հազարից մինչև 2,5 միլիոն մարդ, որոնք հոծ բնակվում են այսպես կոչված «թուրքոմանական գոտու» տարածքում, տարածք, որը գերազանցապես բաժանում է արաբ և քուրդ բնակչությամբ շրջանները։
Զուգահեռաբար, Թուրքիան հրահրել է նաև «ժողովրդագրական պատերազմի» սկիզբը՝ քուրդ բնակչությանը որպես թուրքոման փաստագրելով՝ իբրև խթան օգտագործելով էթնիկ սկզբունքով հումանիտար օգնության բաշխումը Թուրքիայի կողմից։ Իսկ 2004թ. Թուրքիան փորձեր արեց ֆինանսավորել Քիրքուքի շրջանում ապրող իրաքյան արաբներին «թուրքոման գրանցելու» գործընթացը։
Թուրքոմանների ձեռքում քաղաքական, ավելի շուտ՝ ռազմաքաղաքական պոտենցիալի կուտակումն այդ էթնիկ փոքրամասնությանը վերածեց Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության վրա Անկարայի կողմից ճնշում բանեցնելու կարևոր գործիքներից մեկի։
Այն, որ Թուրքիան վաղ թե ուշ կարող է հավակնություններ ներկայացնել իր նախկին վիլայեթի՝ Մոսուլի հանդեպ, լավ էր հասկանում Ս.Հուսեյնը, երբ արաբական ազգայնամոլության քաղաքականության շրջանակներում թույլ էր տալիս երկրի հյուսիսի նավթաբեր շրջաններից ոչ միայն քրդերի, այլև թուրքոմանների՝ էթնիկ թյուրքերի դուրսբերումը4։
Այժմ Քուրդիստանի տարածաշրջանի սահմաններում հաշվվում է մոտ 100 հազար թուրքոման 4 մլն բնակչությունից, նրանց մեծ մասն ապրում է Էրբիլ նահանգում։ Թուրքոմանները միավորված են հասարակական-քաղաքական մի քանի կազմակերպություններում, որոնցից ամենանշանակալին Իրաքի թուրքոմանների ճակատն է, որը, սակայն, ամեն մակարդակի ընտրությունների ժամանակ ոչ մի շոշափելի աջակցություն չի ստանում։
Քիրքուքի և մյուս վիճելի տարածքների պատկանելությունը, Իրաքի սահմանադրության 140-րդ հոդվածի համաձայն, պետք է որոշվեր տեղական հանրաքվեի միջոցով, որի ժամկետները սահմանվել էին ոչ ուշ, քան 2007թ. դեկտեմբերի 31-ը։ Քանի որ քրդերը Քիրքուքի շրջանում, ակտիվ հայրենադարձության, վերաբնակեցման քաղաքականության5 արդյունքում, որն իրականացնում է Քուրդիստանի տարածաշրջանը, այդ ժամանակ արդեն կազմում էին բնակչության մեծամասնությունը, հանրաքվեի ելքի հեռանկարը և նավթով հարուստ այդ շրջանի անցումը Քուրդիստանին լրջորեն անհանգստացնում էին Անկարային, որը պահանջեց, առնվազն, հանրաքվեի անցկացումը հետաձգել 5 տարով։ 2007թ. հունվարի 15-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտ սպառնաց, որ հանրաքվեն Քիրքուքում կարող է դառնալ տարածաշրջանային հակամարտության սկիզբ։
Այն մասին, որ իրավիճակի նման զարգացումը միանգամայն հնարավոր է, վկայում են ինչպես նրա հայտարարությունները («Ներկայումս Իրաքը մեզ համար ավելի գերակա է, քան Եվրամիություն մտնելու մասին բանակցությունները»6), այնպես էլ թուրքական լրատվամիջոցների տեղեկությունները Իրաքի սահմանին ոչ պակաս, քան 240 հազար բանակային խմբավորման (ուժեղացված զրահատեխնիկայով և հրետանով) տեղակայման մասին։
Թուրքիան, ընդհանուր առմամբ, հետապնդում է հետևյալ ռազմավարական նպատակները.
1. Քուրդիստանի տարածաշրջանի պահպանումը միասնական Իրաքի կազմում՝ ապագայում տարածաշրջանի գործերում կենտրոնի դերի ամրապնդման հույսով։
2. Թույլ չտալ դե յուրե Քուրդիստանի տարածաշրջանին Քիրքուքի նավթաբեր շրջանի միավորումը։
3. Հակասությունների, ընդհուպ մինչև միջխմբակցային և միջկլանային բախումների հրահրում Քուրդիստանի հիմնական ուժերի՝ ՔԴԿ-ի, ՔՀՄ-ի, ինչպես նաև ՔԲԿ-ի միջև։
4. Նոր քաղաքական կուսակցությունների և շարժումների ստեղծում և/կամ աջակցություն, որոնք կթուլացնեն և կպառակտեն Քուրդիստանում գործող կուսակցություններն ու շարժումները։ Կուսակցական շինարարության այսօրինակ գործընթացը Քուրդիստանի տարածաշրջանի փաստացի անկախացում ձեռք բերելուց հետո արդեն սկսվել է, այդ է վկայում Քուրդիստանի հայրենասիրական միության նախկին անդամների կողմից «Գորան» («Փոփոխություններ») կուսակցության կազմավորումը, որը տեղական ընտրություններում ՔՀՄ-ից «խլել» է ձայների 11%-ը։
Քննարկման առարկա դարձնելով Իրաքյան Քուրդիստանի գազը Nabucco նախագծում ընդգրկելու հարցը՝ Թուրքիան ոչ միայն կանխավ լոբբավորում է դրա արտահանումն իր տարածքով, այլև հետապնդում է զուտ քաղաքական մի քանի նպատակ։ Ներկայիս կոնֆիգուրացիայով Nabucco գազատարի նախագծի իրականացման բավական անիրական հեռանկարների պարագայում բազմամիլիարդ ներդրումների ներգրավման հարցն օրակարգ մտցնելը Քուրդիստանի տարածաշրջանի հասարակության որոշակի մասի և իշխանական կառույցների շրջանում կարող է Թուրքիայի համար ավելի շահավետ դիրքեր ապահովել մի շարք հարցերում՝ կենտրոնի և Քրդական բանվորական կուսակցության հետ հարաբերություններից մինչև քաղաքականությունը Քիրքուքի հարցի շուրջ։ Սույն պարագայում Nabucco-ն փաստորեն Իրաքում ընթացող քաղաքական գործընթացներին միջամտելու լավ պատրվակ է, անկախ դրա իրականացման իրական հեռանկարներից։
Տնտեսական-քաղաքական այս ինտերվենցիայի հաջող իրականացման դեպքում՝
1. Թուրքիան փաստորեն կստանա ևս մեկ առիթ (այն է՝ Եվրոպայի համար չափազանց կարևոր ենթակառուցվածքի անխափան գործունեության երաշխիքների ապահովում) ակտիվ գործողություններ վարել Քրդական բանվորական կուսակցության ակտիվիստների դեմ, որի հնարավոր հարվածի տակ կարող է հայտնվել գազատարը ինչպես Թուրքիայի, այնպես էլ սահմանակից Իրաքի տարածքում։
2. Տարաձայնությունների և հակասությունների հավելյալ ասպեկտ կմտցնի ինչպես ՔԲԿ գրոհայինների հետ Քուրդիստանի տարածաշրջանի իշխանությունների և կլանների, այնպես էլ Քուրդիստանի հիմնական կուսակցությունների միջև գազի արդյունահանումից և արտահանումից ստացվող եկամուտների բաշխման հարցում։
3. Կխթանի Քուրդիստանի տարածաշրջանում անջատողական տրամադրությունների նվազումը, քանի որ բազմամիլիարդանոց ներդրումների ներգրավումը հնարավոր է, ավելի շուտ, միասնական Իրաք պետությունում, այլ ոչ թե նրանից առանձնացված հատվածում, մանավանդ որ այդ անջատումը հղի է լարվածության կտրուկ սրմամբ նրա սահմանի ողջ երկայնքով, ընդհուպ մինչև մարտական գործողությունների սկսումը։
4. Նույն պատճառով կթուլացնի պայքարի լարվածությունը Քիրքուքի շուրջ և կաջակցի ստատուս քվոյի պահպանմանը։
5. Միջնաժամկետ հեռանկարում Թուրքիան կշարունակի ոչ միայն Քուրդիստանի տարածաշրջան ներթափանցելու (այսօրվա դրությամբ տարածաշրջանում ներդրումների 70%-ը թուրքական է), այլև դեպի Անկարա կողմնորոշված քաղաքական տարածքի, մասնավորապես՝ թուրքմանո-արաբական կուսակցությունների և շարժումների ստեղծման փորձերը։ Թուրքմանական շարժման թուրքամետ, ավելի ակտիվ մասի վրա անդրսահմանային ազդեցության մոդելն ու տեխնոլոգիաները կարող են հաջողությամբ կիրառվել նաև Անկարայի արտաքին քաղաքական շահերի ծիրում ընդգրկված այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ Ջավախքում, Թուրքիայում գտնվող ախիսկինյան թուրքերի կենտրոններից թուրք-մեսխեթցիների շարժման արտաքին կառավարման պարագայում։
Քուրդիստանի տարածաշրջանի նկատմամբ Թուրքիայի նոր քաղաքականությունն, ընդհանուր առմամբ, տեղավորվում է ակտիվ նեոօսմանիզմի հայեցակարգի շրջանակներում, որը ներկայումս դարձել է Անկարայի արտաքին քաղաքականության առանցքը։ Իզուր չէ, որ Թուրքիայի գիտական շրջանակներում լրջորեն դիտարկում են դրան Իրաքի հյուսիսային շրջանների միացման հեռանկարը։
1 http://news.mail.ru/economics/2910507/
2Ուժի մեջ է մտել 2005թ. հոկտեմբերի 15-ին անցկացված համաժողովրդական հանրաքվեից հետո։
3Ի դեպ, նավթից և գազից բացի, Քուրդիստանն ունի երկաթի, ոսկու, ուրանի, վոլֆրամի և վանադիումի զգալի պաշարներ։
4Արևմտյան և քրդական աղբյուրների գնահատականներով՝ միայն 1991-1998թթ. այնտեղից արտաբնակեցվել են 200 հազ. քուրդ և 5 հազ. թուրքմեն, իսկ Իրաքի մյուս նահանգներից Քիրքուք է տեղափոխվել 300 հազ. արաբ. Քիրքուք նահանգում, որտեղ ռազմական դրություն էր հայտարարված, թույլատրվում էր բնակվել միայն այն քրդերին, որոնք հրաժարվում էին իրենց ազգային պատկանելությունից։ Քուրդ բնակչության բաժինը նվազեցնելու նպատակով ոչնչացվում էին Քիրքուք քաղաքի մերձակայքում գտնվող քրդական գյուղերը և փոխվում էին նահանգի վարչական սահմանները՝ դրանում ոչ քրդական բնակավայրերի ներգրավման ճանապարհով։ http://www.kurdistan.ru/a211.htm
51957թ. մարդահամարի տվյալների համաձայն (մինչև Քուրդիստանում լայնածավալ ռազմական գործողությունների սկսվելը)՝ Քիրքուքի բնակչության 48%-ը կազմում էին քրդերը, 28,2%-ը՝ արաբները և 21,4%-ը՝ թուրքմենները («թուրքոմանները»)։ http://www.kurdistan.ru/a211.htm
6 http://www.Turkey.ru/lenta/all/20070201/2893.html
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԻՐԱՆ. ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՓՈՐՁ[30.06.2015]
- ՎՈՒԱՄ-Ը ՎԵՐԱԾՆՎՈ՞ՒՄ Է[01.09.2014]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԻԼՆՅՈՒՍԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ. «ՀԱՆՈՒՆ ՍՐՏԵՐԻ ԵՎ ՄՏՔԵՐԻ» ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ[20.03.2014]
- ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ 2013Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ[22.12.2013]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ[17.09.2013]
- ԹՈՒՐՔԻԱ. ԱՇԽԱՐՀԻԿ ԿԱՐԳԻ ՀՈԳԵՎԱՐՔ[31.07.2013]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՂՐՂԶՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ (ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[03.06.2013]
- ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԱՆՈՒՂՂԱԿԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ[25.02.2013]
- ՎՐԱՍՏԱՆ. ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՓՈՐՁ ՆԵՂ ԿԱԾԱՆՈՒՄ[14.01.2013]
- ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[02.08.2012]
- «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ»,- «ԳԱ»-ի հետ հարցազրույցում ասում է «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխղեկավար Սերգեյ ՍԱՐԳՍՅԱՆԸ[25.07.2012]