• am
  • ru
  • en
Версия для печати
02.12.2010

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԵԴԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Руский

   

Սամվել Մարտիրոսյան

Ս.Մարտիրոսյան` «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Այլընտրանքային և ավանդական ԶԼՄ-ի սերտաճման համաշխարհային միտումը

Ինտերնետի ներկայիս զարգացումը հանգեցրել է այն բանին, որ այլընտրանքային լրատվամիջոցները սկսել են, մի կողմից, մրցակցել, մյուս կողմից՝ լրացնել ավանդական զանգվածային լրատվամիջոցներին։ Վերջին տարիների գլոբալ փորձը ցույց է տալիս, որ այսպես կոչված քաղաքացիական լրագրությունը (որտեղ ներառվում են բլոգերները, սոցիալական ցանցերի և նման քաղաքացիական ռեսուրսների այցելուները) որոշակի իրավիճակներում շատ ավելի արդյունավետ է դուրս գալիս, քան ավանդական լրատվամիջոցները1։ Ավելին, ավանդական ԶԼՄ-ի համար սոցիալական ցանցերն աղբյուր են դառնում. ընթերցողները ցանցում օգտվում են այլ այցելուների հղումներից։

Այն դեպքերում, երբ օպերատիվ տեղեկատվություն է անհրաժեշտ դեպքի վայրից, բլոգերները և սոցիալական ցանցերի մասնակիցներն ավանդական լրատվամիջոցներից շատ ավելի օպերատիվ են լինում։ Քաղաքացիական ժուռնալիստիկան նաև ավելի արդյունավետ է գործում այն վայրերում, որտեղ մամուլը սահմանափակված է այս կամ այն պատճառով։ Այսպես, օրինակ, 2009թ. Իրանում իշխանության և ընդդիմության միջև դիմակայության շրջանում տեղեկատվության հիմնական աղբյուրները Իրանի քաղաքների փողոցներից, որտեղ բախումներ էին տեղի ունենում, բլոգերներն էին իրենց բջջային հեռախոսներով2։

Հաղորդակցության նման զարգացումը հանգեցնում է այն բանին, որ էլ ավելի շատ ավանդական լրատվամիջոցներ են ինտեգրվում այլընտրանքային լրագրության աղբյուրներին։ Դա հիմնականում արտահայտվում է հետևյալում.

  • ԶԼՄ-ն օգտագործում է այլընտրանքային ժուռնալիստիկայի միջավայրը որպես տեղեկատվության աղբյուր։
  • Դրա համար ԶԼՄ-ում ներգրավում են մասնագետների, որոնք տիրապետում են բլոգներից և սոցիալական ցանցերից օպերատիվ, և որ գլխավորն է, հավաստի տեղեկատվություն ստանալու հմտություններին։
  • Զանգվածային լրատվամիջոցներն իրենք են բացում իրենց բլոգները, խրախուսում են իրենց լրագրողների կողմից բլոգներ վարելը և ակտիվությունը սոցիալական ցանցերում։
  • ԶԼՄ-ն փորձում է առավելագույնս ավելացնել իր ներկայությունը սոցիալական ցանցերում և բլոգներում, դառնալ տեղեկատվության հավաստի աղբյուր տեղեկատվական այդ միջավայրում։

Հայկական ավանդական մամուլը՝ ճամփաբաժանին

Հայկական տեղեկատվական դաշտում տեղի է ունենում մոտավորապես նույն բանը, ինչ և գլոբալ առումով, միայն թե ժամանակի առումով մի փոքր հետ ընկնելով։ Հայկական զանգվածային լրատվամիջոցներն այժմ ակտիվորեն փորձում են ինտեգրվել սոցիալական ցանցերի և բլոգների հետ։ Գրեթե ողջ ավանդական մամուլն այժմ աշխատում է սոցիալական ցանցերում՝ մեծ տարածման հասնելու համար Facebook-ի, Одноклассники.ru-ի և այլ ցանցերի այցելուների շրջանում։

Հայկական մամուլի (հատկապես տպագիր) համար սոցիալական մեդիան դառնում է «նավարկության մեջ մնալու» միակ հնարավորությունը։ Հաշվի առնելով այն, որ թերթերի մեծամասնությունը մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար տպաքանակ ունեն, կարելի է կանխատեսել, որ առկա միտման պարագայում սոցիալ-քաղաքական ուղղվածության տպագիր հրատարակությունները կսկսեն անհետանալ տեղեկատվական դաշտից՝ պիտանի չլինելու և չափից ավելի թանկության հետևանքով (ինչն առնչվում է չնչին լսարանի և հասարակության վրա թույլ ազդեցության հետ)։ Միևնույն ժամանակ, օն-լայն ռեժիմ դուրս գալը և այնուհետև սոցիալական ցանցերում տեղեկատվության աղբյուր դառնալը հայկական զանգվածային լրատվամիջոցների համար «երկրորդ կյանք» ստանալու հնարավորություն են դառնում։ Այսօր հայկական շատ թերթեր օն-լայն և տպագիր տարբերակներով մոտավորապես հավասար լսարան ունեն3։ Հաշվի առնելով այն փաստը, որ թերթի օն-լայն տարբերակը շատ ավելի էժան է, իսկ ընթերցողների պոտենցիալ լսարանն ինտերնետում՝ ավելի մեծ, ավանդական ԶԼՄ-ի համար առավել այժմեական է դառնում իր գործունեությունն ինտերնետ տեղափոխելը։

Հայաստանը սոցիալական ցանցերում

Հայկական ինտերնետն այժմ գտնվում է կտրուկ աճի փուլում։ Մրցակցությունը մոբիլ օպերատորների և ինտերնետ կապի պրովայդերների միջև հանգեցրեց ծառայությունների կտրուկ էժանացման այս ոլորտում։ Այս առնչությամբ ինտերնետից օգտվողների թիվն այժմ աճում է շատ ավելի արագ, քան 2008 թվականին էր։ Համապատասխանաբար, նկատվում է սոցիալական ցանցերից օգտվողների թվաքանակի աճ։

Եթե դիտարկելու լինենք հայկական տեղեկատվական պորտալների այցելությունների հետ կապված իրավիճակը սոցիալական ցանցերի և բլոգների այցելությունների համեմատությամբ, ապա բավական հետաքրքիր պատկեր է ստացվում։ Circle.am4 վարկանիշային համակարգում գրանցված հայկական բոլոր լրատվական ռեսուրսներն (գրեթե բոլոր հիմնական «խաղացողներն» են՝ մոտ 150 կայք) օրական մոտ 170 հազար այցելություն ունեն5։ Ընդ որում, այցելությունների միայն 43%-ն է կատարվում Հայաստանում։

Սոցիալական ցանցերն, իրենց հերթին, ավելի քան շատ են ներթափանցում Հայաստան։ Այսպես, Ditord.com-ի տվյալներով՝ Հայաստանում Odnoklassniki.ru6 սոցիալական ցանցը 450 հազար գրանցված այցելու ունի։ Odnoklassniki.ru-ն շարունակում է մնալ ամենատարածված սոցիալական ցանցը Հայաստանում։ VKontakte.Ru սոցիալական ցանցում Հայաստանից գրանցված է մոտ 200 հազար այցելու7։

Միևնույն ժամանակ, այսօր Հայաստանում առավել զարգացող ցանց է համարվում գլոբալ առումով ամենամեծ ցանցը՝ Facebook-ը։ Այստեղ հայ այցելուների թիվը հասնում է 80 հազարի։ Ընդ որում, այցելուների թվի աճը կազմում է ամսական մոտ 10-15%։

Եթե Facebook-ը այցելուների թվով առայժմ լրջորեն հետ է մնում Odnoklassniki.ru–ից, ապա այցելուների ակտիվության առումով պատկերը հակառակն է։ Alexa.com կայքի տվյալներով, որն անցկացրել է ողջ աշխարհում ինտերնետի այցելուների ակտիվության մոնիթորինգ, օգոստոսի վերջին Հայաստանում Facebook ցանցն առաջ է անցել Odnoklassniki.ru-ից գեներացվող թրաֆիկի քանակությամբ (սեպտեմբերի վիճակագրության համաձայն՝ Facebook-ը Google–ից հետո երկրորդ տեղն է գրավում, Odnoklassniki.ru-ն երրորդ տեղում է8

Facebook-ը բնակչության սոցիալապես ակտիվ մասի համար քաղաքացիական ակտիվության գործիք է դարձել։ Հենց Facebook-ի և բլոգոսֆերայի միջոցով են առաջ եկել քաղաքացիական այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու և օտարալեզու դպրոցներ բացելու դեմ շարժումները։ Facebook-ի միջոցով է նաև իր գործունեությունը համակարգում այն խումբը, որը պայքարում է Երևան քաղաքի կանաչ գոտու վերացման դեմ։ Այդ խմբերը բազմաթիվ են և սոցիալական, քաղաքացիական ակտիվության լուրջ աղբյուր են հանդիսանում, ինչի հետ այսօր հաշվի է նստում ինչպես կառավարությունը, այնպես էլ Հայաստանի քաղաքական ուժերը.

  • SAVE Cinema Moscow Open-Air Hall (Փրկեք «Մոսկվա» կինոթատրոնի բաց դահլիճը) – 6600 գրանցված մասնակից9
  • Մե՛նք ենք այս քաղաքի տերը – 3670 գրանցված մասնակից10
  • Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը - 3250 գրանցված մասնակից11։

Համեմատության համար. նման խմբերի լսարանը համեմատելի է հայկական հիմնական օն-լայն լրատվական ռեսուրսների լսարանի հետ։ Համապատասխանաբար, նման խմբերի տեղեկատվական արժեքը կոնկրետ հարցերի շուրջ երբեմն դառնում է որակապես ավելի բարձր, քան ավանդական լրատվամիջոցներինը։ Իր հերթին, մամուլի համար նման խմբերում որպես տեղեկատվական աղբյուր ներկա լինելը կարևոր է դառնում, ինչը թույլ է տալիս մեծացնել լսարանը։

1Տե՛ս Самвел Мартиросян, «УВЕЛИЧЕНИЕ РОЛИ СОЦИАЛЬНЫХ СЕТЕЙ В ИНФОРМАЦИОННОМ ПОЛЕ», http://noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=4623

2Տե՛ս Самвел Мартиросян, «ИРАН – ИСПОЛЬЗОВАНИЕ АЛЬТЕРНАТИВНЫХ КОММУНИКАЦИЙ», http://noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=2524

3Տե՛ս Посещаемость основных армянских СМИ в рейтинговой системе Circle - http://www.circle.am/?cat=news&for=today&by=visits

4 http://www.circle.am/?go=catinfo&cat=news

5Նոր այցելություն է համարվում նույն մարդու կողմից կայք այցելությունը 30 րոպե հետո։

6 http://ditord.com/2010/08/31/facebook-overtakes-odnoklassniki-as-armenias-top-social-network

7 http://vkontakte.ru/ads.php?act=union_create_ad

8 http://www.alexa.com/topsites/countries/AM

9 http://www.facebook.com/?sk=2361831622#!/group.php?gid=343138923439

10 http://www.facebook.com/group.php?gid=119537174725392

11 http://www.facebook.com/group.php?gid=112426852127161

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 6
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր