ԻՐԱՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
2007թ. սեպտեմբերի 5-ին Իրանի նախկին նախագահ Ա.Ա. Հաշեմի-Ռաֆսանջանիի ընտրությունը Փորձագիտական վեհաժողովի նախագահի պաշտոնում եւ մինչ այդ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարի ազատումը զբաղեցրած պաշտոնից բավական կարեւոր իրադարձություններ են Իրանի ներքաղաքական կյանքում։ Վերը նշված զարգացումները Իրանում տեղ գտած որակական փոփոխությունների մասն են կազմում` պայմանավորված ԱՄՆ-ի կողմից ռազմուժի կիրառման հնարավորության մեծացմամբ եւ Իրանի ներսում վարչական ու քաղաքական ռեսուրսի վերաբաշխմամբ։
Այս տարվա հունիս–հուլիսին, Իրան–ԱՄՆ բանակցային գործընթացում որոշակի դրական տեղաշարժերով պայմանավորված, միջազգային լրատվական եւ վերլուծական շրջանակներում սկսեցին ավելի հաճախ երեւալ կարծիքներ ու տեսակետներ այն մասին, թե Իրանում արմատական քաղաքական ուժերի դիրքերը թուլանալու միտում ունեն։ Սա առաջին հերթին վերաբերում է նախագահ Մ.Ահմադինեժադի կողմնակիցներին, որոնք բավական համեստ արդյունքների հասան անցած տարի կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Այս հարցերին նվիրված մի վերլուծական հրատարակեց ամերիկյան հանրահայտ «Foreign Policy» ամսագիրը, որն ուշագրավ վերնագիր ուներ` «Ahmadinejobless», այսինքն` «Գործազուրկ Ահմադինեժադ»։ Հոդվածի հիմնական տեսակետներից մեկն այն էր, թե Իրանի ներքաղաքական դաշտում նախագահի դիրքերն աստիճանաբար թուլանում են, եւ դա չի կարելի բացատրել միայն քաղաքական ընտրանու կողմից նրա վարած կուրսի նկատմամբ ոչ այնքան դրական վերաբերմունքով, այլ նաեւ նրանով, որ բուն իրանական հասարակությունը սկսում է ավելի քննադատաբար գնահատել նախագահին եւ նրա սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։
Սակայն միայն այս հարցերը չեն, որ պայմանավորում են նախագահի դիրքերի թուլացումը եւ քաղաքական ռեսուրսի վերաբաշխումը։ Նշենք մի քանի իրողություններ, որոնք, մեր կարծիքով, անմիջականորեն ազդում են երկրում քաղաքական իրավիճակի վրա։
Ալի Խամենեիի առողջական վիճակի անորոշությունը. 2006-ին առաջին անգամ հայտնվեցին չհաստատված լուրեր այն մասին, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին մահացել է։ Այդ լուրերը մատնանշում են ոչ թե Իրանի դեմ տեղեկատվական եւ հոգեբանական պատերազմի ընթացքը, այլ այն իրողությունները, որոնք առկա են երկրի հոգեւոր առաջնորդի շուրջ. փաստ է, որ նրա առողջական վիճակը վատ է, եւ դրա վկայություններից մեկը Ա.Խամենեիի` հասարակությանը սակավ հայտնվելն է։ Նման իրավիճակը տեսականորեն մի քանի զարգացում եւ հետեւանք կարող է ունենալ.
1.Հոգեւոր առաջնորդի մահը կբերի նոր առաջնորդի ընտրության, եւ այս գործընթացում առաջնային ազդեցություն կունենա 86 հոգուց բաղկացած Փորձագետների վեհաժողովը, որը եւ իրավասու է ընտրել նոր հոգեւոր առաջնորդին։ Ինչպես վերը նշվեց, սեպտեմբերի 5-ին Փորձագետների վեհաժողովի նախագահ է ընտրվել Իրանի նախկին նախագահ Ա.Ա.Հաշեմի Ռաֆսանջանին։
2.Հոգեւոր առաջնորդի առողջության կտրուկ վատթարացումը տեսականորեն կարող է բերել նրա պաշտոնազրկմանը, եւ այստեղ նույնպես որոշումներ կայացնող մարմինը Փորձագետների վեհաժողովն է։
3.Հոգեւոր առաջնորդի առողջության վատթարացումը կարող է հանգեցնել նրան, որ կնվազի վերջինիս` քաղաքական եւ տնտեսական գործընթացներին մասնակցությունը։ Այս իրավիճակում նախագահի ազատությունը կարող է ավելի նշանակալի դառնալ, այսինքն` Ահմադինեժադը կարող է ավելի ազատ գործել թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական դաշտում։ Իսկ այդ պարագայում նախագահի ազատության սահմանափակման մարմին կարող է դառնալ խորհրդարանը, որի նոր կազմի ընտրությունները տեղի են ունենալու 2008-ի մարտին։
2008-ի խորհրդարանական եւ 2009-ի նախագահական ընտրությունները. Ինչպես նշեցինք, 2008-ի մարտին Իրանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Դրանց արդյունքում երկրում պետք է ավարտվի քաղաքական ուժերի վերադասավորման գործընթացը, որը հիմք կստեղծի նախագահական ընտրությունների շատ թե քիչ կանխատեսելի եւ կայուն ընթացքի համար։
Սակայն Իրանի քաղաքական ուժերն այսօր դեռեւս պայքարում են խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու համար։ Ինչպիսին կլինի հաջորդ խորհրդարանը` թերեւս, հնարավոր է մասամբ կանխատեսել. այնտեղ գրեթե չեն լինի, այսպես կոչված, բարեփոխիչների ներկայացուցիչներ, իսկ հիմնական պայքարը կընթանա, պայմանականորեն ասած, հին պահպանողականների եւ նոր պահպանողականների միջեւ։ Եթե գնահատականները տրվեն արեւմտյան դասական քաղաքագիտական տերմիններով, ապա կարելի է ասել, որ պայքարն ընթանալու է կենտրոնամետների /համախմբված Ռաֆսանջանիի եւ այլ առաջնորդների շուրջ/ եւ աջ ծայրահեղականների /համախմբված նախագահի, արմատական հայացքներ կրող այաթոլաների շուրջ/ միջեւ։
Մեր կարծիքով` հենց գալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների պայքարի մոտալուտ սկիզբն է հիմք հանդիսացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի /ԻՀՊԿ/ ղեկավար, գեներալ Յ.Սաֆավիի հեռացման համար։ Գեներալ Սաֆավին երկար տարիներ ղեկավարել է կորպուսը եւ աչքի է ընկել իսլամական վարչակազմին եւ հոգեւոր առաջնորդին անձնվեր ծառայությամբ։ Օգոստոսին ամերիկյան կողմի հայտարարությունը, թե Վաշինգտոնը ցանկանում է ԻՀՊԿ-ն ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, չէր կարող նրա ղեկավարի պաշտոնանկության հիմք հանդիսանալ. նախ, Իրանի կողմից պարզապես նահանջ կլիներ` Վաշինգտոնի պատճառով աշխատանքից հեռացնել ԻՀՊԿ ղեկավարին, եւ երկրորդ` կազմակերպության ղեկավարի հեռացումը չի նշանակում կազմակերպության լուծարում եւ այդ իսկ պատճառով այն չի կարող ազդել ԱՄՆ հնարավոր որոշումների վրա։ Որ Յ.Սաֆավիի հեռացումը կապված չէ ԱՄՆ դիրքորոշման հետ, ակնհայտորեն երեւում է գոնե այն բանից, թե իրեն ինչպես դրսեւորեց ԻՀՊԿ նորանշանակ ղեկավար Մահմուդ Ալի Ջաֆարին. սեպտեմբերի 10-ին ԻՀՊԿ սպայակույտի հետ հանդիպման ժամանակ նա իր ելույթի նշանակալի մասը նվիրեց հակաամերիկյան հայտարարություններին եւ Վաշինգտոնի քաղաքականության սուր ու ագրեսիվ քննադատությանը։ Նշենք, որ Մ.Ա. Ջաֆարին բրիգադի գեներալ է եւ ակտիվ մասնակցություն է ունեցել իրանա-իրաքյան պատերազմում։ ԱՄՆ դեսպանատան գրավումից հետո ներիրանական քաղաքական զարգացումներում նա որեւէ ակտիվ մասնակցություն չի ունեցել։
Եթե ճիշտ են այն տեղեկությունները, թե Իրանի հոգեւոր առաջնորդ Ա.Խամենեին վատառողջ է եւ սկսելու է ավելի պակաս չափով ազդել երկրի զարգացումների վրա, ապա իրոք առկա է նշանակալի քաղաքական ճգնաժամի հիմք։ Նման ճգնաժամի ծավալման համար ավելի քան հիմնավոր պատճառ կարող են դառնալ հենց խորհրդարանական ընտրությունները, որոնք իսկական պայքարի թատերաբեմի վերածվելու ներուժ ունեն։ Այս պարագայում բավական կարեւոր դեր է ունենալու ԻՀՊԿ կողմնորոշումը, որը տիրապետում է քաղաքական գործընթացների վրա ազդելու մեծ պոտենցիալի։ Հոգեւոր առաջնորդի հիվանդության կամ պասիվության պարագայում թե ում կպաշտպաներ Յ.Սաֆավին` շատ կարեւոր հարց է, հաշվի առնելով այն, որ Իրանի ներկայիս նախագահը ԻՀՊԿ նախկին սպա է եւ միշտ էլ վայելել է այս կառույցի աջակցությունը։
Այսպիսով, խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ ԻՀՊԿ ղեկավարի փոփոխությունը բավական լուրջ ազդեցություն կունենա ընտրությունների ընթացքի վրա եւ, հավանաբար, հոգեւոր առաջնորդի կողմից արված քայլ է` ուղղված հին պահպանողականների եւ նրանց շահերի պաշտպանությանը։
Արտաքին գործոնի ազդեցությունը. Վերը նշված «Գործազուրկ Ահմադինեժադ» հոդվածում կիսալուրջ, սակայն իրականությանը որոշ չափով համապատասխանող տեսակետ է նշվում այն մասին, որ Իրանում ստեղծված ներքաղաքական իրադրության պայմաններում Մ.Ահմադինեժադին իշխանությունը պահելու գործում կարող է օգնել միայն ԱՄՆ նախագահ Ջ.Բուշը։ Խոսքն, ընդհանուր առմամբ, այն մասին է, որ ԱՄՆ ռազմատենչ հայտարարությունները եւ Վաշինգտոնի` Իրանի դեմ ռազմուժ կիրառելու հնարավորությունը որոշակի օբյեկտիվ եւ արդարացված հիմք են ստեղծում Մ.Ահմադինեժադի իշխանության պահպանման համար։ Կարո՞ղ է արդյոք Իրանի նախագահը գնալ ԱՄՆ-ի հետ հակամարտության սրացման սեփական իշխանությունը պահպանելու համար հարցին անգամ հարաբերական վստահությամբ պատասխանել չի կարելի։
Սակայն փաստ է, որ արտաքին աշխարհի հետ շատ թե քիչ բարիդրացիական հարաբերություններ ունենալու մեջ շահագրգիռ իրանական քաղաքական եւ տնտեսական շրջանակները, մանավանդ նրանք, ում ֆինանսական եւ տնտեսական բարեկեցությունը կախված է արտերկրի հետ հարաբերություններից ու համագործակցությունից, լրջորեն տուժում են թե՛ Մ.Ահմադինեժադի ներքին սոցիալական քաղաքականությունից, թե՛ արտաքին քաղաքականությունից, որի արդյունքում շուտով Իրանի տնտեսության միակ ոլորտը, որը չի ենթարկվի միջազգային պատժամիջոցներին, կդառնա նավթի արտահանումը, որն առանց այդ էլ հիմնականում ղեկավարվում է պետության կողմից։
Այս պարագայում Իրանի ներկա ներքաղաքական վերադասավորումները կարող են արդյունք լինել այն անհանգստության, որն առկա է ԱՄՆ-ի եւ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում։ Այս վերադասավորումները, որոնք գալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների նախապատրաստությունն են, կարող են բերել Իրանի արտաքին քաղաքական գծի եւ մասամբ դրա մաս կազմող միջուկային քաղաքականության վերիմաստավորման։
Ակնհայտ է, որ Իրան–ԱՄՆ հարաբերությունների անսպասելի եւ արագ բարելավման մասին խոսք անգամ լինել չի կարող. միջպետական հակամարտության հիմքում ընկած է ոչ թե իրանական վարչակարգի բնույթը կամ քաղաքականությունը, այլ այն, որ Իրանն արդեն իսկ դարձել է ԱՄՆ թիվ մեկ մրցակիցը Մերձավոր Արեւելքում ազդեցության աճի եւ պահպանման համար մղվող պայքարում։
Ունենալով հիմնականում պետական նշանակության պատճառներ` ներքաղաքական զարգացումներն Իրանում Թեհրանի տարածաշրջանային քաղաքականության նշանակալի փոփոխությունների չեն հանգեցնի։ Սա վերաբերում է նաեւ Հարավային Կովկասին եւ Հայաստանին, որտեղ Իրանի ներկայիս քաղաքական գիծն արտացոլում է Թեհրանի բնական շահերի պաշտպանության քաղաքականությունը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]