• am
  • ru
  • en
Версия для печати
23.11.2010

ՊՈՍՏԻՍԼԱՄԻԶՄԸ ՈՐՊԵՍ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՖՈԼՈԳԵՄ ԻՍԼԱՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

   

Դմիտրի Պուզիրյով

Իսլամական արմատական շարժման անխզելի կապը համաշխարհային արդի քաղաքական գործընթացների հետ մեծացնում է դիտարկվող խնդրի նկատմամբ արդի միջազգային հարաբերությունների հիմնախնդիրներով հետաքրքրվող գիտնականների, լրագրողների, վերլուծաբանների և շարքային մարդկանց ուշադրությունը։ Բայց, մյուս կողմից, շոշափվող հիմնախնդրի հրատապությունը, ինչպես նաև մի շարք հետազոտողների քաղաքական և կրոնական նախապատվությունների տարբերությունը միշտ չէ, որ նպաստում է սույն երևույթի օբյեկտիվ վերլուծությանը։ Նման իրավիճակը հանգեցնում է նրան, որ հաճախ, ի նպաստ այս կամ այն կոնյունկտուրային նկատառումների, այս կամ այն կերպ իսլամի հետ կապված երևույթների և գործընթացների հետազոտության ժամանակ կանխակալ հետազոտողները ստեղծում են լայն սպառման համար նախատեսված տարածված առասպելներ։

Բոլորովին վերջերս հումանիտար մի շարք գիտություններում ի հայտ եկած պոստիսլամիզմ տերմինն արդի իսլամագիտության միֆոլոգեմներից մեկն է։ Այսպես, օրինակ, իր «Պոստիսլամիզմ. անխուսափելի էվոլյուցիա» աշխատանքում Ա.Փաշայանը նշում է, որ Սառը պատերազմի ավարտով «նոր» աշխարհը բնութագրող շատ չափանիշներ, արևմտյան վերլուծաբանների կարծիքով, աղոտ են և փոփոխական, ուստի դրանք պետք է սահմանել «post» նախածանցով։ Այս տեսակետից, նշված հեղինակի կարծիքով, հետաքրքիր է պոստիսլամիզմ (post-Islamism) հասկացության նշանակությունը, որը «նշանակում է իսլամիզմի շրջանի ավարտ և նորի սկիզբ»։ Ա.Փաշայանի այս տեսական դրույթը կարծես հաստատում է այն, որ իբր 1990-ական թթ. իսլամական ծայրահեղականությունը բացառիկ վերելք ապրեց։ Սակայն թույլ ենք տալիս մեզ չհամաձայնել նման հայտարարության հետ։

Արդիականության առավել հայտնի և արյունալի ահաբեկչությունները, ինչպես հայտնի է, կատարվել են XXI դարում, իսկ քաղաքակիրթ համաշխարհային հանրությունը միայն 2001թ. սեպտեմբերյան տխրահամբավ իրադարձություններից հետո, հնազանդվելով ԱՄՆ «պահանջներին», իսլամական արմատականության գաղափարախոսության վրա հիմնված միջազգային ահաբեկչությունը ճանաչեց որպես հատուկ իրողություն, արդի միջազգային հարաբերությունների ծանրակշիռ գործոն։ Ընդ որում, հանուն արդարության նկատենք, որ Ռուսաստանը ԱՄՆ-ից շատ առաջ հորդորում էր միջազգային հանրությանը միավորել բոլոր ջանքերը միջազգային (անդրազգային) ահաբեկչության դեմ պայքարի համար, բայց, ցավոք, մինչև որոշակի պահի նրան չլսեցին։ Ընդ որում, Առևտրի համաշխարհային կենտրոնի վրա գրոհներին հետևած հետագա իրադարձությունները, ինչպիսին է «Թալիբանի» դեմ ռազմական գործողությունը, ինչպես նաև Իրաքի օկուպացիան, ընդամենն ակտիվացրին միջազգային ահաբեկչական կառույցների գործունեությունը՝ դրանց օժտելով լրացուցիչ գաղափարախոսական ռեսուրսներով։

Ուշադրություն դարձնենք նաև այն փաստին, որ իսլամական արմատականությունը մենք դիտարկում ենք որպես գաղափարախոսություն, որը պարունակում է մուսուլմանական դավանանքի արմատական մեկնաբանություն վաղիսլամական կենսակերպի բացարձակացման ոգով, և դրա վրա հիմնված սոցիալ-քաղաքական գործելակերպ՝ ուղղված շարիաթի օրենքներով կառավարվող համաշխարհային հանրության ստեղծմանը, որոնք գերազանցապես որպես միջոց օգտագործում են ծայրահեղական և ահաբեկչական մեթոդներ։ Ընդ որում, «իսլամական արմատականություն» և «իսլամիզմ» տերմինները մենք օգտագործում ենք որպես հոմանիշ հասկացություններ, քանի որ նկատի է առնվում քաղաքական այլընտրանքն իսլամական աշխարհի (որի պոտենցիալն ամենևին էլ սպառված չէ) արդի ռեժիմներին։

Եվ միայն կոմունիստական գաղափարի տապալմամբ իսլամական արմատականությունը կարողացավ հայտարարել իր մասին որպես իրական այլընտրանք իսլամական աշխարհի «արևմտամետ ռեժիմներին», ինչպես նաև ընդհանուր առմամբ գլոբալացմանը, զարգացման հատուկ ուղի, որը հենվում է մուսուլմանների համար ավանդական արժեքների վրա։ Ընդ որում, արմատական իսլամական շարժումների աճին նպաստեցին փոխկապակցված և փոխպայմանավորված մի շարք պատճառներ, որոնք մենք բացահայտել ենք մեր «Իսլամական ֆունդամենտալիզմի աճը. պատճառները և հետևանքները» (Вестник Московского университета. Серия 18. Социология и политология. 2008. № 3) հոդվածում։ Նշենք միայն հիմնականները. պատմական – իսլամի և քրիստոնեության ավանդական դիմակայությունը, սոցիալ-տնտեսական – գործազրկության, աղքատության, արտաքին պարտքի աճը, տեխնոլոգիական հետամնացությունը, ժողովրդագրական – ազգաբնակչության առաջանցիկ աճը տնտեսական հնարավորությունների համեմատ, քաղաքական – իշխող ռեժիմների՝ հանրային զարգացման կենսական խնդիրները լուծելու անկարողությունը, հոգեբանական – ներքին կայուն պատնեշների բացակայությունը բռնի մեթոդների և միջոցների օգտագործման առջև։

Ա.Փաշայանը մեր նշած «Պոստիսլամիզմ. անխուսափելի էվոլյուցիա» աշխատանքում որոշ անգլիալեզու հետազոտողների հետևից հաստատում է, որ պոստիսլամիզմի ներկա շրջանը բնութագրվում է նրանով, որ «մարտնչող իսլամիզմի» ներկայացուցիչները ցանկանում են գործել քաղաքական դաշտում՝ ընդհանուր առմամբ հրաժարվելով բռնի մեթոդներից։ Որպես օրինակ բերվում է «արմատական կրոնաքաղաքական իսլամական մի շարք կազմակերպությունների» սոցիալական գործունեությունը, ինչպիսին են «Համասը» և «Հիզբալլահը», որոնք մեծ ուշադրություն են նվիրում բարեգործությանը, հիվանդանոցների, դպրոցների, գրադարանների կառուցմանը։ Սակայն այդ հոդվածում ոչ մի խոսք չի ասվում նշյալ ոչկառավարական կրոնաքաղաքական կազմակերպությունների (ՈԿՔԿ) շարունակվող ահաբեկչական գործունեության մասին։

Իսկ մենք, չժխտելով այդ կազմակերպությունների «սոցիալական գործունեությունը», որն, ի դեպ, հատկանշական է բոլոր իսլամական ՈԿՔԿ-ների համար, նշում ենք դրանց և դրանց նման կազմակերպությունների կազմում ռազմականացված մասերի առկայությունը, որոնք ահաբեկչությունը համարում են ձևակերպված նպատակներին և խնդիրներին հասնելու հիմնական միջոց։ Ընդ որում, ինչպես հայտնի է, ինքը՝ «Համասը», սկզբում հանդես էր գալիս որպես պաղեստինյան «Մուսուլման եղբայրների» ռազմական կառույց։ Բացի այդ, հայտնի է նաև այն փաստը, որ այս կամ այն չափով քաղաքական իշխանության հասնող արմատական կազմակերպություններն աստիճանաբար հեռանում են խնդիրների լուծման բռնի մեթոդներից՝ բոլոր վեճերը տեղափոխելով քաղաքական հարթություն, բայց նման կազմակերպություններին փոխարինելու են գալիս ուրիշները, էլ ավելի արմատականները։

Իր «Իսլամական արմատականություն. ծագումը, գաղափարախոսությունը, գործելակերպը» աշխատանքում մեր տեսակետին նման կարծիք է հայտնում արմատական իսլամի հայտնի հետազոտող Ի.Դոբաևը. «այն երկրներում, որտեղ իսլամիստները հնարավորություն ունեն լեգալ կերպով մասնակցելու քաղաքական գործունեությանը (Թուրքիա, Հորդանան, Եմեն և այլն), նրանց կողմից ահաբեկչական դրսևորումներն աննշան են, քանի որ նրանց մեծամասնության համար շահավետ է ավելի «չափավոր» լինել, քան ենթարկվել իշխող ռեժիմների բռնաճնշումներին։ Այդ նույն պետություններում, որտեղ նրանք զրկված են նման հնարավորությունից (օրինակ, Ալժիրը, Եգիպտոսը), իշխանությունների դեմ իսլամական արմատականների զինված պայքարը հատուկ շիկացման է հասնում»։

Եվ վերջինը. հայտնի է, որ իսլամական արմատականության (իսլամիզմի) գաղափարախոսության և գործունեության տարածմանն ակտիվորեն նպաստում են արաբական աշխարհի նավթարդյունահանող պետությունները։ Վերջինների մեջ հատկապես առանձնանում է Սաուդյան Արաբիան, որն ընդհանրապես հատուկ կարգավիճակի է հավակնում իսլամական աշխարհում, ուստի այն խորապես հետաքրքրված է վահաբականության քարոզչության ուժեղացմամբ, որը թագավորության պաշտոնական (չշփոթել պետականի հետ) գաղափարախոսությունն է։ Այսպես, ԿՀՎ գաղտնի ստորաբաժանման («Ապօրինի ֆինանսական գործառնությունների խումբ» - CIA’s Illicit Transactions Group) տվյալներով՝ «վերջին տարիներին (ժամանակը չի նշվում) Սաուդյան Արաբիան այս գլոբալ ցանցի կարիքների համար հատկացրել է ավելի քան 70 մլրդ դոլար, որոնք, ԿՀՎ հավաստմամբ, օգտագործվել են ավելի քան 20 երկրում ուսումնական ահաբեկչական ճամբարներ ստեղծելու համար։ Եվ այսպես, իսլամական արմատականությունը նախկինի պես ֆինանսապես ապահովված զգալի թվով հովանավորներ ունի։ Եվ հակառակը, պոստիսլամիզմի հիպոթետիկ ձևով ենթադրվող գաղափարախոսության համար նման հովանավորներ, որոնք կհետաքրքրվեին այդ «գաղափարախոսության» տարածմամբ, չեն նշմարվում։

Այսպիսով, թվում է՝ պոստիսլամիզմն արհեստականորեն սարքված էկլեկտիկ հասկացություն է, որը, դատելով նրա սահմանումից, ընդգրկում է արդի իսլամի, գլխավորապես այսպես կոչված եվրաիսլամի՝ արևմտյան իսթեբլիշմենթին ձեռնտու բոլոր հոսանքներն ու շարժումները։

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 6

դեպի ետ