• am
  • ru
  • en
Версия для печати
16.11.2010

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԹՈՒՐՔԻԱ

   

Համաշխարհային թյուրքերի ֆորումի Ստամբուլյան հռչակագիրը(Ժամանակավոր ղեկավարության հայտարարությունը)

Հոկտեմբերի 20-22-ին Ստամբուլում տեղի ունեցավ Համաշխարհային թյուրքերի ֆորումը, որտեղ ընդունվեցին հետևյալ որոշումները1.

1. Համաշխարհային թյուրքերի ֆորումի հիմնական թեման էր Թյուրքական խորհուրդը, թյուրքական սփյուռքն ու սոցիալ-տնտեսական համագործակցությունը, որը կազմակերպվել է Թուրք-ասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TASAM) նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ակադեմիկոսներ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի և ֆորումի մասնակից երկրների պատգամավորներ, ադրբեջանական սփյուռքի գծով պետական կոմիտեի ղեկավարը, Կոսովոյի բնապահպանության նախարարը, Թյուրքական խորհրդի, թյուրքախոս երկրների ասամբլեայի գլխավոր քարտուղարները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հյուրեր շուրջ 60 երկրներից։

Ֆորումի շրջանակում քննարկվել են հետևյալ թեմաները. «Գլոբալ և տարածաշրջանային խնդիրների ազդեցությունը թյուրքական աշխարհի վրա», «Ոչ կառավարական կազմակերպությունները թյուրքական աշխարհում և քաղաքացիական հասարակության ձևավորման խնդիրները», «Քսենոֆոբիան, սոցիալական օտարումը և թյուրքական աշխարհը», «Թյուրքական մշակույթի հիմնական տարրերը», «Այսպես կոչված ցեղասպանությունը, թյուրքական սփյուռքն ու համագործակցությունը»։ Մասնակից երկրների ներկայացուցիչների միջև տարբեր ոլորտներում համագործակցելու շուրջ տեղի ունեցան կարծիքների արդյունավետ փոխանակումներ։

  1. Ֆորումի ընթացքում մասնակիցների և կազմակերպությունների կողմից ընդունվեց որոշում այսուհետ համատեղ աշխատել ի շահ իրենց երկրների և Թյուրքախոս աշխարհի։ Այս որոշումը ներկայացվել է Թյուրքական խորհրդի վարչությանը և ենթակա է քննարկման Արտաքին գործերի նախարարության, կառավարության, պետության ղեկավարների գագաթաժողովների օրակարգում։
  2. Ֆորումի մասնակիցներն արդյունավետ համագործակցության իրականացման համար անհրաժեշտ համարեցին ստեղծել գործունեության համընդհանուր նախագիծ։ Սույն նախագիծն առաջին հերթին նախադրյալ է միջազգային ցանցային շփման առումով, որը բավարար և արդյունավետ մակարդակով կհամակարգի մասնակից երկրների ներկայացուցիչների աշխատանքը։ Այս նպատակով ստեղծվել է վեբկայք` www.dunyaturkforumu.org, որը կգործի թուրքերեն, անգլերեն, ուզբեկերեն, ղրղզերեն, ադրբեջաներեն, ղազախերեն, թուրքմեներեն լեզուներով և թյուրքական բարբառներով։
  3. Ֆորումի շրջանակում առաջարկվեց համատեղ պայքարել այնպիսի վտանգների դեմ, ինչպիսին են՝ «Այսպես կոչված հայերի ցեղասպանության խնդիրը»2, «Լեռնային Ղարաբաղի խնդիրը», «Միջազգային հանցագործություններ և ահաբեկչություն», «Քսենոֆոբիա և օտարում», «Կիպրոսյան խնդիրը», «Թուրք մեսխեթցիների և Ղրիմի թաթարների վերադարձը հայրենիք», «Իսլամաֆոբիա»։
  4. Ֆորումներն անց են կացվելու տարեկան մեկ անգամ մասնակից երկրներից որևէ մեկում։ Ադրբեջանական սփյուռքի պետական կոմիտեի ղեկավար Նազիմ Իբրահիմովի առաջարկով Համաշխարհային թյուրքերի երկրորդ ֆորումը տեղի կունենա 2011թ. հոկտեմբերին Բաքվում։ Բացի դրանից, որոշվեց, որ ֆորումի գլխավոր քարտուղարությունը կգործի Ստամբուլում։

1Ներկայացնում ենք կրճատումներով։

2Ներկայացնում ենք ըստ թարգմանության, այդ պատճառով «այսպես կոչված» եզրը թողնում ենք ինչպես տեքստում է։

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 6

դեպի ետ