
ԻՐԱՆ. ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ
Սեւակ ՍարուխանյանՄիջուկային հիմնախնդիրը
Հոկտեմբերի 17-ին Իրանի նախագահ Մ.Ահմադինեժադը հայտարարեց, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային հիմնախնդրին վերաբերող բանակցությունները «վեցնյակի» հետ։ Սա Իրանի` բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին առաջին հայտարարությունն էր 2010-ի հունիսից հետո, երբ Թեհրանը հայտարարեց, որ խզում է բանակցությունները «վեցնյակի» հետ` վերջինի անօրինական պահվածքի համար (խոսքը վերաբերում է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը)։ Իրանի նախագահի հոկտեմբերի 17-ի հայտարարությունը նաեւ պահանջներ էր ներկայացնում «վեցնյակին», որոնց կատարումից հետո Թեհրանը կվերադառնա բանակցային ձեւաչափին.
1. Բանակցությունները պետք է հիմնված լինեն ԱԷՄԳ սկզբունքների վրա։
2. Արեւմուտքը պետք է հստակ ձեւակերպի` բանակցություններից ինչ է ակնկալում. բարեկամությո՞ւն, թե՞ թշնամանք։
3. «Վեցնյակը» պետք է որոշի` բանակցություններում դրական արդյունքի՞ հասնել, թե՞ հերթական հայտարարություններն անել բանակցությունների տապալման մասին։
4. «Վեցնյակը» պետք է պաշտոնական տեսակետ արտահայտի Իսրայելի միջուկային զինանոցի վերաբերյալ եւ հստակ հայտարարի, թե ինչպես է վերաբերվում դրան։
Չնայած այս կետերը, որոնք հնչեցվել են Իրանի նախագահի կողմից, հիմնականում քարոզչական բնույթի հայտարարություններ են, սակայն 4-րդ կետը, մեր կարծիքով, հատուկ ուշադրության է արժանի։ Ակնհայտ է, որ «վեցնյակն» Իսրայելի միջուկային սպառազինության մասին որեւէ հայտարարություն չի անի, քանի որ` ա) դա իր լիազորությունների մեջ չէ, բ) Իսրայելի միջուկային ծրագիրը եզակի դեպքերում է դառնում միջազգային քննարկման առարկա։ Սակայն Իրանի նախագահի հայտարարության ուշագրավությունն այն է, որ նա Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների թեման նույնացրեց Իսրայելի միջուկային սպառազինության խնդրի հետ, չնայած, ըստ Թեհրանի, իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակներ ունի։
Ինչ վերաբերում է բուն առաջարկին` վերսկսել բանակցությունները, ապա այն արժանացավ վեցնյակի» դրական արձագանքին։ Նոյեմբերի 1-ին ՌԴ ԱԳՆ նախարար Ս.Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը կողմ է բանակցությունների վերսկսմանը եւ հույս ունի, որ դրանք տեղի կունենան նոյեմբերի կեսերին։ Նույնպիսի հայտարարությամբ հանդես եկան Գերմանիայի եւ Չինաստանի արտգործնախարարությունները։ Հարկ է նշել, որ Միացյալ Նահանգներն արդեն սեպտեմբերից ակտիվորեն պատրաստվում է բանակցությունների արդյունքում Իրանի հետագա մեկուսացմանը։ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի` հոկտեմբերի 30–31-ին Հանոյում կայացած գագաթաժողովին մասնակցած ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնը բանակցություններ է վարել Չինաստանի ղեկավարության հետ` կապված Չինաստանի իրանական քաղաքականության հետ։ Ինչպես նշում են մի շարք աղբյուրներ, ԱՄՆ պետքարտուղարին հիմնականում անհանգստացնում է այն հարցը, թե արդյոք չինական ընկերությունները կզբաղեցնեն Իրանից հեռացող եվրոպական ընկերությունների տեղը։ Նման նախադրյալներ արդեն իսկ ստեղծվել էին օգոստոս– սեպտեմբերին, երբ մի շարք ֆրանսիական տեխնոլոգիական ընկերություններ փակել են իրենց ներկայացուցչությունները Թեհրանում։ Դրանից հետո նրանց տեղն արագ զբաղեցրել են չինական ընկերությունները, ինչի արդյունքում ստացվել է այնպես, որ Պեկինը ՄԱԿ ԱԽ պատժամիջոցներն օգտագործում է իրանական շուկան գրավելու նպատակով։
Հարկ է նշել, որ ԵՄ-ում քիչ չեն կարծիքները, թե Իրանի դեմ ԵՄ եւ առանձին եվրոպական պետությունների կողմից լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին որոշումները լուրջ սխալ էին, քանի որ դրանք կանաչ լույս են վառում չինական եւ հնդկական ընկերությունների առջեւ` գրավելու մեծ դժվարությամբ եվրոպացիների կողմից վերջին 20 տարիներին Իրանում զբաղեցրած դիրքերը։ ԵՄ-ի համար սա կարեւոր խնդիր է, որն առաջին հերթին վերաբերում է էներգետիկ անվտանգությանը, քանի որ չինական ներկայության ամրապնդումն Իրանում հետագայում կարող է հանգեցնել իրանական գազի Չինաստան արտահանմանը, ինչն ավելի կբարդացնի «Նաբուկկո» գազատարի կառուցումը։ Հիմնականում գերմանական կառավարության ճնշման պատճառով «RWE» գերմանական գազային հսկա ընկերությունը կասեցրեց իր մասնակցությունը «Նաբուկկո» ծրագրին, քանի որ, ինչպես նշում են գերմանական մամուլում, ընկերությունը պատրաստ չէ առճակատման գնալ գերմանական իշխող կուսակցության հետ։
Ինչ վերաբերում է Իրան–«վեցնյակ» բանակցություններին, ապա դրանք, հավանաբար, կվերսկսվեն նոյեմբերի կեսերին եւ կանցկացվեն Թուրքիայում։
Տարածաշրջանային քաղաքականություն
Վերջին շրջանում Իրանը բավական կարեւոր տեղ է զբաղեցնում տարածաշրջանային զարգացումներում` ակնհայտ դարձնելով սեփական դիրքերի ամրապնդման փաստը։
Հոկտեմբերի 24-ին, ամերիկյան մամուլում հրապարակված տեղեկությունների մեկնաբանության նպատակով, Աֆղանստանի նախագահ Հ.Քարզայը մամլո ասուլիսի ժամանակ պաշտոնապես հաստատեց, որ կանխիկ գումար է ստացել իրանական կառավարությունից։ Խոսքն իրանցիների կողմից աֆղանական բանակի Գլխավոր շտաբի ղեկավարին գումար տրամադրելու մասին է։ Աֆղանստանի նախագահը հայտարարեց. «Այո, նրանք մեզ պայուսակներով գումար են տալիս։ Այո, դա փաստ է։ Եվ մենք շնորհակալ ենք իրանցիներին դրա համար։ Իսկ հայրենասիրությունը գին ունի»։ Գին ասելով Քարզայն, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ սեփական սպայակազմին խրախուսելը, որպեսզի նրանք չանցնեն «Թալիբանի» կողմը եւ պաշտպանեն սահմանադրական կարգը։ Նման հայտարարությունը ուշագրավ է երկու հիմնական պատճառով.
1. Աֆղանստանի իշխանությունները պաշտոնապես ընդունում են Իրանի իշխանությունների հետ սերտ համագործակցության փաստը եւ ցույց տալիս, թե որքան փխրուն են Աֆղանստանի հիմնական դոնոր Միացյալ Նահանգների դիրքերն այս երկրում, եթե երկրի ղեկավարությունը համագործակցում է Վաշինգտոնի տարածաշրջանային հիմնական մրցակցի եւ հակառակորդի հետ։
2. Փաստորեն, Աֆղանստանի անվտանգության երաշխիք հանդիսացող բանակն իրականում նման է վարձկանների միավորման, որը զուտ ֆինանսական նկատառումներից ելնելով է իրականացնում սեփական պարտականությունները։ Հատկանշական է, որ Քարզայը նաեւ ընդունեց, որ իրանական գումարի մի մասը ծախսվել է «մասնավոր անվտանգության ընկերություններին վճարելու նպատակով», քանի որ բանակն արդեն ի վիճակի չէ ինքնուրույն վերահսկել իրավիճակը երկրում։
Այս փաստը, Իրաքում բռնության սաստկացմանը զուգընթաց, ցույց է տալիս ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության տապալումը։ Ամենայն հավանականությամբ, Իրաքում եւ Աֆղանստանում դրությունը դուրս է եկել «վերահսկվող քաոսի» տրամաբանությունից։ Վերահսկել իրադրությունը տարածաշրջանում Վաշինգտոնն, ամենայն հավանականությամբ, չի կարող։
Ի դեպ, հոկտեմբերի 30-ին Իրանի ԱԳՆ խոսնակը, արձագանքելով Աֆղանստանի նախագահի խոսքերին` հայտարարեց, որ Թեհրանը երբեք չի ժխտել «Աֆղանստանի անվտանգության ապահովման մեջ իրականացվող ներդրումները», ինչն ավելի տեսանելի է դարձնում Թեհրանի ամրապնդվող դիրքերը տարածաշրջանում։
Այս առումով, բացառված չէ, որ «վեցնյակի» հետ բանակցությունները նպաստավոր հող ստեղծեն իրանա-ամերիկյան բանակցությունների վերսկսման համար, քանզի ակնհայտ է, որ Վաշինգտոնն այլեւս չի կարող ինքնուրույն լուծել Իրաքում եւ Աֆղանստանում առաջացած խնդիրները։
Իրանն ինքն էլ է շահագրգռված ամերիկացիների հետ բանակցությունների վերսկսմամբ, քանի որ իրաքյան գործընթացները լուրջ սպառնալիք են ստեղծում Թեհրանի համար։ Խոսքն, առաջին հերթին, «Ալ-Ղաիդայի» ակտիվացման մասին է։ Վերջինս սկսել է ավելի ակտիվ գործել Իրաքի` իրանական ազդեցության տակ գտնվող շիական հարավում, որտեղ իրականացվել են իրանական եւ արեւմտյան լուրջ ներդրումներ։ Այստեղից են արդյունահանում իրաքյան նավթի 90 տոկոսը։ Համաձայն իսլամիստական կայքերից մեկում հրապարակված «Ալ-Ղաիդայի» հայտարարության, որն արտատպվեց իրանական եւ արեւմտյան տեղեկատվական գործակալությունների կողմից, իսլամիստները նոր հարվածներ են հասցնելու Բասրայում եւ Ամարում գործող ընկերություններին ու ձեռնարկություններին։ Հայտարարությունում նշվում է, որ այդ միջոցով «Ալ-Ղաիդան» «կկոտրի Բաղդադի շիական իշխանությունների ողնաշարը, քանի որ նավթի վաճառքից ստացվող գումարները կառավարության արյունն են, զինամթերքի գնման աղբյուրը եւ բանակին ու ոստիկանությանը վճարվող գումարները»։
Ակնհայտ է, որ նման իրավիճակը լուրջ վտանգ է ներկայացնում թե՛ իրանցիների, թե՛ ամերիկացիների համար։ Ներկայումս Բաղդադում իշխող շիական կառավարությունը եւ քրդական ավելի քան կիսանկախ տարածաշրջանն ապահովում են կայունությունն Իրաքում, ինչպես նաեւ իրանական եւ ամերիկյան շահերի պաշտպանությունը։ Ստեղծված ստատուս քվոյի խախտումը կարող է բարդացնել կյանքը ե՛ւ Թեհրանի, ե՛ւ Վաշինգտոնի համար։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը եւ Իրանը ստիպված պետք է վերսկսեն համագործակցությունն` իրաքյան գործընթացներն ավելի կառավարելի դարձնելու համար։ Հավանաբար, երկու կողմերից եւ ոչ մեկն այս համագործակցությունից «մաքուր հաղթող» դուրս չի գա, եւ հնարավոր ձեռքբերումները կլինեն փոխշահավետ։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]