ՎՐԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿԵԼ ՀԿ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ
Կովկասյան լրատու # 565
5-ը նոյեմբերի, 2010թ.
Միջազգային բարեգործական ընկերությունները նշում են, որ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում իրենց գործունեության նկատմամբ Վրաստանի կառավարության կողմից կիրառված նոր սահմանափակումները կոչնչացնեն հակամարտող կողմերի միջեւ ստեղծված վստահության փշրանքները:
1990-ականների սկզբին Վրաստանից առանձնացած Աբխազիան եւ Հարավային Օսիան 2 տարի առաջ անկախ ճանաչվեցին Ռուսաստանի կողմից:
Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները հակամարտության երկու կողմերում աշխատող հազվադեպ կառույցների թվին են պատկանում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի առաքելությունն անցյալ տարի ավարտվեց:
«Վրաստանի բռնազավթված տարածքներում գործունեության իրականացման կանոնների» համաձայն (վերջերս հաստատված) ՀԿ-ների [գործունեությունը] կամ այլ նախագծերը պետք է այսուհետ համաձայնեցվեն Վրաստանի իշխանությունների հետ նախքան դրանց իրականացումը:
Միակ կազմակերպությունը, որը Վերաինտեգրման հարցերով Վրաստանի պետական նախարարության գրանցման կարիքը չունի, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն է, որի գործունեությունը չի սահմանափակվում:
«Միջազգային կազմակերպությունների գործունեությունը չպետք է խոչընդոտի հակամարտությունների կարգավորմանը», - նոյեմբերի 1-ին կայացած տարածքային ամբողջականության վերականգնման հարցերով կառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման նախարար Թեմուր Յակոբաշվիլին:
Նոր կանոնների համաձայն` 21 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը պետք է թույլտվություն տրամադրի, նախագծում փոփոխություններ կատարելու պահանջ կատարի կամ պարզապես մերժի այն, որից հետո շահագրգիռ կազմակերպությունները իրավունք ունեն դիմում ներկայացնել: Տարեկան երկու անգամ այս կազմակերպությունները պետք է իրենց գործունեության մասին զեկույց ներկայացնեն:
Հաջորդ պահանջը, որի համաձայն` օգտագործվող լեզուն պետք է Վրաստանի համար ընդունելի համարվի, կարող է տերմինոլոգիայի հետ կապված խնդիրներ առաջացնել: Այսպես, Վրաստանում Հարավային Օսիան պաշտոնապես ներկայացվում է որպես «Ցխինվալի բռնազավթված շրջան»:
«Ոչ բոլոր միջազգային կազմակերպություններին կթույլատրվի աշխատել Աբխազիայում կամ Ցխինվալի շրջանում», - հայտարարել էր Յակոբաշվիլին:
Համարյա բոլոր կազմակերպությունները, որոնք փորձում են գործունեություն ծավալել ռուսական ուժերի կողմից վերահսկվող կրակագծի երկու կողմերում, բողոքել են այս նոր կանոնների դեմ:
Փորձագետների խոսքերով` տեղական ՀԿ-ների շնորհիվ ձեռքբերված փոքրիկ վստահությունը կարող է հօդս ցնդել, եթե Աբխազիայում եւ Հարավային Օսիայում գործող կազմակերպությունները տեղեկանան, որ իրենց գործընկերները զեկուցում են Վրաստանի կառավարությանը [իրենց գործունեության մասին]:
«Ես հասկանում եմ, որ վրաց իշխանություններին անհրաժեշտ է որոշակի վերահսկողություն պահպանել վրացական տարածքների նկատմամբ, որոնք փաստացիորեն գտնվում են դե ֆակտո իշխանությունների եւ Ռուսաստանի Դաշնության հսկության տակ, սակայն այս կանոնակարգն աղոտ կերպով է ձեւակերպված, իրազեկման եւ վերահսկողության չափազանց բյուրոկրատական մեթոդներ է սահմանում: Սա պոտենցիալ խոչընդոտ է հանդիսանալու լրագրողների եւ ՀԿ-ների աշխատակիցների տեղաշարժի ազատության համար», - նշում է Վրաստանում Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի խորհրդատու Աագե Բորչգրեվինկը:
Կարծիքներ կան նաեւ, որ Թբիլիսիում փորձում են վիճելի տարածքների հետ կապված գործունեության բոլոր տեսակներն իրենց աչալուրջ վերահսկողության տակ առնել:
Վրաստանի Մարդու իրավունքների կենտրոնը ներկայացնող Անա Նացվլիշվիլին նշում է, որ եթե հակամարտությունների կարգավորման գործընթացում ՀԿ-ների ներգրավվածությունը կոչված է այլընտրանքային բազմազանություն ապահովել, «ապա փոխարենը` կառավարությունը ռազմավարական մենաշնորհ է ստեղծում, որը պարտադիր կլինի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում աշխատելու մտադրություն ունեցող յուրաքանչյուր կազմակերպության համար»:
«Հակամարտության կարգավորման ամենակարեւոր նախապայմաններից մեկը վստահությունն է, ինչը հազվադեպ է լինում այսօր: Այն [վստահությունը] հիմնականում գոյություն ունի քաղաքացիական սեկտորում եւ միջազգային կազմակերպությունների շրջանում, որոնք առ այսօր չեզոք են եղել: Սակայն այժմ, երբ այս կազմակերպությունները պետք է համաձայնեցնեն իրենց նախագծերը Վրաստանի կառավարության հետ, նրանք փաստորեն ստիպված կլինեն որոշակի կողմերի հարել»:
Հակամարտությունների և բանակցությունների ռազմավարության միջազգային կենտրոնի տնօրեն Գեորգի Խուցիշվիլին կարծում է, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի իշխանությունները կարող են հեշտությամբ խոչընդոտել արտասահմանյան կազմակերպությունների հետ հարաբերություններին, եթե վրաց կառավարության վերահսկությունն անտանելի դառնա:
«Ներկայում մենք կապ ենք պաշտպանում Աբխազիայում եւ Հարավային Օսիայում մեր գործընկերների հետ եւ գիտենք, որ բոլոր տեսակի կապերի համար, հանդիպումների կամ այլ միջոցառումների հետ կապված, նրանք պարտավոր են պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես թույլտվություն ստանալ իրենց ղեկավարությունից: Եթե նախագիծը կրում է Վրաստանի կառավարության կնիքը, ապա նրանք թույլտվություն չեն ստանում: Սա շատ զգայուն ոլորտ է, քանի որ վստահության կառուցման մեխանիզմներից մեկը քաղաքացիական հասարակության գործունեությանը կառավարության միջամտության բացառումն է», - ասում է նա:
Յակոբաշվիլուն նման քննադատությունն անակնկալի է բերել: Նա ընդգծել է, որ նոյեմբերի 1-ին հանդիպում է ունեցել ՀԿ-ների նախագահների հետ` օրենքը պարզաբանելու նպատակով: Նրա խոսքերով` նոր կանոններն իրականում պարզեցնում են գործող ընթացակարգը:
«Մինչ այդ, օկուպացված տարածքներում իրականացվող բոլոր նախագծերը պետք է քննարկվեին կառավարության շրջանակներում: Կառավարությունը որոշել է, որ այս գործառույթն այսուհետ մեկ նախարարությունը կիրականացնի. դա կիրագործվի մեր նախարարության կողմից որոշակի ժամկետներում: Մենք պաշտոնական ընթացակարգ եւ որոշումների կայացման ժամկետ ենք սահմանել: Եւ եթե ոչ մի որոշում չի կայացվում, ապա պատասխանն ինքնըստինքյան դրական է համարվում», - նշում է նա:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության
լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:
(http://www.iwpr.net)
դեպի ետ