• am
  • ru
  • en
Версия для печати
29.10.2010

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ՂԵԿԱՎԱՐ, ԴՈԿՏՈՐ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ

   

- Պրն Գրիգորյան, պատմեք, խնդրեմ, Սլովակիայի հայ համայնքի գործունեության և նպատակների մասին։

- Սլովակիայի հայ համայնքը հիմնադրվել է 1999թ.: Մինչ այդ էլ մշտապես մշակութային միջոցառումներ, հետաքրքիր երեկոներ և դիվանագիտական ընդունելություններ են կազմակերպվել։ Կազմակերպվել են նաև հայկական կոնյակի համտեսումներ, համատեղ մոդա-շոու և այլ միջոցառումներ։ Մեզ համար, օրինակ, պատմական օր էր, երբ 1995թ. առաջին անգամ Սլովակիայի նախագահն իր տիկնոջ հետ այցելեց մեր միջոցառմանը։

Համայնքը մի քանի հիմնական նպատակ է հետապնդել՝ Սլովակիայում ներկայացնել հայ մշակույթը, նպաստել հայ-սլովակյան տնտեսական, քաղաքական հարաբերությունների զարգացմանը և հասնել Ցեղասպանության ճանաչմանը։ Հատուկ միջոցառումներ ենք կազմակերպել Ցեղասպանության զոհերի հիշատակը նշելու համար։ 1999թ. Բրատիսլավայի ազգային օպերային թատրոնի մեներգիչ Գ.Հովսեփյանի և իմ կնոջ՝ դաշնակահարուհի Հ.Գաբրիելյանի մասնակցությամբ դասական մշակույթի օր կազմակերպեցինք և այն նվիրեցինք Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հրավիրվածների թվում էին երկրի բոլոր նախարարները, պառլամենտի անդամները և այլ գործիչներ։ Չնայած Թուրքիայի դեսպանության հրահրած որոշ խոչընդոտներին՝ բոլոր հրավիրվածները մասնակցեցին, և միջոցառումն անցավ փառահեղ։ Ներկա էին նաև հյուրեր Հայաստանից՝ Երևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ։ Նրանց համար կազմակերպեցինք դիվանագիտական ընդունելություն՝ Սլովակիայի պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Դա սեպտեմբերի 9-ին էր, իսկ սեպտեմբերի 15-ին Նուրեդդին Նուրհանը՝ Թուրքիայի դեսպանը Սլովակիայում, հետ կանչվեց Բրատիսլավայից։

Դա առաջին քայլն էր 1999թ., իսկ արդեն 2004թ. նոյեմբերի 30-ին Սլովակիայի պառլամենտն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող 4 կետից բաղկացած պատմական բանաձևը։

Բրատիսլավայի ամենագեղեցիկ վայրերից մեկում վեր է խոյանում խաչքար, որի վրա գրված է բանաձևի տեքստը. «Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհուրդը (ԱԽ) հաստատում է 1915թ. հայերի ցեղասպանությունը, որի արդյունքում կոտորվել են Օսմանյան կայսրությունում ապրող հարյուր հազարավոր հայեր և այդ փաստը համարում է ոճիր ընդդեմ համայն մարդկության: Սլովակիայի ԱԽ-ը հաստատում է, որ.

1. Թուրքիան մինչ այժմ չի ընդունել 1915թ. ցեղասպանության փաստը,

2. ՀՀ անկախության ձեռքբերման սկզբից Թուրքիան ամբողջովին շրջափակել է Հայաստանից դեպի Եվրոպա ամենակարճ ճանապարհը և չունի տնտեսական ու դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ,

3. Թուրքիայի պառլամենտն ընդունել է օրենք, ըստ որի՝ քրեական հետապնդման են ենթարկվում հայկական ցեղասպանության կամ Կիպրոսի բաժանման խնդրի մասին արտահայտվողները,

4. Թուրքիայում ապրում է հայկական փոքրամասնություն, որի իրավունքները համակարգված ճնշման են ենթարկվում»։

Չորս կետից բաղկացած այս բանաձևն անցավ առանց «դեմ» ձայնի։

Ցեղասպանության ճանաչման հաջորդ օրը Թուրքիայի դեսպանը կրկին հետ կանչվեց՝ չնայած նաև մեծ հաջողություն էր ունեցել. նույն օրը Թուրքիայի՝ Եվրամիության անդամության թեկնածուի հարցն էր դրված, և պառլամենտը քվեարկել էր հօգուտ իրենց։ Երբ քննարկվում էր Թուրքիայի հարցը, պատգամավոր Ֆ.Միկլոշկոն ձայն խնդրեց և ասաց, որ իրենք դեմ են Թուրքիայի անդամակցությանը, սակայն քանի որ Եվրամիությունը գտնում է, որ Թուրքիան պետք է թեկնածու անդամ դառնա, ինքը պահանջում է թեկնածության հարցից առաջ քվեարկության դնել այս բանաձևը, և կարդաց 4 կետերը։ Դրանից հետո իրարանցում սկսվեց. մի երկու ժամ ելույթ ունեցավ Սլովակիայի արտգործնախարարը, որը դեմ էր բանաձևին։ Ես նստած էի օթյակում։ Նա երկար խոսեց։ Բայց բանաձևն ընդունվեց, շեշտում եմ, առանց «դեմ» ձայնի։

Այսպես, մինչև 2004թ. մենք զբաղվել ենք Ցեղասպանության ճանաչման, հետո՝ Ցեղասպանության բանաձևի հետևանքների հարցով։ Ինչպես նշեցի, Բրատիսլավայում տեղադրել ենք Հայաստանից բերված հուշաքար-խաչքարը։

Այնուհետև լուրջ գործ ենք արել Սլովակիայի և ՀՀ Պաշտպանության նախարարությունների համագործակցությանը նպաստելու համար։ 2004թ. նրանց միջև կարևոր պայմանագիր ստորագրվեց, որի արդյունքում ՀՀ ռազմական օդային ուժերը համալրվեցին տասը մարտական հզոր ինքնաթիռներով և այլ ռազմամթերքով։

Մշտապես զբաղվել ենք հայ-սլովակյան բիզնես համագործակցությանը նպաստող գործունեությամբ։ Առաջին սլովակյան-հայկական բիզնես ֆորումը կազմակերպել ենք Հայաստանում 2000թ.։ Ընդհանուր առմամբ արդեն կայացել է այդպիսի 6 ֆորում։ Վերջին ժամանակահատվածում լրջացրել ենք տնտեսական գործունեությունը։ Խթանել ենք Սլովակիայից Հայաստանին ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցների տրամադրմանը։ Սլովակյան կողմից Հայաստանին տրվել են 5%-ոց վարկեր 5-7 տարով։ Հայկական բանկերի երաշխիքի պայմաններում դա Հայաստանի ներսում դառնում է մոտ 8-9%, քանի որ բանկն ինքը նշանակում է իր տոկոսները։

Լուրջ գործունեություն ենք ծավալում էներգետիկայի, հեռահաղորդակցության ոլորտներում։ Արցախում կառուցում ենք հիդրոէլեկտրակայան, որը ժամանակակից լավագույն տեխնիկայով է զինված լինելու. առաջին անգամ պատմության մեջ հայկական պետությունն այդպիսի հիդրոէլեկտրակայան կունենա։

Շարունակում ենք արտոնյալ 7+3 (10) տարի կառուցապատման վարկային միջոցներ տրամադրել հիդրոկայանների վերակառուցման համար։ Այդ միջոցներով է (13,5 մլն եվրո) վերակառուցվում Սևան-Հրազդան կասկադին պատկանող Երևանի հիդրոկայանը։ Երևանի բժշկական համալսարանին Simense-ի սարքավորումներ գնելու համար ևս վարկային միջոցներ են տրվել։ Ունենք նաև այլ ծրագրեր, որոնց շուրջ ծավալուն աշխատանք ենք տանում։

- Իսկ ի՞նչ գործունեություն է ծավալում ներկայում Ձեր կողմից ղեկավարվող մյուս կառույցը՝ Եվրոպայի հայկական միությունների ֆորումը։

- Եվրոպայի հայկական միությունների ֆորումն (ԵՀՄՖ) արդեն 11 տարեկան է։ Այն հիմնադրել է Թորոս Սակերյանը, որն այն 5 տարի պահեց իր միջոցներով։ Ֆորումի անդամներ են 32 երկրների համայնքներ և տարբեր կազմակերպություններ ու անհատներ ամբողջ Եվրոպայից։ Ռուսաստանի հայ համայնքն էլ է մասնակցում ֆորումին, սակայն Ռուսաստանն իր առանձին միավորներն ունի, և դրանք շատ ավելի ակտիվ աշխատում են այնտեղ։

Սլովակիայի հայ համայնքը ԵՀՄՖ-ին անդամակցում է 2002-ից։ 2008-ից կառույցի նախագահը ես եմ։ Այդ տարի Բրատիսլավայում նշեցինք ԵՀՄՖ տասնամյակը. կազմակերպեցինք համաժողով՝ նվիրված կառույցի տասնամյակին և Հայաստանի Առաջին հանրապետության 90-ամյակին։ 2003թ. պրն Սակերյանի հանձնարարությամբ մենք Բրատիսլավայում կազմակերպել ենք 1-ին համահայկական լրագրողների ֆորումը։ Պրն Սակերյանն էր, որ 2001թ. կազմակերպեց առաջին համահայկական գործարարների ֆորումը Բուդապեշտում, 2002թ.՝ առաջին հայ իրավաբանների ֆորումը Փարիզում, որին ներկա էին ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Էդվարդ Նալբանդյանը (այն ժամանակ՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան), ԱՄՆ-ից Վարդգես Եղիայանը և այլ հայտնի իրավաբաններ։ Վերջինս ելույթ ունեցավ ֆորումում, ներկայացրեց ապահովագրական գործակալությունների դեմ դատական գործի իր նախագիծը, որը հետագայում իրականացրեց։ Դրա շնորհիվ Ցեղասպանության զոհերի շատ ժառանգներ կարողացան փոխհատուցում ստանալ իրենց նախնիների կյանքի ապահովագրության և բանկային միջոցների դիմաց։ Մենք այժմ այնքան լավ իրավաբաններ և լոբբիստներ ունենք աշխարհում։ Շատ հայտնի է նաև Հարի Հակոբյանը (Մեծ Բրիտանիա), որը Հաագայի դատարանում շահեց Պաղեստինի դատն Իսրայելի դեմ։

Հետագայում ԵՀՄՖ-ն համահայկական լրագրողների ֆորումներ կազմակերպեց նաև Հայաստանում։ Պարբերաբար կազմակերպվող այդ ֆորումների ժամանակ այնպիսի տեղեկատվական հոսք է ընթանում, որ հետո բոլոր համայնքների ներկայացուցիչներն իրենց տեղերում շարունակում են աշխատանքները։ Համայնքները, ակտիվ անհատներն այնպիսի ծրագրեր են ներկայացնում, որ զարմանում ես. ծրագրեր, որոնց մասին մինչ այդ միայն իրենք գիտեին։ Ֆորումները մեկ նպատակ ունեն՝ նպաստել Եվրոպայի հայերի միջև տեղեկատվության փոխանակմանը և համագործակցությանը։

Ներկայում ԵՀՄՖ-ն հիմնականում զբաղվում է Եվրոպայում և Ամերիկայում լոբբիստական գործունեությամբ։ Օրինակ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թիվ 252 բանաձևի քննարկումից առաջ Եվրոպական ֆորումի անունից 100 սենատորների նամակ էինք գրել, և ջերմ պատասխաններ ստացանք նրանցից։ Նախագահ Օբամային ենք նամակ ուղարկել։ Այն ստորագրեցին Կիպրոսի պառլամենտի նախագահ Մարիոս Գարոյանը, Շարլ Ազնավուրը և այլ հայտնի հայ գործիչներ։ Հետագայում նորից ենք նամակ հղելու նախագահ Օբամային՝ շատ ավելի խիստ տոնով։ Հենց հիմա կոնգրեսականներին էլի նամակ է պատրաստվել, որը դեռ չենք ուղարկել։

Շվեդիայի պառլամենտի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո շնորհակալական նամակներ ենք հղել նրա անդամներին։ Շվեդիայի հայ համայնքի հետ ենք աշխատում. նրանք ակտիվ են այս հարցում։

- Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի համար։

- Ես հիմա մի կարևոր խնդրի վրա եմ աշխատում. ուզում եմ Բրատիսլավայում ստեղծել Եվրամիություն-Հարավային Կովկաս ռազմավարական կենտրոն։ Այդ կենտրոնի միջոցով Սլովակիան կարող է Հարավային Կովկասի համար դառնալ դարպաս դեպի Եվրամիություն, իսկ Հարավային Կովկասը Եվրամիության համար՝ դարպաս դեպի Հայաստան։ Հիմա աշխատում եմ Սլովակիայի պառլամենտի, արտգործնախարարության հետ, որ սատարեն այդպիսի կենտրոն ստեղծել, որը կկազմակերպի համապատասխան ֆորումներ։ Կցանկանայի, որ առաջին ֆորումը Եվրամիություն-Հարավային Կովկաս-Լեռնային Ղարաբաղ ձևաչափն ունենա։ Այդ ուղղությամբ ենք աշխատում. ուզում ենք հրավիրել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը, ներկայացնել խաղաղ գոյակցության ծրագիր և այլն։

Բացի այդ, փորձում ենք ԵՀՄՖ-ն գրանցել նաև Հայաստանում, որպեսզի զարգացնենք Եվրոպա-Հայաստան՝ Սփյուռք-Հայաստան կապը։ Մի ամսից նախատեսվում է հանդիպում կազմակերպել ԱՄՆ հայ գործիչների հետ, որպեսզի փորձենք Ամերիկա-Եվրոպա սփյուռքի կապերը միավորել։ Մեծ պահանջ կա համաշխարհային հայկական ֆորում ստեղծելու, ընդ որում՝ անհրաժեշտ է, որ ստեղծվելիք ֆորումը զբաղվի ոչ միայն Ցեղասպանության և Ղարաբաղի հարցերով, որոնք մեր հիմնախնդիրներն են, այլ նաև Հայաստանի ներքին խնդիրների լուծմանն աջակցելով։ Ամեն դեպքում, եթե կարողանանք Հայաստան-Սփյուռք կապն այնպիսի մակարդակի հասցնել, որ, օրինակ, Սփյուռքը ՀՀ պառլամենտում ունենա ներկայացուցիչներ (ինչը կա աշխարհի շատ պառլամենտներում), դրանից հետո կարելի կլինի համատեղ ուժերով շատ խնդիրներ լուծել։

Ես գտնում եմ, որ Արևելյան Հայաստանում, որտեղ ծնվել ու մեծացել եմ, կա հզոր մտավորական խումբ, և նրա ու արևմտահայության մերձեցումը որակական թռիչք կապահովի Հայաստանի համար։ Բացի այդ, այսօր այն հայ երիտասարդները, որոնք դրսում են սովորում, այնպիսի վերելք կապահովեն Հայաստանի համար, որ ուրիշ ոչ մի ճանապարհով չենք կարող նույնիսկ երազել։ Պարզապես պակասում է կազմակերպչական կողմը։ Դա է մեր ապագան. գոյություն ունեցող ուժերը, Սփյուռքն ու Հայաստանը միավորելով կունենանք այնպիսի ռեսուրսներ, որոնք մեզ արագ ոտքի կկանգնեցնեն։

Հարցազրույցը վարեցին Դիանա Գալստյանը, Աննա Ժամակոչյանը


դեպի ետ