• am
  • ru
  • en
Версия для печати
22.11.2007

ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

   

Սևակ Սարուխանյան

image (medium) Վերջին երկու ամիսների ընթացքում Իրանի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցան կարեւոր զարգացումներ, որոնց մեծ մասը կապված է երկրի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների հետ: Միջուկային հիմնահարցի ազդեցությունը բավական լուրջ է Իրանի ներքաղաքական կյանքում, որտեղ, 2008-ի խորհրդարանական եւ 2009-ի նախագահական ընտրություններին ընդառաջ, շարունակում են նկատվել որոշակի վերադասավորումներ:

ՌԴ նախագահի այցը Թեհրան

Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի հոկտեմբերյան այցը Թեհրան նշանավորվեց Իրան–Ռուսաստան հարաբերություններում եւ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված գործընթացներում նոր զարգացումներով:

Ուշադրության է արժանի Վ.Պուտինի հարցազրույցն Իրանի պետական հեռուստատեսությանը եւ ԻՌՆԱ գործակալությանը, որի ժամանակ ՌԴ նախագահը մատնանշեց այն հիմնական ուղղությունները, որոնց մասով ակնկալում է ՌԴ–Իրան հարաբերությունների հետագա զարգացում. էներգետիկա, ինքնաթիռաշինություն, առեւտուր եւ այլն: Սակայն միայն սրանով չէ, որ հետաքրքիր է Վ.Պուտինի հարցազրույցը, այլ նաեւ այն միանշանակ դիրքորոշմամբ, որը նա արտահայտեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Իրանցի լրագրողի հարցին, թե արդյոք նա կարող է խոստանալ, որ մինչեւ տարեվերջ կավարտվի Բուշերի կառուցումը եւ կսկսվի միջուկային վառելիքի մատակարարումը, Վ.Պուտինը պատասխանեց. «Ես խոստումներ եմ տվել միայն իմ մայրիկին, երբ փոքրիկ եմ եղել»: Նման պատասխանով ՌԴ նախագահը, փաստորեն, անթաքույց հասկացնել տվեց, որ Իրանի հետ միջուկային համագործակցությունը մեծապես կախված է նրա` միջազգային հանրության հետ միջուկային հարցերի շուրջ բանակցությունների հաջողությունից:

Անկասկած, ամենաուշագրավը Վ.Պուտին–Ա.Խամենեի հանդիպումն էր: Վ.Պուտինը վերջին մի քանի տարիների կտրվածքով միջազգային ազդեցիկ հանրությունը ներկայացնող առաջին ղեկավարն էր, որը հանդիպեց Իրանի հոգեւոր առաջնորդի հետ եւ հնարավորություն ունեցավ անմիջականորեն վերջինիս փոխանցել իր եւ Արեւմուտքի` արդեն իսկ մեծ մասամբ ընդհանրական մոտեցումներն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Քննարկվող հարցերից ամենակարեւորն, իհարկե, պետք է համարել հենց միջուկային ծրագիրը, մանավանդ որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԻԱԱԲԽ) քարտուղար Ալի Լարիջանին արդեն հասցրել էր հայտարարել, թե Ռուսաստանի նախագահը նոր առաջարկներ է բերել Իրան: Նշենք, որ նույն Լարիջանին հրավիրված չէր մասնակցելու Վ.Պուտին–Ա.Խամենեի հանդիպմանը, ինչը Լարիջանիի մոտակա պաշտոնազրկման հնարավորությունը ցուցող առաջին նշաններից էր: Իրանի ԱԳՆ-ն, ի դեպ, հերքել է Լարիջանիի այն հայտարարությունը, թե Պուտինն Իրանին նոր առաջարկություններ է արել: Այն, որ Լարիջանիի հայտարարությունը միակն էր «պուտինյան առաջարկի» մասին, բավարար հիմք չի կարող համարվել պնդելու, որ ոչ մի առաջարկություն Ռուսաստանի նախագահի կողմից Իրանին չի արվել, մանավանդ որ սեպտեմբեր–հոկտեմբերը եղել են ռուս-ամերիկյան ռազմավարական երկխոսության ակտիվացման ամիսներ, իսկ այս երկխոսության էական մաս է կազմում նաեւ Իրանի միջուկային հիմնախնդիրը: Կարելի է ենթադրել, որ Իրանի ղեկավարությունը որոշում է կայացրել կասեցնել միջուկային հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցությունների հանրային տարածումը, ինչն ակներեւ է իրանական մամուլի էջերում, որտեղ քննարկումները միջուկային ծրագրի շուրջ վերջին շրջանում վերածվել են ներքաղաքական բանավեճերի անբաժան մասի, ինչը պայմանավորված է գարնանը սպասվող խորհրդարանական ընտրություններով:

Ակնհայտ է, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեիի եւ նախագահ Ահմադինեժադի միջեւ փոխհամաձայնեցված մոտեցում է ձեւավորվել միջուկային ծրագրի հարցի վերաբերյալ, որը ենթադրում է հնարավոր զիջումների առավելագույն բացառում եւ բանակցային գործընթացի նվազագույն քննարկում հանրության շրջանում:

Ա.Լարիջանիի պաշտոնանկությունը

Թերեւս, Ահմադինեժադ–Խամենեի փոխհամաձայնության արդյունք է նաեւ Ա.Լարիջանիի հեռացումը ԻԱԱԲԽ քարտուղարի պաշտոնից:

Անշուշտ, Լարիջանին շարքային քաղաքական գործիչ չէ: Բացի նրանից, որ ԻԱԱԲԽ քարտուղարն էր, նա անմիջական բարեկամական կապեր ունի Իրանի հոգեւոր վերնախավի մի ազդեցիկ մասի հետ: Մի կողմից` Ա.Լարիջանին հայտնի աստվածաբան այաթոլա Ամոլիի ազգականն է, որը նաեւ բավական հետաքրքիր քաղաքական փորձ ունի (իր բազմաթիվ աշխատություններում հանդես գալով ԽՍՀՄ գաղափարախոսության նկատմամբ անթաքույց ատելությամբ` նա 1989-ին վճռորոշ դեր է խաղացել խորհրդա-իրանական մերձեցման գործում), մյուս կողմից` այաթոլա Մ.Մոթահարիի փեսան է (Մոթահարին եղել է Ա.Խոմեյնիի մերձավորը եւ իսլամական հեղափոխության գաղափարախոսներից մեկը): Լինելով միջուկային ծրագրի վերաբերյալ կարծր քաղաքական գծի կողմնակից` Ա.Լարիջանին, որպես ԻԱԱԲԽ քարտուղար եւ միջուկային ծրագրի հարցի շուրջ բանակցող, աչքի է ընկել կոշտ, բայց կառուցողական մոտեցումներով` իր գործունեության ընթացքում ոչ մի սկանդալային հայտարարություն չանելով:

Վերջին մեկ տարվա ընթացքում բավական հաճախակի էին դարձել Խամենեի-Լարիջանի հանդիպումները (Լարիջանին ԻԱԱԲԽ քարտուղարի պաշտոնից ազատվելուց հետո էլ մնաց Խամենեիի անձնական ներկայացուցիչն այդ կառույցում), ինչը վկայությունն է այն իրողության, որ Լարիջանին նախագահական նստավայրից տեղափոխվել էր հոգեւոր առաջնորդի նստավայր: Սա, իհարկե, չէր կարող չգրգռել Մ.Ահմադինեժադին, որի դիրքերը ներքաղաքական դաշտում բավական թուլացել են: Ակնհայտ է, որ միջուկային հիմնախնդրի կարգավորումը եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների մասնակի լավացումը կարող են էլ ավելի թուլացնել Իրանի նախագահի դիրքերը: Այս տեսանկյունից Ա.Լարիջանիի նկատելի հաջողությունները ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Խ.Սոլանայի հետ բանակցություններում լուրջ սպառնալիք էին Ահմադինեժադի եւ ծայրահեղականների համար, ինչը չէր կարող չհանգեցնել Ա.Լարիջանիի պաշտոնանկությանն ուղղված քայլերի:

Մեր համոզմամբ, Ա.Լարիջանիի պաշտոնանկությունը եւ նրա փոխարեն ԻԱԱԲԽ քարտուղարի պաշտոնում, ըստ որոշ աղբյուրների, բավական սահմանափակ ունակությունների տեր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վետերան Սայիդ Ջալիլիի նշանակումը Իրանի ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներում նոր վերադասավորումների արդյունք են եւ ոչ միայն Մ.Ահմադինեժադի կամքի դրսեւորում:

Փորձենք նշել, թե ինչ պատճառներ ունի եւ ինչ հետեւանքներ կունենա Ա.Լարիջանիի պաշտոնանկությունը.

1. Արեւմուտքի հետ բանակցություններում որոշակի հաջողությունների հասնելով` Ա.Լարիջանին կարծես թե կրկնեց իր նախորդի` Հ.Ռուհանիի փորձը. վերջինս 2005-ի սկզբին նույնպես մոտ էր միջուկային հարցի կարգավորմանը, սակայն Մ.Խաթամիի պաշտոնավարման ավարտը խաչ քաշեց հնարավոր իրանա-եվրոպական համաձայնագրի ստորագրման վրա: Ա.Լարիջանին Արեւմուտքի հետ բանակցություններում նույնպես մոտ էր վերջնական դրական կարգավորմանը, ինչը ձեռնտու չէ ոչ միայն Մ.Ահմադինեժադին, այլեւ իրանական շատ քաղաքական ուժերի, քանի որ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ Իրան-Արեւմուտք համաձայնություններն ու առավել եւս` համաձայնագրերի ստորագրումը կարող են աննախադեպ մեծ ազդեցություն ունենալ Իրանի ներքաղաքական կյանքի վրա:

2. Ա.Լարիջանիի հեռացմամբ իրանական ղեկավարությունը, առնվազն տեղեկատվական դաշտում, դիմեց միջուկային հարցերում իր դիրքորոշման կարծրացման, ինչն, անկասկած, կդանդաղեցնի բանակցային գործընթացը, որն անհրաժեշտ է գրեթե բոլոր իրանական ուժերին, որոնք ակտիվորեն պատրաստվում են գալիք խորհրդարանական ընտրություններին:

3. Մ.Ահմադինեժադի մերձավոր Սայիդ Ջալիլիի նշանակումը ԻԱԱԲԽ քարտուղարի պաշտոնում ամենեւին չի նշանակում, թե միջուկային հարցերի շուրջ բանակցություններում որոշումներ ընդունող է դառնալու Իրանի նախագահը: ԻԱԱԲԽ քարտուղարի իրավական գործառույթների մեջ չի մտնում միջուկային հարցերի շուրջ բանակցությունների ապահովումը: Սա կարող է բերել նրան, որ Իրանում կարող է ձեւավորվել նոր կենտրոն, որն իրական պատասխանատվություն կստանձնի միջուկային հարցերի շուրջ բանակցությունների համար: Նշենք, որ Ս.Լավրովի` նոյեմբերին Թեհրան կատարած այցելության ժամանակ հիմնական բանակցությունները միջուկային խնդրի շուրջ ՌԴ ԱԳ նախարարը վարել է Իրանի ԱԳ նախարարությունում:

Ալի Լարիջանիի պաշտոնանկությունից 5 օր անց ԱՄՆ-ը հայտարարեց Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին: Ամենանշանակալին կարել է համարել այն, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ընդգրկվեց ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հաստատված ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: ԻԱԱԲԽ նոր քարտուղար Ս.Ջալիլին ԱՄՆ-ի կողմից անուղղակիորեն ճանաչվեց ահաբեկիչ:

Պետք է ասել, որ ամերիկյան պատժամիջոցներն իրենց նշանակությամբ այնքան էլ շոշափելի չեն Իրանի համար: Առավել մտահոգիչը Թեհրանի համար կարող են լինել քննարկումներն այն մասին, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը սկսել են «իրանական մեծ առեւտուր»: Որոշ վերլուծաբաններ նոյեմբերի սկզբին կարծիք հայտնեցին, թե ԱՄՆ-ը առաջարկել է Չեխիայում եւ Լեհաստանում ռադարային կայաններ չտեղակայել, եթե Ռուսաստանը մասնակցի Իրանի մեկուսացմանը: Սակայն ՌԴ ԱԳՆ-ն, այդ թվում` պետական լրատվամիջոցների միջոցով, չափազանց արագ եւ հետեւողական կերպով հերքեց այս տեղեկությունը, ինչը կարող է հուշել այն մասին, որ «իրանական մեծ առեւտուրը» ամերիկյան տեղեկատվական ական է, որն առաջացավ Վ.Պուտինի թեհրանյան այցելությունից անմիջապես հետո եւ ուղղված էր իրանա-ռուսական հակասությունների սրմանը:

Ինչեւէ, Իրանը լուրջ զարգացումների փուլում է, եւ դրանց նշանակալի մասը կապված է ներքաղաքական կյանքի հետ: Առնվազն մինչեւ խորհրդարանական ընտրություններ չի կարելի սպասել որեւէ խոշոր փոփոխություն Իրան–Արեւմուտք հարաբերություններում: Սակայն բացառված չէ, որ նախընտրական ԱՄՆ-ում «իրանական խնդիրն» էլ ավելի հրատապ դառնա, ինչը կարող է բերել Իրան–ԱՄՆ հարաբերություններում նոր սրացումների: Ստիպված ենք նշել, որ ռազմական ընդհարման հնարավորությունը գալիք տարվա ընթացքում ամենեւին էլ սպառված չէ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր