
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սևակ ՍարուխանյանՍ.Սարուխանյան` «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու
ՌԴ նախագահի ՀՀ կատարած օգոստոսյան այցի քննարկումներում կենտրոնական դեր է զբաղեցնում Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին ստորագրված համաձայնագիրը: Սակայն պետք է ասել, որ էներգետիկ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները պակաս կարևորություն չեն ներկայացնում:
ՀՀ անկախացումից հետո մեր պետության տարածքում իրականացված ամենախոշոր տնտեսական նախագիծը մինչև օրս մնում է արդեն շահագործման հանձնված Իրան–Հայաստան գազատարը: Բավական բարդ և թանկ այս նախագիծն իր կարևորությամբ ՀՀ-ի համար անփոխարինելի է, քանի որ Վրաստանի տարածքով բնական գազի մատակարարման խափանման դեպքում կարող է ապահովել ՀՀ էներգետիկ համակարգի բնականոն գործունեությունը: Սակայն, անկասկած, ՀՀ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման նախագիծն ավելի կարևոր է լինելու մեր էներգետիկ և ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, քան Իրան–Հայաստան գազատարը: Այս հանգամանքն անմիջականորեն կապված է այն հիմնական առանձնահատկությունների հետ, որոնք ունի ՀՀ էներգետիկ համակարգը:
ՀՀ էներգետիկ համակարգի ապահովման ներքին միջավայրը
Չնայած բավական մեծ ներդրումներին, որոնք վերջին 12-13 տարիներին իրականացվել են ՀՀ էներգետիկ համակարգում, այն դեռևս լուրջ նորացման կարիք ունի: Երևանի ՋԷԿ-ի արդիականացումն ու «ՀայՌուսգազարդի» կողմից Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցումը ՀՀ էներգետիկ համակարգում իրականացված արդիականացման ամենալուրջ նախագծերն են: Դրանք, լուծելով բավական կարևոր հարցեր, միևնույն ժամանակ մեր էներգետիկ համակարգի կարևորագույն խնդրի` էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների արդյունավետության բարձրացման հարցի լուծումը չեն գտել: Արդիականացման լուրջ խնդրի առջև են կանգնած Հրազդանի ՋԷԿ-ի 4 էներգաբլոկները, ինչի համար հսկայական ներդրումներ են պետք, որոնք դժվար է լինելու ապահովել: Ներդրումների բացակայության հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը, ընդհանուր առմամբ, շահութաբեր չէ: Սա պայմանավորված է երկու հիմնական հանգամանքով.
- Հայաստանից լուրջ ծավալներով էլեկտրաէներգիայի արտահանում չի իրականացվում, ինչը զրկում է էլեկտրաարտադրողներին շուկայական գին ստանալ իրենց արտադրանքի համար,
- բուն ՀՀ տարածքում էլեկտրականության գինը մնում է համեմատաբար ցածր, քանի որ կառավարությունը սահմանափակում է գնաճն այս ոլորտում` հաշվի առնելով դրա ակնհայտ բացասական ազդեցությունը սոցիալական կայունության վրա:
Վերոնշյալը հաշվի առնելով` դժվար թե մեծածավալ ներդրումներ իրականացվեն ջերմաէներգետիկ համակարգում, ինչն ապագա տարիներին կարող է բացասական ազդեցություն ունենալ ՀՀ էներգետիկ անվտանգության համակարգի վրա:
ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման արտաքին միջավայրը
Ռուսաստանից Հայաստան ձգվող գազատարի կայուն գործունեությունը կախված է ոչ թե հայ-վրացական, այլ ռուս-վրացական հարաբերություններից: Հեռանկարում գազատարը կարող է «զոհ գնալ» հերթական ռուս-վրացական կոնֆլիկտին: Իրանի հետ գազատարի առկայությունը Հայաստանին հնարավորություն է տալիս ռուսական գազի փոխարեն այլընտրանքային գազ ներկրել, սակայն իսլամական հանրապետության հետ էներգետիկ համագործակցությունն ունի լուրջ խնդիրներ, որոնցից հիմնականը երկուսն են.
- Իրանն, ամենայն հավանականությամբ, դեռևս երկար ժամանակ կանգնած կլինի ամերիկյան ռազմական հարվածի կամ ներխուժման վտանգի առջև: Դրանց իրականացման դեպքում Հայաստան–Իրան գազատարի կայուն գործունեության մասին խոսք անգամ լինել չի կարող:
- Դեռևս անհայտ է, թե ինչ գնով Հայաստանը, կարիքի դեպքում, գազ կգնի Իրանից: Չնայած հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակին` Թեհրանը դժվար թե հայկական կողմին շուկայականից զգալիորեն ցածր գնով գազ վաճառի, ինչը տեղի է ունենում ռուսական գազի պարագայում:
Այս ամենը հաշվի առնելով` դժվար է ջերմաէներգետիկան Հայաստանում հեռանկարային ուղղություն համարել: Այն, իհարկե, բավական մեծ համակարգ է, սակայն զգալիորեն խոցելի, և 1993թ. էներգետիկ ճգնաժամի կրկնության հնարավորությունը Մեծամորի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի փակումից հետո բավական մեծ է: Հաշվի առնելով բնական գազի ներկրման հեռանկարային ռիսկայնությունը` ՀՀ էներգետիկ համակարգի կայունության ապահովման հիմնական առաքելությունը պետք է դրված լինի միջուկային էներգետիկայի վրա:
Ատոմային էներգետիկայի հեռանկարները Հայաստանում
ՀՀ կառավարության որոշումը` 2016-ից Մեծամորի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկը հանել շահագործումից, թեև մասամբ ԵՄ ճնշման արդյունք էր, սակայն արդարացված որոշում էր: Գործող ատոմակայանը բարոյապես սպառված է, իսկ նրա հզորությունը բնական գազի ներկրման կասեցման դեպքում հնարավորություն չի կարող տալ խուսափել նոր էներգետիկ ճգնաժամից: Այս տեսանկյունից ԱԷԿ-ի գործող 440 մվտ հզորությամբ էներգաբլոկի փակման և գրեթե անմիջապես հետո նոր, ավելի հզոր` առնվազն 1000 մվտ հզորությամբ էներգաբլոկի կառուցման մասին որոշումներն ուղղակիորեն արդարացված են ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից:
ՀՀ-ի համար նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հիմնական հարցը եղել և մնում է նախագծի ֆինանսավորումը: Նշենք մի ուշագրավ փաստ. այսօր Հայաստանի Հանրապետությունը նոր ատոմակայաններ կառուցող պետությունների մեջ ՀՆԱ բացարձակ արժեքով ամենավերջին տեղում է գտնվում: Ակնհայտ է, որ նման մակրոտնտեսական ցուցանիշներ ունենալով, սեփական միջոցներով նման թանկ նախագիծ` միջուկային էներգաբլոկի կառուցում, իրականացնել չի կարելի: Օրինակ, Բուլղարիան, որի ՀՆԱ-ն գերազանցում է հայկականն ավելի քան 5 անգամ, 2009-ին ստիպված է եղել կասեցնել Բելենի ատոմակայանի կառուցումը, քանի որ չի կարող ֆինանսավորել նախագիծը: Իսկ միջազգային ներդրողները պատրաստ չեն ստանձնել էներգաբլոկի կառուցման ֆինանսավորումը, քանի որ դեռևս ակնհայտ չէ, որ նախագիծը ներդրողներին ապագայում զգալի շահույթ կբերի:
Գրեթե նույն խնդրի առջև է կանգնած նաև ՀՀ-ն, քանի որ արտասահմանյան ներդրումների խրախուսման համար մեր երկրում միջուկային էներգաբլոկի կառուցումը զուտ տնտեսական տեսանկյունից պետք է շահավետ լինի, ինչպիսին այն չի հանդիսանում: Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները հետագայում էլ ամեն կերպ սահմանափակելու են էլեկտրաէներգիայի գնաճը` ցանկանալով մեղմացնել բնակչության սոցիալական բեռը: Այս պարագայում հայկական նոր ատոմակայանի կառուցման ֆինանսավորողը պետք է որ հասկանա, թե կայանի միջոցով գերշահույթներ ստանալն անհնար է:
Հենց այս հանգամանքով է պայմանավորված այն, որ էներգաբլոկի կառուցման նախագիծը շատ չհետաքրքրեց ներդրողներին: Միակ պետությունը, որը հետաքրքրություն է հայտնել, Ռուսաստանն է, որը և, համաձայն օգոստոսի 20-ին կնքված համաձայնագրի, կստանձնի նախագծի ֆինանսավորման զգալի մասը: Բացասական երանգով շատ քննարկումներ եղան և, հավանաբար, հետո էլ կլինեն այն մասին, որ Մոսկվան էներգաբլոկի կառուցման միջոցով ցանկանում է ամրապնդել դիրքերը Հայաստանում: Անկասկած, Մոսկվան ունի նման մտադրություններ, և դրանք բխում են իր հիմնարար շահերից, սակայն անհասկանալի է, թե ինչու մենք պետք է դրան բացասաբար նայենք: Կարծիք կարող է ստեղծվել, թե Միացյալ Նահանգները հովանավորել է Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարի կառուցումը զուտ մարդասիրական զգացումներից ելնելով: Այո, կասկածից վեր է, որ էներգաբլոկի կառուցումից հետո ռուսական ներկայությունը Հայաստանում ավելի է ամրապնդվելու, սակայն դեռևս չի հնչել որևէ լուրջ փաստարկ, թե ինչով է դա հարվածում մեր շահերին: Դեռևս ոչ մի հիմնավոր փաստարկ չի հնչել, թե ինչպես է Մոսկվան օգտագործելու ատոմակայանը մեզ վրա բացասաբար ազդելու համար: Քանդելու է այն և տեղափոխելու է ուրի՞շ պետություն:
Միջուկային էներգետիկան միշտ եղել է կարևոր քաղաքական գործոն: Ինչպես նավթն ու բնական գազը, այնպես էլ միջուկային էներգետիկան կախված են միջազգային տնտեսական և քաղաքական գործընթացներից, և այդ պատճառով մենք չպետք է տարանջատենք այն քաղաքականությունից: Այս իմաստով, բնական և օբյեկտիվ պատճառներով Ռուսաստանն է այն միակ պետությունը, որը կարող է Հայաստանում ֆինանսավորել և կառուցել նոր միջուկային էներգաբլոկ, ինչը մոտ կես դար լինելու է հայկական էներգետիկ անվտանգության ապահովման հիմնաքարը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]