
ԱԴՐԲԵՋԱՆ. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄ
Սերգեյ ՍարգսյանՍ.Սարգսյան` «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ
Դեռ Հարավային Օսիայի պատերազմից առաջ Ադրբեջանի առջև կանգնած ռազմաքաղաքական բնույթի և առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտության հետ կապված մի շարք խնդիրների լուծված չլինելն այդ պահին հարավկովկասյան տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռության համակարգում այդ պետության ղեկավարության կողմից դիտարկվում էր որպես պատրվակ արտաքին քաղաքական գերակայությունների որոշ ճշգրտման համար։
Այն բանից հետո, երբ Մոսկվան իր ազգային անվտանգության հիմնարար սկզբունքներին վերաբերող հարցերում անցավ ակտիվ քաղաքականության, և երբ երկարատև ընդմիջումից հետո վերադարձավ իր առջև միջպետական հարաբերություններում ծառացած ռազմաքաղաքական բնույթի մարտահրավերների լուծման համար ռազմական պոտենցիալը կիրառելու պրակտիկային (ինչը հատկապես լավ երևաց 2008թ. մարտ-օգոստոսին Աբխազիայում և որի պսակը դարձավ օգոստոսի 8-12-ը պատերազմը Հարավային Օսիայում), նման ճշգրտման անհրաժեշտությունը Բաքվի համար ակնհայտ դարձավ։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից իր արտաքին քաղաքականության որոշ շեշտադրումների վերանայումն այս կամ այն աստիճանով, ուղղակիորեն կամ միջնորդավորված, պայմանավորված է Ռուսաստանի աշխարհաքաղաքական կշռի ավելացմամբ, հետխորհրդային տարածքում իր քաղաքական, տնտեսական և ռազմական գերակայությունը հաստատելու ձգտմամբ։
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի աշխարհաքաղաքական պարտությունը 1990-ականների սկզբին պայմանավորված էր նրանով, որ ազգային շարժման ալիքով իշխանության եկավ նոր, բավական ոչ ձեռնհաս էլիտա։ Չնայած այն բանին, որ նման բան կատարվեց և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում, Բաքվի ցուցադրական կողմնորոշումը դեպի Անկարա ներքին ու արտաքին քաղաքականության և տնտեսության բոլոր ոլորտներում և հեռանալը Մոսկվայից ի վերջո ձևակերպեցին Ռուսաստանի գործնական քաղաքականությունը տարածաշրջանում և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հարցում։ Թեև անհրաժեշտ է նշել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո սկզբնական շրջանում, էլ չենք խոսում 1988-91թթ. մասին, Մոսկվայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, չնայած կայուն անհետևողական, բայց ընդգծված հակահայկական էր։
Այնուամենայնիվ, Բաքվի արևմտամետ, թուրքամետ «ֆալստարտը» երկար տարիների համար ձևավորեց Մոսկվայի զգուշավոր վերաբերմունքը նրա հանդեպ։ Բացի այդ, անկախ Ադրբեջանի առաջին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի թուրքամետ քաղաքականությունը, ի լրումն «պատմական Ադրբեջանին» այսպես կոչված Հարավային, իրանական Ադրբեջանի վերինտեգրման անհրաժեշտության մասին պոպուլիստական հայտարարությունների, ադրբեջանա-իրանական հարաբերությունների վատթարացման հիմնական պատճառը դարձան, որոնք առայսօր այնքան էլ պարզ չեն։
Ա.Էլչիբեյի պաշտոնանկությունը, ակտիվ քաղաքականություն ավելի փորձառու Հեյդար Ալիևի վերադարձը փոքր-ինչ բարելավեցին ադրբեջանա-ռուսական հարաբերությունները և վերածնեցին Ադրբեջանը ռուսամետ կողմնորոշման վերադարձնելու Մոսկվայի հույսերը։ Մի շարք ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքով՝ դա հանգեցրեց այն բանին, որ նա նախաձեռնի բանակցություններ Արցախում մարտական գործողությունները դադարեցնելու մասին Բաքվի համար դրամատիկ իրավիճակում, երբ վերջինը իրար հետևից ռազմական անհաջողություններ էր կրում ճակատում և աճում էր ներքին անկայունությունը։
Սակայն իրադարձությունների հետագա զարգացումն Ադրբեջանում, հատկապես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության նախագծի լոբբավորումը երկար ժամանակով սառեցրեց ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ 1990-ական թթ. կեսերից մինչև 2003թ. «վարդերի հեղափոխությունը» Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության կարևոր օբյեկտ դարձավ Վրաստանը, որի նկատմամբ վերահսկողությունը Ռուսաստանին թույլ կտար վերահսկել ողջ Հարավային Կովկասը։ Սակայն Մոսկվայի փորձը նաև Միխայիլ Սահակաշվիլու օրոք շարունակել հասնել այդ նպատակին՝ խաղարկելով աբխազական, հարավօսական և, ավելի քիչ չափով, ջավախյան խաղաքարտերը, ավարտվեց 2008թ. օգոստոսի 8-ով։
Վրացական հասարակության հասկանալի համախմբվածությունը գոնե հետպատերազմյան առաջին շրջանում, երկրի քաղաքական ոլորտում ազդեցիկ ռուսամետ ուժերի բացակայությունը Մոսկվայի համար ակնհայտ դարձրին Վրաստան (որպես Ադրբեջանի բնական, այդ թվում և աշխարհագրական առումով, արևմտամետ ռազմաքաղաքական և տնտեսական շահերի չափիչ) ուղղվածության սխալականությունը։ Այն իրավիճակում, երբ Հայաստանն արդեն միանշանակ Մոսկվայի հետ ռազմավարական դաշնակցի կարգավիճակում է, Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության հիմնական, առավել ակտուալ ուղղությունը դառնում է Ադրբեջանը։
Բաքվում լավ են հասկանում ստեղծված իրավիճակը հօգուտ իրենց օգտագործելու հնարավորությունը, սակայն գիտակցում են նաև Մոսկվայի հետ «խաղալու» մեջ պարունակվող ծանրակշիռ աշխարհաքաղաքական ռիսկերը։
Ներկայումս Հարավային Կովկասի երեք պետություններից երկուսի (Վրաստանը ներկայումս չունի բավականաչափ տարածք արտաքին քաղաքական մանևրի համար) քաղաքական-դիվանագիտական ակտիվությունը հանգում է տարածաշրջանում ուժերի նոր հավասարակշռության հաստատման իրական հնարավորությունները պարզելուն, ինչը թույլ կտար նրանց հասնել իրենց կոնկրետ մարտավարական շահերի իրականացմանը՝ հարվածի տակ չդնելով իրենց հիմնական ռազմավարական նպատակները և չվնասելով արտաքին քաղաքականության մյուս ուղղություններին։
Ադրբեջան-Ռուսաստան
Բաքուն փորձում է Մոսկվայի աչքում բարձրացնել իր իմիջն այն փաստի շնորհիվ, որ Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, պահպանվում է ռուսական բավական մեծ համայնքը, իսկ ռուսերենը լայն տարածում ունի։ Դպրոցականների մոտ 7%-ի ուսուցումը ռուսերեն է (երկրում 20 ռուսական դպրոց կա, ևս 350-ում ուսուցումը երկլեզվյա է՝ ադրբեջաներեն և ռուսերեն), բուհերում այդպիսիների թիվը մոտ 100 հազար է՝ Ադրբեջանի ուսանողների ընդհանուր թվի մոտ 15%-ը։
Կայուն է զարգանում նաև ադրբեջանա-ռուսական տնտեսական համագործակցությունը, թեև դրա տեմպերը, ԱՀ էներգաանկախության և ինքնաբավության արդյունքում, փոքր-ինչ նվազել են. արդեն 2007թ. Ռուսաստանը $1,5 մլրդ ապրանքաշրջանառության պարագայում դարձավ Ադրբեջանի երկրորդ առևտրատնտեսական գործընկերը Թուրքիայից հետո։
Սակայն երկու երկրների տնտեսական համագործակցության պոտենցիալը սպառված չէ, հատկապես տարածաշրջանային նշանակության նոր նախագծերի իրականացման պարագայում, ինչպիսին է, օրինակ, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) առավելագույն ծավալով գործարկումը, մանավանդ եթե շեշտը դրվի նրա երկաթուղային բաղադրիչի վրա1։ Այս դեպքում, նախագծում Ադրբեջանի դերի զգալի բարձրացմանը զուգընթաց, Բաքուն կկարողանա Մոսկվայի առջև որոշ չափով մեղմել ռուսական շահերին վնասող Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության նախագծին իր մասսնակցությունը, որը թույլ է տալիս բացառել տարանցումը Հայաստանի տարածքով, որի երկաթուղային ցանցը ՌԴ-ն ձեռք է բերել երկարաժամկետ կոնցեսիայով։
Բացի այդ, Ռուսաստանը Մերձկասպյան տարածաշրջանը քաղաքական-տնտեսական գոտու վերածելու դեռ լավ հնարավորություններ է պահպանում, որում հանգուցային դեր կունենա արտատարածաշրջանային դերակատարների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առնվազն քաղաքական և ռազմական նվազագույն ներկայության պայմաններում։ Որպես Արևմուտքի կողմից ակտիվորեն լոբբիի ենթարկվող միասնական Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի ստեղծման գաղափարի այլընտրանք Ռուսաստանը նախաձեռնեց Կասպյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ԿՏՀԿ) ստեղծումը։ Այս կազմակերպության շրջանակներում, Ադրբեջանի դիրքորոշումները, Մերձկասպյան մյուս պետությունների համեմատ եվրաատլանտյան ռազմաքաղաքական և տնտեսական նախագծերում ավելի մեծ ներգրավվածության պատճառով, Մոսկվայի համար շատ կարևոր նշանակություն ունեն։
Էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության նոր ուղղություններ կարող են դառնալ.
- ռուսական «ԼուկՕՅԼ» և «Ռոսնեֆտ» ընկերությունների մասնակցության ընդլայնումը ծովային նավթահանքերի մշակման գործում և ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի էներգետիկ հատվածում,
- սվոփ-գործողությունների իրականացում՝ Ադրբեջանը գազ է մատակարարում Ռուսաստանի հարավային շրջաններին, փոխարենը համապատասխանաբար ռուսական գազ է մատակարարվում Թուրքիայում Petkim նավթաքիմիական համալիրին, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը Ադրբեջանի պետական նավթային ընկերությանն է պատկանում։
Սակայն հարկ է նշել, որ Ադրբեջանի մասնակցությամբ աշխարհաքաղաքական նշանակության բոլոր առավել խոշոր գործող և հեռանկարային տնտեսական նախագծերը՝ կապված նավթի ու գազի արդյունահանման և արտահանման հետ, արդեն դեպի արևմտյան կապիտալ և արտահանման ուղղվածություն ունեն, ինչը թեև ուղղակիորեն շոշափում է Ռուսաստանի շահերը, բայց գործնականում չի կարող վերանայվել՝ առանց հենց Բաքվի համար տնտեսական, քաղաքական և սոցիալական աղետալի հետևանքների։ Ուստի, ադրբեջանա-ռուսական շփումների ակտիվացումը նավթագազային ոլորտի բոլոր մակարդակներում ավելին չէ, քան Բաքվի կողմից անկախ կարգավիճակ ձևացնելու տարր աշխարհաքաղաքական այն խաղում, որի ընթացքն ու դասավորությունը վաղուց արդեն որոշված են, իսկ հաշվարկների վիրտուալ տատանումը թեև կարող է օգտագործվել դիվանագիտության մեջ, բայց դրա ելքի վրա նշանակալի ազդեցություն ունենալ չի կարող։
Միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական վիրտուալ սակարկության վերականգնումն ակտիվացնում է տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարներին և ի վիճակի է միանգամայն իրական հոգեբանական ու տեղեկատվական ճնշում բանեցնել կոնտրգործընկերների վրա՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Բաքվի արտաքին քաղաքական գործունեությունը վերջին 10 տարիներին ավելի ճարտար և հաշվարկված է դարձել։
Այն պայմաններում, երբ նոր էներգետիկ նախագծերի և առաջին հերթին Շահդենիզ գազահանքի մշակման 2-րդ փուլի սկսման ժամկետները տեղափոխվում են ոչ շուտ, քան 2016թ., Մոսկվայի հետ տարածաշրջանային հարցերով արտաքին քաղաքական սակարկության գինը միջնաժամկետ հեռանկարում կարող է դառնալ երկկողմ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը։
Ադրբեջանական «Դոկտրին» լրագրողների ռազմական հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ դեռ 2008թ. հոկտեմբերին, ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, տեղի ունեցավ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց ռուսական կողմի առաջարկությունը ռազմական համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ2։
Մոսկվայի ակտիվացումն այս հարցում պայմանավորված է ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի մերձեցումից և, մասնավորապես, հեռանկարում ԱՀ բանակը Դաշինքի չափորոշիչներին համապատասխանեցնելուց ունեցած դժգոհությամբ։ Ռուսաստանի՝ իրավիճակի նման զարգացմանը դիմակայելու հիմնական ուղղություններից են.
- Մոսկվայի ձգտումը՝ մեծացնել ռուսական ռազմական բուհերում սովորող ադրբեջանցի զինծառայողների թիվը։ Դա, առնվազն, կնպաստի գոնե առաջիկայում ԱՀ ԶՈւ ձևավորման խառը (ռուսական և ՆԱՏՕ-ական) համակարգի պահպանմանը,
- ռուսական արտադրության ռազմատեխնիկայի գնման ծավալի պահպանումը կամ ավելացումը,
- տեղեկատվական «Դարյալ» կենտրոնի (Գաբալայի հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող ռադիոլոկացիոն համակարգ) վարձակալության ժամկետի (որն ավարտվում է 2012թ.) երկարաձգում ևս տասը տարով՝ այսպիսով ամրապնդելով իր ներկայությունն այդ երկրի տարածքում, իսկ ըստ որոշ տվյալների (ստացված ադրբեջանական ռազմական աղբյուրներից)՝ նաև դրա լիարժեք ռազմակայանի վերածման հնարավորություն,
- Ռուսաստանի մասնակցության ակտիվացում Ադրբեջանի ռազմական ենթակառուցվածքի և առաջին հերթին նրա ՈՕՈՒ և ՀՕՊ համակարգի ձևավորման և զարգացման գործում, ինչը ներգրվում է Գաբալայի ՌԼՀ կարգավիճակի մասին 2002թ. պայմանագրի հոդվածների համատեքստում, մասնավորապես՝ ԱՀ ՊՆ զինանոցում գտնվող հնացած ՀՕՊ համալիրների (С-75, С-125, С-200 և ընդհանրապես ցամաքային զորքերի ՀՕՊ համալիրի) արդիականացում, ինչպես նաև նոր՝ С-300-ից մինչև մոդիֆիկացված, տեխնիկապես համեմատաբար ավելի հասարակ С-125 «Պեչորա-2М» ՀՕՊ համալիրների գնում,
- անմիջական մասնակցություն Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի կայացմանը և դրանով իսկ արդեն ադրբեջանական կամ ռուս-ադրբեջանական համատեղ արտադրանքի ռուսական չափորոշիչների և սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի համակարգերի ամրապնդում։
Սակայն Ռուսաստանի հետ Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հանգուցային հարցը մնում է Մոսկվայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ և նրա ռազմավարական հարաբերությունները Երևանի հետ։ Մոսկվայի հիմնական մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը, որն արտահայտվում է հակամարտության կողմերի միջև փոխզիջումային ցանկացած համաձայնություն պաշտպանելու պատրաստակամությամբ, իր ձևակերպմամբ փաստորեն ենթադրում է առկա status-quo-ի պաշտպանություն՝ հետագայում դրա քաղաքական-դիվանագիտական մանևրի լայն հնարավորություններով։
Հաշվարկը Մոսկվայի վրա անելու Բաքվի հեռանկարները ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում Հարավային Օսիայի պատերազմից և Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը Մոսկվայի կողմից ճանաչվելուց հետո անսպասելի և անտրամաբանական են թվում միայն առաջին հայացքից։
Նախ՝ Մոսկվայի «կշռադատված» մոտեցումը, որը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերով, «ոչ մի զուգահեռ չի տեսնում Հարավային Օսիայի, Աբխազիայի իրավիճակի՝ մի կողմից և ղարաբաղյան կարգավորման միջև՝ մյուս կողմից»3, բավարար երաշխիք է այս հիմնախնդրում Ռուսաստանի դիրքորոշումների կտրուկ փոփոխությունների առումով։
Երկրորդ՝ եթե Արևմուտքը, Ռուսաստանի արտաքին քաղաքական թուլության կամ թուլակամության օբյեկտիվ հայտանիշերի պարագայում, այդ թվում և հարավկովկասյան տարածաշրջանում, մեկուկես տասնամյակում չկարողացավ լոբբավորել ԼՂ հիմնախնդրի՝ Բաքվի համար շահավետ լուծում, ապա Ռուսաստանի դերի ուժեղացումն էլ ավելի կնվազեցնի նրա կշիռն այս հարցում։
Հետևաբար, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերակայությունների իրական փոփոխությունը կամ նույնիսկ այդ փոփոխությունների պատրաստակամության ցուցադրումը, Հարավային Կովկասի, Մերձկասպիայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ռազմաքաղաքական և տնտեսական մի շարք նախագծերի հարցում Բաքվի՝ Մոսկվային հարմար դիրքորոշումներին հասնելու (ինչը ռազմավարական առումով կարևոր է Մոսկվայի համար) պայմաններում, Ադրբեջանին հնարավորություն է տալիս Ռուսաստանից օգնություն ստանալ գոնե մասամբ ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում։
Մյուս կողմից՝ Բաքվի արտաքին քաղաքականության ցանկացած ուղղության իսկապես կամ երևութապես ճշգրտումն անհնար է՝ առանց նրա կողմից հաշվի առնելու հիմնական ռազմավարական դաշնակցի՝ Թուրքիայի շահերը։
Թուրքական գործոնը
Չնայած Ա.Էլչիբեյի իշխանության տարիներին տեղ գտած դեպի Թուրքիա Ադրբեջանի միակողմանի կողմնորոշման որոշ ճշգրտմանը, ադրբեջանա-թուրքական հարաբերությունների զարգացման միտումը բավական ամբողջական ձևով ասված է Հեյդար Ալիևի բանաձևում. «Մեկ ազգ՝ երկու պետություն»։ Թեև Թուրքիան քննադատաբար է վերաբերվում Ադրբեջանի ավտորիտար կառավարմանը, ադրբեջանական իշխող վերնախավի կոռումպացվածությանը, Անկարայի և Բաքվի ռազմավարական պլանների հաջող իրականացումն, այնուամենայնիվ, հնարավոր է բացառապես նրանց աշխատանքային տանդեմի համաձայնեցված գործողություններով։
Անկարայի համար Բաքուն բնական դարպաս է դեպի Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի թյուրքական աշխարհ, որի առաջնորդը լինելու հավանականությունը Թուրքիան կարող է վերածել ողջ Եվրասիայի իրական աշխարհաքաղաքական դերակատարի։
Ադրբեջանը, դաշնակցելով Թուրքիայի հետ, կարող է բավական հաջող կերպով դիմակայել Իրանի և Ռուսաստանի ճնշմանը, «առաջինը լինել հավասարների մեջ», ավելի ծանրակշիռ աջակցություն ստանալ իսլամական պետությունների կողմից։ Ի դեպ, անհրաժեշտ է նշել, որ «Թուրքիայի շարունակությունը» մնալով՝ Ադրբեջանը նաև որոշակի իմիջային (և ոչ միայն) կորուստներ է կրում ինչպես Իրանի, այնպես էլ Կենտրոնական Ասիայի պետությունների առջև։
Նման տանդեմի գոյության ակնհայտ դիվիդենդների կողքին (այստեղ կարելի է նշել նաև ԼՂ հիմնախնդրի ասպեկտը, Հայաստանի հետ փոխհարաբերությունները, տարածաշրջանից էներգակիրների արտահանման նախագծերի իրականացումը, «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային միջանցքի շահագործումը և այլն), Անկարայի և Բաքվի համաձայնեցված քաղաքականությունն առավել զգալի ձևով տանում է դեպի նրանց քաղաքական և տնտեսական գերիշխում Վրաստանում։ Մոսկվայի հետ Թբիլիսիի անհեռանկար առճակատման, այդ թվում և տարածաշրջանային տնտեսական ու հաղորդակցային նախագծերի առումով, և Հայաստանի, Աբխազիայի և հենց Վրաստանի հայ համայնքի հանդեպ վերջինիս անզգույշ վերաբերմունքի պայմաններում Վրաստանի տարածաշրջանային ինտեգրումը հանգում է նրան, որ այդ երկիրը հանդես է գալիս որպես ադրբեջանա-թուրքական տնտեսական շահերը տարանցողի դերում։
Վրաստան Թուրքիայի և Ադրբեջանի հետագա տնտեսական ներթափանցումն այդ երկրի արտաքին քաղաքականության և ներքին քաղաքականության հարցերի վրա անխուսափելիորեն կանդրադառնա Սամցխե-Ջավախք 1944թ. բռնաճնշման ենթարկված թուրք-մեսխեթցիների հայրենադարձության գործընթացի ակտիվացմամբ, ադրբեջանական համայնքի կարգավիճակի բարձրացմամբ, Թբիլիսիի ավելի մեծ զիջողականությամբ վրաց-ադրբեջանական սահմանը գծելիս, որի սահմանագիծը համաձայնեցված է միայն դրա ընդհանուր երկարության 65%-ի համար։
Առայժմ Թբիլիսիի վրա ճնշումը հիմնականում տեղեկատվական է՝ ադրբեջանական (իսկ որոշ հարցերի շուրջ՝ նաև թուրքական) ԶԼՄ-ն կշտամբում են իրենց կառավարությանը Վրաստանին տնտեսական մեծ զիջումներ անելու հարցում4։ Դժգոհությունները հիմնականում վերաբերում են տնտեսական արտոնությունների (մասնավորապես գազ մատակարարելիս) տրամադրմանն այն բանի համար, որ Թբիլիսիի հետ համագործակցում են քաղաքական շարժառիթներ ունեցող նախագծերում, որոնցից մեկը Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությունն է. Ադրբեջանի կառավարությունը Վրաստանի տարածքում աշխատանքների իրականացման համար այդ երկրին 28 տարով տրամադրել է $200 մլն վարկ՝ տարեկան 1% տոկոսադրույքով՝ գումարը հատկացնելով պետական նավթային հիմնադրամից։
***
Ելնելով այն բանից, որ Ադրբեջանի հիմնական տնտեսական, քաղաքական և ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող ծրագրերի և նախագծերի զգալի մասը կողմնորոշված է դեպի Արևմուտք՝ ԱՄՆ, ԵՄ և Թուրքիա, և նրանից, որ Բաքուն նրանց հետ է կապում իր ռազմավարական նպատակներին հասնելը, կարելի է եզրակացնել, որ Բաքվի արտաքին քաղաքականության որոշ շտկումն ավելի շուտ մարտավարական բնույթ ունի և հիմնականում պայմանավորված է.
- Ռուսաստանի օբյեկտիվ զորեղացմամբ, նաև՝ Հարավային Կովկասում,
- դեպի նվազում իր տնտեսական աճի իրական հեռանկարների վերանայմամբ,
- Թուրքիայի ակտիվացմամբ, որը հանդես եկավ «Կովկասում կայունության և համագործակցության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությամբ, որը ենթադրում է նաև Հայաստանի մասնակցությունը, ինչպես նաև ՀՀ-ի հետ իր հարաբերություններում աջակցությունը, թեկուզև ձևական, կարգավորման գործընթացին։
Այս գործոններից միայն առաջինը՝ Ռուսաստանի զորեղացումն է դառնում երկարաժամկետ և մշտապես գործող; Միևնույն ժամանակ, ՌԴ-ի հետ ԱՀ տնտեսական, հատկապես նավթագազային համագործակցությունը դեռ բավականաչափ հստակեցված չէ և ուղղակիորեն կախված է դեպի Արևմուտք կողմնորոշված էներգանախագծերի իրականացման պլաններից (և առաջին հերթին Nabucco գազամուղի նախագծի կենսունակությունից)։ Իսկ տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի ակտիվացման հեռանկարներն ու հետևանքներն ակնհայտ չեն, քանզի չափից շատ են գործող դերակատարները, որոնց շահերը հաճախ ոչ միայն չեն համընկնում, այլև ուղղակիորեն հակասում են միմյանց։
Ուստի, երբ պարզ դառնա, որ տարածաշրջանի գծով հարևանների ակտիվությունը երկարաժամկետ և կենսունակ պոտենցիալ չունի Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության սկզբունքային մի շարք հարցերի անհամատեղելիության պատճառով, Բաքուն ստիպված կլինի վերադառնալ իր սկզբնական արտաքին քաղաքական կողմնորոշիչներին։
Սակայն Մոսկվան, ինչպես թվում է, դեռ հույսը չի կորցրել, որ Բաքուն կվերադառնա ռուսամետ քաղաքականությանը, ուստի առաջիկայում տարածաշրջանային քաղաքականության մեջ նրանից պետք է սպասել ադրբեջանամետ նոր քայլեր։
12008թ. հունիսին «Ռուսական երկաթուղիներ», «Իրանի երկաթուղի» և «Ադրբեջանական պետական երկաթուղի» կորպորացիաները համաձայնագիր ստորագրեցին Ղազվին-Ռեշտ-Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթգծի շինարարության մասին «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի շրջանակներում։
2http://www.milaz.info/news.php?id=3262, 22.10.2008թ.։
3 http://polit.ru/news/2008/09/26/karabah.popup.html
4Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելու խոստովանությամբ, որն արել է 2007թ., ՀՆԱ 12% աճի բարձր տեմպով Վրաստանը ոչ քիչ չափով պարտական է նաև Ադրբեջանին։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԻՐԱՆ. ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՓՈՐՁ[30.06.2015]
- ՎՈՒԱՄ-Ը ՎԵՐԱԾՆՎՈ՞ՒՄ Է[01.09.2014]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԻԼՆՅՈՒՍԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ. «ՀԱՆՈՒՆ ՍՐՏԵՐԻ ԵՎ ՄՏՔԵՐԻ» ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ[20.03.2014]
- ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ 2013Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ[22.12.2013]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ[17.09.2013]
- ԹՈՒՐՔԻԱ. ԱՇԽԱՐՀԻԿ ԿԱՐԳԻ ՀՈԳԵՎԱՐՔ[31.07.2013]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՂՐՂԶՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ (ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[03.06.2013]
- ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԱՆՈՒՂՂԱԿԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ[25.02.2013]
- ՎՐԱՍՏԱՆ. ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՓՈՐՁ ՆԵՂ ԿԱԾԱՆՈՒՄ[14.01.2013]
- ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[02.08.2012]
- «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ»,- «ԳԱ»-ի հետ հարցազրույցում ասում է «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխղեկավար Սերգեյ ՍԱՐԳՍՅԱՆԸ[25.07.2012]