
ԻՐԱՆԻ ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
Վահրամ ՀովյանՎ.Հովյան՝ «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ
Մերձավոր Արևելքի հայ բողոքական համայնքների շարքում ուրույն տեղ ունի Իրանի հայ բողոքական համայնքը, որն առաջացել է 19-րդ դարի կեսին:
Իրանը մերձավորարևելյան այն երկրներից է, որ նախկինում չի եղել Օսմանյան կայսրության կազմում: Հետևաբար, այստեղ հայ բողոքական համայնքի ձևավորումը, ի տարբերություն մերձավորարևելյան այլ երկրների (Թուրքիա, Սիրիա, Լիբանան), տեղի է ունեցել անկախ Օսմանյան կայսրությունում հայ բողոքական համայնքների ձևավորման գործընթացից: Եթե Օսմանյան կայսրությունում իշխանությունները հանդուրժում և ինչ-որ տեղ խրախուսում էին հայ բողոքական համայնքների ձևավորումն ու ստվարացումը` Հայությանը պառակտելու նպատակով, ապա Իրանում իշխանությունները պայքարում էին այդ երևույթի դեմ` այն համարելով արևմտյան պետությունների համար հնարավորություն՝ միջամտելու Իրանի ներքին գործերին և ազդելու նրա ներքին կյանքում ընթացող գործընթացների վրա1: Չնայած իշխանությունների դիմադրությանը` բողոքականությունը, այնուամենայնիվ, կարողացավ թափանցել Իրան և տարածում գտնել նաև տեղի հայության շրջանում:
Ներկայումս Իրանի հայ բողոքականները տեղի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների կողքին հանդիսանում են իրանահայության դավանանքային շերտերից մեկը: Նրանց ուսումնասիրությունը կարևոր է ոչ միայն հայագիտական հետազոտությունների ամբողջացման, այլ նաև հայության ներուժի ամբողջական բացահայտման ու համախմբման տեսանկյունից, ինչը ենթադրում է հայության տարբեր հատվածների ուսումնասիրություն: Մեր օրերում Իրանի շուրջ ընթացող տարածաշրջանային, ինչպես նաև գլոբալ գործընթացները, որոնք նաև կրոնական բաղադրիչ են պարունակում, իրենց հերթին հավելյալ հրատապություն են հաղորդում այդ խնդրին:
Իրանի հայ բողոքական համայնքի վերաբերյալ դիտարկումները կենտրոնանում են հիմնականում հետևյալ խնդիրների վրա.
- Հայ բողոքականների թվաքանակը և աշխարհագրական սփռվածությունը
- Կազմակերպական կառույցները
- Հայ բողոքականներն իրանական միջավայրում։
Թվաքանակը և սփռվածությունը
Իրանում հայ բողոքականների թվաքանակը ժամանակի ընթացքում ենթարկվել է փոփոխությունների` կապված ընդհանուր Հայության թվաքանակի ավելացման կամ նվազման հետ: Այսպես, Հայոց ցեղասպանության արդյունքում հայության թվաքանակի աճը Իրանում հանգեցրեց նաև հայ բողոքականների թվաքանակի աճին: Մինչև 1979թ. իսլամական հեղափոխությունը հայերի թիվն Իրանում կազմում էր մոտ 300 հազ.: Հեղափոխությունից հետո տարաբնույթ գործոնների ազդեցությամբ իրանահայության շրջանում ծայր առավ արտագաղթը, որի արդյունքում վերջինիս թվաքանակը կրճատվեց մոտ կիսով չափ2: Ընդհանուր իրանահայերի թվի նվազումը չէր կարող բացասաբար չանդրադառնալ նաև իրանահայ բողոքականության թվաքանակի վրա: Չնայած Իրանում 20-րդ դարի վերջից կրկին լայն թափ ստացած բողոքական միսիոներությանը, հայ բողոքականների թիվը չի ավելանում, քանի որ միսիոներական գործունեությունն իրականացվում է հիմնականում մուսուլման բնակչության շրջանում:
Ներկայումս Իրանի հայ բողոքական համայնքի թվի որոշման հարցն իրանահայ բողոքականությանն առնչվող ամենաբարդ խնդիրն է: Բանն այն է, որ այդ հարցում վիճակագրությունը բավական խրթին է: Քրիստոնեությունը Իրանում բաժանվում է երկու հատվածի.
- Ազգային, որն ընդգրկում է այն համայնքները, որոնք ձևավորվել են ազգային սկզբունքի հիման վրա և ունեն ազգային բնութագիր: Դրանց թվում է նաև Հայ Առաքելական եկեղեցին3:
- Ընդհանրական, որը կազմում են այն համայնքները, որոնք աչքի են ընկնում էթնիկ բազմազանությամբ կամ ձևավորված չեն ազգային սկզբունքի հիման վրա: Այդպիսի համայնք է բողոքականությունը4։ Վերջինիս շրջանում ներքին տարաբաժանումն արվում է լեզվական չափանիշի հիման վրա։ Ըստ այդմ` Իրանում բողոքականությունը կազմում են հիմնականում պարսկախոսները, հայախոսները և ասորախոսները։
Վիճակագրությունը տարբերակում չի դնում բողոքական համայնքի վերոհիշյալ լեզվական խմբերի միջև` նրանց դիտելով միևնույն ամբողջության` բողոքական համայնքի մեջ: Համաձայն վիճակագրական տվյալների` բողոքական համայնքի թվաքանակն Իրանում կազմում է 8.5 հազ.: Թե նրանցից որքանն են հայ, վիճակագրությունը չի մանրամասնում: Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ հայերը տեսակարար կշռով այդ հանրույթի շրջանակներում երկրորդն են պարսկախոսներից հետո, քանի որ.
- Իրանում հայերն ընդհանրապես իրենց թվաքանակով անհամեմատ զիջում են պարսկախոսներին, սակայն գերազանցում են ասորախոսներին:
- Միսիոներական գործունեությունն իրականացվում է հիմնականում Իրանի մուսուլման բնակչության շրջանում, որի հետևանքով ավելանում է պարսկախոս բողոքականների թվաքանակը:
Իրանի հայ բողոքական համայնքն աշխարհագրորեն սփռված է հետևյալ վայրերում` Թեհրան, Նոր Ջուղա, Թավրիզ, Արալ, Համադան5: Նրա գերակշիռ մեծամասնությունը, այնուամենայնիվ, կենտրոնացված է մայրաքաղաք Թեհրանում: Այդ մասին վկայում են երկու հանգամանք.
- Իրանահայության գերակշիռ մեծամասնությունը` մոտ 70%, կենտրոնացված է Թեհրանում6:
- Թեհրանում են կենտրոնացված հայ բողոքական կազմակերպչական կառույցները7։
Կազմակերպչական կառույցները
Իրանի հայ բողոքական համայնքի կազմակերպչական կառույցները, թեև քանակապես փոքրաթիվ են (7), սակայն տեսակային առումով աչքի են ընկնում բազմազանությամբ։ Այստեղ էլ, բացի եկեղեցական կառույցներից, կան նաև կրթական, սոցիալական և այլ կառույցներ։ Դրանք բոլորն էլ կենտրոնացված են մայրաքաղաք Թեհրանում:
Ըստ իրենց գործունեության ուղղվածության` Իրանի հայ բողոքական համայնքի կառույցները կարելի է բաժանել 5 մասի` ղեկավար, եկեղեցական, կրթական, սոցիալական և տեղեկատվական: Այդ կառույցներից ամենամեծաքանակը եկեղեցիներն են՝ երեք եկեղեցի: Մյուս տեսակներից գործում է մեկական կառույց:
- Ղեկավար կառույցը Իրանի Հայ ավետարանչական ընկերակցությունն է, որն Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության իրանական մասնաճյուղն է: Նախագաhն է վերապատվելի Սերգեյ Շահվերդյանը, որը միաժամանակ Իրանի Հայ ավետարանական Սուրբ Հովհաննես և Հոգեշունչ եկեղեցիների հոգևոր հովիվն է8:
- Եկեղեցական կառույցներից ամենահինը Հայ Ավետարանական Ս.Հովհաննես եկեղեցին է` հիմնված 1876թ.: Գործում են նաև Հայ ավետարանական Հոգեշունչ և Շնորհալի եկեղեցիները9: Այն, որ Թեհրանի գործող Հայ ավետարանական երեք եկեղեցիներից երկուսը, ինչպես նաև ավետարանչական ընկերակցությունը ղեկավարում է միևնույն անձը (վերապատվելի Սերգեյ Շահվերդյանը), թույլ է տալիս ենթադրել, որ Իրանի հայ ավետարանական համայնքում կա հոգևոր գործիչների պակաս:
- Կրթական միակ հաստատությունը Հայ ավետարանական Գոհար Մեսրոպյան դպրոցն է:
- Սոցիալական միակ կառույցը «Ավետարանչական այգի» քրիստոնեական ճամբարն է:
- Տեղեկատվական միակ հաստատությունը «Սուրհանդակ» եռամսյա հանդեսն է:
Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ կազմակերպչական կառույցների առումով Իրանի հայ բողոքական համայնքը Մերձավոր Արևելքի այլ երկրների` Լիբանանի և Սիրիայի հայ բողոքական համայնքների հետ ունի ընդհանրություն և տարբերություններ: Ընդհանրությունը կազմակերպչական կառույցների տեսակային բազմազանության մեջ է: Իրանի հայ բողոքական համայնքը, Լիբանանի և Սիրիայի հայ բողոքական համայնքների նման, բացի եկեղեցական կառույցներից, ունի նաև սոցիալական, կրթական և այլ բնույթի կառույցներ:
Տարբերությունները կայանում են երկու հարցում` կազմակերպչական կառույցների թվաքանակի և աշխարհագրական սփռվածության.
- Թվաքանակի առումով Իրանի հայ բողոքական կառույցներն էապես զիջում են Լիբանանի և Սիրիայի հայ բողոքական կառույցներին: Բացի եկեղեցական կառույցներից, որոնք նույնպես քանակապես զիջում են Լիբանանի և Սիրիայի հայ բողոքական եկեղեցիներին, մյուս կառույցներից Իրանի հայ բողոքական համայնքում գործում են մեկական հատ:
- Սփռվածության տեսակետից, եթե Լիբանանի և Սիրիայի հայ բողոքական կառույցներն ունեն ավելի լայն աշխարհագրական ընդգրկում, ապա Իրանի հայ բողոքական կառույցները կենտրոնացված են մայրաքաղաք Թեհրանում:
Հայ բողոքական համայնքն իրանական միջավայրում
Հիշյալ խնդիրն ունի երկու կողմ` նեղ և լայն.
- Նեղ առումով քննարկվում է հայ բողոքական համայնքի դրությունն իրանահայության շրջանակներում։
- Լայն առումով դիտարկվում են նրա փոխհարաբերություններն իրանական պետության և հասարակության հետ:
- Հայ բողոքական համայնքի դրությունն իրանահայ համայնքի շրջանակներում: Իրանի հայ համայնքի շրջանակներում հայ բողոքական համայնքը հիմնականում բնականոն հարաբերությունների մեջ է տեղի Հայ Առաքելական և Կաթողիկե եկեղեցիների հետ: Առճակատման դեպքեր հայտնի չեն: Համայնքային կյանքում փոխհարաբերությունները կառուցվում են գործընկերության ոգով: Այն ակնառու դրսևորում ունի հատկապես կրթական բնագավառում` Հայ ավետարանական Գոհար Մեսրոպյան դպրոցի օրինակով: Դպրոցը գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու իրավասության ներքո, իսկ այնտեղ ուսում են ստանում ինչպես առաքելական, այնպես էլ բողոքական երեխաները10:
- Փոխհարաբերություններն իրանական պետության և հասարակության հետ: Այլ է իրավիճակը պետության և իրանական հասարակության հետ հայ բողոքական համայնքի փոխհարաբերություններում, որին տրվող գնահատականը միանշանակ չի կարող լինել: Մի կողմից՝ Իրանի սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորվում են որոշակի իրավունքներ և ազատություններ կրոնական փոքրամասնությունների համար: Սակայն, մյուս կողմից, առկա է իրանական պետության և հասարակության ընդգծված բացասական վերաբերմունքը բողոքականների և հատկապես նրանց միսիոներական գործունեության նկատմամբ: Բողոքականներն Իրանում, ի տարբերություն այլ քրիստոնեական համայնքների, ընկալվում են որպես օտար տարր և գործիք արտաքին (արևմտյան, հրեական) ուժերի ձեռքում:
Բողոքական միսիոներությունը, որն Իրանում սկիզբ է առել դեռևս 1830-ից, կրկին լայն թափ է առել վերջին տասնամյակներում: Ակտիվորեն տեղի է ունենում Իրանի մուսուլման բնակչության քրիստոնեացման (բողոքականացման) գործընթաց։ Համաձայն Միջազգային անտիոքյան հովվություն (International Antioch Ministries) միսիոներական կազմակերպության տվյալների՝ վերջին շրջանում Իրանում քրիստոնյա նորադարձների թվաքանակի շարունակական աճի հետևանքով ներկայումս այդ երկրում քրիստոնյաների թվաքանակը կազմում է 500 հազարից 1 մլն մարդ։ Կազմակերպությունն իր առջև խնդիր է դրել Իրանում քրիստոնյաների տեսակարար կշիռը հասցնել բնակչության 10%-ին11։ Այդ դեպքում կոպիտ հաշվարկով Իրանի քրիստոնյա բնակչությունը կկազմի մոտ 7 մլն մարդ։
Ակտիվ միսիոներական գործունեությունն Իրանում իր հերթին առաջացնում է պետության և մուսուլման մոլեռանդների հակազդեցությունը: Իսլամական այդ երկրում «Բողոքական եկեղեցիների միսիոներների ընկալումը որպես արևմտյան ազդեցության իրականացնողների՝ նրանց դնում է պետության և հասարակության թշնամիների վիճակի մեջ»12։ Պետական մակարդակով միսիոներական գործունեությունն արգելված է, մահապատիժ է սահմանված կրոնափոխության համար: Ինչ վերաբերում է մոլեռանդ մուսուլմանների կողմից հակազդեցությանը, ապա այն դրսևորվում է հիմնականում բողոքականների նկատմամբ հարձակումների ու բռնությունների տեսքով:
Իրանում միսիոներական գործունեության մեջ որոշակիորեն ընդգրկված են նաև հայ բողոքականները, քանի որ արտաքին միսիոներական կազմակերպությունների համար ընդհանրապես լուրջ հնարք է Իրանում տեղական միսիոներների պատրաստումը և «գործարկումը»: Դեռևս 1950-ական թթ. ակտիվ միսիոներական գործունեություն էր ծավալում հայազգի Սեթ Եղնազարը՝ Թեհրանի իր բնակարանում կազմակերպելով ամենօրյա աղոթքներ և Աստվածաշնչի ուսուցում, ինչը մեծ նշանակություն ունեցավ Իրանում քրիստոնեության տարածման համար13։
Պատահական չէ, որ Իրանի հայ բողոքականները նույնպես դառնում են հակազդեցության թիրախ: Նրանց նկատմամբ հակազդեցությունն ակնառու էր 1990-ական թթ. և դրսևորվում էր հայ բողոքական գործիչների վրա հարձակումներով: 1994թ. երկու հայ բողոքական կրոնավորներ այդպիսի հարձակումների զոհ գնացին14:
Ներկայումս իրավիճակը հայ բողոքականների համար համեմատաբար ավելի բարվոք է, քան 1990-ական թթ., սակայն խնդիրը դեռ ամբողջությամբ չեզոքացված չէ, քանի որ իրանական պետության և մոլեռանդ կրոնավորների բացասական վերաբերմունքը բողոքականների և նրանց միսիոներների նկատմամբ չի փոխվել: Այստեղ խնդիրը չի սահմանափակվում միայն հայ բողոքականների անվտանգության հարցով։ Նրանց նկատմամբ իրանական հասարակության բացասական վերաբերմունքը կարող է վերաճել իրանահայության հանդեպ բացասական վերաբերմունքի` վտանգելով նաև հայ-իրանական հարաբերությունները: Հետևաբար, պահանջվում է մեծ զգուշավորություն և շրջահայացություն` իրանական հասարակությանը հայ բողոքականների դեմ կրկին չգրգռելու համար։
1 Տե՛ս Տիգրան Ղանալանյան, Հայ բողոքականներ, «21-րդ ԴԱՐ», 2010թ., թիվ 4, էջ 39-40։
2 A Look At Iran's Christian Minority http://www.payvand.com/news/04/dec/1207.html
3 Տե՛ս Minority Rights Group International, World Directory of Minorities and Indigenous Peoples - Iran : Christians, 2008 http://www.unhcr.org/refworld/docid/49749d0b2d.html
4 Նույն տեղում։
5 Մանուկ Մանուկյան, Իրանահայ գաղթօջախի առօրյան, Երևան, 2000, էջ 40։
6 Давид Петросян, Армянская община в Иране http://patmaban.com/index.php?name=news&op=view&id=70
7 Տե՛ս AMAA Directory 2010: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide, p. 12 http://www.amaa.org/Directory%20for%20website.pdf
8 Նույն տեղում։
9 Նույն տեղում։
10 Immigration and Refugee Board of Canada, Iran: Rights of Armenian churches, their locations and language(s) of instruction, 1 December 1998, IRN30743.E http://www.unhcr.org/refworld/docid/3ae6ad264.html
11 В Иране начинается христианское пробуждение? http://news.invictory.org/issue13676.html
12 Сергей Кривошеев, Экзогенная "евангелизация" Ирана: Persian Ministry (Служение Персии) ведет религиозную войну на территории Ирана http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=1980
13Տե՛ս Teymour Shaheeni, The Church in Iran: Her Past, Her Present, Her Future http://www.elam.com/articles/Church-in-Iran/
14Minority Rights Group International, World Directory of Minorities and Indigenous Peoples - Iran: Christians, 2008 http://www.unhcr.org/refworld/docid/49749d0b2d.html
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ[18.12.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[03.12.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[06.11.2018]
- ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ[26.10.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[25.09.2018]
- ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ[12.09.2018]
- ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ[03.08.2018]
- ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[16.07.2018]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ[19.06.2018]
- ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[06.06.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ[27.04.2018]