ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ.ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

Ֆազիլ Ալիևը` նախագահի թեկնածու
2007թ. նոյեմբերին Վրաստանի ԿԸՀ-ն 2008թ. հունվարի 5-ի արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածու գրանցեց թբիլիսաբնակ ադրբեջանցի Ֆազիլ Նուրմուհամեդօղլի Ալիևին1` Վրաստանի ադրբեջանցիների միջազգային խորհրդի (ՎԱՄԽ) նախագահին, ով առաջադրվել էր ադրբեջանական համայնքի, մասնավորապես՝ Վրաստանի ադրբեջանցիների ազգային ասամբլեայի (ՎԱԱԱ) և ՎԱՄԽ-ի կողմից:
Վրաստանի նորագույն շրջանի պատմության մեջ առաջին անգամ է, որ ադրբեջանցիներն առաջ քաշեցին նախագահի սեփական թեկնածու: Նախատեսվում էր, որ Ֆ.Ալիևի ընտրազանգվածը, բացի Քվեմո-Քարթլիի, Թբիլիսիի, Կախեթի, Շիդա-Քարթլիի ադրբեջանցիներից, կլինեն նաև Աջարիայի և այլ շրջանների մահմեդականներ: (Նշենք, որ Վրաստանում ապրում են իսլամադավան մի շարք էթնիկ խմբեր՝ մահմեդական օսեր, չեչեններ, ինգուշներ, թուրք մսխեթցիներ, ավարներ, թաթարներ, ղազախներ, ուզբեկներ, թաջիկներ և այլն):
Ֆ.Ալիևի նախընտրական շտաբի պետ նշանակվեց ՎԱԱԱ նախագահ Դաշգին Գյուլմամեդովը, ով վարչակարգի ամենաարմատական ընդդիմախոսներից է և իշխանությունների, այդ թվում՝ նախագահ Մ.Սահակաշվիլու և ներքին գործերի նախարարի հասցեին թույլ է տվել ամենակոշտ որակումներ: 2007թ. նոյեմբերի 27-ին Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալեցին Դ.Գյուլմամեդովին և նրա եղբորը՝ Մուրադ Գյուլմամեդովին։ Հետագայում նրանք ազատ արձակվեցին, ինչը որոշակիորեն նպաստեց Դ.Գյուլմամեդովի քաղաքական հայացքների փոխմանը։
Նշենք, որ 2007թ. նոյեմբերին Թբիլիսիում ընդդիմադիր ցույցերի շրջանում (որոնց մասնակցում էին նաև ադրբեջանական համայնքի հազարավոր ներկայացուցիչներ), ընդդիմության մի շարք առաջնորդներ ձերբակալվել են: Նրանց հիմնական մասը հետագայում ազատ է արձակվել, սակայն վերջիններիս նկատմամբ հարուցվել են քրեական գործեր:
Ինչ վերաբերում է Ֆ.Ալիևին, ընտրություններից առաջ Ադրբեջանի նախագահ Հ.Ալիևին գրված նամակում վերջինս նշել է, որ Բաքվում ծեծի է ենթարկվել իր դպրոցական որդին։ Ստեղծված իրավիճակում` ընտրությունների նախօրեին, Ֆ.Ալիևը հրաժարվեց իր թեկնածությունից: Ակնհայտ է, որ վերջինս առաջադրվել էր ոչ թե հաղթանակ տանելու, այլ ադրբեջանական համայնքին վերաբերող հիմնահարցերին քաղաքական հնչեղություն տալու ակնկալիքով:
Ադրբեջանական դիսկուրսը Վրաստանում
Ադրբեջանցիները, որոնք վրացիներից հետո ամենամեծ էթնոդավանական խումբն են, հավաքական ձևով ապրում են Քվեմո-Քարթլի2 նահանգում, ինչը հիմնականում նկատի է առնում Ադրբեջանի և Հայաստանի սահմանակից Մառնեուլի, ինչպես նաև Գարդաբանի, Բոլնիսի և Դմանիսի շրջանները:
1989թ. խորհրդային շրջանում Վրաստանում ապրում էր մոտ 307,6 հազար ադրբեջանցի: 2002թ., վերջին մարդահամարի տվյալներով, ադրբեջանցիների թիվը նվազել է մինչև 284,8 հազար: Ադրբեջանցիները թերահավատորեն են ընկալում նման վիճակագրությունը. նրանց շրջանում կա համոզվածություն, որ իրենք կես միլիոն և նույնիսկ ավելի են:
Երկրամասում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հիմնական պատասխանատվությունը, ըստ ադրբեջանցի ակտիվիստների, կրում են Վրաստանի իշխանությունները, որոնք խտրական քաղաքականություն են վարում ադրբեջանական փոքրամասնության նկատմամբ, դաժան հաշվեհարդար տեսնում քաղաքական ակտիվություն հանդես բերող գործիչների հետ:
Այսօր Վրաստանի ադրբեջանցիների շրջանում ձևավորվել է որոշակի դիսկուրս, ինչի արդյունքում սահմանվել են ադրբեջանական փոքրամասնության հիմնահարցերը3, դիրքորոշումը Վրաստանի և «պաշտոնական» հայրենիքի՝ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, առանձին դեպքերում՝ նաև իրավիճակից ելք գտնելու ուղիները:
Ադրբեջանական դիսկուրսի մեկ այլ ասպեկտ կապված է Ադրբեջանի իշխանություններից ունեցած դժգոհության հետ: Ճիշտ է, Բաքվից ադրբեջանցիները ստանում են որոշակի սոցիալական օգնություն, սակայն դա բավարար չէ: Խնդիրն այն է, որ Բաքուն, ձգտելով պահպանել ռազմավարական գործընկերությունը Թբիլիսիի հետ, ամեն կերպ փորձում է ազդել ադրբեջանական համայնքի գործողությունների վրա՝ դրանք դարձնելով զսպված: Պաշտոնական Բաքուն չի կիսում ադրբեջանցիների այն մտայնությունը, թե իշխանություններն ադրբեջանցիների նկատմամբ խտրական քաղաքականություն են իրականացնում, այլ ստեղծված հիմնահարցերը հիմնականում ձգտում է բացատրել Վրաստանում առկա տնտեսական խնդիրներով և ադրբեջանցիների՝ վրացերենին չտիրապետելու հանգամանքով:
Այս իրողությունը, սակայն, չի խանգարում, որպեսզի Ադրբեջանում Վրաստանի ադրբեջանցի գործիչները գործունեության պարարտ հող գտնեն: Հենց Ադրբեջանում (նաև Թուրքիայում) են տեղի ունենում ադրբեջանական կազմակերպությունների բազմաթիվ միջոցառումներ: Այնպես որ՝ ցանկացած պահի Բաքուն Թբիլիսիի դեմ որպես կռվան կարող է օգտագործել ադրբեջանական գործոնը, որի ազդեցությունը Վրաստանում աստիճանաբար ուրվագծվում է: Սակայն այս փուլում Թբիլիսիի նկատմամբ նման գործելակերպը Բաքվին ձեռնտու չէ։ Պատահական չէ, որ Բաքվի ԱԳՆ-ն իր տարածած հայտարարության մեջ նշում է, որ ընտրությունները Վրաստանում անցել են դեմոկրատական ճանապարհով։
Ընտրություններում ադրբեջանցիների մասնակցությունը
Ըստ պաշտոնական տվյալների՝ Վրաստանի ադրբեջանական շրջաններում մասնակցությունը բավական բարձր է եղել՝ մոտ 60% և ավելի։ Սակայն ըստ այլ աղբյուրների՝ իրականում մասնակցությունը ցածր է եղել։ Ադրբեջանցիներն իրենց ձայնը (մոտ 75%) տվել են Մ.Սահակաշվիլուն և կողմ են եղել Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին (տե՛ս նաև աղյուսակը)։ Մասնակցությունը բավական բարձր է եղել հատկապես Մառնեուլի շրջանում, որտեղ Մ.Սահակաշվիլու օգտին քվեարկել է ընտրողների մոտ 89%։ Այսպես, Մառնեուլից հետո Սահակաշվիլուն առավել ձայն տված շրջանը Բոլնիսն է՝ մոտ 85%, հաջորդը՝ Դմանիսին՝ մոտ 82%, ապա՝ Գարդաբանին՝ մոտ 71% և Ռուսթավին՝ մոտ 42.17%։ Նույն Ռուսթավիում, որը Քվեմո-Քարթլի նահանգի վարչական կենտրոնն է և Սահակաշվիլուն ամենաքիչ ձայն տված շրջանը /նահանգի կտրվածքով/, ընդդիմության միասնական թեկնածուն՝ Լևան Գաչեչիլաձեն, հավաքել է բավական բարձր ցուցանիշ՝ մոտ 32%։ Գարդաբանիում վերջինս հավաքել է մոտ 12%, Բոլնիսում և Դմանիսիիում՝ մոտ 8%, և բնականաբար ամենաքիչը՝ Մառնեուլում՝ մոտ 6%։
Հատկանշական է, որ քաղաքատիպ բնակավայրերում /որտեղ գյուղական բնակչության հետ համեմատած կան աշխարհայացքային տարբերություններ/, Սահակաշվիլին քիչ ձայներ է հավաքել, իսկ գյուղական շրջաններում, որտեղ կախվածությունը տեղական վերնախավից առավել մեծ է, և կան այլ գործոններ նույնպես, Սահակշվիլին հավաքել է ձայների մեծամասնություն։
Այսպիսով, օգտագործելով ճնշումներն ադրբեջանցի գործիչների դեմ, ինչպես նաև ունենալով վարչակազմին մոտ կանգնած ֆինանսական և այլ կարգի ռեսուրսների տիրապետող Վրաստանի ադրբեջանցիների և Բաքվի աջակցությունը՝ Մ.Սահակաշվիլին կարողացավ ադրբեջանաբնակ շրջաններում իր համար ցանկալի ցուցանիշներ ահապովել, ինչը, կարելի է ասել, վճռորոշ դերակատարություն ունեցավ նրա հաղթանակի հարցում։
Հետաքրքրական է, որ ընտրություններից հետո տված հարցազրույցում վարչակազմի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ հայտնի Դ.Գյուլմամեդովը նշում է, որ ադրբեջանական շրջաններում ընտրություններն անցել են արդար, և որ իրենք պատրաստ են համագործակցել Մ.Սահակաշվիլու վարչակազմի հետ, եթե վերջինս կատարի իր նախընտրական խոստումները։
Այս հանգամանքը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ադրբեջանական համայնքը հիշյալ փուլում չի ունենա իրեն առաջնորդող ըննդիմադիր գործիչներ, հետևաբար և առաջիկայում իր գործողություններում կլինի զուսպ և, ընդհանուր առմամբ, վերահսկելի՝ պայմանավորված վերը նշված գործոններով։
Վրաստանում 2008թ. հունվարի 5-ի նախագահական ընտրությունների արդյունքները հիմնական ադրբեջանաբնակ շրջաններում4
Շրջանը | Լևան Գաչեչիլաձե | Արկադի Պատարկաշվիլի | Դավիթ Գամկրելիձե | Շալվա Նաթելաշվիլի | Միխայիլ Սահակաշվիլի | Գեորգի Մաիսաշվիլի | Իրինա Սարիշվիլի |
---|---|---|---|---|---|---|---|
Ռուսթավի | 14680
(31.54%) | 2950
(6.34%) | 2361
(5.07%) | 3900
(8.38%) | 19632
(42.17%) | 752
(1.62%) | 96
(0.21%) |
Գարդաբանի | 4764
((11.55%) | 1367
(3.31%) | 950
(2.3%) | 2150
(5.21%) | 29135
(70.62%) | 126
(0.31%) | 31
(0.08%) |
Մառնեուլ | 3462
(5.6%) | 483
(0.78%) | 1447
(2.34%) | 410
(0.66%) | 54709
(88.5%) | 43
(0.07%) | 37
(0.06%) |
Բոլնիս | 2597
(7.55%) | 567
(1.65%) | 710
(2.07%) | 523
(1.52%) | 29054
(84.52%) | 54
(0.16%) | 39
(0.11%) |
Դմանիսի | 817
(7.02%) | 587
(5.04%) | 178
(1.53%) | 180
(1.55%) | 9486
(81.49%) | 11
(0.09%) | 13
(0.11%) |
1Ֆազիլ Նուրմուհամեդօղլի Ալիևը ծնվել է Թբիլիսիում, 1963թ.։ 1984թ. ավարտել է Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտը։ 1988-ից եղել է Վրաստանի ազգային շարժման ակտիվիստ, առաջին նախագահ Զ.Գամսախուրդիայի աջակիցներից։ 1990-1991թթ. նշանակվել է Գարդաբանիի քաղաքապետ, իսկ 1992-ից Գարդաբանիի շրջանի ադմինիստրացիայի ղեկավարի տեղեկալ։ 2003թ. Դեմոկրատական վերածննդի կուսակցության ցուցակով ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, իսկ 2006-ին՝ Վրաստանի ադրբեջանցիների միջազգային խորհրդի նախագահ։ 2005թ. հունիսին սեփական տան դիմաց, ըստ իր վարկածի, իշխանությունների կողմից իրականացված հարձակումից հետո ստիպված է եղել հեռանալ երկրից: Նա բազմաթիվ անգամներ իշխանություններից սեփական անձի անվտանգության երաշխիքներ է պահանջել:
2Ադրբեջանցիներով բնակեցված շրջանները վրացիները պաշտոնապես անվանում են Քվեմո-Քարթլի, որը համանուն նահանգի անունն է, իսկ ադրբեջանցիներն այն հետևողականորեն անվանում են Բորչալու` դիտարկելով «Հնագույն Բորչալուն» պատմական Ադրբեջանի անքակտելի մաս, որտեղ ապրել են անհիշելի ժամանակներից: Այս իրողությունները կապված են այն առասպելաբանության հետ, որ գոյություն ունի թե՛ Ադրբեջանում, թե՛ Վրաստանում, իսկ տվյալ պարագայում սպասարկում է Վրաստանի ադրբեջանցիների էթնոքաղաքական պահանջները։ Ադրբեջանցիները, որպես կանոն, դժգոհում են, որ Թբիլիսին փոխում է ադրբեջանական տեղանունները վրացականով։
3Ադրբեջանական համայնքի ղեկավարներն առանձնացնում են երեք հիմնական խնդիրներ՝ կապված հողի, կրթության և լեզվի հետ: Հողի խնդիրն առաջ է եկել նախագահ Է.Շևարդնաձեի օրոք իրականացված ագրարային բարեփոխումների ժամանակ, ինչի արդյունքում հիմնականում հողագործությամբ և գյուղատնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող ադրբեջանցիների մեծ մասը դուրս է մնացել հողի սեփականաշնորհման գործընթացից և այսօր ստիպված է աշխատել վարձակալած և վրացիներին պատկանող հողակտորներում: Հույսերը, թե Մ.Սահակաշվիլին կարող էր լուծել այդ հիմնախնդիրը, չիրականացան։ Ադրբեջանցիները բավարար չեն տիրապետում վրացերենին (բացառությամբ Թբիլիսիում ապրող ադրբեջանցիների), ինչը չի նպաստում նրանց ինտեգրմանը: Խնդիրն այն է, որ ադրբեջանական դպրոցներում, որոնց քանակը տարեցտարի ավելի է նվազում, վրացերենի ուսուցումը վատ է կազմակերպված։ 2005թ. Կրթության մասին օրենքի համաձայն՝ Վրաստանի բոլոր դպրոցները պետք է անցնեն վրացական ուսուցման համակարգին՝ պահպանելով ազգային լեզվի ուսուցումը։ Այս հանգամանքը բացասաբար է դիտարկվում ադրբեջանցիների կողմից, որոնք ձգտում են ադրբեջաներենը դարձնել տարածաշրջանային պաշտոնական լեզու։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]