• am
  • ru
  • en
Версия для печати
27.09.2010

ԱՆԴՐԱԴԱՐՁ ԴԵՐՍԻՄԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

EnglishРуский

   

Ռուբեն Մելքոնյան

Ռ.Մելքոնյան՝ «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան

Ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվող Դերսիմը տարբեր ժամանակաշրջաններում յուրահատուկ տեղ է զբաղեցրել ինչպես հայերի, այնպես էլ այդ տարածքներում հաստատված զազաների, քրդերի համար: Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի` Դերսիմը բազմիցս դարձել է ըմբոստների և հալածյալների ապաստարան: Կան տարածված ավանդազրույցներ, որ հենց այդ լեռնոտ գավառում է ապաստանել հայերի մի խումբ, որը 4-րդ դարում չի ընդունել քրիստոնեություն: Ավելի ուշ` պավլիկյան և թոնդրակյան շարժումների ժամանակ նույնպես, Դերսիմն ապաստարան է ծառայել այդ գաղափարների հետևորդների համար: Աշխարհագրական լեռնոտ դիրքն ազդել է նաև այնտեղի բնակչության հոգեկերտվածքի վրա. ըմբոստությունը, խիզախությունը լայն տարածում են գտել Դերսիմում: Հայտնի է նաև, որ այդ տարածքներում Օսմանյան կայսրության տիրապետության հաստատումից հետո էլ Դերսիմը շարունակեց պահպանել կիսանկախ դիրքը, որը տարբեր ժամանակներում անհանգստացրել է օսմանյան տիրակալներին:

Հարկ է նկատել, որ բացի բնիկներից` հայերից, Դերսիմում բնակություն են հաստատել նաև զազաներ, քրդեր, որոնց շրջանում բավական տարածված է ալևիականությունը, ինչը ենթադրում է հանդուրժողականություն այլակրոնների նկատմամբ: Կրոնադավանանքային այս պատկանելությունը զգալիորեն տարբերել է ալևի զազաներին կայսրության մյուս շրջանների մուսուլմաններից, որոնց մոտ հաճախ գերիշխել է կրոնական մոլեռանդությունը:

Հարևան ալևի զազաների հետ դերսիմցի հայերի բարիդրացիական հարաբերություններ ունենալու հանգամանքը որոշակի դեր է խաղացել նաև 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ. տարբեր աղբյուրներում վկայված է, որ աքսորի և կոտորածի տարիներին մոտ 30-40 հազար հայեր ինչպես Դերսիմի տարբեր շրջաններից, այնպես էլ հարակից այլ հայաբնակ գավառներից ապաստանել են ալևի զազաների մոտ: Հարկ է նկատել, որ տեղի ալևի զազա ցեղապետերը հայերին փրկելու քայլին են դիմել նաև իրենց դավանանքի` ալևիականության պատճառով, որն առավելապես մարդակենտրոն է: Սակայն ավելորդ չէ նաև հավելել, որ այդ ժամանակ արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ դերսիմցի քուրդ, զազա մի շարք ցեղախմբեր համագործակցել են օսմանյան իշխանությունների հետ և մասնակցել հայերի սպանդին ու նրանց գույքի թալանին: Պահպանվել են նաև դերսիմցի զազա ցեղապետերի նենգ դավաճանության մասին վկայություններ:

Ինչևէ, Դերսիմի լեռնային գյուղերում ապաստանած հայերի հարցը դարձել է օսմանյան կենտրոնական իշխանությունների և տեղի ցեղապետերի միջև քննարկման ու բանակցությունների թեմա, քանի որ թուրքական իշխանությունները պահանջել են ալևի ցեղապետերից իրենց հանձնել հայերին: Այս պահանջը լուրջ խնդիր է առաջացրել հենց ալևիների համար, քանի որ նրանք կանգնել են բարդ երկընտրանքի առաջ` կենտրոնական իշխանությունների կարգադրության և իրենց դավանանքի սկզբունքների միջև: Եվ շատ հաճախ կենտրոնական իշխանությունների հրամանը մերժվել է, իսկ երբ պահանջները սաստկացել են, ալևի ցեղապետերն ապաստանած հայերի մի մասին օգնել են փախչել Արևելյան Հայաստան կամ Ռուսաստան:

Սակայն այս ամենից զատ, արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ ալևիների մոտ ապաստանած հայերը ստիպված (հաճախ արտաքուստ) փոխել են իրենց անունը, կրոնը և ներկայացել որպես ալևի զազա: Այս հանգամանքը նաև թույլ է տվել ցեղապետերին` կենտրոնական իշխանություններին ներկայացնել, որ կասկածյալները ոչ թե հայ են, այլ ալևի զազա: Ահա հենց այս եղանակով էլ բազմահազար հայեր առերևույթ կրոնափոխ են եղել, դարձել ալևի. նրանց մի մասը կարողացել է գաղտնի կամ բացահայտ շարունակել ազ-գային-կրոնական սովորույթները, իսկ մի մասն էլ ձուլվել է ալևիական ինքնության մեջ: Կարևոր է նկատել, որ շրջապատող ալևի բնակչության ոչ այնքան մոլեռանդ դիրքորոշումը թույլ է տվել, որ մինչև մեր օրերը դերսիմցի հայերը և նրանց սերունդները, ցանկության դեպքում, պահպանեն հայկական ինքնության որոշակի տարրեր, սակայն, այնուամենայնիվ, գերիշխող տարրը որոշիչ ազդեցություն է ունեցել հայության սերունդների ինքնագիտակցության վրա:

Այս իմաստով ուշագրավ օրինակ է հայտնի հայկական Միրաքյան ցեղախումբը, որի մի մասը, հեռանալով Դերսիմից, հաստատվել է տարբեր երկրներում, այդ թվում և Հայաստանում, սակայն նրանց մի հատվածն այսօր էլ շարունակում է ապրել Դերսիմում` «Միրաք աշիրեթի» անվան տակ: Ցավոք, ինչպես նշում են վերջերս նրանց այցելած մասնագետները, Միրաքյանների այսօրվա սերունդների մեջ պահպանվել է լոկ հիշողություն իրենց հայկական ծագման մասին: Ուշագրավ է, որ այսօր էլ Միրաքների մեջ շարունակում է հպարտության աղբյուր լինել իրենց նախնիների` Միրաքյանների ըմբոստ և ռազմատենչ կերպարը, որը ևս ստիպում է նրանց սերունդներին խոստովանել իրենց ծագման մասին:

Դերսիմում, հայկական դարավոր ներկայության, ինչպես նաև 1915-ին բազմահազար հայերի այնտեղ ապաստանելու արդյունքում, հայկական մշակույթի, սովորույթների, հայոց լեզվի որոշ տարրեր փոխանցվել են զազայական միջավայր: Օրինակ` զազայերեն լեզվում ակնհայտ է հայերեն փոխառյալ բառերի որոշակի շերտ, զազայական մի շարք տոներ, սովորույթներ իրենց մեջ ունեն հայկական գծեր, մինչև այսօր էլ Դերսիմում ժողովրդի շրջանում օգ-տագործվում են հին հայկական մի շարք տեղանուններ: Սակայն այս ամենով հանդերձ, պետք է նշել նաև, որ Թուրքիայի հակահայկական քարոզչությունը լիովին անհետևանք չի մնացել նաև Դերսիմում, և կան փաստեր, որոնք վկայում են, որ անգամ ալևիական միջավայրում միշտ չէ, որ բացահայտ հայ լինելը խրախուսվել է:

Դերսիմի նկատմամբ Օսմանյան կայսրության ունեցած խտրական և թշնամական վերաբերմունքը շարունակվեց և էլ ավելի մեծ ծավալներ ստացավ արդեն հանրապետական Թուրքիայում. Դերսիմի կիսանկախ գոյությունը քեմալական իշխանությունների համար դարձավ մտահոգիչ խնդիրներից մեկը:

Արդեն 1930-ական թվականներին քեմալական իշխանությունները ձեռնամուխ եղան Դերսիմի խնդրի արմատական լուծմանը. լուծման մեթոդները մնացին նույն երիտթուրքականը: 1937–1938թթ. Դերսիմում պետության կողմից կազմակերպվեց ցեղասպանություն, որի ժամանակ կիրառվեցին ճիշտ այն մեթոդները, որոնք եղել էին Հայոց ցեղասպանության ժամանակ: Ըստ տարբեր աղբյուրների, Դերսիմի ցեղասպանության տարիներին կոտորվել է շուրջ 70-90 հազար մարդ, բացի այդ, ողջ բնակչությունն աքսորվել է Թուրքիայի տարբեր շրջաններ: 1937–1938թթ. Դերսիմի ցեղասպանության խնդիրը կարոտ է լուրջ ուսումնասիրության, սակայն մենք կցանկանայինք անդրադառնալ դրա մի դրվագին: Արդեն հստակ կարող ենք ասել, որ Դերսիմի ցեղասպանության ժամանակ թուրքական իշխանությունների հիմնական և կարևոր թիրախներից մեկը եղել են 1915-ին այնտեղ ապաստանած հայերը: Ի հայտ եկած բազմաթիվ փաստեր, ականատես-վերապրողների վկայություններ գալիս են ապացուցելու այն, որ դերսիմցի հայերի համար 1937–1938-ը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր, որի ժամանակ զոհ գնաց 1915-ին փրկված և այնտեղ ապաստանած հայերի մի մասը: Նկատենք նաև, որ թուրքական իշխանությունները Դերսիմի ցեղասպանությանը մասնակցած զորքին, որպես զազաներին կոտորելու հիմնավորում, նշել են այն, որ նրանք ժամանակին ապաստան են տվել հայերին:

Ներկայումս Թուրքիայում ընթանում է մի հետազոտություն, որի շրջանակներում հավաքվում են Դերսիմի ցեղասպանությանը վերաբերող բանավոր պատմությունները, և, քանի որ թուրքական պաշտոնական փաստաթղթերում այդ դեպքերի մասին օբյեկտիվ տվյալներ շատ դժվար է գտնել, ուստի ականատես-վերապրողների և այդ ամենին մասնակիցների խոստովանություններն աղբյուրագիտական արժեք ունեն: Այսպես, այդ կոտորածին մասնակցած թուրքական բանակի մի զինվոր խոստովանել է, որ իրենց հրամանատարները զազաներին կոտորելու հրաման տալուց առաջ դա հիմնավորել են հետևյալ կերպ. «Սրանք հայերին ապաստան տվողներն են, և դրա համար էլ նրանց պետք է վերացնենք»:

Հետաքրքիր է և չափազանց ուշագրավ, որ մեր օրերում դերսիմցի հայերի և նրանց սերունդների մեջ սկսվել է ինքնության կարևորման, երբեմն ինքնության վերադարձի գործընթաց: Ստորև մեջբերենք դերսիմցի հայերի ներկայիս վիճակի վերաբերյալ մի ուշագրավ տեղեկություն, որը գրի է առնվել 2009թ. Դերսիմում տեղի ունեցած «Մնձուրյան 9-րդ փառատոն»-ի ժամանակ: Այսպես, Մնձուրյան փառատոնին մասնակցած «Ակօս» թերթի աշխատակից, պոլսահայ Բագրատ Էստուկյանը նշում է. «Արդէն իսկ հարազատութիւն կը զգայի քաղաքի ժողովուրդին նկատմամբ: Նախապէս կարդացածներէս գիտէի, որ բաւական շատ էին իր նախնիներուն մէջ հայկական ծագում ունեցողները: Բայց այդ համեմատութիւնը երբեք չէի կարծեր, որ այսքան բարձր կըլլայ: …Այլ զարմանալի երեւոյթ մըն ալ այն է, որ ոչ ոք կը փորձէ ինքնութիւնը թաքցնել: Ժողովուրդը համակերպուած է Ալեւի կրօնքին, Քիւրտ քաղաքական շարժումներուն եւ Հայ ինքնութեան ամբողջականութեամբ ներկայանալու: Մեզ` պոլսահայերուս համար, անհասկնալի այս համադրութիւնը իբրեւ բնական երեւոյթ տեղ գտած է Տերսիմի ժողովուրդին մօտ: …Անատոլուի տարածքին կարելի է հանդիպիլ հայու բեկորներու: Իսկ Դերսիմի մէջ կարելի է հանդիպիլ հայերու: Ո՛չ թաքուն, ո՛չ ծպտուած, ո՛չ ալ ազգուրաց, այլ` պարզապէս ուրոյն, իւրահատուկ»: Դերսիմցի հայերի մոտ քրիստոնեության հետքերի յուրօրինակ պահպանման և դրսևորման մասին է վկայում Բագրատ Էստուկյանի փոխանցած մեկ այլ ուշագրավ տեղեկությունը. «Մեկը վերնաշապիկի տակից հանեց շղթայով խաչը և ինձ ցույց տալով` ասաց. «Սխալ մի հասկացիր, ես աթեիստ եմ, իսկ ալևիականությունը իմ մշակույթն է, սակայն այս խաչը խորհրդանիշն է նրա, որ ես Շողակաթ տատիկի թոռն եմ, Համբարձումյանների գերդաստանի զավակը»:

2010թ. օգոստոսին հայտնի դարձավ, որ ներկայումս դերսիմցի հայերի մի խումբ նախաձեռնում է ստեղծել հասարակական կազմակերպություն, որը նպատակ ունի նրանց շրջանում սկսված` ինքնությունը վերագտնելու գործընթացը որակական այլ մակարդակի հասցնել: Հասարակական կազմակերպությունը պետք է ուսումնասիրություններ կատարի Դերսիմի հայերի մշակույթի, պատմության, հավատքի, լեզվի վերաբերյալ: Այդ ամենի նախաձեռնող խմբի ղեկավարն է դերսիմցի հայ Սելահեթթին Գյուլթեքինը, որը փոխել է նաև անունը` դառնալով Միրհան Գյուլթեքին: Ինչպես նշում է Միրհանը, կազմակերպության նպատակներից է, որպեսզի դերսմիցի հայերը և նրանց սերունդները վերադառնան իրենց արմատներին, ապրեն առանց իրական ինքնությունը թաքցնելու, կրեն ոչ թե թուրքական կամ քրդական, այլ հայկական անուններ, տեր կանգնեն Դերսիմի հայկական եկեղեցիներին, հուշարձաններին, գերեզմանոցներին, պաշտոնապես վերականգնեն բազմաթիվ գյուղերի հին հայկական անունները: «Դերսիմցի հայերը թող տեր կանգնեն իրենց ինքնությանը և մշակույթին: Թող վերադառնան արմատներին, երեխաներին ուղարկեն եկեղեցիներ: Այս ամենի համար մենք պետք է կազմակերպություն ունենանք, և ես կոչ եմ անում բոլոր հայերին` առաջին հերթին դերսիմցիներին, աջակցել այս կազմակերպությանը»,– նշում է Միրհան Գյուլթեքինը:

Վերջում հիշեցնենք նաև, որ նմանատիպ մի հասարակական կազմակերպություն են ստեղծել Թուրքիայում բնակվող սասունցի հայերը և փորձում են աշխատանքներ տանել Սասունի հայկական եկեղեցիների, սրբավայրերի պահպանության ուղղությամբ: Անշուշտ, թուրքական պետական քաղաքականության պայմաններում այդ կազմակերպությունները գործունեության լայն դաշտ չեն կարող ունենալ, սակայն Թուրքիայի հայության տարբեր խմբերի ինքնակազմակերպվելու փորձերն ուշարժան են և, միևնույն ժամանակ, ի ցույց են հանում ազգային ինքնությունը վերագտնելու հետ կապված տարբեր ու հետաքրքիր զարգացումներ:

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 5

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր