ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՎՐԱՍՏԱՆ. ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ
2007թ. հունվարի 5-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները չհապաղեցին ստանալ միջազգային հանրության արձագանքները։ Նախընտրական ու հետընտրական զարգացումների շուրջ համաշխարհային մամուլում (առաջին հերթին՝ արևմտյան) տեղ գտած մեծաքանակ լրատվությունն ու վերլուծականները վկայում են ընտրական արդյունքների միջազգային կարևորության մասին։ Տարբեր լրատվամիջոցներում Վրաստանի նախագահական ընտրություններին վերաբերող հրապարակումները մեծ մասամբ անդրադառնում էին Միխայիլ Սահակաշվիլու հաղթանակի հիմնական խաղաթղթերին, հետընտրական Վրաստանի հիմնախնդիրներին։
Նախընտրական գործընթացները և վերընտրված թեկնածուի հաղթանակը բավական լավ առիթ են վերջինիս կողմից «վարդերի հեղափոխության» անցած ուղին վերանայելու և վերիմաստավորելու համար։ Նախ՝ խոսքը վերաբերում է հետընտրական շրջանում հասարակության տարբեր շերտերում Մ.Սահակաշվիլու և նրա թիմի հեղինակության բարձրացման անհրաժեշտությանը. եթե «վարդերի հեղափոխությունից» հետո, 2004թ. նախագահական ընտրությունների ժամանակ, Մ.Սահակաշվիլին ստացավ քվեների 97%-ը, ապա այս ընտրություններին՝ ընդամենը 53%: Ասել է թե՝ վերջին երկու տարիների ընթացքում, ի վնաս իշխանության նախագահական թևի վարկանիշի, զգալի տեղաշարժեր են տեղի ունեցել հասարակության սոցիալ-քաղաքական, սոցիո-հոգեբանական ասպեկտներում։ Տրամաբանական է, որ «վարդերի հեղափոխության» կարգախոսները (վրաց ժողովրդի վերածնունդ, ազգային արժեքների բարձրացում, քրիստոնեության հասարակայնացում և զուգորդում ազգային արժեքների հետ, օր.՝ պետական նոր դրոշի ստեղծում, երկրի տարածքային ամբողջականության վերականգնում և այլն) 2007թ. նախագահական ընտրություններին այլևս չէին կարող ապահովել Մ.Սահակաշվիլու հաղթանակը։ Վերջինիս հաղթանակի գլխավոր գրավականներից մեկը պետք է դառնար «սոցիալականացված» կարգախոսի ընտրությունը, որը կարող էր միավորել ու իր հետևից տանել հասարակական խմբերին՝ հաշվի առնելով, որ Մ.Սահակաշվիլու հեղինակությունը վերջին տարիներին կտրուկ անկում է ապրել։
Նախագահական ընտրություններին Մ.Սահակաշվիլու հաղթանակի ապահովման մյուս գլխավոր նախադրյալն ընդդիմության միասնական թեկնածուի ընտրության հարցն էր. Լևան Գաչեչիլաձեն կրիտիկական աստիճանով չհասցրեց սիրաշահել ժողովրդական զանգվածներին, ըստ էության չկարողացավ «ձեռք բերել» ժողովրդական լիդերի քաղաքական կերպար և բավական թույլ մրցակից հանդիսացավ Մ.Սահակաշվիլու համար։
Մյուս կողմից՝ Մ.Սահակաշվիլու հաղթանակը ևս մեկ անգամ հաստատում է երկրի քաղաքական-հասարակական ինստիտուտներում իր և իր գլխավորած «Ազգային շարժում» կուսակցության զգալի վարչական ու քաղաքական լծակների պահպանման իրողությունը։
Ի տարբերություն նախագահի ընդդիմադիր թեկնածուների, երկրի իշխանական ճամբարը չի դադարել կրել խիստ անձնավորված բնույթ՝ ի դեմս Մ.Սահակաշվիլու։ «Վարդերի հեղափոխությունից» ի վեր Վրաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները հիմնականում անձնավորվում են՝ կապվելով նրա քաղաքական կերպարի հետ (երկրի իշխանական ճամբարում Մ.Սահակաշվիլուն մրցակից դառնալու պոտենցիալ հնարավորություններ ուներ, թերևս, պաշտպանության նախկին նախարար Ի.Օքրուաշվիլին, որը դարձավ նախընտրական թեժ մթնոլորտի քավության նոխազ)։ Մ.Սահակաշվիլու հաղթանակը ցույց տվեց, որ անձնավորված լինելը տվյալ պարագայում ոչ այնքան բացասական, որքան դրական դեր ունեցավ գործող նախագահի օգտին։
Ճգնաժամի հաղթահարման փորձ
Թեև նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկով որոշակիորեն մեղմացան վրաստանյան նախընտրական կրքերը և թուլացավ քաղաքական ճգնաժամը, այնուհանդերձ, հետընտրական Վրաստանը տրամաբանորեն կշարունակի առաջիկա ամիսներին հարթել խորացող հասարակական-քաղաքական անկայունության ալիքը։ Երկրի իշխանության նախագահական թիմը կանգնած է իշխանություն-ընդդիմություն հակասությունների, ընտրությունների արդյունքների բոյկոտման ու դրանց հետևանքների հաղթահարման կարևոր խնդիրների առջև։ Այս հարցերի իրականացումը միայն կարող է ապահովել երկրի քաղաքական կայունությունը, հետևաբար և երաշխավորել արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունների հաջողությունը։
Մյուս կողմից՝ նախագահական ընտրությունների սոցիալական կարգախոսի ընտրությունը ենթադրում է իշխանության կենտրոնացում երկրի ներքին՝ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների կարգավորման վրա (կաշառակերության դեմ պայքար, աղքատության կրճատում, աշխատավարձերի բարձրացում, գնաճի կանխում)։ Հենց այս ռազմավարությունը կարող է մասամբ վերականգնել հասարակական վստահությունը, իրագործել արտաքին գերակայությունները, պոտենցիալ հակազդեցություն ցուցաբերել ընդդիմադիր ճամբարի քարոզարշավին ու որոշ ժամանակ անց հաղթահարել հակաիշխանական դրսևորումները հասարակության մեջ։
Միևնույն ժամանակ, սակայն, նախագահ Սահակաշվիլին ստիպված կլինի վերականգնել վաղեմի հեղինակությունը նաև միջազգային հանրության առջև։ Այդ գործընթացն, ըստ էության, բավական խնդրահարույց կլինի՝ կապված նախընտրական շրջանում տեղ գտած մի քանի հակաժողովրդավարական նախաձեռնությունների հետ (ընդդիմության նկատմամբ բռնության կիրառում, արտակարգ դրության հայտարարում, ոչ իշխանամետ մամուլի նկատմամբ ճնշումների բանեցում, «Իմեդի» հեռուստաընկերության եթերի դադարեցում և այլն)։
Երկրի իշխանական թևի խնդիրները զգալիորեն բարդանում են, երբ վերը հիշատակված գործընթացների իրականացումը համատեղվում է արտաքին գործոնների և առաջին հերթին՝ պաշտոնական Մոսկվայի հետ հարաբերությունների հստակեցմանը։ Կասկածի տեղիք չի տալիս, որ ռուսական կողմը չի հապաղի ուժեղացնել քաղաքական ճնշումները Վրաստանի հանդեպ՝ պայմանավորված ՆԱՏՕ-ին անդամակցելու Մ.Սահակաշվիլու քաղաքականությամբ։ Կրկին առաջին պլան կմղվեն Աբխազիայում ու Հարավային Օսիայում ռուսական շահերի պաշտպանության խնդիրները, որոնց շուրջ ձևավորված միջազգային քաղաքականությունն ակտիվացել է հատկապես Կոսովոյի կարգավիճակի հարցի ակտուալացմամբ։ Նշենք, որ մինչ ընտրությունները Մ.Սահակաշվիլու՝ Կրեմլին հասցեագրած «մեսիջը», որում ասվում էր, թե ընտրություններում հաղթանակի դեպքում ինքը միջոցներ կձեռնարկի Ռուսաստանի Դաշնության հետ Վրաստանի հարաբերությունների բարելավման ուղղությամբ, մեծ նշանակություն ունի վերընտրված նախագահի իշխանական-քաղաքական դիրքերի ամրապնդման ու իմիջի վերականգնման համար։
Կարևոր են նաև Վրաստանի տնտեսությունում արտաքին կապիտալի, նոր ներդրումային հոսքերի ապահովման խնդիրները, որոնք համարժեք քաղաքականության բացակայության պարագայում մեծապես կնվազեն՝ հնարավոր ներքաղաքական անկայունության ֆոնին։ Նախագահ Սահակաշվիլու տնտեսական քաղաքականության կարևորագույն հարցերից մեկն էլ վերաբերում է հենց արտաքին ներդրողների համար երկրի ներդրումային շահավետության իմիջի պահպանմանը։
Նախագահական ընտրություններին զուգահեռ անցկացված հանրաքվեի արդյունքների համաձայն՝ երկրի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2008թ. գարնանը։ Դրանցում «Ազգային շարժման» հաղթանակի գրավականը մինչընտրական փուլում վերջինիս՝ որպես սոցիալական բարեփոխիչի, հեղինակության բարձրացումն է, միջազգային հանրությունում ժողովրդավարի կերպարի վերականգնումը։ Այս պարագայում կապահովվի Արևմուտքի, առաջին հերթին՝ ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների աջակցությունը, ինչի մասին վերջիններս չհապաղեցին ակնարկել հունվարի 5-ին և 7-ին։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]