ՋԱՎԱԽՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Սույն թվականի հուլիսի 18-ին Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլին իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ Բաթումում հանդիպման ժամանակ հանդես եկավ վրաց-ադրբեջանական համադաշնության ստեղծման առաջարկով: Օգոստոսի 20-ին Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Նինո Կալանթաձեն վերահաստատեց նախագահի այդ առաջարկը՝ հայտարարելով, որ տեխնիկական առումով Վրաստանի համաձայնությունն արդեն տրված է, իսկ ինչ ձևեր կընդունի այդ նախաձեռնությունը կապված է դիվանագիտական բանակցություններից:
Վրացական իշխանությունների այս անհեթեթ և արկածախնդիր նախագիծը հղի է լուրջ վտանգներով: Հետևանքները Վրաստանի շատ ավելի ծանր կարող են լինել, քան 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո կրած կորուստները: Ջավախքահայությունը չի կարող անտարբեր մնալ իր բնույթով հակահայկական այս նախագծի նկատմամբ: Ջավախքահայության համար այն անընդունելի է, քանի որ նման համադաշնության ստեղծումը անխուսափելիորեն հանգեցնելու է Վրաստանի՝ որպես համադաշնության առավել թույլ անդամի, Ադրբեջանի գերիշխանության տակ ընկնելուն: Ի՞նչ դրոշ, օրհներգ ու զինանշան է ունենալու այդ համադաշնությունը, ո՞րն է լինելու նրա պետական լեզուն, ի՞նչ զկզբունքով է կազմակերպվելու բանակային ծառայությունը, ահա այն հարցերից մի քանիսը, որոնք առաջանում են այս նախագծի կապակցությամբ իր ապագայով մտահոգ յուրաքանչյուր ջավախքահայի մոտ:
Վրաց-ադրբեջանական համադաշնությունը նաև Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի և Հայաստանը շրջափակող այլ ծրագրերի տրամաբանական շարունակությունն է: Ջավախքահայությունը երբեք անտարբեր չի հետևի, թե ինչպես վրացական իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ձեռք-ձեռքի տված նպասելու են Հայաստանի ու Արցախի «վզին» գցված խեղդապարանի սեղմանը:
Վրաստանի կառավարությունը պարտավոր է հաշվի առնել այս նախագծի նկատմամբ իրենց երկրի հայ քաղաքացիների սկզբունքային բացասական վերաբերմունքը: Գուցե վրաց ժողովուրդը համաձայն է Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդը դառնալու հեռանկարին, սակայն ջավախքահայությունը Անկարայի և Բաքվի գերիշխանության տակ հայտնվելու վտանգի հետ երբևիցե չի՛ համակերպվելու: Եթե, այնուամենայնիվ, վրացական իշխանությունները խոսքերից անցնեն գործի, ապա ջավախքահայությունն, հաշվի առնելով կոտորածների և բռնի տեղահանության ենթարկված Բաքվի, Սումգայիթի և Նախիջևանի հայության ճակատագիրը, իրեն իրավունք է վերապահում միջազգային նորմերի հիման վրա, ձեռնարկել ինքնուրույն քայլեր` ուղղված իր գոյության անվտանգությանը սպառնացող այս օրհասական վտանգի չեզոքացմանը:
Սեպտեմբեր 2010թ.,
Վրաստան, Ռուսթավի համար 6 քրեակատարողական հիմնարկ
դեպի ետ