• am
  • ru
  • en
Версия для печати
07.02.2008

ԻՐԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

English

   

Սևակ Սարուխանյան

Majlis (original)Վերջին մի քանի ամիսներին Իրանում ներքաղաքական զարգացումները հիմնականում ընթանում են մարտի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հիմնական քաղաքական ուժերի նախապատրաստության համատեքստում: Գալիք ընտրությունները մեծ ազդեցություն կարող են թողնել Իրանի քաղաքական և տնտեսական ոլորտների վրա` չնայած խորհրդարանի անմիջական ազդեցությունը երկրի կյանքում այնքան էլ մեծ չէ:

Բավական սահմանափակ լիազորություններ ունենալով` Իրանի խորհրդարանը ձևավորվում է այն քաղաքական ուժերի կողմից, որոնք կամ վայելում են երկրի հասարակության լայն շերտերի աջակցությունը, կամ ներկայացնում են իրանական իշխող հոգևոր, քաղաքական, իսկ վերջին տարիներին՝ նաև տնտեսական վերնախավի շահերը: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները հավակնում են լուրջ տեղաշարժ կատարել Իրանի խորհրդարանում, քանի որ վերջին խորհրդարանական (2004թ.) և նախագահական (2005թ.) ընտրություններից հետո թե՛ հասարակական սպասումներում, թե՛ երկրի ընտրանու շահերում որոշակի փոփոխություններ են արձանագրվել:

Հասարակական սպասումներ

Իր նախագահության գրեթե երեք տարիների ընթացքում Մ.Ահմադինեժադի տնտեսական և սոցիալական քաղաքականությունը հասարակության բարեկեցության բարելավման չի հանգեցրել: Անցած 9 ամիսներին Իրանի տնտեսական կյանքում արձանագրվեց վերջին տարիների համար ինֆլյացիայի աննախադեպ բարձր ցուցանիշ` 25,6%: Այդ երեք տարիների ընթացքում, գործազրկությունն Իրանում կրճատվել է 2,6%-ով, մինչդեռ Մ.Ահմադինեժադի նախընտրական ծրագրում ներկայացվում էր 30%-անոց կրճատման հնարավորություն: Ըստ իրանական վիճակագրական ծառայության` գործազրկության մեծ աճ է արձանագրվել բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում` մոտ 20%: Միևնույն ժամանակ, բարձրագույն կրթություն ունեցող աշխատողների ընդամենը 47%-ն է աշխատում իր մասնագիտությամբ: Մյուս մասը զբաղված է հիմնականում առևտրով, շինարարական աշխատանքներով կամ վարորդ է:

Անցած երկու տարիներին Իրանի նախագահի նախանշած բարեփոխումները, որոնց մի մասն ուղղված էր «տնտեսական» կամ «նավթային մաֆիայի» ոչնչացմանը, իսկ որոշ մեկնաբանություններով՝ տնտեսական ընտրանու սեփականության վերաբաշխմանը, նույնպես բավական բացասական հասարակական արձագանքներ են ստացել: Նշենք անցած տարի Իրանում տեղ գտած «բենզինի ճգնաժամ» մասին, ինչն արդյունք էր նախագահի առաջարկած որոշման, որը սահմանափակում է ներկրվող բենզինի սուբսիդավորումը: Որոշումն ազդեց ոչ միայն սուբսիդավորման միջոցով հսկայական գումարներ վաստակող խմբերի շահերի վրա, այլև անդրադարձավ նաև սպառողների վրա, որոնք ստիպված եղան թանկ վճարել վառելիքի համար և հայտնվեցին Իրանի համար անսովոր հսկայական հերթերում, որոնք գոյանում էին բենզալցակայանների մոտ:

Մարտի 14-ի ընտրություններին, փաստորեն, Մ.Ահմադինեժադը և նրան անմիջականորեն սատարող քաղաքական ուժերը կգնան գրեթե նույն դիրքերով, ինչ ունեին 2004թ. ընտրությունները տանուլ տված, սակայն ժամանակին նույնպիսի բարձր սոցիալական վստահություն ունեցող «բարեփոխիչները»: Սոցիալական պոպուլիզմի տերմիններով սահմանված խոստումների մեծ մասը Մ.Ահմադինեժադի կողմից չի իրագործվել:

Սակայն միայն սա չէ կայանալիք ընտրություններում Մ.Ահմադինեժադին սատարող ուժերի դիրքերի թուլության պատճառը: Առկա է ոչ պակաս կարևոր մի գործոն ևս. Իրանի հոգևոր իշխանությունն այսօր չի սատարում «ծայրահեղական» Մ.Ահմադինեժադին գրեթե այնպես, ինչպես ժամանակին չէր սատարում «բարեփոխիչ» Մ.Խաթամիին:

«Ոչ էքստրեմիստներ, ոչ լիբերալներ»

2007-ի ամռանը Իրանի ազդեցիկ ու հեղինակավոր հոգևոր և քաղաքական գործիչ Հոջաթոլէսլամ Ս.Ռ. Աքրամին, որը Պայքարող հոգևորականների միության ղեկավարներից է, ներկայացրեց մի տեսակետ, որն անցած ամիսներին և ներկայումս բավական հաջող բնութագրում է խորհրդարանական ընտրություններում հաղթանակի ձգտող ուժերի նկատմամբ երկրի հոգևոր ընտրանու մեծ մասի մոտեցումը: Նա հայտարարել էր. «Խորհրդարանական ընտրություններում տեղ չի լինի էքստրեմիստների և լիբերալների համար: Ժողովուրդը պետք է պաշտպանի օրինավոր, հայտնի և հավասարակշռված քաղաքական գործիչներին և չթողնի անփորձներին ու էքստրեմիստներին տեղ ստանալ խորհրդարանում»: Հարկ է նշել, որ միայն ժողովուրդը չէ, որ կարող է խանգարել լիբերալներին ու էքստրեմիստներին տեղ ստանալ երկրի օրենսդիր մարմնում: Արդեն իսկ առաջադրված 7200 թեկնածուների ցուցակների առաջին կրճատումը կկատարի 12 հոգևորականներից բաղկացած Պահապանների խորհուրդը, որի հատուկ նիստը կկայանա հունվարի վերջին: Նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ թեկնածուների ցուցակից կարող են հեռացվել ոչ միայն մարգինալ թեկնածուները, այլ նաև խոշոր և ազդեցիկ քաղաքական գործիչները:

«Ծայրահեղականներ-բարեփոխիչներ». նոր քաղաքական «կենտրոնի» ձևավորում Իրանի քաղաքական դաշտում

Դժգոհությունը Մ.Ահմադինեժադի քաղաքականությունից Իրանում սկսել է ձևավորել ընդհանուր շահերի մի հետաքրքիր համակարգ: Վերջին տարվա ընթացքում քաղաքական տարբեր հոսանքներ ներկայացնող երկու ազդեցիկ քաղաքական գործիչներ` նախկին նախագահ, «սահմանափակ բարեփոխիչ» Մ.Խաթամին և նույնպես նախկին նախագահ, Փորձագետների վեհաժողովի նորընտիր ղեկավար, «հին պահպանողական» կամ, ինչպես նրան հաճախ են բնութագրում արևմտյան վերլուծաբանները, «սահմանափակ ծայրահեղական» Ա.Հաշեմի Ռաֆսանջանին, սկսել են ստանալ Ա.Խամենեիի պաշտպանությունն ու աջակցությունը: Այս երկու ազդեցիկ գործիչների «ջերմացումը» կարող է վերածվել արտախորհրդարանական նոր դաշինք-կոալիցիայի, որն իրանական մամուլում սկսել է անվանվել «Ծայրահեղականներ-բարեփոխիչներ դաշինք»: Քաղաքագիտական տերմիններով՝ խոսքը վերաբերում է քաղաքական կենտրոնի ձևավորմանը, որում, ինչպես նշել էր Ս.Ռ. Աքրամին, տեղ չի լինի թե՛ էքստրեմիստների, թե՛ լիբերալների համար, չնայած բուն լիբերալներն արդեն իսկ չունեն ոչ սոցիալական, ոչ ֆինանսական, ոչ քաղաքական աջակցություն ընտրություններում հաղթանակի հասնելու համար: Ակնհայտ է, որ Խաթամի-Ռաֆսանջանի դաշինքն ուղղված է լինելու հենց ծայրահեղականների դեմ, որոնք կենտրոնացած են Մ.Ահմադինեժադի և այաթոլա Յազդիի շուրջը: Ռաֆսանջանիին և Խաթամիին աջակցող ուժերն են.

  1. Ա.Ա.Հաշեմի Ռաֆսանջանի – «Կերտողներ», «Աշխատանքի իսլամական կուսակցություն», «Աշխատավորների տուն» կուսակցություններ:
  2. Մ.Խաթամի – «Համագործակցություն» շարժում, Պայքարող հոգևորականների միություն, Իսլամական հեղափոխության մոջահեդների կազմակերպություն:

Նրանց հարող Մ.Քարուբիի շուրջ համախմբվել են «Ժողովրդական վստահության կուսակցությունը», «Իմամի ուղու ուժերի միությունը» և «Ժողովրդավարական կուսակցությունը»: Վերջիններս ներկայացնում են «սահմանափակ բարեփոխիչների» քաղաքական ճամբարի հիմնական մասը:

Հավանաբար, հենց այս ուժերի ներկայացուցիչներն ունեն ամենամեծ հնարավորությունները խորհրդարանական ընտրություններում վճռորոշ հաղթանակի հասնելու համար:

Ինչ վերաբերում է Մ.Ահմադինեժադին, ապա նրան սատարող ուժերի հիմնական մասը համախմբված է «Պահպանողականների միավորված ճակատ» դաշինքում, սակայն այս դաշինքի անդամներ են նաև այն քաղաքական ուժերը, որոնք հանդիսանում են Հաշեմի Ռաֆսանջանիի, Մ.Ռեզայիի և Թեհրանի քաղաքապետ ու Ահմադինեժադին բարձրաձայն քննադատող Մ.Բ. Քալիբաֆի կողմնակիցները: Ուստի, «Ճակատի» հիման վրա նախագահամետ դաշինքի ստեղծումը կասկածելի է: Մանավանդ որ «Ճակատում» նախագահին անմիջական աջակցություն չեն ցուցաբերում հոգևոր առաջնորդ Ա.Խամենեիի վերահսկողության տակ գտնվող քաղաքական ուժերը: Այն, որ Ա.Խամենեին Ահմադինեժադին և նրան սատարող ուժերին անմիջական աջակցություն չի ցուցաբերի, արդեն իսկ ակնհայտ է: Այս առիթով հայտնի ամերիկյան մասնագետ Ք.Քաթսմանը նշում է. «Իրանի հոգևոր առաջնորդն Ահմադինեժադին վերաբերվում է որպես մի մարդու, որն Իրանին կարող է տանել լուրջ ընդհարման, ինչը, ինչպես լավ գիտակցում է Խամենեին, Իրանին երբեք օգուտ չի բերի: Ինձ թվում է, որ անդունդը նրանց միջև արդեն իսկ ձևավորված է»:

Հետևություններ

Առաջիկա ամսվա ընթացքում ընտրապայքարն Իրանում բավական կակտիվանա։ Ներկայումս թույլ դիրքեր ունեցող Մ.Ահմադինեժադին սատարող ուժերը կարող են սեփական դիրքերի ամրապնդման լուրջ փորձեր կատարել՝ օգտագործելով նաև արտաքին գործոնը։ Խոսքը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների էլ ավելի սրման փորձերի մասին է, ինչը, որպես կանոն, ստանում է ոչ քաղաքաբնակ իրանցիների աջակցությունը։

Ամենայն հավանականությամբ, ընտրությունները կավարտվեն «կենտրոնամետ» ուժերի հաղթանակով, որոնք խորհրդարանական հարթակը կօգտագործեն 2009-ին սպասվող նախագահական ընտրություններին պատրաստվելու համար։ Ներկայումս տեսակետ է հայտնվում, որ Մ.Ահմադինեժադի հիմնական հակառակորդն ընտրություններում կլինի հենց «կենտրոնամետների» թեկնածուն (ամենահավանականը Թեհրանի քաղաքապետ Քալիբաֆն է)։ Սակայն դեռ վաղ է որոշակիորեն խոսել այս մասին, քանի բավական բազմաբևեռ քաղաքական գործընթացն Իրանում միշտ էլ կարող է ստեղծել միանգամայն նոր որակական ներքաղաքական իրադրություն։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր