
ԱՄՆ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ
Տիգրան Ղանալանյան1
Տասնամյակների ընթացքում Սփյուռքում Հայ բողոքական զանազան համայնքներ են ձևավորվել։ Դրանց թվում կարևոր տեղ են զբաղեցնում ԱՄՆ և Կանադայի հայ բողոքական համայնքները։ Այս համայնքները կարևոր դերակատարություն ունեն ԱՄՆ-ի և Կանադայի հայության կյանքում ընդհանրապես և հոգևոր, կրթական, մշակութային, հասարակական ոլորտներում՝ մասնավորապես։
ԱՄՆ և Կանադայի հայ բողոքական եկեղեցիներն ընդգրկված են Հյուսիսային Ամերիկայի Հայ ավետարանական միության (Armenian Evangelical Union of North America) մեջ: Այս միությունը հիմնադրվել է 1971թ. Դեթրոյթ քաղաքում։ Հյուսիսային Ամերիկայում ցրված Հայ Ավետարանական եկեղեցիները դեռևս 20-րդ դարի սկզբին ստեղծել էին 2 միություն։ 1901թ. կազմավորվեց ԱՄՆ Արևելյան նահանգների միությունը (որը ներառում էր նաև Կանադայի հայ ավետարանականներին), իսկ 1908թ.՝ Կալիֆորնիայի Հայ ավետարանական միությունը։ Սակայն հետագայում առավել կազմակերպված գործելու հրամայականը հարկադրեց այս միություններին միավորվել և ստեղծել Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական միությունը, որը ներառում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Կանադայի տարածքում գործող Հայ Ավետարանական եկեղեցիները։
Հյուսիսային Ամերիկայի Հայ ավետարանական միության կենտրոնը գտնվում է Գլենդելում, հովիվն է (գործադիր տնօրենը) Հովսեփ Մաթոսյանը։ Վերջինս այս պաշտոնում ընտրվել է 2004թ., իսկ 2008թ. վերընտրվել չորս տարի ժամկետով2։ Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական միությունն ունի առաջնակարգ նշանակություն մայրցամաքի հայ ավետարանականներին համախմբելու և նրանց բնականոն կենսագործունեությունն ապահովելու գործում։
ԱՄՆ հայ բողոքական համայնքը
ԱՄՆ տարածքում հայերը սկսել են հաստատվել դեռևս 17-րդ դարից, իսկ ԱՄՆ հայկական համայնքը ձևավորվել է 1870-ական թթ. վերջերին։ Այնուհետև համայնքը զգալիորեն ստվարացել է Օսմանյան կայսրությունում համիդյան կոտորածների, ապա՝ Ցեղասպանության հետևանքով։ Այժմ ԱՄՆ-ում բնակվող հայերի թիվը հասնում է մոտ 1 մլն 270 հազարի3, որոնց թվում հայ ավետարանականների թիվը հաշվվում է մոտ 25 հազար4։ Սակայն նրանց կատարած դերը ԱՄՆ հայ համայնքի կյանքում շատ մեծ է թվաքանակի համեմատ։ «Փոքր, բայց ուժեղ - Հայկական բողոքական համայնք». Հայ բողոքականների hամայնքը, համաձայն տարածված կարծիքի, համարվում է ԱՄՆ սփյուռքի ամենահին եւ աչքի ընկնող մասերից մեկը»5: Այս ձևակերպումը բնութագրում է ԱՄՆ հայ բողոքական համայնքի արժեքը, կատարած դերը և ունեցած ներուժը։ ԱՄՆ հայ բողոքականներն իրենց առանձնահատկություններով հանդերձ հանդիսանում են ԱՄՆ հայ համայնքի անբաժանելի մասը։ ԱՄՆ Հայ Ավետարանական եկեղեցիներն ունեն կարևոր կազմակերպչական նշանակություն։ Այս երկրում հայ համայնքի բնականոն գործունեության կազմակերպման, հայկական տարատեսակ քաղաքակրթական գործոնների հանդես գալու առումով ԱՄՆ Հայ բողոքական համայնքը կատարում է կարևոր դեր։ ԱՄՆ հայկական բազմազան կազմակերպությունների (եկեղեցական կառույցներ, քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, հայրենակցական միություններ, զանազան ընկերակցություններ ու միություններ և այլն) թվում Հայ Ավետարանական եկեղեցին զբաղեցնում է ուրույն և անփոխարինելի տեղ։
ԱՄՆ-ում հայ ավետարանականները հաստատվել են 19-րդ դարում, 20-րդ դարի սկզբին կազմակերպել են իրենց առաջին միությունները։ Սկսած այդ ժամանակներից՝ հայ ավետարանականները ստանձնեցին կարևոր դերակատարում ԱՄՆ հայ համայնքի կյանքում։ ԱՄՆ-ում հայ ավետարանականները ծավալեցին եկեղեցական, կրթական, մշակութային, ընկերային, հասարակական բուռն գործունեություն։ ԱՄՆ Հայ Ավետարանական եկեղեցու կառույցը բաղկացած է եկեղեցիներից, միսիոներական, եկեղեցական ընկերություններից և զանազան այլ կազմակերպություններից։
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից հրատարակվող AMAA Directory 2010: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide-ի տվյալների համաձայն, այսօր ԱՄՆ-ում գործում են 26 Հայ Ավետարանական եկեղեցիներ, որոնցից 14-ը՝ Կալիֆորնիայի նահանգում։ Հայ Ավետարանական եկեղեցիների թվով երկրորդ տեղում Մասաչուսեթսի նահանգն է, որտեղ գործում են 3 Հայ Ավետարանական եկեղեցիներ։ Նյու Յորքի նահանգում կան 2 Հայ Ավետարանական եկեղեցիներ։ Իլինոյսի, Միչիգանի, Նյու Ջերսիի, Նևադայի, Նյու Հեմփշիրի, Փենսիլվանիայի, Ռոդ Այլենդի, Յուտայի նահանգներում գործում են մեկական Հայ Ավետարանական եկեղեցիներ։ Բացի Հայ Ավետարանական եկեղեցիներից, գործում են նաև հինգ Հայ ավետարանական եղբայրություններ (ընկերակցություններ)6։
Բարեգործական և կրթական ակտիվ գործունեություն է ծավալում 1918թ. հունիսի 7-ին, Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում ստեղծված Հայ Ավետարանական եկեղեցիների ավետարանչական գործունեության կազմակերպիչ և գործադիր մարմինը՝ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերությունը (ՀԱԸ)։ ՀԱԸ-ն մասնաճյուղեր և գրասենյակներ ունի աշխարհի մոտ 20 երկրներում, այդ թվում` ՀՀ-ում (1991 թվականից) և ԼՂՀ-ում (1995 թվականից): ՀԱԸ-ն ծրագրերը ՀՀ-ում և Արցախում իրականացնում է Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության հետ համատեղ: Ծրագրերն ունեն երկու ուղղվածություն` բարեգործական և կրթական: ՀԱԸ կարևոր խնդիրներից են 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից տուժած շրջանների վերականգնմանն աջակցելը, զոհված ազատամարտիկների և ծնողազուրկ երեխաների խնամակալությունը, աճող սերնդի քրիստոնեական դաստիարակությունը, բժշկական ծառայություններ մատուցելը, ինչպես նաև գյուղատնտեսության, շինարարության, կրթության բնագավառներում հայկական երկու պետություններին աջակցելը7: «Մասնագետներից շատերն են համաձայն, որ իր երկար պատմության շնորհիվ այս խմբավորումն ունի ֆինանսական հզոր բազա եւ բարձր մակարդակի արհեստավարժ աշխատողներ Մ. Նահանգներում»8:
Օրինաչափ կարելի է համարել այն հանգամանքը, որ Նյու Ջերսիում է գտնվում Հայ Ավետարանական եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը։ Սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ հայ բողոքական համայնքը կարևոր տեղ է զբաղեցնում հայ բողոքական իրականության մեջ։ Խորհուրդն ունի գործադիր մարմին, որի հրավիրած ժողովներին մասնակցում են Հայ ավետարանական հինգ միությունների (Մերձավոր Արևելք, Ֆրանսիա, Եվրասիա, Հայաստան, Հյուսիսային Ամերիկա), Հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչները։ Ժողովների ընթացքում քննարկվում են Հայ Ավետարանական եկեղեցիների գործունեությանը, հայապահպանությանը վերաբերող հարցեր։ Ժողովի ընթացքում խորհուրդն ընտրում է դիվանի կազմը՝ նախագահ, փոխնախագահ, քարտուղար, գանձապահ և գործադիր տնօրեն9։
Հայ Ավետարանական եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը ևս ձգտում է բնականոն հարաբերություններ հաստատել ու ակտիվորեն համագործակցել ինչպես Հայ Առաքելական եկեղեցու, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ։ Սրա հաստատումն է 2001թ. օգոստոսին տեղի ունեցած Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի գործադիր հանձնախմբի ժողովի անցկացումը Հայաստանում։ Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի հատուկ պատվիրակությունն այցելեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ ավելի մերձեցնելու Մայր եկեղեցու և Հայ Ավետարանական եկեղեցու փոխհարաբերությունները, իսկ խորհրդի կազմի և ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հանդիպման ընթացքում շոշափվեցին հարցեր արտագաղթի և ժողովրդի սոցիալական դժվարին կացության վերաբերյալ10:
Անփոխարինելի նշանակություն ունեն ԱՄՆ հայ ավետարանականների կապերը Հայաստանի հետ։ Այս համագործակցությունը նպաստում է ինչպես հայ ավետարանականների և հայ առաքելականների փոխգործակցությանը, այնպես էլ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը։ Այս առումով հատկանշական է ԱՄՆ Հայ ավետարանական համայնքի ներկայացուցիչների համագործակցությունը ՀՀ Սփյուռքի նախարարության հետ։ Այս համագործակցության շրջանակներում կարևորվում է ՀՀ-ԼՂՀ-Սփյուռք կապերն ամրապնդելուն ուղղված միասնական գործողությունների իրականացումը։ ԱՄՆ-ում գործող հայ բողոքական համայնքի առջև ծառացած խնդիրները, անշուշտ, ունենալով դավանանքային ուրույն երանգավորում, կազմում են բովանդակ Սփյուռքի և համայն Հայության հիմնախնդիրների բաղկացուցիչ մասը։
ԱՄՆ հայ ավետարանականներն անմասն չեն մնում այդ երկրում, ինչպես նաև ամբողջ աշխարհում կատարվող իրադարձություններից։ Վերջինիս ապացույց պետք է համարել Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից Հաիթիի երկրաշարժից տուժածներին օգնություն ցույց տալը11։ Սա վկայում է ԱՄՆ հայ ավետարանականների քրիստոնեական, մարդասիրական արժեքներով առաջնորդվելու մասին։ Այսպիսով, կարելի է նշել, որ ԱՄՆ Հայ ավետարանականների ծավալած գործունեությունը չի սահմանափակվում միայն հայ իրականությամբ։ Սա հնարավորություն է տալիս ԱՄՆ հայ բողոքականներին մաս կազմելու բողոքական քաղաքակրթական համակարգին։ Այս համատեքստում հարկ է կարևորել համաշխարհային և ազգային արժեքների համադրումը և փոխլրացումը։ Սրա շնորհիվ հզորանում է հայ բողոքականների գործոնը հայկական քաղաքակրթությունում, ինչն իր հերթին նպաստում է հայկական գործոնի ամրապնդմանն աշխարհում։
ԱՄՆ հայ ավետարանական համայնքի կյանքում կարևոր դերակատարություն ունեն հայ ավետարանական կրթական հաստատությունները։
Շառլոթ և Էլիզ Մերտինյան հայ ավետարանական ամենօրյա վարժարանը հիմնվել է 1982թ. Շերման Օքսում՝ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության, Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական միության նախաձեռնությամբ և հովանավորությամբ։ Ունի մանկապարտեզ, տարրական և միջին բաժիններ, երգչախումբ, մարզական խմբեր։ Ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն, երաժշտություն, արվեստ։ Աշակերտների թիվը՝ մոտ 250։ Հրատարակում է «Շողեր և հեռանկարներ» տարեգիրքը։ Տնօրենն է Հովսեփ Ինճեճիկյանը։ Իսկ Սահակ-Մեսրոպ Հայկական Քրիստոնեական դպրոցը գտնվում է Ալտադենայում։ Դպրոցի տնօրենն է Շահե Գարաբեդյանը։ Կրթական բարձր մակարդակի կողքին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հայեցի և քրիստոնեական դաստիարակությանը։
20-րդ դարի սկզբից հայ ավետարանականներն ԱՄՆ-ում ունեն իրենց պարբերական մամուլը։ Հենց այս շրջանում հայ ավետարանական մամուլի ի հայտ գալը ԱՄՆ-ում պայմանավորված էր այս երկրում Հայ ավետարանական համայնքի ուժեղացման, կազմակերպչական կառույցների ձևավորման հետ։
ԱՄՆ հայ ավետարանականները հրատարակել են «Կոչնակ» (1900-1960թթ., Բոստոն, Նյու Յորք), «Ջանասեր» (1916-1923թթ.), «Ավետագիր» (1945-1947թթ., Նյու Յորք) հանդեսները։ Ներկայումս լույս են տեսնում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության «Լրաբեր» (1965 թվականից, Նյու Ջերսի) ամսագիրը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության “Forum” (1975 թվականից) և «Զհաց մեր հանապազօրդ», “AMAA” (Armenian Missionary Association of America) պարբերականները12։
Կանադայի հայ բողոքական համայնքը
Կանադայում հայերը բնակություն են հաստատել 19-րդ դարի վերջին։ Սակայն Կանադայի հայ համայնքը ձևավորվել է 1950-ական թթ.։ Ներկայումս Կանադայում ապրում է շուրջ 81,5 հազար հայ13։
Կանադայի հայ համայնքի մաս են կազմում նաև հայ բողոքականները։ Նրանց կազմակերպչական միավորներն են Հայ Ավետարանական չորս եկեղեցիները և Կանադայի Հայկական միսիոներական ասոցիացիան։ Այստեղ Հայ Ավետարանական եկեղեցին, մեծաթիվ հետևորդներ չունենալով հանդերձ, այս պետության հայ համայնքի կարևոր կառույցներից է։
Այստեղ ևս հայ ավետարանականներն անմասն չեն մնում հայ համայնքի կյանքին մասնակցելուց, և այս առումով դավանանքային յուրահատկությունները լուրջ խոչընդոտ չեն հանդիսանում։ Ընդհակառակը, Կանադայի հայ ավետարանական համայնքում արդիական են հայկական մշակութային, հասարակական-քաղաքական, ընկերային, կրթական այն նույն խնդիրները, ինչ Կանադայի մնացյալ հայության համար։
Կանադայի հայ ավետարանականության շրջանում արդիական են Հայության առջև ծառացած ազգային խնդիրները։ Ասվածի օրինակ է 2005թ. հունիսի 10-ին Տորոնտոյում Զորյան ինստիտուտի կազմակերպած «Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության ու Հայաստանի հետ նրա հետագա հարաբերությունների մասին» պրոֆ. Ստեփան Աստուրյանի դասախոսությունը, որին օժանդակել է Հայ Ավետարանական եկեղեցին14։
Սա վկայում է այն մասին, որ Կանադայի հայ համայնքում հոգևոր-ընկերային գործունեություն ծավալելուց զատ Հայ Ավետարանական եկեղեցին բարձրաձայնում է հայոց ազգային հիմնահարցերը։ Այս հանգամանքը կարևորվում է Հայության մյուս շերտերի հետ համատեղ հայ բողոքականների միասնական կենսագործունեություն ծավալելու համատեքստում։
1960թ. Տորոնտոյում հիմնադրվեց Հայ Ավետարանական եկեղեցին, որի ղեկավարն է վերապատվելի Սամվել Ալբարյանը։ Մոնրեալում գործում են Հայ Ավետարանական երկու եկեղեցիներ՝ Հայ Ավետարանական եկեղեցին և Առաջին Հայ Ավետարանական եկեղեցին։ Առաջին Հայ Ավետարանական եկեղեցու ղեկավարն է վերապատվելի Գեորգիս Դաբբոն, իսկ Հայ Ավետարանական եկեղեցունը՝ Ջոն Զարաֆյանը։ 1979թ. Քեմբրիջում հիմնադրվեց Հայ Ավետարանական եկեղեցին։ Սա Կանադայի չորրորդ Հայ Ավետարանական եկեղեցին էր, որն այժմ ղեկավարում է վերապատվելի Հովհաննես Սարմազյանը։ Բացի այս չորս եղեղեցիներից, Կանադայում գործում է ևս մի կարևոր հայ ավետարանական կառույց՝ Կանադայի Հայկական միսիոներական ասոցիացիան։ Այն կարևոր դերակատարություն ունի Կանադայի Հայ Ավետարանական համայնքի կազմակերպչական խնդիրների լուծման, ընկերային-հասարակական, եկեղեցական, մշակութային կյանքի կազմակերպման մեջ։ Կանադայի Հայկական միսիոներական ասոցիացիայի նախագահն է Դավիթ Թոռունյանը, իսկ գործադիր տնօրենը՝ Միհրան Ջիզմեջյանը15։
Կանադայում հայ ավետարանականները ծավալում են նաև հրատարակչական գործունեություն։ 1981 թվականից Մոնրեալի Հայ Ավետարանական եկեղեցին հրատարակում է «Լուսարձակ» եռամյա հանդեսը։ Հանդեսում տպագրվում են գլխավորապես տեղական և միջազգային կրոնական, նաև հայկական մշակութային նորություններ16։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ և Կանադայի Հայ բողոքական համայնքները կազմում են նշված պետությունների հայության անբաժան մասը։ ԱՄՆ-ում և Կանադայում գործում են հայ ավետարանական մի շարք եկեղեցիներ, միսիոներական կազմակերպություններ, պարբերականներ։ Հայ ավետարանական զանազան կազմակերպությունների բնականոն գործունեությունը համակարգում է Հյուսիսային Ամերկայի հայ ավետարանական միությունը։ Հայ բողոքականները, ունենալով բազմաթիվ առանձնահատկություններ, այնուամենայնիվ, ակտիվորեն մասնակցում են տեղի հայության կյանքին։ Նրանց գործունեությունը հաճախ դուրս է գալիս ներհամայնքային շրջանակներից և ընդգրկում բովանդակ Հայության սահմանները։ Նրանք մեծ դեր են կատարում ԱՄՆ և Կանադայի հայ համայնքների եկեղեցական, ազգային, հասարակական, ընկերային, մշակութային կյանքի կազմակերպման ամենատարբեր բնագավառներում։
1«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ։
2Տեր Սարգիսեան-Գրիգորեան Ն., Հայ ավետարանական համայնք. Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության գործունեությունը - http://www.chanitz.org/2008/12/blog-post_18.html
3Մալխասյան Մ., Հայերն աշխարհում, Երևան, 2007, էջ 94։
4Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 47; Հայերն աշխարհում, հանրագիտական համառոտ բառարան, Երևան, 1995, էջ 21։
5Սասունյան Հ., Ամերիկահայ կառույցներ, «Ազգ», 23.12.2006 - http://www.azg.am/AM/2006122325
6AMAA Directory 2010: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide, p. 17-19. http://www.amaa.org/Directory%20for%20website.pdf
7Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 703:
8Սասունյան Հ., Ամերիկահայ կառույցներ, «Ազգ», 23.12.2006 - http://www.azg.am/AM/2006122325
9Հայ Ավետարանական եկեղեցիների Համաշխարհային խորհրդի գործադիր մարմնի հերթական ժողովը (17 հոկտեմբեր 2008) - http://www.azad-hye.net/media/r1/armenian-evangelical-world-council.htm
10Բադալյան Մ., Հայ ավետարանական համաշխարհային խորհուրդը Հայաստանում, «Ազգ», 25.08.2001 - http://www.azg.am/AM/2001082516
11Armenian Evangelicals praised for Haiti relief efforts - http://www.reporter.am/go/article/2010-03-02-armenian-evangelicals-praised-for-haiti-relief-efforts
12Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 50-51։
13Կանադայի հայ համայնքը - http://hayernaysor.am/newsday.php?p=0&c=0&t=0&r=0&year=2009month=10&day=07&shownews=3812&LangID=4#3812
14Ծուլիկյան Հ., «Եվրոպական հանրաքվեները և հայ-թուրքական հարաբերությունները», «Ազգ», 06.07.2005 - http://www.azg.am/AM/2005070601
15AMAA Directory 2010: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide, p. 9. http://www.amaa.org/Directory%20for%20website.pdf
16Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 341։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ[05.05.2015]
- ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԵՏ ՀՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ[10.02.2015]
- ԱՄՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[26.01.2015]
- ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՈԼՈՐՏԻ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ. ՊԱՏԿԵՐԻ ՈՒՐՎԱԳԻԾ[12.12.2013]
- ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ[07.03.2013]
- ՉԵԽԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[17.01.2013]
- ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ[06.09.2012]
- ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ[07.06.2012]
- ՉԵԽԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ[31.10.2011]
- ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ[18.04.2011]
- ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ[29.03.2011]