• am
  • ru
  • en
Версия для печати
02.09.2010

ԿԻԲԵՐԶՈՐՔԵՐ. ԺԱՄԱՆԱԿՈՎ ԹԵԼԱԴՐՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

EnglishРуский

   

Սամվել Մարտիրոսյան

Ս.Մարտիրոսյան` «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ։

Կիբերահաբեկչությունը և այլ կիբերսպառնալիքներն արդի պետության համար, որտեղ տեղեկատվական համակարգերը և հաղորդակցություններն ավելի ու ավելի են գերակշիռ ենթակառուցվածքային դեր խաղում, լուրջ փորձություն են հանդիսանում։ Առանցքային հանգույցների ավելացումը, որոնք կարող են շարքից դուրս բերել պետությունների ենթակառուցվածքները, շատ երկրների ստիպում են մտածել կիբերզորքերի ստեղծման ուղղությամբ, որոնք կկարողանան պաշտպանել երկրի վիրտուալ տարածքը։

Այսօր կիբերահաբեկիչների սակավաթիվ խմբավորումն ի վիճակի է էական վնաս հասցնել հասարակական կարևոր նշանակություն ունեցող կառույցներին։ Ելնելով այն բանից, որ տեխնոլոգիաներն էլ ավելի են ներգրավվում ռազմավարապես կարևոր կառույցների կառավարման գործում, խոցելիությունն ավելի արագ է աճում, քան հնարավոր սպառնալիքներին պետության հակահարված տալու հնարավորությունները։

Այսպես, այս տարվա փետրվարին ամերիկյան ոչ առևտրային Bipartisan Policy Center1 կազմակերպությունը փորձ կատարեց, որի ընթացքում փորձեց պարզել, թե որքանով է խոցելի ԱՄՆ տնտեսությունը հաքերների գրոհների պարագայում։ Արդյունքներն անսպասելիորեն բացասական էին։ Պետական հաստատությունների վրա «գրոհի» համար օգտագործվեց փորձի մասնակիցների ընդամենը 230 անհատական համակարգիչ։ Դա բավական էր, որպեսզի հաշված րոպեների ընթացքում կաթվածահար արվեին այն համակարգիչները, որոնք պատասխանատու էին երկրի էլեկտրամատակարարման համար։ Այնուհետև գիտնականները նման գրոհ կազմակերպեցին բջջային ցանցերի վրա. բաժանորդների բջջային սարքերը վարակվում էին վիրուսով, ինչից հետո սմարթֆոնները սկսում էին ինտենսիվորեն սպառել տվյալների թրաֆիկը։ Արդյունքում՝ բազային կայանները և բջջային ցանցերը զանգվածաբար դուրս էին գալիս շարքից։ Bipartisan Policy Center-ի փորձագետները հաստատում են. եթե հաքերները նպատակադրվեն խոցել ԱՄՆ-ը և դա անեն առավելագույն արդյունավետությամբ, 40 մլն ամերիկացիներ երկրի արևելքում, «հարձակումն» սկսելուց արդեն 30 րոպե հետո, կմնան առանց լույսի։ Կանցնի մեկ ժամից մի փոքր ավելի, և բջջային կապի 60 մլն բաժանորդներ երկրում կտեսնեն, որ իրենց հեռախոսները վերածվել են չաշխատող «կախազարդերի»։ Wall Street-ի աշխատանքը կաթվածահար անելու համար տառացիորեն մի քանի ժամ կպահանջվի2։

Առևտրային և պետական կառույցների վրա գրոհների թիվը տարեցտարի ավելանում է։ 2009թ. ընկերությունների 75%-ը ենթարկվել է կիբերգրոհների՝ կորցնելով միջինը $2 մլն։ Այսպիսին են Symantec ընկերության անցկացրած կորպորատիվ անվտանգության գլոբալ հետազոտությունների արդյունքները։ 27 երկրների ՏՏ-տնօրենների, տեղեկատվական անվտանգության կառավարման ղեկավարների և ՏՏ-մենեջերների շրջանում անցկացված հարցախույզը վկայում է այն մասին, որ գլոբալ մակարդակով կորպորատիվ հատվածում մեծացել է կիբերհանցագործների ակտիվությունը։ Անցած տարվա ընթացքում ընկերությունների 75%-ը ենթարկվել է կիբերգրոհների, իսկ 36%-ը գրոհները բնորոշել է բարձրարդյունավետ՝ չարագործների համար։ Ավելին, հարցման ենթարկվածների 29%-ը հայտարարել է, որ անցած տարվա ընթացքում գրոհները հաճախացել են3։

ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների համար իրենց կիբերտարածքի պաշտպանությունը գերակա է դառնում, ինչը պահանջում է կառուցվածքային փոփոխություններ կատարել ուժային գերատեսչություններում։ Կիբերպաշտպանությունը համակարգային մոտեցում է պահանջում, և դրա համար ազդանշան ծառայեցին 2007թ. գարնանը տեղի ունեցած գրոհներն Էստոնիայի վրա։ Էստոնական ցանցերի խափանումից հետո (ենթադրվում է, որ գրոհները կազմակերպել էին ռուս հաքերները, որոնք, հավանաբար, ուղղորդվում էին ուժային կառույցների կողմից) պաշտոնական Տալլինը ստիպված եղավ օգնության համար դիմել ՆԱՏՕ-ին։ Գրոհն Էստոնիայի վրա առիթ հանդիսացավ, որպեսզի գլոբալ վերանայման ենթարկվի Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրականացվող կիբերպաշտպանության ընդհանուր ռազմավարությունը։

Փորձագիտական հետազոտությունները հանգեցրին ՆԱՏՕ մոտեցումների որակական փոփոխությունների։ Ս.թ. հունիսի սկզբին տարածվեց փորձագիտական եզրակացությունը։ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը դիտարկում է ռազմական ուժի կիրառման հնարավորությունը թշնամիների նկատմամբ, որոնք կիբերգրոհներ են կազմակերպում դաշինքի անդամ պետությունների դեմ։ Ընդ որում, այս տեսակետից ամենավտանգավոր երկրներն են համարվում Ռուսաստանը և Չինաստանը։

Կիբերգրոհների կազմակերպիչների դեմ զինված ուժեր կիրառելու առաջարկությունն արել է դաշինքի փորձագետների՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի գլխավորած խումբը։ «ՆԱՏՕ երկրների դեմ հաջորդ գրոհը կլինի օպտիկամանրաթելային մալուխի գծով»,- ասվում է մասնագետների կազմած զեկույցում։

Փաստաթղթում նշվում է, որ կիբերահաբեկչությունը, որը վտանգ է ներկայացնում ենթակառուցվածքի համար, համեմատելի է զինված հարձակման հետ, ուստի պահանջում է համապատասխան հակահարված։ «Լայնածավալ կիբերգրոհը կառավարման համակարգերի կամ ՆԱՏՕ էներգետիկ սերվերների վրա միանգամայն թույլատրելի է դարձնում պատասխան միջոցների կիրառումը՝ համաձայն Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության 5-րդ կետի»,- կարծում են փորձագետները4։

ՆԱՏՕ այս մոտեցումը կիբերպատերազմը դնում է ավանդական ռազմական բախումների հետ նույն մակարդակում։ Հետագայում այն հիմք կդառնա ինչպես ռազմական ստրատեգիայի վերանայման, այնպես էլ պաշտպանական համակարգերում կառուցվածքային փոփոխությունների համար։

Նման փոփոխություններ այժմ արդեն կատարվում են։ Այսպես, ԱՄՆ-ը իր վիրտուալ տարածքների պաշտպանության տնօրինումը հանձնում է առանձին կառուցվածքի։ Բացի այն, որ ԱՄՆ ուժային կառույցներում գոյություն ունեն առանձին վարչություններ, որոնք պատասխանատու են կիբերանվտանգության համար, ԱՄՆ Ռազմածովային ուժերը 2010թ. հունվարի 26-ին կիբերզորքեր ստեղծեցին։ Այդ CYBERFOR-ը (մոտ 14 հազար զինվորական և քաղաքացիական անձինք՝ հաստիքով5) անմիջականորեն գտնվում է ԱՄՆ ՌԾՈւ հրամանատարության ներքո և աշխատելու է ՌԾՈւ տեղեկատվական անվտանգության NETWARCOM ծառայության հետ համատեղ։ CYBERFOR-ի պարտականությունների մեջ են մտնում ծածկագրական աշխատանքը, տեղեկատվական աջակցության ապահովումը, համակարգչային ցանցերից և հակառակորդի կողմից բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարված հարձակումներից պաշտպանությունը։ Բացի այդ, նոր զորքերը նաև տիեզերական գործողություններ կատարելու իրավունք կստանան, որոնք կիրականացվեն ցամաքում և ջրում ԱՄՆ ՌԾՈւ-ին օժանդակելու համար6։

Այսօր տեխնոլոգիապես զարգացած երկրները հանգում են իրենց ուժային կառույցների տրամաբանական զարգացմանը՝ ստեղծում են մասնագիտացված ուժեր, որոնք ի վիճակի են ինչպես դիմակայել երկրի կիբերտարածքի դեմ իրականացված համակարգված գրոհներին, այնպես էլ պատասխան հարվածներ հասցնել պոտենցիալ հակառակորդի ենթակառուցվածքին։

Եզրակացություններ Հայաստանի համար

Հայաստանի համար ենթակառուցվածքային խոցելիությունը հեռավոր կիբերգրոհների համար այնքան էլ բարձր չէ, ինչպես ԱՄՆ-ում կամ Եվրամիության երկրներում։ Միևնույն ժամանակ, արդեն ակնհայտ է, որ Հայաստանի տարբեր ենթակառուցվածքներում ներդրվում են տեղեկատվական տեխնոլոգիաներ, և առաջիկա տարիներին կարելի է կանխատեսել լայնածավալ կառուցվածքային փոփոխություններ, որոնք, իրենց հերթին, կմեծացնեն խոցելի հանգույցների թիվը։

Հայաստանն արդեն պարբերաբար ենթարկվում է ադրբեջանական և թուրքական հաքերային խմբերի հարձակումներին։ Այսօր նրանց ակտիվությունը լուրջ վնաս չի հասցնում երկրին։ Հատկապես նկատի ունենալով այն, որ պետական սերվերներն այժմ գտնվում են Ազգային անվտանգության ծառայության պաշտպանության ներքո։ Միևնույն ժամանակ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության թեժացումը կարող է հանգեցնել այն բանին, որ ավելի հաճախակիանան գրոհները ինտերնետի հայկական հատվածի վրա, ինչը լուրջ ձևափոխություններ կառաջացնի տեղեկատվական դաշտում։

Ընդ որում, հարկ է հաշվի առնել, որ Հայաստանը պոտենցիալ թիրախ է ոչ միայն թշնամական երկրների կամ ահաբեկչական խմբավորումների, այլ նաև քրեական խմբերի համար, որոնք կարող են հետևել զուտ մերկանտիլ նպատակներ, օրինակ՝ գրոհներ երկրի ֆինանսական ցանցերի վրա։

Կիբերզորքերի ստեղծումն այսօր Հայաստանի համար անհրաժեշտություն է, քանի որ, փաստորեն, երկրի կիբերտարածքը գործնականում պաշտպանված չէ ենթադրյալ թշնամու լայնածավալ գրոհներից։ Փաստացի ոչ մի կառույց չկա, որը պարտավոր է և հնարավորություն ունի պաշտպանել երկրի կիբերտարածքը լուրջ սպառնալիքներից։ Կիբերզորքերը կոչված են լուծելու հենց նման խնդիրներ, որոնց անհրաժեշտությունն այսօր արդեն ակնհայտ է։

Կիբերզորքերը պետք է փոխգործակցեն հետախուզական կառույցների և ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերի հետ։ Հակամարտության հնարավոր սրման շրջանում կիբերզորքերը պետք է ապահովեն հայկական տեղեկատվական դաշտի պաշտպանությունը։ Նրանց խնդիրներից պետք է լինի նաև հակառակորդի ինտերնետ-ակտիվության ճնշումը զինված հակամարտության ժամանակ՝ երկրի քարոզչական կառույցների հետ փոխգործակցելով։

Այսօրինակ համակարգված կառույցների բացակայության բացասական կողմը պարզ երևաց 2008թ. օգոստոսին վրաց-ռուսական պատերազմի շրջանում։ Այդ ժամանակ ինտերնետի վրացական հատվածի վրա իրականացված կենտրոնացված կիբերգրոհը հանգեցրեց Վրաստանի տեղեկատվական ակտիվության կտրուկ անկման, և Ռուսաստանը լուրջ գերազանցություն ստացավ քարոզչական պատերազմում, ինչն էլ վճռական ազդեցություն ունեցավ առհասարակ պատերազմի ելքի վրա։

Միևնույն ժամանակ, երկրի կիբերտարածքի պաշտպանության խնդիրները լուծելուն կոչված կառույց ստեղծելու հարցում հապաղելը կդժվարացնի դրա կազմավորումը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բարձր տեմպերի և դրանց հետ կապված սպառնալիքների փոփոխության դինամիկության առումով։

1 http://www.bipartisanpolicy.org

2 http://www.expert.ru/articles/2010/06/08/otvet_kiberugroze/

3 http://oren-help.ru/publ/kiberataki_obkhodjatsja_kompanijam_v_srednem_po_2_mln_doll_v_god/1-1-0-5

4 http://www.utro.ru/articles/2010/06/08/899546.shtml

5 http://www.cyberfor.navy.mil/

6 http://www.lenta.ru/news/2010/01/27/cyberfor/


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր