
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԻ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ` ԱՐՑԱԽԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԾԱԽՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հարութ ՍասունյանՀ.Սասունյան` «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
ԱՄՆ Պետդեպարտամենտը անփույթ, անգամ ապօրինի վերաբերմունք է ցուցաբերել` չծախսելով Կոնգրեսի կողմից Արցախին հատկացված ֆինանսական օգնությունը վերջին 12 տարիների ընթացքում:
Անցյալ շաբաթ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը բացահայտեց, որ Պետդեպարտամենտը Կոնգրեսի կողմից Արցախին հատկացված գումարի միայն կեսն է ծախսել: 1998-2010 թվականներն ընկած ժամանակահատվածում Կոնգրեսն Արցախին 61 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն է հատկացրել` չհաշված 2000-2002 թվականներին հատկացված չճշտված մոտ 10 միլիոն դոլարը: Հայ Դատի Հանձնախմբի կողմից ձեռք բերված ԱՄՆ կառավարության փաստաթղթերից պարզվել է, որ 1998-2010 թվականներին Պետդեպարտամենտը որպես մարդասիրական օգնություն Արցախում ծախսել է միայն 36 միլիոն դոլար:
ԱՄՆ-ի Դեմոկրատական և Հանրապետական իրար հաջորդող վարչակարգերն Ադրբեջանին հանգստացնելու համար փորձել են խափանել Արցախին օգնություն տրամադրելու Կոնգրեսի ջանքերը: Ի զորու չլինելով կանխել նման հատկացումների հաստատումը, Պետդեպարտամենտը Կոնգրեսի կամքին հակառակվելու համար խորամանկ հնարքների է դիմել` ծախսելով Արցախին հատկացված ֆինանսական օգնության միայն մի մասը: Ադրբեջանը մշտապես պնդել է, որ Միացյալ Նահանգների կողմից Արցախին հատկացվող ցանկացած օգնություն պետք է ուղղվի Բաքվի միջոցով: Չնայած վարչակարգի և Ադրբեջանի առարկություններին, Կոնգրեսը շարունակել է օգնություն հատկացնել Արցախին, վերացնելով ոլորտների սահմանափակումը. 2010 թվականին նրա նախատեսած 8 միլիոն դոլարը հատկացվել է «Լեռնային Ղարաբաղում նախագծերի և միջոցառումների», այլ ոչ թե բացառապես մարդասիրական ծրագրերի համար:
Տասներկու տարիների ողջ ընթացքում ոչ Հայաստանը, ոչ Արցախը, և ըստ երևույթին ոչ էլ ամերիկահայ համայնքը Կոնգրեսին չի բողոքել Պետդեպարտամենտի` Արցախի համար հատկացված գումարներն ամբողջությամբ չծախսելու համար: Զարմանալի է, որ Հայ Դատի Հանձնախմբի կողմից կրճատումների բացահայտումից հետո, Արցախի մի բարձրաստիճան պաշտոնյա չի կարևորել տրամադրված օգնության նվազեցումը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը հատկացումների ծավալի նվազեցումը արդարացրել է, այն կապելով վերջին տարիներին Արցախի արձանագրած «բավական տնտեսական աճի» հետ:
Մինչ հայերը զարմանալիորեն լուռ էին մնում, Կոնգրեսը 2001 թվականից սկսած բազմիցս կոչ է արել վարչակարգին «անհապաղ իրացնել մնացած 20 միլիոն դոլարի մարդասիրական օգնությունը, որը Բանաձևով նախատեսված էր 1998 թվականի ֆինանսական տարվա համար»: Բացի այդ, Ներկայացուցիչների պալատը Պետքարտուղարից պահանջել է 15 օրվա ընթացքում զեկուցել Միացյալ Նահանգների կողմից Արցախին ցուցաբերած աջակցության մնացորդային գումարի մասին`օգնության օրինագիծն ուժի մեջ մտնելու պահից սկսած: 2004-2005 թթ. Սենատը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից (USAID) պահանջել էր իր ծրագրերը ներկայացնել հատկացված դրամական միջոցները ծախսելու վերաբերյալ` օգնության օրինագիծն ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում: Ցավոք, մեղքի առյուծի բաժինն ընկնում է Օբամայի վարչակազմի վրա: Նրա պաշտոնավարման առաջին երկու տարիների ընթացքում չի ծախսվել 12 միլիոն դոլար, այսինքն 1998 թվականից ի վեր Արցախին հատկացված և չծախսված գումարների մեկ երրորդը:
Սենատոր Բարբարա Բոքսերը հնարավորություն ունեցավ այս հարցը հետապնդել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու առաջադրված Մեթյու Բրայզայի` հուլիսի 22-ին ԱՄՆ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նրա հաստատման համար անցկացված լսումների ընթացքում: Սենատորը ցանկացել է պարզել, թե ինչու Արցախին հատկացված 16 միլիոն դոլար օգնության գումարից միայն 4 միլիոնն է ծախսվել վերջին երկու տարիների ընթացքում: Ի պատասխան Բրայզայի խուսանավումների, սենատոր Բոքսերը պահանջել է գրավոր «մանրամասն հաշվարկ ներկայացնել Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղին վերջին հինգ տարիների համար հատկացված բոլոր օգնությունների ծախքերի վերաբերյալ»: Նա խստորեն հարցրել է, թե «Ինչո՞ւ Կոնգրեսի կողմից 2009 և 2010 թվականներին Լեռնային Ղարաբաղին հատկացված ամբողջ գումարը չի ծախսվել»: Բրայզան ևս մեկ անգամ չի կարողացել գոհացուցիչ պատասխան տալ սենատորի հարցին:
Ուստի, սենատոր Բոքսերն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին խնդրել է Բրայզայի հաստատման քվեարկությունը հետաձգել մինչև սեպտեմբերի կեսերը Սենատի արձակուրդից վերադառնալը: Հուսով ենք, որ այն Բրայզային հնարավորություն կտա պարկեշտ հաշվարկ պատրաստել` պարզաբանելով, թե ինչու Վաշինգտոնի օգնությունն Արցախին ամբողջությամբ չի հասել: Միաժամանակ, Բրայզայի հաստատման ձգձգումը թույլ կտա Սենատին ավելի հանգամանորեն ստուգել նրա անցյալի վերաբերյալ ի հայտ եկած հարցերը:
Ակնհայտ է, որ Բրայզան և իր նախորդները Պետդեպարտամենտում, տարբեր հնարքների են դիմել Կոնգրեսի մտադրությունները խափանելու համար: Նրանք փորձել են հանգստացնել Ադրբեջանին` սահմանափակելով և ուշացնելով Արցախին խիստ անհրաժեշտ օգնությունը:
Այժմ ամերիկահայերը պետք է Կոնգրեսից պահանջեն հետաքննել Պետդեպարտամենտի կողմից երկրի օրենսդիր մարմնի հանձնարարագրի ձախողումը, չծախսելով Արցախին հատկացված օգնության գումարներից 35 միլիոն դոլարը վերջին 12 տարիների ընթացքում:
Եթե հետաքննությունը թերացումներ բացահայտի Պետդեպարտամենտի պաշտոնատար անձանց աշխատանքում, ապա ամերիկահայերը պետք է Կոնգրեսից պահանջեն 35 միլիոն դոլարի միանվագ օգնություն հատկացնել Արցախին` որպես փոխհատուցում Միացյալ Նահանգների կառավարության կողմից օրենքով սահմանված գումարը չծախսելու համար:
Հուսով ենք, որ Կոնգրեսի կողմից իրականացվող հետաքննության շուրջ բարձրացված աղմուկը Պետդեպարտամենտի պաշտոնատար անձանց կստիպի այսուհետև ավելի զգուշավոր լինել Արցախի համար նախատեսված ֆինանսական միջոցների ծախքերի հետ գործ ունենալիս:
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԱԿԱԴԱՐՁԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ[19.12.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՎԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ[12.12.2018]
- ՍԵՆԱՏՈՐ ՄԵՆԵՆԴԵՍԸ ՀԵՏԱՁԳՈՒՄ Է ՍԵՆԱՏԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ[05.12.2018]
- ՊԵ՞ՏՔ Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԻ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ[28.11.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔՈՒՐԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԽԻՍՏ ԵԼՈՒՅԹՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԻՐ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՄԲ[18.11.2018]
- ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ՍԱՈՒԴՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ[31.10.2018]
- ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԵԿ ԱՅԼ ԽՈՇՈՐ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ[24.10.2018]
- ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԲԱՆԿԻՐԻ ԿՆՈՋ ԲԱԶՄԱՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԸ[17.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ, ԱՅԼԵՎ՝ ԹԵ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ, ԹԵ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ...[03.10.2018]
- ԷՐԴՈՂԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ ՀԱՅՏՆԻ ՊՈԼՍԱՀԱՅԸ ԶԲԱՂՎԱԾ Է ԹՈՒՐՔԱՄԵՏ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՄԲ[26.09.2018]
- ՄՈՒՀԱՄՄԵԴ ՄԱՐԳԱՐԵԻ ՔԻՉ ՀԱՅՏՆԻ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ՝ ՏՐՎԱԾ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ[14.09.2018]