
ԽՈՀԵՐ «ՆԵՐՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՉԻ» ԱՌԻԹՈՎ
Տիգրան ԵկավյանՀայ-թուրքական երկխոսության կողմնակից, համալսարանական դասախոս Չենգիզ Աքթարը իր վերջին գրքում (Cengiz AKTAR, L՛appel au pardon-Des Turcs s՛adressent aux Arme՛niens, e՛ditions CNRS) պատմում է 1915-ի «Մեծ աղետի» համար հայերից ներողություն խնդրող թուրք ժողովրդավարների հանրագրի մասին: Թուրքիայում եւ արտերկրում ոմանց մտահոգություն պատճառած հեղինակը կկարողանա՞ արդյոք առաջարկել ներկայիս փակուղուց դուրս գալու միջոց, հաղթահարել դահիճների եւ զոհերի ժառանգների միատեսակ դիտարկման խնդիրը:
Ահմետ Ինսելի եւ Միշել Մսրյանի հիասթափեցնող «հայկական տաբուի հետ կապված երկխոսության» կերպափոխությունը սպասելի էր: Կարելի էր ատամներ կրճտացնելՙ տեսնելով Հայկական հարցի արծարծումը հերթական թուրք ազատական մտավորականի կողմից... Քաղաքագետ Չենգիզ Աքթարի գիրքը պատվիրված աշխատություններից չէ, որոնք կոչված են հոռետես թուրք հանրությանը համոզելու կամ կարծեցյալ «ազգայնական կապանքով» կաշկանդված մի խումբ հայերի սիրաշահելու համար:

Հասկանալ ներողությունը եւ դրա քննադատներին
Հուզական լիցքից զերծ «Ներողության կոչը» հետեւողականորեն եւ հստակ լեզվով ամփոփում է 2008-ի վերջերին համացանցում տեղ գտած արշավի ծագումնաբանությունը եւ ընթացքը: Ֆրանսամետ եւ ազատական մի խումբ թուրք մտավորականների ստորագրած աննախադեպ հայտարարության հեղինակները հայտնի անձնավորություններ են ինչպես խոշոր լրատվամիջոցներում, այնպես էլ Ստամբուլի կոսմոպոլիտ բարձր հասարակության մեջ:
Որպես լավ մանկավարժՙ Բահչեշեհիրի համալսարանի պրոֆեսորը սկսում է հեռվից: Դա դժվար գործ է, երբ միաժամանակ նախկին ձախամետ ակտիվիստ ես, հակամիլիտարիստ եւ «Ներողության կոչի» համահեղինակ: Աքթարի կարծիքովՙ 1980-ի զինվորական պետական հեղաշրջումը հսկայական դեր ունի երկրի ներկայիս քաղաքական ճգնաժամի ծագման մեջ եւ մեկն է այն պատճառներից, որոնցով բացատրվում են թուրքական հասարակության ժողովրդավարացման ցավագին գործընթացի բազմաթիվ խոչընդոտները:
Ի նպաստ Չենգիզ Աքթարի ասենք, որ նա անդրադառնում է հանրագրի պատմությանը, նկարագրում թուրք հասարակության մեջ, քեմալիստական կառույցներում, կառավարող իսլամիստական AKP-ում եւ վերջապես հայկական սփյուռքում այդ «քաղաքացիական» արշավի առաջացրած խոչընդոտները, վայրիվերումները եւ ուժգին հույզերը:
Նրա կարծիքովՙ Հայկական հարցի վերարծարծման համար պարտական ենք հատկապես բարի կամքի տեր մի խումբ տղամարդկանց ու կանանց (եթե կարելի է այսպես ասել, նախկին մարքսիստ ակտիվիստների), որոնք փոքր-ինչ լուսավորել են քաղաքացիական կոչվող հասարակության խառնածին շարքերը: Այդ թարմ թթվածնի շնորհիվ (ԵՄ-ին անդամակցելը պարտավորեցնում է) զինվորականների ճնշումը իբր աստիճանաբար թուլացել է:
Սփյուռքի բազմապիսի արձագանքները մանրակրկիտ ուսումնասիրելովՙ Չենգիզ Աքթարն առաջարկում է եզակի տիպաբանություն: Նա այն բաժանում է երեք առանձին խմբերիՙ առավել ծայրահեղականից մինչեւ չափավոր համակիրը, որը քաղաքացիական հասարակության միջոցով հայ-թուրքական հաշտեցման գործընթաց սկսելու կողմնակիցն է:
Սիմետրիայի վտանգները
«Ներողության կոչը» ընթերցվում եւ գնահատվում է նախ եւ առաջ որպես անձնական նախաձեռնություն, անկեղծ քայլ, որը կողմնորոշված եւ պատասխանատու հեղինակի համարձակության վկայությունն է: Ոմանք կզայրանան սփյուռքի «արմատականներին» նրա տված խորհուրդներից, որոնք համառորեն չեն ուզում թուրքական պետությունից պահանջել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը որպես բացարձակ նախապայման: Այդ նույն «արմատականներն» էին, որ միջպետական ճնշումը նախընտրեցին քաղաքացիական հասարակության ձեռնարկելիք երկխոսությունից: Չենգիզ Աքթարը ափսոսանք է արտահայտում այդ անպտուղ եւ անիրատեսական ընտրության կապակցությամբՙ սեփական խոսքերը հիմնավորելով իրատեսական միջազգային քաղաքականության պարտադրանքներով: Թուրքիան ստիպված չէ ընդունել անցյալում իր գործած ոճիրները, քանզի պարտված Գերմանիայի վիճակում չէ...
Արդ, ընդունելի՞ է արդյոք նույնարժեք համեմատություն կատարել թուրքերի ժխտողական ազգայնականության եւ հայերի սփյուռքյան պայքարի միջեւ: Դաշնակցականները, ASALA-ի նախկին մարտիկները արդյո՞ք նույնքան մեղավոր են, որքան քեմալական դարձած երիտթուրքերը: Ավելին, «հայկական վնասվածությունը» մի՞թե չի պահպանվում (նույնիսկ օգտագործվում) սփյուռքի մի քանի քաղաքական պատասխանատուների կողմից: Թուրքական ժխտողականությունը եւ Հայ դատը առանց տարբերակման դիտարկելու միջոցով թուրք մտավորականները հանրությանը նախապատրաստում են մի վտանգավոր սիմետրիայի, որի դիմաց առաջինը վճարելու է հայկական սփյուռքը:
Չնայած իր բարի կամքինՙ Զենգիզ Աքթարը պետք է նկատի ունենա, որ հայերի ազգայնականությունը գլխավորապես ձեւավորվել է ի հակազդեցություն պետական բռնության, որը շարունակվում է մինչեւ օրս (հմմտ. Կիպրոս 1974, Քրդստան 1995...):
Դատական ճառ հանուն «քաղաքացիական դիվանագիտության»
Խոստովանելով, որ իր ձեռնարկումը չի կործանի ժխտողականության պարիսպըՙ Չենգիզ Աքթարը շեշտը դրել է քաղաքացիական հասարակության վրա. դա յուրօրինակ շիլափլավ է, որը կարող է լինել բազմաթիվ շեղումների օբյեկտ: Վտանգավոր շեշտադրում, որը չի բացառում Հայկական հարցի հնարավոր «ապաքաղաքականացումը» ի նպաստ կիսված հիշողության քաղաքականության, որը բնութագրվում է Ցեղասպանության «էժանացված» ճանաչմամբ:
Բայց իրականում նա ունի՞ արդյոք ընտրություն: Չենգիզ Աքթարը նկարագրում է իր հին չարքերից հետապնդվող ճգնաժամային Թուրքիան: Ոչ պոպուլիստական հակումների համար քննադատվող իշխանական կուսակցությունը, ոչ էլ զինվորական-քեմալական հին գվարդիան չեն խուսափում 301-րդ մահացու հոդվածի քմահաճույքին ենթակա հեղինակի պախարակումներից: Հրանտ Դինքի նման Աքթարը եւս դատապարտում է սփյուռքի «արմատական» մասի կուրությունը, որն անկարող է գնահատել Թուրքիայում վերջերս տեղի ունեցող զարգացումները:
Կարելի է ընդունել կամ չընդունել պրոֆեսոր Աքթարի համոզմունքները, բայց խոստովանենք, որ նա պարզ ու շիտակ դատապարտում է ժխտողականությունը եւ գրում է զգացմունքայնությունից զերծ հետմարքսիստական քաղցրալուր լեզվով:
Աքթարի բանավիճային գրքի արժանիքներից մեկը սփյուռքի մարտունակության ճգնաժամի հիշեցումն է: Անծրագիր եւ անղեկավար սփյուռք, որը դժվարանում է ախտորոշել իր թուլությունները: Արդյոք Հայկական հարցը պե՞տք է վստահվի սիրողական մակարդակի քաղաքական պատասխանատուներին: Ի վիճակի՞ ենք արդյոք խոստովանել, որ մեր կադրերի «պատրաստման» քաղաքականություն այդպես էլ չենք մշակել: Մեզ մնում է մաղթել, որ սփյուռքում ի հայտ գան թուրքախոս երիտասարդ կադրեր, որոնք ծանոթ կլինեն հետաքրքրական եւ անմշակ այդ ոլորտին, ինչպես նաեւ այնպիսի երիտասարդություն, որը կկարողանա սեփական հետաքրքրությունների շրջանակը չսահմանափակել առօրեական հարցերով կամ ստամբուլյան դեղին մամուլի ընթերցանությամբ:
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #155, 2010-08-28
դեպի ետ