• am
  • ru
  • en
Версия для печати
06.03.2008

ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

   

Արաքս Փաշայան

picture (medium) 2008թ. փետրվարի 9-ին թուրքական խորհրդարանը, երկարատև վիճաբանությունից հետո, երկրորդ ընթերցմամբ ընդունեց բարձրագույն ուսումնական հաստատություններում մահմեդական գլխաշոր` թյուրբան կրելու վրա դրված արգելքը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը` փոփոխություններ մտցնելով երկրի Սահմանադրության 10 և 42 հոդվածներում: Որոշման օգտին կողմ է քվեարկել 550 տեղանոց թուրքական խորհրդարանի 401 պատգամավոր։ Օրենքի ուժ ստանալու համար այն պետք է ստորագրի երկրի նախագահը, ով արդեն տվել է իր համաձայնությունը։

Գլխաշորի արգելքի վերացումը հիմնավորվում է մարդու կրոնական իրավունքների և ազատությունների մոտիվով, այսինքն` Եվրամիության չափորոշիչներով, որին Թուրքիան ձգտում է անդամակցել։ Նշվում է, որ շատ աղջիկներ, կրոնական համոզմունքներից ելնելով, հրաժարվում էին առանց գլուխը ծածկելու համալսարան հաճախել:

Թուրքիայում գլխաշորի թեմայի շուրջ պարբերաբար ի հայտ եկող բանավեճերը վերստին ակտիվացան 2007թ. հուլիսի խորհրդարանական ընտրություններին և հատկապես 2007թ. օգոստոսի նախագահական ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակից հետո։ Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հարցի շուրջ առաջին անգամ պաշտոնապես խոսեց 2007թ. սեպտեմբերին` դիտարկելով այն որպես հասարակության ժողովրդավարացմանն ուղղված քայլ։ Նախքան այդ, նա որևէ անգամ չի հայտարարել, որ ընդլայնելու է իսլամի իրավունքները Թուրքիայում։

Թյուրբանը իսլամական տիպի գլխաշոր է, այսինքն` ծածկում է գլուխն ամբողջությամբ և պարանոցը։ Չադրան կամ փարանջան, որ քողարկում է երեսը և տարածված է շատ արաբական իսլամական երկրներում, նախկինի պես արգելված կմնա։ Համաձայն իշխող շրջանակների` Թուրքիայում կանանց 2/3-ը գլխաշոր է կրում, այնպես որ, խորհրդարանական որոշումը հասարակական աջակցություն է գտել։ Հատկանշական է, որ գլխաշոր են կրում Թուրքիայի վարչապետի, նախագահի և բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների կանայք ու աղջիկները։ 2002թ. Աբդուլահ Գյուլի կինը` Հայրունիսիա Գյուլը, Եվրադատարան էր դիմել այն բանից հետո, երբ նրան գլխաշոր կրելու պատճառով չէին ընդունել Անկարայի համալսարան։

Գլխաշորի արգելքի վերացումը ձգտում է վիճարկել երկրի աշխարհիկ ընդդիմությունը, առաջին հերթին` Սահմանադրական դատարանը և զինվորականությունը։

Աշխարհիկ ընդդիմության մեջ առանձին շերտ են կազմում թուրքական համալսարանների ռեկտորները, որոնցից շատերի կարծիքով` գլխաշորի արգելքի վերացումը վնասում է ժողովրդավարությանը։ Դեռևս 2007թ. սեպտեմբերին թուրքական համալսարանների ռեկտորների խորհուրդը մի հայտարարություն տարածեց, որում նշված էր, թե Սահմանադրության մեջ ուղղում մտցնելու շարժառիթները հիմնավորված չեն, և որ Սահմանադրությամբ ամրագրված աշխարհիկության, հանրապետականության, ազգայնականության և այլ սկզբունքներ պետք է անփոփոխ մնան: Համալսարանական շրջանակներում մտավախություն կար, որ գլխաշորի մասին Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելուց հետո թյուրբան կրելը համատարած կդառնա դպրոցներում և լիցեյներում:

Նման հնարավորության վերաբերյալ մտավախությունը հիմնավորվեց։ Արդեն փետրվարի 10-ին գլխաշորի վերաբերյալ խորհրդարանական որոշումից մեկ օր անց Կեսարիայում, Քոնյայում և Վանում ի պաշտպանություն գլխաշորի տեղի ունեցան հանրահավաքներ, որոնց մասնակիցները գլխաշորի վերաբերյալ օրենքի մեջ փոփոխությունը բավարար չէին համարում, քանի որ հիմնահարցը վերաբերում է ոչ միայն ուսանողուհիներին, այլև` բարձր դասարանների աշակերտուհիներին:

Հատկանշական է, որ այս հարցին «մեծ նպաստ» կարող է բերել 2007թ. դեկտեմբերին Կրթության բարձրագույն հանձնաժողովի քեմալիստ նախագահ Է.Թեզիչին իր պաշտոնում փոխարինած իսլամամետ գործիչ Յ.Օզջանը, ով արդեն հայտարարել է, որ իր գործունեության շրջանակներում ձգտելու է վերացնել այն բոլոր արգելքները, որոնք ոտնահարում են ուսանողների իրավունքները:

Երկրի աշխարհիկության սկզբունքների պահպանման համար շարունակում են պայքարել թուրքական հասարակության լիբերալ շրջանակները։ Պատահական չէ, որ նախքան խորհրդարանի որոշումը և որոշման ընդունումից հետո էլ Թուրքիայի մայրաքաղաքում և Ստամբուլում տեղի ունեցան բազմամարդ հանրահավաքներ, որոնց մասնակիցները վստահ են, որ Թուրքիան պետք է մնա աշխարհիկ երկիր։

Ընդդիմախոսների կարծիքով, պարզ չէ` թյուրբանի հարցը կրոնակա՞ն, թե՞ քաղաքական մոտիվներ ունի: Այս տեսանկյունից ուշագրավ է թուրքական հետազոտական հիմնադրամի՝ TESEV-ի իրականացրած հարցախույզը, որի համաձայն՝ Թուրքիայում կանանց 71,5 տոկոսը գլխաշոր կրում է կրոնական մոտիվով (հիմնվելով սուրբ գրքի «Ան-նուր» սուրահի 31-րդ այաթի վրա), 7,6 տոկոսը՝ կոլեկտիվիզմի մոտիվից ելնելով, 3,9 տոկոսը թյուրբանը դիտարկում է որպես իր ինքնության անբաժան մաս, 3,4 տոկոսը` որպես բարոյականության ցուցիչ, 1,7 տոկոսը գլխաշոր է կրում հասուն տարիքի պատճառով և միայն 0,4 տոկոսն է թյուրբանը համարում իր քաղաքական հայացքների խորհրդանիշը:

Աշխարհիկ ընդդիմադիրների համոզմամբ` ԱԶԿ-ն պաշտպանում է ոչ թե կրոնականացված կանանց հետաքրքրությունները, այլ դիտում թյուրբանը որպես աշխարհիկ համակարգի դեմ պայքարի միջոց: Այդ նպատակին հասնելու համար իշխանությունն օգտագործում է արևմտյան եզրաբանություն՝ մարդու իրավունքների և օրենսդրության ժողովրդավարացման վերաբերյալ:

Ակնհայտ է, որ գլխաշորի արգելքի վերացումը, որին ԱԶԿ-ն հասարակական մեծ հնչեղություն տվեց, իրականում մի քայլ է երկրի իսլամականացման ուղղությամբ։ Կրոնը սկսում է աստիճանաբար մուտք գործել հասարակական ոլորտ, ինչն ավելի շատ քաղաքական շարժառիթներ ունի։ Եթե իշխանություններն իրապես մտահոգված են կանանց հիմնահարցերով, ապա պետք է հաշվի առնեն առավել կարևոր հանգամանքներ։ Թեկուզ այն, որ կանայք, առավելապես գյուղական շրջաններում, բախվում են սոցիալական մի շարք խնդիրների հետ, որոնց լուծումը ոչ պակաս կարևոր է, քան գլխաշորը։

Չի բացառվում, որ հետագայում, ունենալով գլխաշորի նախադեպը, Թուրքիայում հասարակական դիսկուրսի առարկա դառնան և ապա լեգիտիմացվեն իսլամական կամ շարիաթական այլ սկզբունքներ։ Չի բացառվում նաև, որ Թուրքիայի փորձը կարող է նախադեպ դառնալ տարածաշրջանի իսլամական երկրներում, ասենք` Ադրբեջանում, կենտրոնական ասիական հանրապետություններում, ընդհուպ` Ռուսաստանի թյուրքական երկրամասերում։ Հայտնի է, որ կենտրոնաասիական առանձին հանրապետություններում դատարանները մի շարք անգամներ մերժել են բարձրագույն կրթական հաստատություններում սովորող և գլխաշոր կրել ցանկացող ուսանողուհիների հայցը։

Այսպիսով, Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարություն եւ զարգացում կուսակցությանը հաջողվեց իր համար ցանկալի փոփոխություններ մտցնել երկրի Սահմանադրության մեջ: Սակայն առանձին փորձագետներ կանխատեսում են, որ գլխաշորի մասին նոր օրենքն իր հետ ցնցումներ կբերի, քանի որ աշխարհիկ ընդդիմադիրները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան` պահանջելով ոչ միայն անօրինական ճանաչել օրինագիծը, այլեւ լուծարել Արդարություն եւ զարգացում կուսակցությունը: Նշենք, որ 1997-ին զինվորականները լուծարեցին իսլամամետ վարչապետ Էրբաքանի կառավարությունը, իսկ 1998-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ երկրի աշխարհիկ հասարակարգին ուղղված վտանգ ներկայացնելու մեղադրանքով լուծարվեց Էրբաքանի գլխավորած իսլամամետ Բարօրության կուսակցությունը, որի իրավահաջորդը, ըստ էության, ԱԶԿ-ն է։ Այնպես որ, դեպքերը կարող են կրկնվել։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր