• am
  • ru
  • en
Версия для печати
20.07.2010

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   

Ժամանակն է կիբերհարձակումները հավասարեցնել զինված հարձակումների հետ

ՆԱՏՕ մի խումբ փորձագետներ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի գլխավորությամբ, եկել են այն եզրահանգման, որ կենսական նշանակություն ունեցող գերատեսչությունների դեմ կատարված համակարգչային գրոհները հավասարազոր են զինված հարձակումներին, ինչն արդարացնում է ռազմական միջոցներով տրված հակահարվածը։

Փորձագետների կարծիքով՝ «մեծամասշտաբ կիբերհարձակումները դաշինքի հրամանատարական և վերահսկիչ համակարգերի վրա կարող է հանգեցնել պատասխան հավաքական պաշտպանական միջոցառումների՝ 5-րդ հոդվածին համապատասխան»։ Հյուսիսատլանտյան պայմանագրի այս կետի համաձայն՝ դաշնակից երկրներից որևէ մեկի վրա կատարված հարձակումն ընկալվում է որպես դաշինքի բոլոր մասնակիցների դեմ կատարված հարձակում։

Դաշինքի՝ Պորտուգալիայում անցկացվելիք նոյեմբերյան գագաթաժողովի օրակարգում ընդգրկվելու է կիբերհարձակմանը զինված հակահարված տալու հնարավորության հարցը։ Ամերիկան առաջինն էր այն երկրներից, որը հայտնել էր կիբերզորքերի ձևավորման անհրաժեշտության մասին, որոնք հարկ եղած դեպքում կկարողանան պաշտպանել երկիրը համակարգչային ցանցերի միջոցով իրականացված հարձակումներից և ապահովել կենսական նշանակություն ունեցող էլեկտրոնային համակարգերի անվտանգությունը։

http://www.rosbalt.ru/2010/06/06/743010.html

Պենտագոնի ցանցերը մեկ օրում վեց միլիոն հարձակման են ենթարկվում

ԱՄՆ Պաշտպանության նախարարության ցանցերն օրական վեց միլիոն հաքերային հարձակման են ենթարկվում։ Ցանցային անվտանգության փորձագետների և լրագրողների հետ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ կիբերհրամանատարության ղեկավար Քիթ Ալեքսանդրը։

ԱՄՆ կիբերհրամանատարության ղեկավար նշանակվելուց հետո իր առաջին հրապարակային ելույթում Ալեքսանդրը հայտարարել է, որ անհանգստացած է պաշտպանական գերատեսչությունների համակարգչային ցանցերում չեզոքացված հարձակումների թվի աճով։ Նա նաև հայտարարել է, որ Պենտագոնի 15 հազարի հասնող ցանցերի անվտանգությունն ապահովում է ավելի քան 7 մլն համակարգ։

Ցանցային սպառնալիքների հիմնական աղբյուրներն, ըստ գեներալի, ահաբեկիչներն են, հանցագործ խմբերը և ցանցահենները։ Միևնույն ժամանակ, Ալեքսանդրը նշեց, որ երկրի շահերը վտանգի տակ են, ինչի պատճառը «զգալի խոցելիության և վտանգների» առկայությունն է։

Պենտագոնի շրջանակներում կիբերհրամանատարության ստեղծման հրամանը ստորագրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը 2009թ. հունիսին։ 2010թ. մայիսին այդ կառույցի ղեկավար նշանակվեց Քիթ Ալեքսանդրը։ Կիբերհրամանատարության խնդիրն է ռազմական ցանցերի անվտանգության ապահովումը։

http://www.lenta.ru/news/2010/06/04/millions/

ԱՄՆ-ում անվտանգ ռազմական համացանց է ստեղծվում

ԱՄՆ Պաշտպանության նախարարության Հեռանկարային հետազոտությունների վարչությունն (Defense Advanced Research Projects Agency, DARPA) աշխատում է մի տեխնոլոգիայի ստեղծման վրա, որն ամերիկացի զինվորականներին թույլ կտա տեղեկատվություն փոխանակել համացանցի միջոցով՝ չզգուշանալով ներթափանցումներից։

Այս տեխնոլոգիան մշակվում է Safer Warfighter Communications (SAFER) ծրագրի շրջանակներում։ Հեռանկարային հետազոտությունների վարչության ներկայացուցիչների խոսքերով՝ այն ոչ միայն ինտերնետի միջոցով առավել անվտանգ և կայուն կապի հնարավորություն կընձեռի (խոսքն այս կամ այն փաստաթուղթը մի բաժնից մյուսն ուղարկելու մասին է), այլ նաև կապահովի վայրկենական հաղորդագրությունների ծառայությունը, էլեկտրոնային փոստը, սոցիալական ցանցերը, VoIP-սերվիսները, վիդեոկոնֆերանսները և այլն։

Ըստ DARPA-ի ներկայացուցիչների՝ նրանց նպատակն է հավաքել այն բոլոր տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց, անձը չբացահայտելով, շփվել համացանցի միջոցով։

http://internet.cnews.ru/news/top/index.shtml?2010/05/27/393244

ԱՄՆ-ը նշանակել է առաջին կիբերգեներալին

Դեռևս անցյալ տարվա հունիսին ԱՄՆ զինված ուժերում ստեղծվեց նոր ենթակառույց՝ կիբերհրամանատարություն, որը նախատեսված է համակարգչային ցանցերում կիբերպատերազմ սկսվելու դեպքում վիրտուալ պայքար մղելու, ինչպես նաև ցանցերն արտաքին հարձակումներից պաշտպանելու համար։ Օրերս կիբերհրամանատարությունը ղեկավար ունեցավ՝ Քիթ Ալեքսանդրը, որը մինչ այդ զբաղեցնում էր ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA) ղեկավարի պաշտոնը։

Պենտագոնը կիբերհրամանատարության ստեղծումը բացատրում է համակարգչային ցանցերի (այդ թվում նաև զինված ուժերի) աճող խոցելիությունը կիբերհարձակումների հանդեպ նվազեցնելու անհրաժեշտությամբ։

Նոր կառույցի ստեղծման ծրագրերի մասին հայտնի էր դեռ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի ղեկավարման տարիներին։ ԱՄՆ նոր նախագահ Բարաք Օբաման նույնպես կողմ է այս գաղափարին և հայտարարել է, որ կիբերանվտանգության ապահովման հարցը «ԱՄՆ՝ որպես ազգի, տնտեսության և անվտանգության ամենալուրջ մարտահրավերներից է»։

Նոր հրամանատարության խնդիրներին կարելի է ծանոթանալ NSA իրականացրած գործողություններից մեկի օրինակով, որը հայտնի դարձավ Washington Post ռեսուրսի շնորհիվ։ «Dot-mil» ծածկանունը կրող գործողությունն ուղղված էր ԿՀՎ մասնագետների և տեղի հատուկ ծառայության մարմինների կողմից իսլամական ծայրահեղականների համար Սաուդյան Արաբիայում ստեղծված կայք-ծուղակի աշխատանքները դադարեցնելուն։ Տեղեկանալով, որ այդ կայքի ֆորումում կոորդինացվում են Իրաքում ծավալվող ռազմական գործողությունները՝ Պենտագոնը, անտեսելով ԿՀՎ առարկությունները, կիբերհարձակում ձեռնարկեց, որի արդյունքում դադարեցվեց Սաուդյան Արաբիայում, Գերմանիայում և Տեխասում (ԱՄՆ) տեղակայված 300 սերվերի աշխատանքը։

http://www.3dnews.ru/software-news/SSHA-naznachili-pervogo-kiber-generala/

Սոցիալական ցանց մահմեդականների համար

Բացվել է նոր սոցիալական ցանց՝ Madina, որի նպատակն է համախմբել ողջ աշխարհի մահմեդականներին։ Նախագծի կազմակերպիչների խոսքերով՝ ցանցը պետք է հարթակ հանդիսանա մահմեդական երիտասարդների շփման համար և փոխի մահմեդական աշխարհը։

Կանադական Madina Media Corp ընկերության ստեղծած Madina սոցիալական ցանցը գործառնական առումով հիմնականում կրկնում է Facebook-ը։ Այցելուներին հնարավորություն է տրված բեռնավորել տեսահոլովակներ, երաժշտություն, միավորվել խմբերում, ծավալել քննարկումներ։ Միևնույն ժամանակ, կայքը ստեղծողները նշել են, որ կայքում չի լինելու այնպիսի կոնտենտ, որը վիրավորական թվա մահմեդականներին։

Կանադական Madina Media ընկերությունը հայտարարել է նաև անվճար ցանցային հանրագիտարանի՝ IlmpEdia-ի ստեղծման մասին։ Մահմեդականներին չի գոհացնում հանրահայտ ինտերնետ-հանրագիտարանում՝ Վիկիպեդիայում տեղ գտած տեղեկատվությունը մահմեդականության մասին, քանի որ որոշ հոդվածներ հակաիսլամական բնույթ են կրում։ IlmpEdia-ն կամավոր խմբագիրներ է փնտրում։

http://www.utro.ru/news/2010/05/27/896823.shtml

Նորույթ Ադրբեջանի «Delta Telekom»-ում

Ադրբեջանի «Delta Telekom» հեռահաղորդակցային օպերատորը ծրագրում է մինչև տարեվերջ երկրի համացանցային ռեսուրսների 90-95%-ը տեղադրել իր տվյալների կենտրոնում։ «Delta Telekom»-ը Կովկասում ամենամեծ Internet Backbone ցանցի մատակարարն է, այն տրամադրվում է Ադրբեջանի բոլոր պրովայդերներին և Վրաստանի պրովայդերների 78%-ին։ «Delta Telekom»-ի հաճախորդներն են Ներքին գործերի նախարարությունը, Ադրբեջանի միջազգային բանկը, Պետական մաքսային ծառայությունը, Պետական սահմանապահ ծառայությունը, Ֆինանսների նախարարությունը, Հարկերի նախարարությունը, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան և այլն։

http://www.rt.ru/press/news/detail.php?ID=172117 http://day.az/news/hitech/210786.html

Պայմանագիր Orbital Sciences Corporation ընկերության հետ

Ադրբեջանը պայմանագիր է ստորագրել Orbital Sciences Corporation ընկերության հետ Ադրբեջանի առաջին արբանյակի արտադրության վերաբերյալ։ Մայիսի 27-ին Բաքվում ստորագրված պայմանագրի համաձայն, արբանյակը կարտադրվի ստորագրման օրվանից հետո՝ 26 ամսվա ընթացքում և տիեզերք կուղարկվի 2012թ. հուլիս-օգոստոսին։ «AzerSpace» արբանյակի ծրագրի ընդհանուր արժեքը 163 մլն մանաթ է (մոտ $200 մլն), որից 87 մլն-ը բուն արբանյակի արժեքն է, 16 մլն-ը՝ արբանյակի կառավարման հիմնական և պահեստային համակարգի 40 մլն-ը՝ տիեզերք ուղարկելու արժեքը։ Շուտով Ադրբեջանը պայմանագիր կկնքի նաև այն ընկերության հետ, որը տիեզերք դուրս կբերի արբանյակը։

http://1news.az/economy/tech/20100527044011707.html

Google-ը պատրաստում է 3D տարբերակ Բաքվի համար

Google Earth նախագիծը հնարավորություն կտա 3D տարբերակով դիտել Բաքուն։ Ինչպես հայտնում է 1news.az-ը, այժմ արդեն Բաքվի որոշ օբյեկտներ, այդ թվում` կառավարության շենքը, Կենտրոնական բանկը և այլն, հնարավոր է տեսնել 3D տարբերակով։

http://1news.az/economy/tech/20100531125221586.html

Բացվել է Azeritube.az վիդեոպորտալը

Սպասվում է, որ ազգային վիդեոպորտալը մեծ տարածում կունենա AzNET տարածությունում։ Հեղինակը «Delta Telecom» ընկերությունն է։ «Azeritube»-ի միջոցով կհեռարձակվեն նաև ադրբեջանական հեռուստա- և ռադիոծրագրերը։

http://www.aze.az/news_v_azerbayjane_zapushen_37694.html
դեպի ետ