• am
  • ru
  • en
Версия для печати
19.07.2010

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ

EnglishРуский

   

Վահրամ Հովյան

Պատմական ակնարկ

Հաշվի առնելով այն, որ, համաձայն որոշ տեսակետների, բողոքականությունը միջնադարյան Հայաստանում տարածում գտած պավլիկյան եւ թոնդրակյան շարժումների ժառանգորդն է, իսկ այս շարժումների հետեւորդները 8-9-րդ դարերում զանգվածաբար բռնագաղթեցին Բուլղարիա, կարելի է ասել, որ հայ բողոքականները Բուլղարիայում հաստատվել են միջնադարում։ Պավլիկյանների ուսմունքը մեծ ազդեցություն ունեցավ Բուլղարիայում Բոգոմիլյան աղանդի առաջացման վրա, որն էլ հետագայում իր ազդեցությունը թողեց բողոքականության վրա։

Բուլղարիա արտագաղթած պավլիկյանականներն ու թոնդրակյանները հիմնեցին ծաղկուն համայնքներ, որոնցից շատերի անվանումները` Պավլիկենի, Գոռնո Պավլիկենի, Դոլնո Պավլիկենի, Թորոս, Կալինիկ, Արմենոխոր, Արմենիցա, Էրմենլի, Էրմենսկա եւ այլն, պահպանվել են երկար ժամանակ, նույնիսկ մինչեւ մեր օրերը։

19-րդ դարում Օսմանյան կայսրությունում, որի կազմի մեջ էր մտնում նաեւ Բուլղարիան, լայն թափով սկսեց ծավալվել բողոքական միսիոներների գործունեությունը, որը հանգեցրեց բողոքական համայնքների ձեւավորմանը։ Բուլղարիայում բողոքական համայնք ձեւավորվել է 1857թ.։ Ինչ վերաբերում է հայերին, ապա 1846թ. Կ.Պոլսում ձեւավորված հայ ավետարանականների առաջին համայնքը, աստիճանաբար ստվարանալով, տարածվեց նաեւ Օսմանյան կայսրության այլ շրջաններում, այդ թվում նաեւ Բուլղարիայում բնակվող հայերի վրա։ Բուլղարիայում հայ ավետարանական համայնքի ստվարացմանը նպաստել է Օսմանյան կայսրության այլ բնակավայրերից հայերի (այդ թվում նաեւ ավետարանականների) դեպի Բուլղարիա գաղթի շարունակական միտումը։

1877–1878թթ. ռուս-թուրքական պատերազմի հետեւանքով Բուլղարիայի ազատագրումը օսմանյան տիրապետությունից ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեց դեպի այդ երկիր հայերի գաղթի համար։ Հայ գաղթականների մեծ խմբեր հայտնվեցին Բուլղարիայում 1904– 1906թթ. հայկական կոտորածների, Առաջին աշխարհամարտի ժամանակ իրագործված Հայոց ցեղասպանության եւ 1919–1922թթ. հույն-թուրքական պատերազմի հետեւանքով։ Արդյունքում` Բուլղարիայում հայերի ընդհանուր թվաքանակի հետ միասին մեծացավ նաեւ հայ ավետարանականների թիվը։

1944թ. Բուլղարիայում կոմունիստական վարչակարգի հաստատումը ծանր անդրադարձավ նաեւ հայ ավետարանական համայնքի վրա։ Պետական մակարդակով վարվող աթեիզմի քաղաքականությունը, արտագաղթը, բուլղարական իշխանությունների ձուլման քաղաքականությունը ծանր հետեւանքներ ունեցան նաեւ Հայ Ավետարանական եկեղեցու` որպես հոգեւոր կառույցի վրա։ Խորհրդային համակարգի փլուզմամբ վերջ դրվեց պետության կողմից վարվող Ճնշումների քաղաքականությանը, սակայն անցյալից ժառանգված որոշ խնդիրներ դեռեւս պահպանվում են։

Կազմակերպական կառույցները

Ներկայումս Բուլղարիայի հայ ավետարանական համայնքի կազմակերպական կառույցները 8-ն են, ինչը բավական պատկառելի ցուցանիշ է` հաշվի առնելով հայ ավետարանականների փոքր տեսակարար կշիռն ինչպես բուլղարական, այնպես էլ բուլղարահայ հասարակության շրջանակներում։

Բուլղարիայի հայ ավետարանական համայնքի կազմակերպական կառույցները սփռված են երկրի հայաշատ վայրերում։ Համաձայն այդ երկրի Ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալների (2001թ.)` տեղի հայաշատ առաջին 6 բնակավայրերն են Պլովդիվը (3140 հայ), Վառնան (2240), մայրաքաղաք Սոֆիան (1672), Բուրգասը (904), Ռուսեն (886) եւ Շումենը (357)։ Հայ ավետարանական համայնքի կազմակերպական կառույցները գտնվում են հենց այս բնակավայրերում` Վառնայում եւ Սոֆիայում (2-ական), ինչպես նաեւ Պլովդիվում, Բուրգասում, Ռուսեում եւ Շումենում (1-ական)։ Ելնելով կազմակերպական կառույցների սփռվածության այսպիսի պատկերից` կարելի է ենթադրել, որ հայ ավետարանականները Բուլղարիայում կենտրոնացված են Վառնայում, Սոֆիայում, Պլովդիվում, Բուրգասում, Ռուսեում եւ Շումենում։

Ի տարբերություն Մերձավոր Արեւելքի հայ ավետարանական համայնքների` Բուլղարիայի հայ ավետարանական համայնքի կազմակերպական կառույցներն աչքի չեն ընկնում տեսակային բազմազանությամբ։ Դրանք բաժանվում են երկու խմբի.

  • Եկեղեցիներ, որոնց թիվը հինգն է։ Գտնվում են Վառնայում, Պլովդիվում, Սոֆիայում, Բուրգասում եւ Ռուսեում (մեկական)։
  • Ավետարանական եղբայրություններ, որոնց թիվը երեքն է։ Գտնվում են Վառնայում, Սոֆիայում եւ Շումենում (մեկական)։

Այսպիսով, Բուլղարիայի հայ ավետարանական համայնքի կազմակերպական ութ կառույցներից հինգը եկեղեցիներ են, իսկ երեքը` ավետարանական եղբայրություններ։ Վառնան եւ Սոֆիան Բուլղարիայի հայ ավետարանական համայնքների մեջ առանձնանում են նրանով, որ ունեն ե՛ւ եկեղեցի, ե՛ւ ավետարանական եղբայրություն։ Մյուս համայնքներից Պլովդիվում, Բուրգասում եւ Ռուսեում գործում են միայն եկեղեցիներ, իսկ Շումենում` ավետարանական եղբայրություն։ Վառնայի Հայ Ավետարանական եկեղեցին եւ եղբայրությունը գլխավորում է նույն անձը` եղբայր Ներսես Կետիկյանը։

Տեսակային բազմազանության առումով Բուլղարիայի հայ ավետարանական համայնքի կազմակերպական կառույցների աղքատությունը` կրթական, սոցիալական եւ այլ տեսակի կառույցների բացակայությունը, կարելի է բացատրել հետեւյալ պատճառներով.

  1. Եվրոպայում հոգեւոր եւ աշխարհիկ ոլորտների միջեւ հստակ տարանջատվածությունը։ Ի տարբերություն Մերձավոր Արեւելքի հայ ավետարանական համայնքների, որոնցում կրթական, սոցիալական եւ այլ ոլորտները նույնպես գտնվում են կրոնական համայնքների իրավասության ներքո, Եվրոպայում դրանք գտնվում են աշխարհիկ ոլորտում` տնօրինվելով աշխարհիկ իշխանությունների կամ համայնքային կառույցների կողմից։
  2. Կոմունիստական անցյալի ժառանգությունը։ Կոմունիստական շրջանի աթեիստական քաղաքականության մթնոլորտում սահմանափակվում էին կրոնական իշխանությունների գործունեության ոլորտները, եկեղեցին ենթարկվում էր հալածանքների։ Հնարավոր է, որ Հայ Ավետարանական եկեղեցին դեռեւս լիովին չի վերականգնվել կոմունիստական անցյալի հալածանքներից ու սահմանափակումներից։
  3. Բուլղարիայի Ուղղափառ եկեղեցու արտոնյալ դիրքը մյուս եկեղեցիների համեմատ։ Կրոնի ոլորտում վարվող պետական քաղաքականության արդյունքում Բուլղարիայում գործող այլ եկեղեցիները չունեն այն արտոնությունները, ինչ Բուլղար Ուղղափառ եկեղեցին։

Միջդավանական հարաբերությունները

Բուլղարիայի հայ ավետարանական համայնքը տեղի Հայության մի մասն է։ Դրա վկայություններն են.

  • Հայ ավետարանականների բնակությունը Բուլղարիայի հայաշատ վայրերում։ Բուլղարիայի հայաշատ բնակավայրերում` Պլովդիվում, Վառնայում, Սոֆիայում եւ այլն, հայ առաքելականներն ու ավետարանականները միմյանց հետ ապրում եւ գործում են կողք կողքի։ Հայ Առաքելական եկեղեցիների կողքին գործում են նաեւ Հայ Ավետարանական եկեղեցիները։
  • Համազգային եւ համայնքային կառույցներում տարբեր հարանվանությունների ներկայացուցիչների ընդգրկվածությունը։ Քանի որ համազգային կառույցների (ՀԲԸՄ, ՀՄԸՄ, ՀՕՄ եւ այլն) Բուլղարիայի մասնաճյուղերը, ինչպես նաեւ տեղական համայնքային կառույցները` վարժարաններ, մշակութային, երիտասարդական միություններ եւ այլն, ունեն աշխարհիկ բնույթ, ապա լիովին կարելի է ենթադրել, որ այդ կառույցների գործունեության մեջ ընդգրկված են հայերը` անկախ դավանանքային պատկանելությունից։ Թեկուզ տեսականորեն կարելի է պնդել, որ դավանանքային տարբերությունները պետք է որ դեր չխաղան այդ կառույցների գործունեության մեջ ընդգրկվող հայերի համար։

Ներկայումս չկա հակասությունների այնպիսի պատճառ, որը կհանգեցնի հայ առաքելականների եւ ավետարանականների առճակատման։ Առաքելական-ավետարանական տարբերակումների մթագնմանը մեծապես նպաստել է կոմունիստական շրջանի աթեիստական մթնոլորտը, ինչպես նաեւ ներկայումս Եվրոպայում տիրող աշխարհիկությունը, որոնք ջնջել են հոգեբանական անջրպետները Հայության տարբեր դավանանքային շերտերի միջեւ։

Իսկ Բուլղարիայի Հայության ազգային համախմբման հիմքում (չնայած դավանանքային տարբերություններին) ընկած են հետեւյալ գործոնները.

  • Ազգային ինքնագիտակցությունը կամ հայ լինելու զգացումը։ Չնայած իրենց դավանանքային յուրահատկությանը` հայ ավետարանականներն ամենուրեք եւ մշտապես ունեցել են ազգային բարձր գիտակցություն եւ իրենց համարել Հայության անբաժան մասը։
  • Առկա մարտահրավերներին (ուծացում, արտագաղթ եւ այլն) դիմագրավելու համար հայ համայնքի սակավ ռեսուրսների համախմբման անհրաժեշտությունը։ Ըստ բուլղարահայության ներկայացուցիչների` հայ համայնքն այնքան փոքր է, որ չի կարող թույլ տալ իր ներուժի ջլատման շռայլությունը։ Ընդհակառակը` պետք է համախմբել առանց այն էլ սակավ ռեսուրսները։

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր