
ՊԱՐՏՔԵՐԻ ՄԵՋ ԽԵՂԴՎԱԾ ՎՐԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱ՞Ծ ԵՆ
Կառավարությունը վստահ է, որ կկարողանա հաղթահարել պարտքի ավելացման եւ տնտեսական աճի ցածր ցուցանիշների ժամանակահատվածը, սակայն տնտեսագետները կասկածում են այս գաղափարի կենսունակության վրա:
Լելա Իրեմաշվիլի, Կովկաս
Կովկասյան լրատու # 550
9-ը հուլիսի, 2010թ.
Տնտեսագետների խոսքերով`Վրաստանի դրությունը գնալով ավելի սպառնալի է դառնում աճող արտաքին պարտքի պատճառով, որը կարող է վտանգավոր չափերի հասնել, եթե կառավարությունը չզսպի պարտք անելու իր ախորժակը:
Ֆինանսների նախարարության վերջին տվյալների համաձայն`մայիսի վերջին կառավարության պարտքը 3.4 միլիարդ դոլար էր կազմում: Սա մոտավորապես 19 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը եւ 28 տոկոսով բարձր է 2009թ. սկզբի ցուցանիշից:
Իսկ 2009 թվականի վերջին արտաքին պարտքի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի`երկրի տնտեսական մակարդակի կարեւոր ցուցանիշի նկատմամբ գերազանցեց 31 տոկոսը, ի տարբերություն նախորդ տարվա 21 տոկոսի:
Մինչ կառավարությունը շարունակում է պարտքեր կուտակել`մեծաքանակ պետական նախագծերի ծախսերը հոգալու համար, վերլուծաբանները նշում են, որ տնտեսությունը չափազանց դանդաղ է զարգանում հարկային այնպիսի եկամուտ ապահովելու համար, որը թույլ կտար պետությանն ավելի հեշտությամբ կատարել պարտքերի մարման հետ կապված իր պարտականությունները:
«Վերջին երեք տարիների ընթացքում արտաքին պարտքը զգալիորեն աճել է եւ այս միտումը շարունակվում է: Եվրոպական չափանիշներով` Վրաստանի պես երկրի տնտեսության դեպքում պարտքի եւ ՀՆԱ առավելագույն հարաբերակցությունը կարող է 50-60 տոկոս լինել: Վրաստանը դեռեւս այս կետին չի հասել, սակայն այն շարունակաբար շարժվում է դեպի այն», - նշում է Թբիլիսիում Տնտեսական հիմնախնդիրների հետազոտության կենտրոնի ղեկավար Դավիթ Նարմանիան:
Պարտքի վճարումները մեծապես կախված են ազգային բյուջեից, եւ ծրագրվում է, որ դրանք երկրաչափական պրոգրեսիայով այս տարվա 95 միլիոն դոլարից 2012-ին կհասնեն 275 միլիոնի: Նարմանիայի խոսքերով`հատկապես դժվար կլինի վճարել պարտքերը 2013թ., երբ գումարը կհասնի 772 միլիոնի:
«Հավանաբար, պետությունը չի կարողանա միայն սեփական միջոցների հաշվին մարել այս պարտքը եւ ստիպված կլինի կրկին պարտք վերցնել», - կարծիք է հայտնել Նարմանիան:
Կառավարական պաշտոնյաները թերագնահատում են պետության վարկունակության վերաբերյալ հնչած մտահոգությունները:
Ֆինանսների փոխնախարար Դմիտրի Գվինդաձեն նշում է, որ եթե համաձայն կանխագուշակումների`արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ այս տարի կհասնի 37 տոկոսի, «այն կսկսի նվազել 2011-ին, իսկ 2013 եւ 2014-ին կկազմի ընդամենը 28-29 տոկոս: Սա վատ ցուցանիշ չէ, եթե հաշվի առնենք, որ բազում այլ երկրներում, ներառյալ Եվրոպական միության անդամներին, այն գերազանցում է 100 տոկոսը»:
Գվինդաձեի խոսքերով`այն, որ կառավարությունը շարունակում է պարտքեր կուտակել, կապված է Ռուսաստանի դեմ 2008թ. պատերազմի հետ, որից հետո միջազգային վարկատուները միջոցներ տրամադրեցին երկրի վերականգնմանն աջակցելու նպատակով:
Ճանաչված վրացի տնտեսագետ Դեմուր Գիորխելիձեն, սակայն, այն կարծիքին է, որ թերագնահատելով խնդրի մասշտաբները, կառավարությունը չի հիշատակում, որ դրա հիմքում ընկած է տնտեսության թուլությունը:
«Եթե երկրի արտաքին պարտքն աճում է, ապա տնտեսական պոտենցիալը նույնպես պետք է աճի, սակայն դա տեղի չի ունենում: Այո, կան երկրներ, որտեղ արտաքին պարտքի եւ ՀՆԱ հարաբերակցությունը բարձր է 100 տոկոսից, սակայն նրանք շարունակում են վարկունակ մնալ: Այս ամենը կախված է երկրի տնտեսության հզորությունից: Վրաստանի տնտեսությունն հզոր չէ»:
Գիորխելիձեի խոսքերով`այս տարվա համար նախատեսված 5-6 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները չափազանց լավատեսական են, եւ լավագույն դեպքում ՀՆԱ տարեկան աճը կկազմի առավելագույնը 2-3 տոկոս:
«Բացասական արտաքին գործոնների ֆոնի վրա, նախեւառաջ նկատի ունենալով համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ դրա հետեւանքները, Վրաստանի կառավարությունը պետք է շատ զգույշ գործի, քանի որ այն կախված է ճգնաժամից խիստ տուժած դաշնակից պետությունների աջակցությունից», - նշում է նա:
«Հասարակական նախագծերի կենտրոն»-ի նախագահ Գեորգի Խուխաշվիլին այն կարծիքին է, որ կառավարությունը պետք է փոխի իր տնտեսական քաղաքականությունը, եթե ցանկանում է երկարաժամկետ կտրվածքով «ջրի երեսին մնալ»:
Նա կոչ է անում լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնել`ավելի լիբերալ եւ քաղաքական միջամտությունից զուրկ բիզնես մթնոլորտի ստեղծման համար, որպեսզի շարունակական տնտեսական աճ ապահովվի: Այս պահին, նրա խոսքերով` «իշխանությունները բիզնեսում ավելի շատ ղեկավարների դերում են, քան գործընկերների: Խնդրի արմատները վատ օրենսդրության եւ թույլ վարչարարության մեջ են»:
«Երկիրը դեռեւս պարտքերի վճարման երկարաձգման եզրին չի հասել. արտաքին պարտքը վտանգավոր չէ: Սակայն սա միակ հարցը չէ: Սա կապված է նաեւ տնտեսության`պարտքի սպասարկման ունակությունից, սակայն այն բավականաչափ պատրաստ չէ դրան: Այս պահին դոնորների աջակցության շնորհիվ մենք զարգացման կայուն փուլում ենք: Սակայն օգնությունը կվերանա, եւ ինչպե՞ս հետագայում կլրացնենք այդ բացը»:
Լելա Իրեմաշվիլին ազատ լրագրող է Թբիլիսիում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
դեպի ետ