• am
  • ru
  • en
Версия для печати
13.07.2010

ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ

   

Գրիգոր Արշակյան, Արման Եղիազարյան

Թուրք-իսրայելյան հարաբերությունների պատմությունից

Թուրք-հրեական հարաբերությունները սկիզբ են առնում 15-րդ դարից: Իսրայելի ղեկավարները տարբեր տարիների նշել են, որ «հրեա ժողովուրդը երբեք չի մոռանա, որ 1492թ. Օսմանյան կայսրությունն ապաստան տվեց Իսպանիայից արտաքսված հրեաներին, ինչպես նաև, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բազմաթիվ հրեաներ փրկություն գտան Թուրքիայում»: 1908թ. Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունն արտոնեց հրեաների զանգվածային գաղթը Պաղեստին:

Թուրքիան մահմեդական երկրներից առաջինը 1949թ. մարտի 29-ին դե-ֆակտո ճանաչեց Իսրայելի պետությունը, իսկ մի տարի անց ճանաչեց դե-յուրե:

Իր գոյության առաջին շրջանում Իսրայել պետության արտաքին քաղաքականության հիմքում ընկած էր, այսպես կոչված, «Բեն-Գուրիոնի հիմնադրույթը»1, համաձայն որի՝ Իսրայելը ձգտում էր հարաբերություններ զարգացնել տարածաշրջանի ոչ արաբական երկրների հետ (Թուրքիա, Իրան):

Թուրք-իսրայելյան հարաբերությունների զարգացմանը նպաստում էին հետևյալ մի շարք գործոնները: Հանդիսանալով տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը՝ Թուրքիան լուրջ տարաձայնություններ ուներ արաբական երկրների հետ և ԱՄՆ-ում վարկեր ստանալու, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը խափանելու, հայկական ու հունական լոբբիներին դիմակայելու խնդրում, ինչպես նաև ՆԱՏՕ անդամակցության հարցում կարիք ուներ հրեական լոբբիի աջակցության: Թուրք-իսրայելյան համագործակցությունն ակտիվորեն խրախուսվում էր ԱՄՆ-ի կողմից:

1950թ. երկու երկրների միջև ստորագրվեց առևտրատնտեսական և օդային փոխադրումների մասին համաձայնագիր: Միևնույն ժամանակ, երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների միջև մշակվեց միացյալ գործելու նախագիծ, և որոշ ժամանակ անց Իսրայելն ու Թուրքիան մասնակցեցին ՆԱՏՕ շրջանակներում իրականացվող առաջին զորավարժություններին: 1950-ական թթ. վերջում Իսրայելի և Թուրքիայի գաղտնի ծառայությունների միջև ստորագրվեց համագործակցության պայմանագիր, որի համաձայն՝ երկու երկրները պարտավորվում էին փոխանակել միմյանց հետաքրքրող տեղեկատվություն: Իսրայելյան, թուրքական, ինչպես նաև իրանական հետախուզական գործակալությունները համագործակցում էին ընդդեմ ընդհանուր թշնամիների՝ «Trident» համաձայնագրով:

Անկարայում Իսրայելի դիվանագիտական միսիան շուտով ակտիվացավ, Իսրայելի ընկերությունները ձեռնարկեցին ճանապարհներ և օդանավակայաններ կառուցելու ծավալուն նախագծեր Թուրքիայում։ Օրինակ, Ինջիրլիքի ՆԱՏՕ ավիաբազան կառուցվել է իսրայելցիների կողմից։

1960-1980-ական թթ. Մերձավորարևելյան ճգնաժամի շրջանում բռնկված իսրայելա-արաբական պատերազմները և արաբական նավթի դերի բարձրացումը որոշ բացասական ազդեցություն թողեցին թուրք-իսրայելյան հարաբերությունների վրա: Որպես բողոքի նշան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակելու դեմ` 1980թ. Թուրքիան փակեց իր Գլխավոր հյուպատոսարանը Երուսաղեմում: 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիայում իշխանության եկած ուժերը փորձեր կատարեցին հարաբերություններն ամրապնդել արաբական երկրների, հատկապես Պարսից ծոցի հարուստ միապետությունների հետ: Թուրք-իսրայելյան հարաբերությունների սառեցման ապացույցն է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների իջեցումը 2-րդ քարտուղարի մակարդակի:

Հարկ է նշել, որ թվացյալ սառնության հետ մեկտեղ, Թուրքիայի և Իսրայելի գաղտնի ծառայությունները շարունակում էին ակտիվորեն համագործակցել` տեղեկություններ փոխանակելով քրդերի, արաբների և հայերի ռազմաքաղաքական կազմակերպությունների վերաբերյալ: 1982թ. Լիբանան ներխուժելուց հետո Իսրայելը Թուրքիային կարևոր տեղեկություններ հանձնեց ԱՍԱԼԱ-ի և Դաշնակցության վերաբերյալ: Մասնավորապես, 1982թ. Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից բռնագրավվեց ԱՍԱԼԱ-ի արխիվը և հանձնվեց Թուրքիային: 1982թ. «Մոսադի» կողմից Բեյրութում ձերբակալվեց և Թուրքիային հանձնվեց «Հայոց Ցեղասպանության արդարության մարտիկներ» ռազմաքաղաքական կազմակերպության ղեկավար Աբրահամ Ասճյանը:

Թուրքիայի կողմից արաբական երկրների հետ հարաբերությունների բարելավման քաղաքականության անհաջողությունը, ԱՄՆ ճնշումը հանգեցրին նրան, որ սկսած 1986թ. թուրք-իսրայելյան հարաբերությունները նորից վերելք ապրեցին: 1986թ. Թուրքիան և Իսրայելը դիվանագիտական հարաբերությունները բարձրացրին դեսպանի մակարդակի: Ակտիվորեն սկսեցին զարգանալ իսրայելա-թուրքական առևտրատնտեսական կապերը, այդ թվում նաև զբոսաշրջության բնագավառում:

Թուրք-իսրայելյան հարաբերություններն արդի փուլում

1992թ. Իսրայելի նախագահ Խայիմ Հերցոգն այցելեց Թուրքիա՝ մասնակցելու հրեական համայնքի 500-ամյակին նվիրված տոնակատարություններին: Թուրքիայի ԱԳՆ պաշտոնյա դեսպան Բիլգին Ունանը պատասխան պաշտոնական այց կատարեց Իսրայել: Այցի ժամանակ քննարկվեցին երկկողմ հարաբերությունների հնարավոր բոլոր ոլորտները: Երկու երկրների միջև ստորագրվեց Թուրք-իսրայելյան գործարարների հանձնաժողովի ստեղծման համաձայնագիր: Բանակցությունների ժամանակ իսրայելական կողմը ցանկություն էր հայտնել համագործակցել նաև ռազմական ոլորտում, սակայն Թուրքիան չարձագանքեց դրան:

1993թ. Իսրայելը և Պաղեստինի ազատագրական կազմակերպությունը ճանաչեցին միմյանց, որին հաջորդեց Իսրայելի և Հորդանանի փոխճանաչումը: Այդ երկու իրադարձությունները վերջնականապես ցրեցին Թուրքիայի մտավախություններն Իսրայելի հետ կապերի բացահայտ ամրապնդման ուղղությամբ: Թուրքիայի ԱԳ նախարար Հիքմեթ Չեթինն այցելեց Իսրայել: Թուրք-իսրայելյան բանակցությունների արդյունքում ստորագրվեց «Փոխըմբռնման արձանագրություն»՝ քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև ահաբեկչության դեմ համագործակցության մասին: Չեթինի նպատակներից էր հիմք դնել թուրք-իսրայելյան տնտեսական համագործակցությանը՝ ստորագրելով «ազատ առևտրի պայմանագիր», սակայն դա չիրականացավ այդ պահին իսրայելցի արդյունաբերողների ընդդիմության պատճառով, որոնք լուրջ մտավախություններ ունեին թուրքական տեքստիլի արտահանման վերաբերյալ:

1994թ. Թուրքիա այցելեց Իսրայելի նախագահ Վեյցմանը: Նա հայտարարեց, որ «Մերձավոր Արևելքի ապագան հիմնականում կապված է բոլոր բնագավառներում Իսրայելի, Թուրքիայի և Եգիպտոսի լայնածավալ համագործակցության հետ»: Փոխադարձ այցեր կատարեցին երկու երկրների ԱԳ նախարարները:

1996թ. փետրվարին Թուրքիայի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Չևիք Բիրը Իսրայելում ստորագրեց երկու երկրների միջև ռազմական համագործակցության մասին պայմանագիր: Նույն թվականի օգոստոսին Անկարայում Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Դավիթ Աֆրին ստորագրեց անվտանգության բնագավառում արտադրության և ռազմական տեխնոլոգիաների զարգացման պայմանագիր: 1996թ. Իսրայել այցելեց Թուրքիայի նախագահ Դեմիրելը: Այցելության ընթացքում ստորագրվեց տնտեսական չորս պայմանագիր, այդ թվում նաև երկու երկրների միջև ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին:

1997թ. Իսրայել ժամանեց Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Իսմայիլ Հաքքը Քարադայը, որն իսրայելցի գործընկերոջ հետ համատեղ օդային և ծովային զինավարժություններ անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերեց: Իսրայել այցելեց նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Թուրան Թայանը: Ավելի ուշ Թուրքիայում Իսրայելի Գլխավոր շտաբի պետ Ամնուն Շահաքը քննարկեց՝

  • «երկիր-երկիր» կարգի հրթիռների, տիեզերական արբանյակների համատեղ արտադրության,
  • հետախուզական տեղեկությունների փոխանակման բնագավառում համագործակցության,
  • թուրքական ռազմական 50 կործանիչների՝ Իսրայելի կողմից արդիականացման,
  • իսրայելյան զենքերի՝ Թուրքիայի կողմից գնման խնդիրները:

Թուրք-իսրայելյան ռազմածովային վարժությունները տեղի ունեցան 1997-ի հունիսին (նոյեմբերին)։

1998թ. հունվարին տեղի ունեցան իսրայելա-թուրքական առաջին զորավարժությունները: Իսկ հունիսին թուրքական F-16-երի մի էսկադրիլիա մեկնեց Իսրայել՝ S-300 հրթիռների տիպի հակաօդային հրթիռների զորավարժություններին մասնակցելու համար։ Հուլիսին Իսրայել ժամանած Թուրքիայի ԱԳ նախարար Իսմայիլ Ջեմը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ում և այլ երկրներում հրեական լոբբիի օժանդակության համար:

Աշխարհաքաղաքական և ռազմավարական հարթությունում Թուրքիայի և Իսրայելի միջև ռազմավարական համագործակցությունը վերջնականապես կայացավ 1998թ. սեպտեմբերի 6-8-ը Թուրքիայի վարչապետ Մեսութ Յըլմազի Իսրայել կատարած եռօրյա պաշտոնական այցից հետո: Իսրայել այցի ընթացքում երկու երկրների օդային և ծովային ուժերի գործողությունների համակարգումը լրացվեց ցամաքային ուժերի համագործակցության վերաբերյալ համաձայնագրով: Այցի ընթացքում պարզ դարձավ, որ Թուրքիան պաշտոնապես միջնորդի դեր է ստանձնել իսրայելա-պաղեստինյան հարաբերություններում: Թուրքիան և Իսրայելը համաձայնության եկան համատեղ հանդես գալ և համաձայնեցված քաղաքականություն վարել տարածաշրջանային մի շարք կարևոր խնդիրների շուրջ:

Թուրքիա-Իսրայել համագործակցության հիմնական ոլորտները

Թուրքիա-Իսրայել հարաբերությունները զարգանում են հիմնականում ռազմաքաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում:

Ռազմաքաղաքական ոլորտ.- Թուրքիան և Իսրայելը բավական սերտորեն համագործակցում են ռազմական ոլորտում: Մասնավորապես, 1996թ. ստորագրված համաձայնագրով Իսրայելի ավիացիոն արդյունաբերությունը (IAI) արդիականացրել է թուրքական 54 F-4E Phantom ինքնաթիռ՝ հասցնելով F-16 տիպի ինքնաթիռների մակարդակի (գործարքի արժեքն է $630 մլն)։ Իսրայելյան Tadiran ընկերությունը $5 մլն արժողությամբ պայմանագիր է ստորագրել Թուրքիայի հետ, որով Թուրքիայի օդային ուժերին տրամադրվել են ավիադեսանտային օգնության ուղղաթիռային համակարգեր, որոնք տեղադրվել են ֆրանսիական արտադրության 25 Cougar և ԱՄՆ արտադրության 6 Blackhawk ուղղաթիռների վրա: Թուրքիան գնել է 200 Popeye I տիպի օդ-երկիր 150 կմ հեռահարության հրթիռներ, որոնք կարող են տեղադրվել F-4 և F-16-երի վրա: 1997թ. դեկտեմբերին Kamov Company և IAI-ից բաղկացած ռուս-իսրայելյան ընկերությունը հայտ էր ներկայացրել և ընդգրկվել էր Թուրքիայի՝ 145 ուղղաթիռ ձեռք բերելու մասին հայտարարած մրցմանը։ Kamov/IAI խումբը Թուրքիային առաջարկում էր Ka-52, կատարելագործված Ka-50 ուղղթաթիռներ։

Թուրք-իսրայելյան ռազմական համագործակցության արդյունքում`

  • Իսրայելը շահել է $900 մլն արժողությամբ տենդերը Թուրքիայի F-4 Phantoms և F-5 ինքնաթիռների արդիականացման համար:
  • Իսրայելը շահել է $500 մլն արժողությամբ տենդերը Թուրքիայի M60A1 տանկերի արդիականացման համար:
  • Իսրայելը պատրաստակամություն է հայտնել մատակարարել 500 կմ հեռահարություն ունեցող Delilah թևավոր հրթիռներ (բանակցությունների փուլում են):
  • Թուրքիայի և Իսրայելի միջև կնքվել էր համաձայնագիր, ըստ որի՝ տարին ութ անգամ կողմերը պետք է օդաչուներ փոխանակեն: Այս համաձայնագիրը թույլ է տալիս իսրայելցի օդաչուներին վարժանքներ իրականացնել Թուրքիայի Քոնյա ռազմավարժարանում, ինչպես նաև թույլ է տալիս թուրք օդաչուներին սովորել Իսրայելի համակարգչային տեխնիկայով հագեցած Նևաթիմ օդանավակայանում:
  • Թուրքական հետևակի G-3 տիպի փոքր հրացանները փոխարինվել են իսրայելյան Galileo հրացաններով:
  • Իսրայելն իր Phalcon մոդելն ընդգրկել է Թուրքիայի կողմից $800 մլն-ի վաղ նախազգուշացման կայանների գնման գործարքում:
  • Իսրայելը Թուրքիայի ԶՈւ-ին վաճառել է անօդաչու վերերկրյա փոխադրամիջոցներ (Unmanned Aaerial Vehicles):

Հավելենք, որ իսրայելյան Rafael ընկերությունը թուրքական MIKES և Roketsan ընկերությունների հետ համատեղ արտադրում է Popeye II օդ-երկիր հրթիռներ (գործարքի արժեքն է $100 մլն): Թուրք և իսրայելցի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են Arrow և Delilah հրթիռների համատեղ արտադրության մասին (դրան ցանկանում է միանալ նաև Ադրբեջանը), հրթիռների հեռահարությունն է 500 կմ: Այս որոշումը Թուրքիան հիմնավորում է իր մտահոգությամբ, որը կապված է՝

  • հունական կողմի ձեռք բերած S-300 հրթիռների հետ,
  • Իրանի և Հյուսիսային Կորեայի համատեղ No-Dong 1000 կմ գործողության շառավղով հրթիռների արտադրության (որոնք ցանկանում է գնել նաև Սիրիան) հետ,
  • Իրաքի Al-Hussein և Al-Abbas 600 և 900 կմ շառավղով հրթիռների (կատարելագործված ռուսական Scut B) հետ:

Թուրք և իսրայելյան ռազմական ընկերությունների կողմից հնարավոր է Merkava տանկերի համատեղ արտադրություն Թուրքիայում: Թուրքիան նախատեսում է $4.5 մլրդ տրամադրել հարյուրավոր մարտական տանկեր արտադրելու համար: Համաձայնագրով նախատեսված տեխնոլոգիաների փոխանցման արդյունքում այդ երկիրը հնարավորություն կունենա բարձր կարգի արդիական զենք արտադրել։

Բացի այդ, Իսրայելի ավիացիոն արդյունաբերությունը (IAI) արդիականացնում է Թուրքիայի 48 F-5 ինքնաթիռ։ Դրանք հարմարեցվել են F-16 տիպի ինքնաթիռների օդաչուների մարզումների համար։ Բոլոր աշխատանքները կատարվում են Էսքիշեհիրում՝ Թուրքիայի օդային ուժերի ռազմակայանում (գործարքի արժեքն էր $75 մլն)։

Թուրքական Aselsan, Mikes, TAI, Roketsan, Otokar ընկերությունները կապեր են հաստատել իսրայելյան ձեռնարկությունների հետ։ IAI-ն պատրաստ է համագործակցել թուրքական գործընկերների հետ «Star 5» պարեկային նավակների արտադրության ոլորտում։

2002թ. մարտի 29-ին Թուրքիան Իսրայելի ավիացիոն արդյունաբերության հետ ստորագրեց $668 մլն արժողության գաղտնի համաձայնագիր` 170 թուրքական M60A1 տանկերը վերազինելու համար: Իսկ 2002թ. օգոստոսին Իսրայելը շահեց $110 մլն արժողությամբ տենդերը` թուրքական ուղղաթիռների վրա հատուկ էլեկտրոնային համակարգեր տեղադրելու համար:

Թուրք-իսրայելյան ռազմական հարաբերություններում պետք է առանձնացնել երկու երկրների ռազմաօդային ուժերի կողմից պարբերաբար անցկացվող զինավարժությունները, որոնք մեծ նշանակություն ունեն Իսրայելի համար, որի ռազմաօդային ուժերը երկրի փոքր տարածքի պատճառով ռազմական պատրաստության համար սահմանափակ հնարավորություններ ունեն:

Ռազմական հարաբերությունների երկրորդ կարևոր ասպեկտը ռազմատեխնիկական համագործակցությունն է: Թուրքիան իսրայելյան բարձր տեխնոլոգիական արտադրանքի առաքման կարիք ունի, նախևառաջ՝ տեղեկատվական-ղեկավարվող համակարգերի ոլորտում: Խոսքը, մասնավորապես, իսրայելյան անօդաչու թռչող սարքերի, գերճշգրիտ զենքի առաքման մասին է: Մեծ նշանակություն ունի նաև իսրայելյան կազմակերպությունների կողմից արդեն թուրքական զինված ուժերում գործող համակարգերի արդիականացումը: Մասնավորապես, 2002թ. մարտի 29-ին Թուրքիան Իսրայելի ավիացիոն արդյունաբերության հետ ստորագրել է $668 մլն-ի գաղտնի համաձայնագիր` 170 թուրքական M60A1 տանկերը վերազինելու համար: Բացի այդ, 2005թ. Թուրքիան Իսրայելի հետ կնքել է պայմանագիր, համաձայն որի՝ պետք է ձեռք բերեր 10 անօդաչու թռչող սարքեր (Heron): Իսկ պայմանագիրը, որի արժեքը կազմում էր մոտ $180 մլն, պետք է ի կատար ածվեր 2008թ.: Ներկայումս թուրք-իսրայելյան հարաբերություններում առկա լարվածությունը լուրջ կասկածի տակ է դրել այս գործարքի վերջնական իրագործումը, քանի որ Թուրքիան հրաժարվում է ավարտական փուլի հասցնել գործարքը: Բացի այդ, իսրայելյան IMI կոնցեռնը հաղթել էր թուրքական М60 տանկերի արդիականացման համար հայտարարված $780 մլն-ի տենդերը:

Որոշ աղբյուրների համաձայն՝ զենքի առևտրի ծավալը Թուրքիայի և Իսրայելի միջև կազմում է ավելի քան $1.5 մլրդ։

Թուրքիան և Իսրայելը սերտորեն համագործակցում են նաև ռազմական տեղեկատվության փոխանակման հարցում: Մասնավորապես, իսրայելյան հետախուզության ծառայությունը՝ «Մոսադը», կարևոր դերակատարություն է ունեցել Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) առաջնորդ Աբդուլա Օջալանի ձերբակալության գործում: Թուրքիան ձայնորսիչ կայաններ ունի Իրանի, Իրաքի և Սիրիայի սահմաններին։ Հետախուզական ծառայությունները փոխանակում են Հարավային Լիբանանի և Հյուսիսային Իրաքի անվտանգության գոտիների վերաբերյալ ունեցած իրենց փորձը։

Առևտրատնտեսական ոլորտ.- Անդրադառնալով առևտրատնտեսական ոլորտում թուրք-իսրայելյան համագործակցությանը` նշենք, որ այն ներառում է համագործակցության լայն շրջանակ։ Առանձնացնենք մի քանի ուղղություն, որոնք կարգավորվում են հետևյալ պայմանագրերով. ա) 1993թ. մարտին հիմնադրվեց Թուրք-իսրայելյան բիզնես խորհուրդը, որը լուրջ դերակատարություն ունի երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում, բ) 1998թ. Թուրքիայի և Իսրայելի միջև ստորագրված տնտեսական համագործակցության պայմանագրի համաձայն՝ Թուրքիայից ապրանքներ են առաքվում իսրայելյան Հայֆա նավահանգիստ, այնտեղից էլ` Սաուդյան Արաբիա, Քուվեյթ և տարածաշրջանի այլ երկրներ։ Այս պայմանագիրն արժանացել է ԱՄՆ հավանությանը։ 1998թ. ամռանը ԹելԱվիվի «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանի ընդլայնման աշխատանքների տենդերը շահել է թուրքական Ceylan Inşaat ընկերությունը։ Թուրք-իսրայելյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը մեծապես նպաստեց 2000թ. հունվարի 1-ին Թուրքիայի և Իսրայելի միջև ստորագրված Թուրք-իսրայելյան ազատ առևտրի համաձայնագիրը: Թուրքիան դարձավ առաջին մահմեդական երկիրը, որը ստորագրել էր նման համաձայնագիր հրեական պետության հետ: 2000թ. փետրվարին Թուրքիայի և Իսրայելի Համատեղ տնտեսական խորհուրդը ստորագրեց համաձայնագիր` Թուրքիայի արևելյան 8 նահանգներում $600 մլն արժողությամբ 6 գյուղատնտեսական խոշոր նախագծեր իրականացնելու համար: Իսրայելը տարեկան $1.5 մլրդ-ի ապրանք և ծառայություններ է արտահանում Թուրքիա` Թուրքիայից տարեկան ներմուծելով ավելի քան $1 մլրդ: Մասնավորապես, Թուրքիան Իսրայել է արտահանում արդյունաբերական արտադրանք, էլեկտրական սարքավորումներ, հումք և այլն, իսկ Իսրայելը Թուրքիա է արտահանում հիմնականում բարձրտեխնոլոգիական ապրանքներ, գյուղատնտեսական սարքավորումներ, know-how և այլն։

Բացի այդ, Իսրայելը, որն ավանդաբար խմելու ջրի լուրջ կարիք ու պակասություն ունի, Թուրքիային դիտում է որպես խմելու ջրի հնարավոր մատակարար: 2002թ. Իսրայելը Թուրքիայի կառավարության հետ կնքել է համապատասխան համաձայնագիր: Նախատեսվում էր, որ Իսրայելը կարող էր Թուրքիայից 12-18 ամսվա ընթացքում ներմուծել 30 մլն մ3 խմելու ջուր: Բանակցությունները շարունակվեցին, և փոխադարձ համաձայնության եզրեր են գտնվել: Մասնավորապես, 2004թ. մարտի 4-ին Իսրայելը Թուրքիայի հետ ստորագրեց $800 միլիոնից $1 մլրդ արժողությամբ «Մանավգաթ ջրային պայմանագիրը», որի համաձայն՝ Իսրայելը 20 տարվա ընթացքում 50 մլն մ3 ջուր էր ստանալու:

2004թ. մայիսի 24-ին թուրքական «Զորլու Գրուփ» կոնցեռնը Իսրայելի հետ ստորագրեց $800 մլն արժողությամբ պայմանագիր` Իսրայելում 3 հիդրոէլեկտրակայան կառուցելու և ղեկավարելու համար: Թուրքիան Իսրայելի համար նաև էներգակիրների պոտենցիալ մատակարարման կարևոր տարանցիկ հանգույց է: Խոսքը, մասնավորապես, «Երկնագույն հոսք-2» նախագծի մասին է, որի իրականացման մասին համաձայնագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2009թ. օգոստոսին: Նախատեսվում է Սև ծովի հատակով մինչև Թուրքիա կառուցել գազամուղ, որտեղից, այնուհետև, ռուսական գազը մատակարարվելու էր Սիրիա, Լիբանան և Իսրայել: Միևնույն ժամանակ, գոյություն ունի ավելի մեծ մի նախագիծ. Թուրքիայի և Իսրայելի միջև ստորջրյա ենթակառուցվածքային միջանցք, որի միջոցով Իսրայելը ստանալու էր նավթ, գազ և ջուր:

Թուրք-իսրայելյան հարաբերությունների ներկա լարվածության շուրջ

Ինչպես տեսնում ենք, տարիների ընթացքում ձևավորվել են թուրք-իսրայելյան բավական սերտ հարաբերություններ, որոնք պայմանավորված էին ինչպես երկկողմ շահերով, այնպես էլ տարածաշրջանում ԱՄՆ գլխավոր դաշնակիցներ լինելու հանգամանքով: Սակայն 2008թ. վերջերից թուրք-իսրայելյան հարաբերությունները սկսեցին լարված բնույթ կրել, որը սկսվել էր Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքները 2008թ. վերջին սկսված և 22 օր տևած ռմբահարումների հետևանքով: Վերջին երկու տարիների ընթացքում այդ լարվածությունը ժամանակ առ ժամանակ բավական թեժանում էր, իսկ «Ազատության նավատորմիղի» միջադեպից հետո աննախադեպ կերպով սրվեց:

2010թ. մայիսի 31-ի գիշերը Իսրայելի ռազմածովային ուժերը հարձակում գործեցին «Մեր ուղեգիծը Պաղեստինն է, իսկ բեռը` մարդասիրական օգնություն» կարգախոսով վեց նավից բաղկացած «Ազատության նավատորմիղի» վրա, որը 10 տոննա հումանիտար օգնություն էր տանում Գազա: Հարձակման հետևանքով 16 մարդ սպանվեց, մոտ 30-ը՝ վիրավորվեց: Զոհվածների թվում էին 9 պաղեստինամետ ակտիվիստներ, հիմնականում՝ Թուրքիայի քաղաքացիներ: Վիրավորների թվում էին Իսրայելում արմատական իսլամական շարժման առաջնորդ Ռաեդ Սալախը և լիբանանյան հումանիտար առաքելության ղեկավար Հանի Սուլեյմանը: Բացի Թուրքիայի քաղաքացիներից, նավի վրա եղել են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի, Մալայզիայի, Ալժիրի, Սերբիայի, Բելգիայի, Ավստրալիայի, Հունաստանի, Նորվեգիայի, Շվեդիայի, Գերմանիայի ու այլ երկրների ներկայացուցիչներ: Թուրքիան պնդում էր, որ «Ազատության նավատորմիղ» անվանումը կրող շարասյունը մարդասիրական օգնություն էր տեղափոխում, մինչդեռ Իսրայելը վստահեցնում էր, որ 6 նավերով Գազայի հատված ուղևորվող շուրջ 700 ակտիվիստները նաև զենք են կրել:

Այս միջադեպը լուրջ արձագանք ստացավ միջազգային հանրության շրջանակներում: Իսպանիան, որն այժմ նախագահում է ԵՄ-ում, Իսրայելից հետ է կանչում իր դեսպանին` տեղի ունեցածի վերաբերյալ բացատրություններ լսելու համար: Բացատրություն են պահանջել նաև Շվեդիայում, Դանիայում ու Հունաստանում Իսրայելի դեսպաններից: Իր հերթին Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշներն էլ պահանջում է միջազգային նավատորմիղի անդամների սպանության վերաբերյալ քննություն սկսել:

Սակայն իսրայելական զինվորականների գործողություններին ամենամեծ հակազդեցությունը ցուցաբերեց Թուրքիան` ներգրավելով ժողովրդական լայն զանգվածների: Դիտարկելով այդ գործողությունը որպես պետական ահաբեկչության դրսևորում` վարչապետ Էրդողանի կառավարությունը պահանջեց, որ Իսրայելը դատապարտվի միջազգային իրավունքի նորմերը խախտելու համար, հարցը հետաքննի ՄԱԿ-ը, պատժվեն պատասխանատուները, փոխհատուցում վճարվի տուժածներին, անհապաղ ազատ արձակվեն նավատորմիղի անձնակազմն ու ուղևորները, որոնք ձերբակալված էին, և Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրի Թուրքիայից: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն իր հերթին հայտարարեց, որ իր երկիրն Իսրայելին երբեք չի ների իր քաղաքացիների սպանության համար, որն իրականացվել է «Ազատության նավատորմիղի» գրոհի ժամանակ: Նա, մասնավորապես, նշել էր. «Թուրքիան ոչ մի դեպքում չի ների իրականացված հարձակումը: Թուրքիան և Իսրայելն այլևս երբեք չեն լինի այնպես, ինչպես նախկինում էին։ Իսրայելն իր պատմության մեջ ամենակոպիտ սխալն է թույլ տվել, որի համար հետո շատ կզղջա»: Թուրքիայում նույնիսկ հնչեցին թուրք-իսրայելական հարաբերությունները խզելու և Իսրայելի դեմ ռազմական համարժեք գործողությունների դիմելու կարծիքներ:

Այս համատեքստում հարկ է նշել, որ չնայած Թուրքիայում հակաիսրայելյան համատարած դժգոհություններին, թուրքական իշխանությունները, այնուամենայնիվ, կոշտ հայտարարություններից հեռու չգնացին: Հունիսի 1-ին, ի պատասխան Իսրայելի դեմ ռազմական համարժեք գործողությունների դիմելու կոչերին, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հանդես եկավ Թուրքիայի ազգային մեծ ժողովի ամբիոնից` հայտարարելով. «Թող ոչ ոք չսպասի, որ մենք պատերազմ կհայտարարենք Իսրայելին»: Բացի այդ, չնայած ՄԱԿ Անվտանգության խորհրդի` Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի նախաձեռնությամբ գումարված արտակարգ նիստը չկատարեց Թուրքիայի պահանջները` Իսրայելին դատապարտելուց զատ, Անկարան, այնուամենայնիվ, չխզեց թուրք-իսրայելական հարաբերությունները: Ուշագրավ է, որ չնայած Թուրքիայի համառ պահանջներին, Իսրայելը ոչ թե ազատ արձակեց կալանված նավատորմիղի ձերբակալված անձնակազմին և ուղևորներին, այլ արտաքսեց երկրից, այն էլ` 15-ժամյա ինտենսիվ բանակցություններից հետո: Ինչ վերաբերում է Թուրքիայից պաշտոնապես ներողություն խնդրելու պահանջին, ապա դա էլ հունիսի 2-ին կտրականապես մերժեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, ասելով, թե իր երկիրը չի պատրաստվում ներողություն խնդրել, իսկ ինքը հպարտանում է իսրայելցի զինվորներով:

Հարկ է նշել, որ Թուրքիայում հակաիսրայելյան դրսևորումները լուրջ դժգոհություններ էին առաջացրել նաև Իսրայելի հասարակական-քաղաքական շրջանակներում, որտեղ լուրջ քննարկումներ էին ընթանում հակաթուրքական մի շարք միջոցառումներ իրականացնելու մասին: Մասնավորապես, թուրք-իսրայելյան այս միջադեպից և Անկարայի բարձրացրած աղմուկից հետո Իսրայելի նախկին նախարար Ալեքս Գոլդֆարբը և աջակողմյան «Մերեց» կուսակցությունից Փինհաս Հար Զահավը հանդես էին եկել Հյուսիսային Կիպրոս իսրայելական «Ազատության տորմիղ» ուղարկելու նախաձեռնությամբ: Նավախումբը Կիպրոս պետք է ուղևորվեր հունիսի 20-ին: Բացի այդ, հունիսի 16-ին թուրքական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ Թուրքիայում նախարարների խորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացվել Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Դրանք հիմնականում վերաբերելու էին Իսրայելի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությանը և արտահայտվելու էին միլիարդավոր դոլարների հասնող պայմանագրերի չեղյալ հայտարարմամբ կամ առկախմամբ:

Այնուամենայնիվ, թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը չեն ցանկանում էլ ավելի սրել հարաբերությունները` փորձելով մեղմել երկկողմ հարաբերություններում առկա լարվածությունը: Մասնավորապես, իսրայելական կառավարության միջամտությամբ չեղյալ հայտարարվեց «Վե՛րջ թուրքական բռնազավթմանը Կիպրոսում» կարգախոսով արշավը: Բացի այդ, Թել Ավիվի միջամտությամբ չեղյալ է հայտարարվել նաև մի խումբ իսրայելցի ուսանողների` Թուրքիա «Ազատության նավատորմիղ» ուղարկելու նախաձեռնությունը, որի նպատակն էր աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել թուրքական իշխանությունների` Հայոց ցեղասպանությունը ժխտելու փորձերի, ինչպես նաև Թուրքիայում քրդերի դեմ իրականացվող բռնությունների վրա:

Մեր կարծիքով, թուրք-իսրայելական լարվածությունը նպաստում է իսլամական աշխարհում Թուրքիայի ժողովրդականության աճին, իսկ «Ազատության նավատորմիղի» վրա իսրայելական հատուկ ջոկատի հարձակումը և այդ միջադեպի նկատմամբ Թուրքիայի կոշտ դիրքորոշումը նպաստել են Սիրիայի և Իրանի նկատմամբ Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը: Թուրքիան այս միջադեպից ցանկանում է առավելագույն օգուտ քաղել` առաջին հերթին ձգտելով լուծել իսլամական աշխարհում իր լիդերության հարցը, որին հասնելու համար լավ հարաբերություններ է հաստատել Իրանի և Սիրիայի հետ:

1Բեն-Գուրիոնի հիմնադրույթի համաձայն՝ Իսրայելը ձգտում էր զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի ոչ արաբական երկրների՝ Թուրքիայի և Իրանի հետ, նպատակ ունենալով թուլացնել հակաիսրայելյան արաբական դաշինքը:


դեպի ետ