
ԹԱԻԼԱՆԴԻ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՄՆ ԵՎ ՉԺՀ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶ

Իրադարձությունները Թաիլանդում թույլ են տալիս եզրակացնել, որ այդ երկիրը դառնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և ԱՄՆ դիմակայության ասպարեզ։
«РГ» կայքում արդեն հրապարակվել է հոդված թաիլանդյան անկարգությունների պատճառների և դրանց արտաքին քաղաքական համատեքստի մասին։ Բայց ամեն ինչ կարող է ավելի լուրջ լինել։ Այն եզրահանգումն է ծագում, թե բազմաթիվ տերությունների վաղեմի մրցակցությունը Հնդկաչինի այս «միջանկյալ», ամենամեծ երկրում գերակշիռ ազդեցություն ունենալու համար տեղի է ունենում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, իսկ իրադարձությունները Թաիլանդում այդ պայքարի մի դրվագն են։ Բայց Թաիլանդն ամուր կաղին է։ Իզուր չէ, որ այդ երկիրն այդպես էլ ոչ մեկի գաղութը չդարձավ. Թաիլանդի համար մրցակցությունը հաղթանակ չբերեց «մրցակիցներից» և ոչ մեկին։
Թաիլանդցի փորձագետները պնդում են, որ երկրում հակամարտությունների հետ կապ կարող է ունենալ Չինաստանը, որը փորձում է իրեն շրջապատել բարեկամական ռեժիմներով։ Նշենք, որ այստեղ վերջերս մաո-ստալինյան կոմկուսի իշխանության գալուց և Նեպալում միապետության տապալումից հետո Չինաստանի սահմանի հարավային և հարավարևելյան պարագծով ընդլայնվեց նրան բարեկամ պետությունների (Նեպալ, Բուտան, Մյանմա, Լաոս, Վիետնամ, Կամբոջա) գոտին։ Թաիլանդն առայժմ դրանց թվին չի պատկանում և այդ գոտին կիսում է ուղիղ մեջտեղից։ Իրավիճակն արմատապես տարբերվում է 1980-1990-ական թթ., երբ Չինաստանը պոլպոտյան պարտիզաններին աջակցում էր հիմնականում Թաիլանդի միջոցով։
Այդ երկրի հյուսիսում (Չիանգմայ քաղաքից հյուսիս գտնվող Թաքլիի շրջանը) էր գտնվում տիբեթյան անջատողականներին պաշտպանող ամերիկյան գլխավոր բազան։ 60 տարի առաջ՝ 1959թ. մարտի 31-ին, ԿՀՎ-ն ԱՄՆ ՌՕՈւ-ից ստացավ «Լոքհիդ» ընկերության արտադրած առաջին 8 հեռահար տակտիկական С-130 «Հերկուլես» ինքնաթիռները՝ Տիբեթում իրականացվելիք հատուկ գործողությունների համար (ուր 1959թ. մարտի 15-ին մտան ՉԺՀ զորքերը)։ Իսկ Արևելյան Պակիստանում (այժմ՝ Բանգլադեշ) գտնվող աերոդրոմը 1959թ. ապրիլի կեսերին այդ գործողությունների համար փոխարինվեց թաիլանդյան և ամերիկյան ՌՕՈւ-ի ավելի հարմար ավիաբազայով Թաքլիում, որը գտնվում է Թաիլանդի հյուսիսում։ Չինական գրոհիչ ինքնաթիռներից ապահովագրվելու համար թռիչքներն իրականացվում էին միայն օրվա մութ ժամերին։ Այստեղ էլ վարժվում էին տիբեթյան անջատողականների խմբերը։ Վարժանքի ավարտից հետո տիբեթցիներին վերցնում էին ինքնաթիռներ և անկարգելներով С-130-ից նետում Տիբեթի բարձրլեռնային սարահարթ։
Թաիլանդում 1950-ական թթ. – 1980-ական թթ. առաջին կեսին ԱՄՆ մոտ 20 ռազմական և հետախուզական բազա կար, որոնցից շատերն ուղղակիորեն կամ անուղղակիորեն «աշխատում» էին ՉԺՀ-ի դեմ։ 1980-ականներին ամերիկյան այդ բազաները պաշտոնապես փակվեցին, բայց տեղի վերլուծաբանները կարծում են, որ նման (հատկապես՝ հետախուզական) օբյեկտներից մի քանիսն ամերիկացիները պահել են։ Ավելին. Թաիլանդում ապրիլյան անկարգությունների նախօրեին սկանդալ բռնկվեց այդ երկրում ԿՀՎ գաղտնի բանտերի գոյության առիթով, որոնք այսօր էլ կարող են օգտագործվել նաև որպես ՉԺՀ-ի դեմ գործող հետախուզական օբյեկտներ։
Այս ամենին հավելենք նաև Թաիլանդի աշխարհագրական դիրքը, նրա տարաբնույթ բնական պաշարները և տարանցման հնարավորությունները։ Քաղաքական տեսակետից կարևոր է հիշել այնտեղ տեղի չինացիների ազդեցության, Թաիլանդի հյուսիսում և հարավում մաո-ստալինյան կոմկուսի պարտիզանական ջոկատների, ինչպես նաև երկրի հարավում իսլամական ապստամբական ջոկատների մասին։ Ի դեպ, վերջիններս նկատելիորեն ակտիվացել են՝ պահանջելով այս շրջանում ստեղծել մահմեդական միապետություն։ Մարտի 23-ին նրանք մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացրին, որից հետո չէին թաքցնում ոչ պատասխանատվությունը դրանց համար, ոչ էլ իրենց պահանջները։
Թաիլանդի այս նույն շրջանում ահա արդեն գրեթե 20 տարի ապրում է... Չեն Պինը՝ հարևան Մալայզիայի «ստալինյան-մաոական» կոմունիստների առաջնորդը, որը ղեկավարում էր նրանց զինված պայքարը մալայզիական պետության դեմ ոչ ավելի, ոչ պակաս գրեթե 40 տարի (1960-1990-ական թթ.)։ Ընդ որում, նրա հետ միասին Թաիլանդի հարավ տեղափոխվեց մոտ 600 ապստամբ։ Այս գործոնները նույնպես չեն կարող չխթանել լարվածությունը և անջատականությունը Հարավային Թաիլանդում։
ԱՄՆ-ի հետ ՉԺՀ սաստկացող մրցակցության համատեքստում (որը դրսևորվում է նաև տիբեթյան անջատողականներին արտասահմանյան աճող աջակցությամբ) «թաիլանդյան» այս գործոնները չեն կարող չնպաստել այն բանին, որ չինացիները փորձեին Թաիլանդը վերածել ՉԺՀ-ին բարեկամ երկրի, իսկ ԱՄՆ-ը՝ ՉԺՀ-ն ապակայունացնող հենակետի։ Եթե, ասենք թե, իրականացվի առաջին տարբերակը, ապա, ամենայն հավանականությամբ, դա կարվի այնտեղի միապետության տապալման միջոցով, որը ՉԺՀ-ում 1950-1970-ական թթ. անվանում էին «կոռումպացված, այլասերված, մինչև վերջ նեխած, ամերիկամետ»։
Բայց գոյություն ունի նաև իրադարձությունների ռեսուրսային բաղադրիչը, ավելի ճիշտ՝ մրցակցությունն այս երկրի նավթագազային ամբարների համար։ Գազի ընդհանուր պաշարները Թաիլանդում, «Գազպրոմի» գնահատմամբ, գերազանցում են 900 մլրդ խորանարդ մետրը (առավելագույն ցուցանիշներից մեկն Արևելյան Ասիայում), մեծ են նաև նավթի պաշարները։ Այդ պաշարների մի մասի պատճառով, որոնք գտնվում են Սիամի ծոցում, վերջերս սրվել են Թաիլանդի հարաբերությունները հարևան Կամբոջայի հետ։ Բայց, թերևս, ավելի կարևոր է այն, որ այդ «ամբարների» համար մրցակցության մեջ են ներգրավվել նաև Չինաստանն ու Ռուսաստանը։
Չինական նավթագազային կորպորացիան վերջերս Թաիլանդի հետ պայմանավորվել է լրացուցիչ հետախուզելու և մշակելու այնտեղ վառելիքային հանքավայրերը, բայց ռուսական գազի բիզնեսը նույնպես բանակցություններ է սկսել նույն թեմայի շուրջ... դեռ 3 տարի առաջ։ Եթե ավելի ճիշտ՝ ապա 2006թ. սեպտեմբերի 26-ին։ Ընդ որում, որոշվել էր նախագծերի մշակմանն ընդգրկել «Գազպրոմ» ԳՀԻ-ն։
Այսինքն՝ ստացվում է, որ չինական կողմն առայժմ առջևում է Թաիլանդի նավթագազային արդյունաբերությունում։ Սակայն ամերիկյան և բրիտանական ընկերությունները նույնպես մասնակցում են Սիամյան շելֆի յուրացմանը, նավթի և գազի որոնումներին Թաիլանդի շրջաններում։ Այնպես որ, Բանգկոկը «նավթագազային» գործընկերների լայն ընտրություն ունի, ինչը նույնպես չի կարող չխթանել նրանց փոխադարձ մրցակցությունը։ Բայց, հավանաբար, ռուսական կողմն առավել հուսալի է համարում իր «նավթագազային» հնարավորությունները հարևան Մյանմայում, քան Թաիլանդում, որի նավթագազային ռեսուրսները, ամենայն հավանականությամբ, կմշակվեն առաջին հերթին ՉԺՀ օգնությամբ։ Ինչպես տեղեկացրել է Մյանմայի «New Light of Myanmar» («Նոր լույս Մյանմայից») պաշտոնաթերթը, «Նոբել օյլ» ռուսական ընկերությունը 2008թ. սեպտեմբերին համաձայնագիր է ստորագրել Բիրմայի պետական նավթագազային MOGE ընկերության հետ արտադրանքը բաժանելու մասին, որի հիման վրա այն մասնակցելու է խոշոր նավթագազառեսուրսների մշակմանը, ընդ որում՝ Թաիլանդի սահմանին մոտ (Խուկանգ և Ու-Ռու շրջաններում)։
Մի խոսքով՝ շատ գործոններ կան, որոնք նպաստում են ինչպես Թաիլանդի համար մրցակցությանը, այնպես էլ նրա ներքին ապակայունացմանը։
դեպի ետ