
ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Արծրուն ՀովհաննիսյանՎերջին մի քանի տասնամյակում թռչող սարքերի (ԹՍ) կիրառության մեջ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դերն անընդհատ մեծանում է: Ժամանակակից ԱԹՍ-ներն ունեն տարատեսակ կառուցվածք, դրանցից ամենահզորներն ընդունակ են օդում` մոտ 20 կմ բարձրության վրա, մնալ ավելի քան 40 ժամ [1, с. 30–33]: ԱԹՍ-ները հեռակառավարմամբ և ծրագրով ինքնուրույն կատարում են բազմազան մարտական խնդիրներ [2, с. 6-8, 10-13]: Համաշխարհային շուկայում նման սարքերի պահանջարկը 2004թ. կազմել է $6,87 մլրդ, այն դեպքում, երբ վեց տարի առաջ այն հազիվ էր անցնում $2 մլրդ-ն: Միայն ՆԱՏՕ երկրներում կիրառվում է մոտ 60 հազար ԱԹՍ, որը կազմում է վերջին 15 տարում աշխարհում արտադրված նման սարքերի մոտ 80%-ը [3, с. 9]:
Ներկայումս զարգացած պետությունների ԶՈւ կազմում Ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) ավելի զգայուն են արդի գիտատեխնիկական զարգացումների նկատմամբ: ՌՕՈւ զարգացման համար նման պետություններում հատկացված միջոցները զգալիորեն գերազանցում են այլ զորատեսակների զարգացմանը հատկացված միջոցներին:
Առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918թթ.) սկսած՝ զինված հակամարտությունների ժամանակ ավիացիայի դերն ավելի է կարևորվում: Այսօր այդ դերն ստանձնել են ընդհանուր ԹՍ-ները կամ օդային հարձակման միջոցները (ՕՀՄ), որոնց մի մասն էլ կազմում է ավիացիան: Մենք ԹՍ-ներն ընդհանրացնում ենք ՕՀՄ-ների հետ այն պատճառով, որ դրանց կիրառության պատմությունն ապացուցեց, որ գրեթե չկա ԹՍ, որը հնարավոր չլինի կիրառել որպես կրակային կամ այլ հարված հասցնող ՕՀՄ1:
Հարկավոր է ճիշտ գնահատել ԹՍ-ների և ՕՀՄ-ների աճող դերն ու նշանակությունն ապագայի պատերազմներում, որոնք մարտավարական և ռազմատեխնիկական կատարելագործումների հետևանքով կվերածվեն գերճշգրիտ խոցման միջոցների պատերազմների: 20-րդ դարում ստեղծվեցին աննախադեպ տեսակների զենքեր, սակայն վերջին տասնամյակին ոչ մի զինատեսակ այդքան արագ չի զարգանում, որքան գերճշգրիտ զենքերը: Դրանց զարգացմանը հատկապես նպաստում են տեղեկատվական և համակարգչային տեխնոլոգիաների զարգացումն ու ներդրումը ռազմական ոլորտում [4, с. 11-12]: Միաժամանակ, գերճշգրիտ զենքերը, կրճատելով խոցման ժամանակը և ծախսերը, բարձրացնում են արդյունավետությունը2:
Երկու-երեք տասնամյակի զինված ընդհարումների ընթացքում ՕՀՄ-ներով կրակային խոցման գործում դրանց կիրառության տեսակարար կշիռը 2-4%-ից աճեց մինչև 70%-ի [5, с. 68]: Մասնավորապես, 2003թ. Իրաքյան պատերազմում կիրառել են ավելի քան 12.000 գերճշգրիտ ավիացիոն սպառազինություն, և այն կազմել է ընդհանուր օգտագործվածների 70%-ը [6, с. 58-61]: Երկու Իրաքյան պատերազմների (1991 և 2003թթ.) փորձը ցույց է տվել, որ ավիացիան, կատարելով մոտավորապես նույն քանակության մարտական թռիչքներ (մոտավորապես 42.000), երկրորդ անգամ գերճշգրիտ սպառազինության շնորհիվ 4-5 անգամ ավելի շատ նշանակետեր է խոցել, համապատասխանաբար` 4500 և 20.000 [7, с. 50]: Նշենք, որ երկրորդ պատերազմն ավելի կարճ է տևել, ինչը նշանակում է, որ աճել են ոչ միայն գերճշգրիտ սպառազինության կիրառման դեպքերը, այլ նաև ՕՀՄ-ների կիրառման խտությունը: Ժամանակակից գերճշգրիտ ռումբերի և հրթիռների արդյունավետությունը շատ բարձր է [8, с. 106-108]: Գերճշգրիտ զինատեսակներն իրենք հիմնականում հանդիսանում են ԹՍ-ներ կամ կազմում են տարատեսակ ԹՍ-ների ու ՕՀՄ-ների բաղկացուցիչ մասնիկը: ԹՍ-ների դերի մեծացման ֆոնին հետաքրքրական է ներկայացնել զարգացած երկրների ԶՈւ-ում ՌՕՈւ տեսակարար կշիռը: Ըստ 2008թ. տվյալների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսրայելի և Ֆրանսիայի ԶՈւ-ում այն անցնում է 20%-ից, Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի ԶՈւ-ում 20% չի կազմում: Միայն ԱՄՆ ՌՕՈւ-ն է կազմում ԶՈւ 32%-ը3:
Ներկայումս ՌՕՈւ սպառազինությունը բազմատեսակ սարքերն ու միջոցներն են, որոնք կլիմայական ցանկացած պայմաններում և օրվա բոլոր ժամերին, առանձին կամ այլ զորատեսակների հետ սերտ համագործակցությամբ, բարձր հուսալիությամբ կարող են վարել մարտական գործողություններ: Ժամանակակից ՌՕՈւ ունենալու համար հարկավոր է, որ տվյալ պետության զինված ուժերը զինված լինեն արդիական ԹՍ-ներով, զենքերով և համալիրներով: Չմոռանանք, որ բարձրակարգ տեխնիկան պետք է շահագործեն և սպասարկեն բարձրակարգ մասնագետներ:
Տեղային պատերազմների վերջին օրինակները ցույց են տվել, որ ցամաքային զորքերի (ՑԶ) համար ռազմական ավիացիայի կողմից կատարվող խնդիրների զգալի մասը լուծում է բանակային ավիացիան՝ գրոհիչները և ուղղաթիռները: Այսինքն՝ երևում է ավիացիայի զարգացման դինամիկան միջոցների փոքրացման և հարվածների ճշտության ուղղությամբ:
Մարտական ԱԹՍ-ներն իրենց գերճշգրիտ հարվածային հնարավորություններով կարող են ապագայում մասնակիորեն փոխարինել գրոհիչներին և ուղղաթիռներին:
ԹՍ-ների բնագավառում, գերճշգրիտ խոցող և այլ միջոցներից զատ, վերջին նվաճումներից են ԱԹՍ-ները, որոնք անվանում են նաև անօդաչու թռչող ապարատներ, անօդաչու ավիացիոն համակարգեր և այլն: ԹՍ-ների այս տեսակին վերջերս ամբողջ աշխարհում մեծ նշանակություն է տրվում: Հատկապես հետաքրքրական է նման սարքերի կիրառությունը մեր տարածաշրջանում:
1. ԱԹՍ-ն` որպես ԹՍ առանձին տեսակ
ԹՍ այս տեսակները գրեթե նորություն չեն ներկայացնում: Դրանք մարդկությանը հայտնի են նույն ժամանակներից, երբ ի հայտ եկան սովորական ԹՍ-ները:
ԱԹՍ ասելով կարելի է հասկանալ ԹՍ տարատեսակ, որը սարքի մեջ նստած մարդու կողմից չի ղեկավարվում: Այդպիսին կարող են համարվել տարատեսակ օդապարիկները, հրթիռները, ինքնաթիռները, ռումբերը, արբանյակները, անգամ «Բուրան» տիեզերական մաքոքը: Ներկայումս այս սարքերի համար աշխարհում դեռևս գոյություն չունի հստակ դասակարգում:
Հետախուզական ԱԹՍ-ների առաջին հաջողված դեբյուտը տեղի ունեցավ Վիետնամական պատերազմում: Օդային թիրախի հիման վրա ստեղծված «ԱՔՄ 34 Ֆայերբի» անունը կրող հետախուզական ԱԹՍ-ն փոխեց շատերի պատկերացումն օդային հետախուզության մասին:
Վիետնամական պատերազմի ընթացքում ամերիկյան օդային հետախուզության մոտ 80%-ը կատարել են «Ֆայերբիները» [9, с. 38–41]:
1964-1975թթ. նման սարքերը կատարել են ավելի քան 3400 մարտական թռիչք, և որ ամենակարևորն է, դրանց կորստի հետ մարդկային կորուստ տեղի չի ունեցել [9, с. 38–41]: Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակամիջոցում մարտական ավիացիան կորցրել էր մոտ 2500 ինքնաթիռ, որոնց անձնակազմից շատերը գերի էին ընկել կամ սպանվել: Ամերիկյան այս փորձը շատ ուսանելի էր, և առաջինը դրանից օգտվեցին Իսրայելում: Նրանք մեծ գիտագործնական աշխատանք ծավալեցին փոքր ԱԹՍ-ների ստեղծման ուղղությամբ: Նախ 1969թ. մի քանի իսրայելական զինվորական և ինժեներ ռադիոհեռակառավարվող ավիամոդելների վրա տեղադրեցին նկարահանող սարք և փորձարկեցին: Արդյունքները գոհացուցիչ էին: Որոշ ժամանակ անց բանակը հետաքրքրվեց դրանով և մի քանի ինժեներների տրամադրեց գումար նման սարք ստեղծելու նպատակով: Չնայած ամեն ինչ այնքան էլ հարթ չէր. պետությունը մի կողմից խրախուսում էր նման սարքերի ստեղծման փորձերը, անգամ ընկերությունների հիմնումը, մյուս կողմից՝ ԱՄՆ-ից գնեցին «Ֆայերբիներ» և փորձարկված այլ սարքեր: Մի քանի տարի հետո, իհարկե, ամերիկյան փորձի և համապատասխան աշխատանքի համադրման արդյունքում իսրայելական նորաստեղծ ընկերություններն առաջատար դարձան այս ոլորտում:
1973թ. պատերազմում իսրայելցիները ԱԹՍ-ների կիրառության մեծ փորձ ձեռք բերեցին, ինչը շատ օգնեց նրանց հետագայում: Հաջորդ արաբա-իսրայելական պատերազմում` 1982թ., Բեքաայի հովտում իսրայելցիները գործում էին ավելի կազմակերպված: Նրանք ԱԹՍ-ներով նախ հայտնաբերում էին սիրիական զորքերի տեղակայումները, մեկ այլ տեսակի ԱԹՍ-ները, հանդիսանալով կեղծ թիրախներ, ստիպում էին միացնել սիրիական ռադիոլոկացիոն կայանները (ՌԼԿ)` մատնելով դրանց դիրքերը: Հանգամանք, որն օգտագործում էին իսրայելական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները և հարվածային ինքնաթիռները: Առանց ժամանակ կորցնելու դրանք խլացնում կամ ոչնչացնում էին ՌԼԿ-ները: Հակառադիոլոկացիոն հրթիռների հիմնական աղբյուրի` ՌԼԿ անջատման դեպքում նորից ԱԹՍ-ները լազերային լույսով ուղղորդում էին ինքնաթիռներից արձակված այլ տեսակի հակառադիոլոկացիոն հրթիռներ: Օդային իրադրության ամբողջ տեղեկատվությունը ստանում և հստակ վերահսկում էին ամերիկյան հեռակա հայտնաբերման և ղեկավարման «Ե-2Ց Հոկայ» ինքնաթիռները [9, с. 38–41]: Մարտական գործողությունների ժամանակ` ընդամենը մեկ ու կես ժամում, իսրայելցիները ոչնչացրին մոտ 25 արաբական զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ): 1982թ. դեպքերը հիշարժան են նաև նրանով, որ պատերազմի ժամանակ առաջին անգամ կիրառվում էին ԱԹՍ-ներ` հատուկ ՑԶ-ի համար [10, с. 93–95]:
1991թ. տեղի ունեցած «Փոթորիկ անապատում» գործողության ժամանակ դաշնակիցների հետախուզական ԱԹՍ-ները կատարել են օդային լուսանկարահանումների զգալի մասը, որի արդյունքում հայտնաբերվել էին անապատում լավ թաքցված և քողարկված ռազմական բունկերներ, օդանավարաններ և տարատեսակ այլ օբյեկտներ [11, с. 28-30]: ԽՍՀՄ-ը ևս ԱԹՍ-ների զարգացման բնագավառում որոշակի քայլեր կատարում էր: 1970-80-ական թթ. ԽՍՀՄ սպառազինության մեջ կային հազարավոր ԱԹՍ-ներ, սակայն դրանք շատ հին էին և անհուսալի: Խորհրդային սարքերը լայն կիրառություն չէին ունեցել, չնայած առաքվել էին Չեխոսլովակիա, Ռումինիա, Իրաք և Սի-րիա և մասնակիորեն կիրառվել:
Ժամանակակից ԱԹՍ-ները կարող են օդում մնալ ավելի քան քառասուն ժամ` մեծ ճշտությամբ կատարելով լուսանկարահանումներ և ռադիոհետախուզություն, գիշերը և ցերեկը` գտնվելով բավական մեծ բարձրության վրա: Ներկայումս ԱԹՍ-ների ստեղծմամբ զբաղվում են շատ պետություններ:
Ամերիկյան «Գլոբալ Հոկ» ԱԹՍ-ն ունի մեծ չափեր (երկարությունը՝ 14.5 մ, բարձրությունը՝ 4.7 մ, թևերի բացվածքը՝ 40 մ), կարող է օդում` մոտ 20 կմ բարձրության վրա, մնալ ավելի քան 40 ժամ [1, с. 30–33]: Վերջինս նախատեսված է ռազմավարական հետախուզության համար և թռչում է տրված ծրագրով [2, с. 6-8, 10-13]:
2006թ. Լիբանանյան պատերազմում, հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը, իսրայելական ԱԹՍ-ները կատարել են մոտ 1500 մարտական թռիչք, նույն ժամանակաընթացքում մարտական ինքնաթիռները կատարել են ավելի քան 10.000 մարտական թռիչք: Սակայն ԱԹՍ-ները, կատարելով ավանդական ավիացիայից մոտ 6 անգամ քիչ մարտական թռիչք, օդում մնացին մոտ 15.000 ժամ, այն դեպքում, երբ մարտական ինքնաթիռները` մոտ 12.000 ժամ4:
Սա ԱԹՍ կիրառության աճի դինամիկայի լավագույն հավաստումն է:
Հայտնի է, որ ներկայումս ավելի քան 75 պետություններում արտադրվել է ավելի քան 300 տեսակի ԱԹՍ [12]: Այստեղ ևս հետաքրքիր նրբություն կա. ժամանակին, երբ ինքնաթիռաշինության տեխնոլոգիան աստիճանաբար բարդացավ, իսկ նյութական ներդրումները մեծացան, արդիական մարտական ինքնաթիռներ ստեղծող պետությունների թիվը պակասեց՝ կես դարի ընթացքում մոտ երկու տասնյակից հասնելով երեք-չորսի: ԱԹՍ-ների զարգացման մեջ նկատվում է հակառակ միտումը. այսօր ներգրավվում են ավելի ու ավելի շատ պետություններ: Փաստորեն` մինի ավիացիան ծաղկում է նաև տեխնոլոգիայի պարզության և ցածրարժեքության շնորհիվ: Ահա այստեղ պետք է կանգ առնել՝ իմաստավորելու համար այն հարցը, թե մենք ինչ կարող ենք անել այս ոլորտում: Նախ՝ մենք ի՞նչ կարող ենք անել մեզ համար, և հետո՝ կարո՞ղ ենք արդյոք այս ոլորտում ճեղքում արձանագրելով՝ դուրս գալ միջազգային մակարդակ: Չէ՞ որ ԱԹՍ-ների տեխնոլոգիաների զարգացման համար անհրաժեշտ գրեթե ամեն ինչ կա մեզանում: Ժամանակին Իսրայելում հենց նման մոտեցման արդյունքում կարողացան հասնել բացառիկ ցուցանիշների:
Ժամանակակից ԱԹՍ-ները բարձր տեխնոլոգիական, գերճշգրիտ և հուսալի համակարգեր են, որոնց հիմնական աշխատանքի մեջ մարդկային գործոնը հասցված է նվազագույնի, իսկ անհաջողության ժամանակ մարդկային կորուստները գրեթե լիովին բացառված են: Այս ամենը խոստանում է էլ ավելի բարձրացնել ընդհանուր ԹՍ-ների արդյունավետությունը: Նման հատկանիշներն առավել կարևոր են մեզ նման փոքր երկրների համար, որոնք չունեն հսկայական միջոցներ հզոր մարտական ինքնաթիռների ստեղծման, ձեռքբերման և օդաչուների պատրաստման համար: Համաշխարհային շուկայում նման սարքերի պահանջարկը 2004թ. կազմել է $6,87 մլրդ այն դեպքում, երբ վեց տարի առաջ այն հազիվ էր անցնում $2 մլրդ-ն: Ամերիկյան կազմակերպությունների գնահատմամբ, 2011թ. միայն ամերիկյան շուկայում պահանջարկը կգնահատվի ավելի քան $17 մլրդ: 2001թ. այս հարցի շուրջ ծավալված մասնագիտական քննարկումների ժամանակ մասնագետների կողմից կարծիք է հնչել, որ ոչ հեռու ապագայում ամերիկյան ՌՕՈւ մոտ 30%-ը պետք է կազմեն ԱԹՍ-ները: Գործնական քայլերն արդեն տեսանելի են բոլորին. Պենտագոնը սկսել է հինգ անգամ ավելացնել անօդաչուների թիվը ԶՈւ-ում: Ամերիկյան ներդրումներն այս ոլորտում մինչև 2009թ. նախանշված էին $16,2 մլրդ, սակայն ցանկություն կա ավելացնել հատկացումները: Յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ում փորձարկվում է մի քանի նման ԱԹՍ, մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես ուղղաթիռատիպ ԱԹՍ-ները:
Պենտագոնի Անվտանգության ծառայության` վերջերս հրապարակած հաշվետվությունում ընդգծվում է, որ դատելով գործունեության ինտենսիվությունից` քառակի մեծացել է արտասահմանյան հետախուզական գործակալությունների հետաքրքրությունն ԱԹՍ-ների ստեղծման վերաբերյալ գաղտնի տեղեկատվության նկատմամբ [13, էջ 13]:
ԱԹՍ-ները սովորական ինքնաթիռների և ուղղաթիռների համեմատ ունեն հստակ ընդգծված և առարկայական առավելություններ: Դրանք են.
- Անձնակազմի պատրաստման ցածրարժեքությունը
- Անձնակազմի կորստի բացակայությունը և մարտական տեխնիկայի սակավ կորուստը
- Օդանավակայանների անհրաժեշտության բացակայությունը
- Սարքերի համեմատաբար ցածր գինը և սպասարկումը
- Սարքերի ընդհանուր փոքր չափերը և, հետևաբար, որոշ տվյալների բարելավումը
- Հակառակորդի ՀՕՊ-ի համար ավելի դժվար հայտնաբերվող և խոցվող նշանակետերը։
ԱԹՍ-ների կողմից կատարվող մարտական խնդիրները մասնագետներն օրեցօր ընդլայնում են: Ստորև թվարկվող մարտական խնդիրները ԱԹՍ-ների կողմից լիովին կամ մասամբ արդեն կատարվել են շոշափելի հուսալիությամբ.
- Հակառակորդի մասին ամենատարբեր տեղեկատվության հավաքում ժամանակի իրական ընթացքում
- Հակառակորդի նշանակետերի վրա սեփական հրետանու, ավիացիայի և խոցման այլ միջոցների կրակի ուղղորդում, նշանառում
- Հակառակորդի ՀՕՊ միջոցների աշխատանքի խափանում ռադիոպայքարի ազդեցության միջոցների շնորհիվ, օդային իրադրության բարդացում սովորական թռիչքներով և կեղծ թիրախի հանդիսացում
- Հակառակորդի կապի խափանում
- Հակառակորդի որոշակի նշանակետերի ոչնչացում` ճշգրիտ հարվածներով
- Կապի փոխհեռարձակում։
2.Անօդաչու թռչող սարքերի կիրառման առանձնահատկությունները
Ինչի՞ են ընդունակ այս սարքերը, և ի՞նչ պոտենցիալ ունեն գալիք զինված հակամարտությունների ժամանակ: Որո՞նք են դրանց կիրառման մարտավարական սահմանները և ձևաչափերը, կիրառության առանձնահատկությունները:
Խնդիրը հատկապես կարևոր է այլ զորատեսակների` լեռներում վարած մարտական գործողությունների առանձնահատկությունների հետ կապված (վերջին հանգամանքն ավելի մեծ նշանակություն ունի ավիացիայի համար, քանզի ավիացիոն ստորաբաժանումները հիմնականում գործում են համազորային ստորաբաժանումների հետ համատեղ, նպաստում են նրանց խնդիրների բարեհաջող կատարմանը և որքան էլ հզոր են, հակառակորդին հաղթելու վերջնական խնդիրն ինքնուրույն չեն կարող լուծել):
Մինչ օրս մասնագետների կողմից դեռ հստակ հաստատված չեն ԱԹՍ-ների դասակարգումը և նրանց ներկայացվող պահանջները: Ըստ քաշի, թռիչքի բարձրության, հեռավորության և ժամանակի` ընդունված է ԱԹՍ-ները բաժանել.
- «Միկրո» (մինչև 10 կգ ընդհանուր քաշ, 1 կմ թռիչքի բարձրություն, 1-ժամյա թռիչք)
- «Մինի» (մինչև 50 կգ ընդհանուր քաշ, 3-5 կմ թռիչքի բարձրություն, միքանիժամյա թռիչք)
- «Միդի» (մինչև 1000 կգ ընդհանուր քաշ, 9-10 կմ թռիչքի բարձրություն, 10-12-ժամյա թռիչք)
- «Ծանր» (մինչև 20 կմ թռիչքի բարձրություն, մինչև 24-ժամյա թռիչք)։
Ներկայումս ԱԹՍ-ների կողմից լուծվող տարատեսակ մարտական ու ոչ մարտական խնդիրները կարելի է բաժանել երեք խմբի: Առաջին և հիմնական խնդիրն ամենաբազմազան հետախուզությունն է, երկրորդը` մարտական հարվածների լայն ոլորտը (մեծ հեռանկար ունի այս երկու խնդիրների մեկտեղումը) և վերջապես երրորդ խումբը` ամենատարբեր խնդիրների լուծման ապահովումը:
Մինչ օրս ԱԹՍ-ների լայն կիրառությունը հիմնականում հարուստ է հետախուզական կենսագրությամբ: Որոշ մարտական գործողությունների ժամանակ ԱԹՍ-ների կատարած հետախուզության մասշտաբները նույնիսկ գերազանցում են սովորական ինքնաթիռների և անգամ արբանյակների կատարած հետախուզության մասշտաբները:
Ռազմարվեստի պատմությունը վաղուց փաստել է, որ հետախուզական լավ տվյալները հաճախ կանխորոշում են պատերազմի ելքը:
Ելնելով ստեղծված իրադրությունից` ԱԹՍ-ների կիրառությունը հետախուզական նպատակներով ավելի ու ավելի պահանջված է դառնում:
ԱԹՍ-ների կիրառությունը ժամանակի ընթացքում ստացել է բազմակի ձևեր ու երանգներ. հատկապես ի հայտ է գալիս ԱԹՍ-ների մասնակի և համակարգային կիրառության գաղափարը: ԱԹՍ-ները հիմնականում կիրառվում էին մեկ զորատեսակի և անգամ կոնկրետ ստորաբաժանումների համար, որը հենց մասնակի կիրառության տեսակն է: Իրաքյան վերջին` 2003թ. պատերազմի ժամանակ ամերիկյան «Դելտա» հատուկ ստորաբաժանման զինվորներն իրենց պաշտպանական սաղավարտներին ամրացված էկրաններին անմիջապես տեսնում էին իրենց շրջակայքում տեղի ունեցող ամեն ինչ: Տեղեկությունը ստացվում էր «Դռեգոն Էյ» հետախուզական ԱԹՍ-ներից: Հատուկ ստորաբաժանման մարտիկները հետախուզական ԱԹՍ-ների հաղորդած տվյալներով հայտնաբերված «խոչընդոտները» վերացնելու համար կարող էին դիմել մարտական «Փրեդատոր» ԱԹՍ-ներին, վերջինս կիսավտոմատ ռեժիմում խոցում էր հայտնաբերված թիրախները: Ոչնչացման ենթակա թիրախները կարող էին լինել մինչև անգամ առանձին դիպուկահարներ: Սա արդեն համակարգային կիրառության փոքրիկ տարբերակ է, սահմանափակ տարածքում սահմանափակ խնդիրների լուծման համար:
ԱԹՍ-ների մասնակի կիրառությունը համարվում է ավելի թույլ մակարդակ, սակայն դեռ իրեն չի սպառել և որոշ դեպքերում կարող է բերել լուրջ հաջողություններ: ԱԹՍ-ների նույնիսկ մասնակի կիրառությունը սահմանափակ ստորաբաժանումների կամ ստորաբաժանման կողմից, սահմանափակ տարածքում և ժամանակում, կոնկրետ տեղեկատվություն ստանալու համար կարող է զգալիորեն բարձրացնել տվյալ ստորաբաժանման և անգամ ամբողջ զորամիավորման մարտական հնարավորությունները: Մեր տարածաշրջանում, օրինակ, մեկ համազորային զորամիավորմանը տրված ԱԹՍ-ների ստորաբաժանումը կարող է այդ զորամիավորումն ապահովել անընդհատ հետախուզական ստույգ տվյալներով` ռազմաճակատի ամբողջ երկայնքով և խորությամբ։ Ներկայումս գոյություն ունեցող և բազմիցս կիրառված ԱԹՍ-ներն ապացուցել են այդ հնարավորությունները: Ստորաբաժանման մեջ կա մի քանի ԹՍ, և ստորաբաժանումը կարող է արագ տեղաշարժվել` մանևրելով զորամիավորման ամբողջ ճակատով: Մասնակի կիրառման լավ օրինակ կարող է հանդիսանալ նաև հատուկ ԱԹՍ-ների կիրառումը` որպես նշանառու-խոցող միջոցներ, այսպես ասած «քիլլերներ»: ԱԹՍ-ները զինելով մեծ տրամաչափի դիպուկահար զենքերով՝ կարելի է ստանալ ցանկալի արդյունքներ: Նշված հնարավորությունները հատկապես կարևոր են հայկական զինված ուժերի համար:
Մասնակի կիրառության աճող ծավալներն են հիմք տալիս մասնագետներին ավելի լուրջ վերաբերվել ԱԹՍ-ների` որպես համակարգային և որ ավելի կարևոր է` մարտական կիրառության հեռանկարին: Հիմա ԱԹՍ-ների հեռանկարայնությունն այլևս քննարկման առարկա չէ, խնդիրը նրանց կիրառության մասշտաբների որոշման, կիրառման մարտավարական և ռազմավարական մոտեցումների, նրանց շնորհիվ մարտն ավելի կազմակերպված դարձնելու մեջ է:
Մասնակի կիրառման մասին նշելիս ակնարկեցինք համակարգային կիրառության պարզ դեպքերի մասին:
Համակարգային կիրառության դեպքում ԱԹՍ-ն ընդհանուր տեղեկատվական դաշտի ապահովման կարևորագույն գործիքներից է: Համակարգային կիրառության դեպքում ԱԹՍ-ն հետախուզական թռիչքը կատարում է միաժամանակ մի քանի օղակների համար, կամ նրա տված տեղեկատվությունը միաժամանակ ստանում են տարբեր համակարգեր ու գերատեսչություններ: Տեղեկատվության ստացման միջոցները կարող են ունենալ տարբեր նպատակներ և խնդիրներ, կարող են լինել առանձին սարքեր՝ հանդիսանալով մեկ համակարգի բաղկացուցիչ մասնիկներ: Դրանք կարող են համագործակցել, և այդ համագործակցությունը կարող է մեծապես կախված լինել ԱԹՍ-ների հաղորդած տեղեկություններից: Օրինակ` ԱԹՍ-ները, հետախուզելով տեղանքը, տվյալները միանգամից հաղորդում են և՛ կենտրոնակայան, և՛ հարվածային ԹՍ-ներին:
ԱԹՍ-ների համակարգային կիրառության համար ներգրավվում են ավելի մեծ քանակությամբ համալիրներ` իրենց ԹՍ-ներով և կառավարման ավելի բարդ տեխնոլոգիաներով: Համակարգային կիրառման ժամանակ խնդիրն արդեն միայն հետախուզումը չէ, նույնիսկ հետախուզված տեղեկությունները մշակելը և հասցեատիրոջը հասցնելը բավարար չեն: Հայտնաբերված նշանակետերին հարվածելու համար կոորդինատների մշտական ապահովում, արդյունքների ստուգում. սա արդեն բարդ համակարգ է, սակայն անվիճելիորեն ավելի հուսալի և արդյունավետ: Նման համակարգային կիրառումը, թվարկված բարդություններով հանդերձ, հրամանատարությանը թույլ է տալիս լուծել համակարգային խոշոր խնդիրներ: Նմանատիպ խնդիրների լուծման ժամանակ առանցքային դեր են խաղում ԱԹՍ-ները:
Մարտական կիրառությունն ինքնին համակարգայինի մի մասնիկ է, քանի որ, երբ դրանք կիրառվում են, տեղեկատվական ապահովումը, ղեկավարումը և այլ քայլերը կատարվում են այլ ԱԹՍ-ների ու համալիրների միջոցով: Սա մասնակի կիրառության դասական ձևից մեկ քայլ վեր է, այսինքն` մասնակի կիրառություն համակարգային որոշակի երանգներով:
ԱԹՍ-ները, ի սկզբանե հանդիսանալով ԹՍ-ների հասարակ տեսակը, վերաճել են ռազմավարական խնդիրներ կատարող համալիր միջոցների: Ուշագրավն այն է, որ նրանք, ելնելով իրենց ոչ մեծ արագությունից, մարտական մասի փոքր չափերից և այլ բնութագրերից, տեղավորվում են ավանդական մարտավարական օղակի սպառազինությունների չափանիշների մեջ, սակայն, ելնելով տեղեկատվական այն հզոր բազայից, որը տրամադրում են նրանք` առանց ժամանակային ձգձգման: Տրամադրված տեղեկատվության շնորհիվ, օպերատիվ և ռազմավարական համակարգերի հետ համագործակցության անհրաժեշտությունից, ինչն ապահովում է մարտի ղեկավարման ճկունություն, անօդաչուները վերաճել են ռազմավարական միջոցների: Ասել է թե՝ այս հասարակ ու պարզ մեքենաները լուծում են բարդ ու կարևորագույն խնդիրներ:
Ահա այսպես, առաջին հայացքից պարզագույն հիմունքներով է արտահայտվում մարտական ԱԹՍ-ների համակարգային կիրառության նախնական տեսությունը:
Եզրակացություն
Ելնելով պետության ռազմատեխնիկական անկախությունից` նպատակահարմար է ԱԹՍ-ները, ինչպես և ցանկացած սպառազինություն, ստեղծել սեփական միջոցներով և չներկրել արտասահմանից: Հաստատապես անքննարկելի է այն, որ ՀՀ ԶՈւ-ին անհապաղ հարկավոր են ԱԹՍ-ներ, և ոչ մեկ-երկուսը: Մեր տարածաշրջանի համար առանձնահատուկ կարևորություն ունեն ԱԹՍ-ների որոշակի բնութագրեր: Օրինակ` հարկավոր է, որ ԱԹՍ-ն ունենա ոչ պակաս, քան 6 կմ թռիչքային բարձրություն, լինի կատապուլտային արձակմամբ, անկարգելով կամ հատուկ հարմարանքով վայրէջք կատարող: Սովորական թռիչքուղուց թռչող և նույն տեղում վայրէջք կատարող ԱԹՍ-ները մեզ մեծ ծառայություններ չեն կարող մատուցել: Մեզանում շատ կարևոր է զարգացնել նաև այլ տեսակի ԱԹՍ-ները, մասնավորապես՝ օդապարիկներ: Օդային սահմանի վերահսկողության, օդուժի կիրառության և անգամ խաղաղ թռիչքների կազմակերպման գործում այս սարքերի դերը շատ կարևոր է: Առանձնահատուկ նրբություններ շատ կան: Թեման առհասարակ պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում, հատկապես, երբ մեր հարևան երկրներն ակտիվորեն զարգացնում են այս տեխնոլոգիաները: Այսինքն` այստեղ կա նաև մրցակցության խնդիր:
Ժամանակակից ՕՀՄ-ների զանգվածային կիրառմամբ հենց մարտական գործողությունների սկզբից հնարավոր է հաղթանակ տանել: Կիրառության մասսայականությունն աննախադեպ է [5, с. 70]: Առաջին էշելոնի զորքերն այնքան արագ են շարքից դուրս գալիս, որ երկրորդ էշելոնը կամ ռեզերվը չի հասցնում միջամտել [14, с. 28]: Խրամատային ամուր, պասիվ պաշտպանությունը, որը կարծրատիպ է դարձել, արդեն չի կարող ապահովել հուսալի պաշտպանություն [15, с. 18-24]: Հարձակողական դատողությունը հակամարտության ժամանակ դառնում է գերակայող [16, с. 73-80]: Ամբողջ աշխարհն անցնում է հիմնական ստորաբաժանումների փոփոխման: ՕՀՄ-ների, ԹՍ-ների և այլ համակարգերի հագեցվածության շնորհիվ հիմնական դարձող բրիգադներն ավելի մեծ հարվածային և շարժունակության հնարավորություններ ունեն, քան նախկին դիվիզիաները:
Մարտական գործողությունների ծանրության կենտրոնը վաղուց գետնից շարժվում է դեպի երկինք:
Այս պարզ ճշմարտության ընկալումը կարող է հաղթանակներ ու գերակայություն ապահովել ապագայում և հակառակը` կորուստներ պատճառել այն չընդունելու պարագայում: Նման դառնություններ թույլ տալու հնարավորություն մենք չունենք: Մեզանում, որպես կանոն, ուշադրություն է դարձվում ցամաքային զինատեսակների և զորատեսակների զարգացմանը, իսկ ԹՍ-ների, ՕՀՄ-ների զարգացումը թերի է: Այդպիսի ուշադրությունն ՕՀՄ-ների նկատմամբ չի կարող լինել բավարար, քանզի այս զինատեսակները կարևոր են, և օրեցօր նրանց դերն ու նշանակությունն ավելի են մեծանում: Յուրաքանչյուր դարաշրջանում գերակայող մի զորատեսակ իր նշանակությամբ թելադրում է մարտավարության ձևաչափը: Փոփոխվում է պատերազմի վարման ավանդական պատկերացումը, գալիս են նոր գաղափարներ և մոտեցումներ: Հարկավոր է ճիշտ հասկանալ նրանց շունչը և ոչ թե սպասել այդ փոփոխություններին: ԱԹՍ-ները միայն նոր տեսակի ԹՍ-ներ չեն, դրանք գալիք պատերազմներում նոր տեսակի ավիացիա են, ցավոք, այս պարզ ճշմարտությունը մինչ օրս հասկացել են շատ քչերը:
Ժամանակակից ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական զարգացումները, սպառազինությունների զարգացման տեմպերը և ուղղվածությունները նոր մարտահրավերներ են նետում ցանկացած պետության առաջ, որոնք սուր են, խիստ և դաժան: Նման մարտահրավերները պետք է հասկանալ, ընդունել ճիշտ և ժամանակին: Մարտահրավերները պահանջում են համարժեք և կտրուկ պատասխաններ, որոնք պետք է դիտարկել համաշխարհային փորձի հետ համադրելով (թեկուզ անհրաժեշտության դեպքում բովանդակային փոփոխություն կատարել) և կիրառել մեր պայմաններում: Այս դինամիկ տեմպերից դուրս մնալով` մենք կարող ենք, ի վերջո, կորցնել պետության անվտանգության երաշխիքները:
1Տարբեր ժամանակներում ստեղծված ամենամեծ և անհարմար դիրիժաբլները, բեռնատար, մարդատար ինքնաթիռները, տիեզերական կրող հրթիռներն անգամ` շատ չնչին տեխնիկական ձևափոխությունների արդյունքում, վերածվում էին հարվածային միջոցների, ռմբակոծիչի, հականավային ինքնաթիռի և այլն: Նշվածի լավագույն ապացույցն են գերմանական Ցեպպելին դիրիժաբլները, խորհրդային «Ռ-7» բալիստիկ հրթիռը, «Ալմազ» տիեզերակայանը, գերմանական «ՖՎ-200», ամերիկյան «Ց-130», «Բոինգ-747» և այլ ինքնաթիռները, չհաշված հարյուրավոր ուսումնական ԹՍ-ները, որոնք ներգրավվել են ամենատարբեր մարտական խնդիրների կատարման համար:
2Տե՛ս http://www.militera.lib.ru/science/tactic/index.html
3Վերլուծությունը կատարված է ըստ Зарубежное Военное Обозрение. 2008, № 7. стр. 76-110 ամսագրի, The Military Balance 2007-2008, The Middle East Strategic Balance 2007-2008 պարբերականների, Jane’s և այլ տեղեկատուների:
4Տե՛ս http://www.waronline.org/IDF/Articles/2nd-lebanon-war-statistics/
Աղբյուրներ և գրականություն
- Каримов А., Беспилотные летательные аппараты большой высоты и продолжительности полета: уникальность и эффективность, Авиация и Космонавтика, № 4, 2003.
- Григорьев И., Глобал Хок пилотируется с земли, Авиа Панорама, сентябрь-октябрь, 2004.
- Исламов В., Беспилотники: сто лет в воздухе, Независмое военное обозрение, № 32(583), 2009.
- Коротченко Е.Г., Тенденции развития современного оперативного искусства, Военная мысль, № 1, 1999.
- Захаров Н., Операция «Лис пустыни»: развитие стратегии и оперативного искусства, Военная мысль, № 5, 1999.
- Белкин В., Мухаметжанова А., Является ли высокая точность оружия «Абсолютной»?, Вестник Воздушного Флота, май-июнь, 2003.
- Зарубежное Военное Обозрение, № 4, 2008.
- Белкин В., Мухаметжанова А., Новое поколение высокоточного оружия, Вестник Воздушного Флота, июль-август, 2003.
- Амусин Б., Лосев Е., Летающие роботы, Армейский Сборник, № 2, 2002.
- Маначинский А., Чумак В., «Беспилотники» над барханами, Армейский Сборник, №8, 1996.
- Колпакчиев И., Бумеранг, Техника Молодежи, № 9, 1993.
- Даффи П., Кандалов А., А.Н. Туполев. Человек и его самолеты, М., Московский рабочий, 1999.
- «Հայ Զինվոր» թերթ, № 21, 2-9 հունիսի, 2007թ.:
- Вахрушев В.А., Локальные войны и вооруженные конфликты, Военная мысль, N4, 1999.
- Воробьев И.Н., Какие войны грозят нам в будущем веке?, Военная мысль, N2, 1997.
- Печуров С.Л., Революция в военном деле: взгляд с Запада, Военная мысль, N4, 1997.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ[07.09.2011]
- ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[22.11.2010]
- ԱՎԻԱՑԻՈՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[04.11.2010]
- ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ ԱՎԻԱՑԻԱՅԻՑ[16.10.2009]