ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԵՏԱՐԴԻԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ
Այն պայմաններում, երբ հասարակության փոխկապվածությունների բարդությունը կարգավորման չի ենթարկվում ներտարածքային քաղաքականությամբ, երբ ներպետական և միջազգային քաղաքականության մասին ավանդական պատկերացումները լրջագույն փոփոխությունների են ենթարկվում, երբ տնտեսական կյանքի անդրազգայնացումը հանգեցրել է գլոբալ տնտեսության ձևավորմանը, երբ արժեզրկվում են աշխարհընկալման հին մեխանիզմները և ձևավորվում է համամարդկային նոր գիտակցություն, պետությունը կանգնում է նոր իրողությանը հարմարվելու անայլընտրանք ուղու առջև։ Հարմարվելու գործընթացը կարող է դրսևորվել պետության կողմից սեփական դերի վերիմաստավորմամբ և իր գործառույթների վերաբաշխմամբ։ Այսօր համաշխարհային հանրությունը, ներառյալ նրա քաղաքական և գիտական էլիտան, մարդկության զարգացման ներկա փուլում էլ ավելի շատ է հակվում իրավական սոցիալական պետությունն օպտիմալ ճանաչելուն։ Հեռավոր անցյալում են մնացել մաքիավելիական ժամանակները, երբ ժողովրդի բարեկամությունն ունենալու համար, փիլիսոփայի կարծիքով, բավական էր, որ թագավորը չճնշի նրան1։ Ներկա պատմական ժամանակաշրջանում մարդը կենտրոնական տեղ է գրավում պետական գործառույթների իրականացման գործընթացում։ Համաշխարհային երկու պատերազմների արդյունքները բավականաչափ հիմք էին մարդու իրավունքների վերաբերյալ հարցերում համաշխարհային կոնսենսուսի հասնելու համար։ 1948թ. Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրում2 որպես համընդհանուր արժեք մարդկային արժանապատվության ամրագրումը սկիզբ դրեց միջազգային իրավաքաղաքական այն իրավիճակին, որն այսօր գիտական-մտավոր շրջանակներում անվանվում է մարդու իրավունքների ռեժիմ։ Հետագայում ընդունվեցին տասնյակ միջազգային իրավական փաստաթղթեր, որոնցում մանրամասնվեցին մարդու իրավունքները հասարակական և մասնավոր կյանքի տարբեր ճյուղերում, հիմնվեցին մարդու և անհատի հռչակված իրավունքների և ազատությունների գծով միջազգային և հասարակական բազմաթիվ կազմակերպություններ։ Ժողովրդավարացման համատեքստում, որն ընդգրկել է պետությունների ճնշող մեծամասնությունը, մարդու իրավունքները հանդես են գալիս միջազգային հարաբերությունների իրավաչափության գրեթե գլխավոր չափանիշի դերում։ Այս առնչությամբ Ս.Սասենը չի ժխտում «մարդու իրավունքների ռեժիմի՝ որպես ընթացիկ միջազգային գործընթացների գլխավոր էֆեկտի, ծագման հավանականությունը3։
Իրավագիտության մեջ ընդունված է արդի հետինդուստրիալ պետության ներքին և արտաքին գործառույթները դասակարգել հետևյալ կերպ. ներքին գործառույթներ են ժողովրդական իշխանության ապահովումը, տնտեսական, սոցիալական և մշակութային գործառույթները, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պահպանությունը, օրինականության և իրավակարգի ապահովումը, բնության պահպանության գործառույթը և այլն։ Արտաքին գործառույթներն են պաշտպանությունը դրսի հարձակումներից, միջազգային իրավակարգի պահպանումը, պայքարը միջազգային հանցավորության դեմ, միջազգային քաղաքական հարաբերությունները արդիականության գլոբալ խնդիրների լուծման նպատակներով, մասնակցությունը շրջակա միջավայրի միջազգային պահպանությանը, ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը և այլն։ Դժվար չէ նկատել, թե որքան պայմանական է դարձել այսօրինակ դասակարգումը։ Ակնհայտ է, որ ներքին և արտաքին շատ գործառույթներ փոխպայմանավորված են մեկը մյուսով, և որ գրեթե չկա ոչ մի գործառույթ, որը զուտ ներքին կամ արտաքին խնդիր է իրականացնում։ Այսպիսով, չնայած տեսական նման համակարգմանը, գործնականում պետության համանման ներքին և արտաքին գործառույթները միաձուլվում են կարգավորման որոշակի ոլորտի միասնական գործառույթում։ Այս համատեքստում հետաքրքիր է թվում պետության գործառույթների միասնական դասակարգումը, որը համեմատաբար նոր գաղափար է իրավունքի և սոցիոլոգիայի մեջ։ Նման մոտեցման դեպքում ցանկացած պետություն իրականացնում է հետևյալ գործառույթները.
- քաղաքական (տարածքային և հասարակական անվտանգության, ինքնիշխանության, ազգային համաձայնության, օրինականության պահպանման ապահովում և այլն),
- տնտեսական (տնտեսության գործունեության և զարգացման ապահովում, արտաքին տնտեսական հարաբերությունների վարում և այլն),
- սոցիալական (բնակչության կամ նրա մի մասի իրավունքների և ազատությունների պաշտպանություն, բնակչության սոցիալական պահանջմունքների բավարարմանը, կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում և այլն),
- գաղափարախոսական (որոշակի գաղափարախոսության պաշտպանում, կրթության կազմակերպում, գործառույթներ գիտության և մշակույթի ոլորտներում և այլն),
- էկոլոգիական (բնության պահպանությանն ուղղված միջոցառումների մշտական կազմակերպում, մասնակցություն շրջակա միջավայրի միջազգային պահպանությանը և այլն)։
Ընդ որում, պետության գործառույթները ստատիկ բնույթ չեն կրում և կոնկրետ պատմական պայմաններում կարող են ենթարկվել փոփոխությունների։ Տեսության մեջ պետության գործառույթների վերաբաշխման բազմաթիվ տարբերակներ կան, որոնք թելադրված են արդի տեղեկատվական հասարակության զարգացման մակարդակով։ Խոսքը, որպես կանոն, որոշ գործառույթներից պետության թոթափման մասին է՝ ի հաշիվ միջազգային ինստիտուտների և հասարակական կազմակերպությունների։ Բավական հետաքրքիր մոդել է ներկայացնում Ս.Ուդովիկը, որտեղ պետական գործառույթների վերաբաշխումը տեղի է ունենում հետևյալ մակրոմակարդակներով.
- Վերպետական4 - գործառույթների մի մասը պետությունը լիազորում է ավելի բարձր մակարդակի՝ քաղաքակրթականի կամ միջազգայինի։
- Ստորին – պետության գործառույթների մի մասն անցնում է ստորին՝ տարածաշրջանային կամ տեղական մակարդակին, ինչը բացատրվում է անհատի մասին հոգացողությամբ։
- Ոչ ֆորմալ, հասարակական քաղաքացիական կազմակերպություններ։
- Պետությունն իբրև այդպիսին։ Նրան են պատկանում հետևյալ գործառույթները. բոլոր մակարդակներին լիազորությունների և պատասխանատվության բաշխման իրավունքը, բնակության և բիզնեսի վարման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, կարգուկանոնի պահպանումը, էկոլոգիայի մոնիթորինգը և այլն, և այլն5։
Արդի իրողություններում, երբ, ինչպես գրում է Ա.Նեկլեսան, «նախկին քաղաքական սխեմայի կողքին, մոլորակում ստեղծվում է իշխող հարաբերությունների անդրազգային, աշխարհատնտեսական մոդելը»6, պետությունը՝ որպես կառավարման ինստիտուտների ամբողջությունն ու իշխելու և վերահսկելու սկզբունքները հաստատող սուբյեկտ, որպես կառավարման և կարգուկանոնի բազիսային համակարգ, որպես հասարակական-գաղափարախոսական մթնոլորտը ձևավորող բարձրագույն ատյան, ճգնաժամ (կամ, առնվազն, անցումային շրջան) է ապրում։ Հետարդիական դարաշրջանում պետության դերի և գործառույթների վերաբերյալ հետազոտողների կարծիքները խմբավորվել են հետևյալ սկզբունքային դրույթներով.
- Պետականության արժեզրկում։ Քաղաքական մտքի արդի ներկայացուցիչներից շատերը (Ռ.Ֆոլք7, Թ.Ֆրիդման8 և այլք) համոզված են, որ պետականությունը բառիս բուն իմաստով արժեզրկվում է (կամ, ծայրահեղ դեպքում, նրա դերը նվազագույնի է հասցվում)՝ անկարող դառնալով ընդունելու արդիականության մարտահրավերները։ Նրանք կարծում են, որ գլոբալացման գործընթացներն արմատապես փոխում են պետականության էությունը, որը ոչ հեռավոր ապագայի հորիզոնում լիակատար ֆիկցիա է երևում։ Սույն հայեցակարգը բազմաթիվ տարբերակներ ունի, որոնցից յուրաքանչյուրը որոշակի դիրք է գրավում չափավորության և հիպերգլոբալիզմի միջև։
- Ազգային պետության հզորացում։ Սա նորագույն դարաշրջանի գործընթացների նախորդ մեկնության ուղիղ հակառակն է՝ պետության դերի վրա դրանց ազդեցության տեսակետից։ Այս հայեցակարգի տրուբադուրները (Ե.Կապստեյն9, Ա.Ուտկին10 և այլք) ոչ միայն ժխտում են պետականության ամեն տեսակ արժեզրկումը, այլև պնդում են հակառակ միտումները։ Նրանք կարծում են, որ գիտատեխնիկական նվաճումները և միջազգային քաղաքական համակարգի կատարելագործումը ազգային պետությունը դուրս են բերել ազդեցության և վերահսկողության նոր մակարդակ:
- Այլընտրանքային տեսլական. ադապտացիա։ Այս տեսակետը պաշտպանողների խումբը (Ջ.Ռոզենաու11, Ս.Սթրեյնջ12 և այլք) կարծում է, որ ազգային պետությունը հարմարվում է նոր միջավայրին, և որ, ծայրահեղ դեպքում, տեղին է խոսել կառուցվածքային փոխակերպումների մասին, որը արժեզրկում կամ վերահսկողության ուժեղացում չէ։ Հետևաբար, ազգային պետությունը գտնվում է արդի դարաշրջանի մարտահրավերներին պատասխանելու էֆեկտիվ մեխանիզմների մշակման երկարատև փուլում։
Այսպիսով, գոյություն չունի գերիշխող հայեցակարգ, որի փաստարկներն իրենց ծանրակշռությամբ կմթագնեին այլընտրանքային բոլոր տեսլականները։ Ամենայն հավանականությամբ, պետականությունը կենթարկվի որոշակի մետամորֆոզների, բայց միանշանակ պատասխանել հարցին՝ կարժեզրկվի՞, թե՞ կզորեղանա նրա դերը, թե՞ նրա էությունը կմնա անփոփոխ, մեր կարծիքով, կոռեկտ չի թվում։ Ամփոփելով՝ կուզենայինք բերել Ֆ.Ֆուկույամայի բավական հաջող ձևակերպումն այն մասին, որ «ամեն դեպքում պետության կերտման արվեստը կլինի ազգային ուժի հանգուցային բաղադրիչը»13։
1Макиавелли Н., Государь. Рассуждение о первой декаде Тита Ливия / Пер. с итальянского Г.Муравьевой, Р.Хлодовского. СПб.: Азбука – классика, 2007. 288с., c. 69.
2Всеобщая декларация прав человека от 10 декабря 1948г. // Права человека: Сборник международных документов. М.: 1998. 608с., с. 12-17.
3S. Sassen. Losing Control?: Sovereignty in an Age of Globalization. N.Y.: ColumbiaUniversity Press, 1996, xvi + 158 P.
4Մենք այս սահմանումն այնքան էլ կոռեկտ չենք համարում սույն մակրոմակարդակը բնութագրելու համար, քանի որ վերպետականության սկզբունքը հատուկ է միայն մի քանի միջազգային կազմակերպությունների։ Սակայն հեղինակի ձևակերպումը թողնվել է անփոփոխ։
5Удовик С.Л., Глобализация: семиотические подходы – М.: Рефл-бук, 2002.- 480с., c. 391 – 394.
6Неклесса А.И., Четвертый Рим. Глобальное мышление и стратегическое планирование в последней трети XX века // Российские стратегические исследования / Под ред. Л.Л.Фитуни. М.: Логос, 2002. 192с., с.10.
7Falk R., World Orders, Old and New // Current History. January 1999, p. 31-33.
8Friedman T.L., The Lexus and the Olive Tree: Understanding Globalization.: New York: Anchor Books, 2000.
9Kapstein E.B., Governing global finance // The Washington Quoterly. 1994. Vol. 17, № 2, p. 85.
10Уткин А.И., Мировой порядок XXI века. М.: Эксмо, 2002.
11Rosenau J., Along the Domestic-Foreign Frontier. Cambridge UK: Cambridge University Press, 1997, p. 4-5.
12Strange S., The Retreat of the State: The Diffusion of Power in the World Economy. Cambridge UK: Cambridge, University Press, 1999, p. 4.
13Фукуяма Ф., Сильное государство: Управление и мировой порядок в XXI веке // Пер. с англ. О.Э.Колесникова, Н.Г.Кротовской. М.: 2006, с. 200.
դեպի ետ