ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ
Ադրբեջանական լրատվամիջոցներից ստացված հակասական տվյալների համաձայն՝ նոյեմբերի 10-ին և դրան հաջորդած օրերին Ադրբեջանի հյուսիսային՝ Դաղստանին սահմանակից Քուսարի և Ղուբայի շրջաններում1 տեղի են ունեցել ռազմական գործողություններ Ադրբեջանի զինված ուժերի և սալաֆիական (կամ՝ վահաբական) ուղղվածության կրոնաքաղաքական ռազմական մի խմբավորման միջև, որը հայտնի է «Անտառային եղբայրներ» անունով։
Տեղեկությունը նոյեմբերի 11-ին հերքել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը՝ Ադրբեջանի հյուսիսային շրջանում ներքին զորքերի տեղաշարժը կապելով հերթական զորավարժությունների հետ2։ Նոյեմբերի 10-ին ադրբեջանական APA գործակալությունն արդեն հայտնել էր, որ նոյեմբերի 9-ից ադրբեջանական ներքին զորքերը զինամթերքի որոնման նպատակով շարժվում են դեպի Քուսարի և Ղուբայի լեռնային ու անտառային շրջաններ3։
Չնայած ուժային նախարարությունը հերքել է տեղեկատվությունը, սակայն ադրբեջանական աղբյուրները, ընդհանուր առմամբ, հաստատել են այն: Առկա տվյալները հիմք են տալիս արձանագրել, որ գրոհայիններին հաջողվել է մի քանի օր դիմադրություն ցույց տալ ադրբեջանական ներքին զորքերին:
Տեղեկանք.- «Անտառային եղբայրներ» խմբավորումն ունի հյուսիսկովկասյան ծագում, կազմում ներգրավված են չեչեններ, արաբ աֆղանցիներ, դաղստանցիներ և ադրբեջանցիներ։ Գործում է հիմնականում Դաղստանի հարավային շրջաններում, նաև՝ Ադրբեջանի հյուսիսում։
Խմբավորման անդամները կապ ունեն չեչենական պատերազմի և դաղստանյան մոջահիդների հետ։ Նրանց մի մասը մարտնչել է վահաբական դաշտային հրամանատար Ռաբանի Խալիլովի4 հետ: Վերջինս, ով հայտնի է եղել որպես Կովկասի դիմադրության ուժերի դաղստանյան ճակատի էմիր5, 1999-ից Դաղստանում, Խատաբի հրամանատարությամբ, կռվել է ռուսական բանակի դեմ:
«Անտառային եղբայրները» կազմված է ջամաաներից՝ փոքր խմբավորումներից, որոնից յուրաքանչյուրն ունի իր ղեկավարը։ Խմբավորումը մարտնչող ռազմական կառույց է, որ որդեգրել է ռազմական ջիհադի հայեցակարգը։ Նրա գաղափարախոսության հիմքում ընկած է շարիաթական պետության ստեղծման գաղափարը6։
«Անտառային եղբայրների» մարտավարությունը և մեթոդաբանությունը ներառված են չեչենական և դաղստանյան վահաբականությունից, որն իր հերթին կրում է աֆղանական ջիհադական շարժման և մոջահիդների ազդեցությունը: Այդ ինստիտուտը (որն աֆղանական պատերազմի ժամանակ ներդրվել է ամերիկյան և սաուդական հատուկ ծառայությունների կողմից) հետագայում իր դրսևորումներն ունեցավ Լեռնային Ղարաբաղի, Չեչնիայի, Բոսնիայի պատերազմներում։ «Անտառային եղբայրների» գործունեությունը կապվում է նաև լեզգիական «Սադվալ» կազմակերպության հետ։
«Անտառային եղբայրները» զբաղվել է նաև արաբական երկրներից արմատական կրոնական գրականության տարածմամբ։ Դեռևս 2005թ. Ադրբեջանի Խաչմազի և Քուսարի շրջանների սահմանամերձ մի շարք անտառներում հայտնաբերվել էին հողի մեջ թաղված զինամթերք և պարենի պաշարներ: Այն ժամանակ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ հայտնաբերված զինամթերքը և սննդամթերքը պատկանում են «Անտառային եղբայրներին»:
Հատկանշական է, որ կառույցի անդամները պարբերաբար, անարգել ձևով կարողացել են ներթափանցել Ադրբեջան և իրականացնել տարաբնույթ գործողություններ։ Խմբավորման հանգուցային դեմքերից էին ծագումով լեզգի և իրեն Դաղստանի վահաբականների առաջնորդ համարող՝ «Դաղստանի էմիր» Իլղար Մոլլաչիևը (Աբդուլմաջիդ մականունով)՝ Զագաթալայից, նաև նրա բարեկամ Սամիր Մեհտիևը (Սուլեյման մականունով)։
2007թ. Ադրբեջանի իշխանությունները Սումգայիթում ձերբակալեցին «Անտառային եղբայրների» 17 ակտիվիստների, որոնց առաջնորդը եղել է ծագումով արաբ Նաիֆ Աբդուլ Քերիմ Ալ-Բադավին (Աբու Ջաֆար մականունով)։
2008թ. հուլիսի 19-ին Իլղար Մոլլաչիևը և Սամիր Մեհտիևը եղել են Բաքվում և Սումգայիթում։ Նրանք ծրագրել էին ստեղծել «Սումգայիթ ջամաան» (որը Բաքվում կողոպուտների արդյունքում պետք է ձեռք բերեր զինամթերք և իրականացներ ռազմական գործողություններ)։ Պետք է ստեղծվեր նաև «Ղուբա-Քուսար ջամաան», որը հյուսիսի լեռնային շրջաններում ստեղծելու էր ռազմական հենակետեր և զինանոցներ7։ Նրանց էական օգնություն են ցույց տվել նաև տեղացի առանձին ադրբեջանցիներ։
2008թ. սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի ոստիկանության և ներքին զորքերի «Շահին» հատուկ նշանակության ջոկատը ռազմական գործողություններ է իրականացրել Քուսարի շրջանի Հեզրե գյուղի մոտակայքում թաքնվող զինված «եղբայրների» դեմ, որոնց հաջողվել է նահանջել։ Արդյունքում՝ սպանվել է ադրբեջանցի մի զինվորական։
2008թ. սեպտեմբերին Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ օգոստոսի 17-ին Բաքվում, Աբու Բաքր սուննիական մզկիթում իրականացված ահաբեկչությունը կազմակերպել է «Անտառային եղբայրները», ավելի ստույգ՝ Իլղար Մոլլաչիևի խումբը8։ Հայտարարությանը նախորդեցին երկու տասնյակից ավելի «եղբայրների» ձերբակալությունները։ Դաղստանում սեպտեմբերի 7-ին ներքին զորքերի հատուկ ստորաբաժանումներին հաջողվեց վերացնել Մոլլաչևին9։
Ներկա փուլում «եղբայրների» կողմից Ադրբեջանում իրականացվող ռազմական գործողությունների նպատակը, ըստ էության, երկրի ներքաղաքական իրավիճակի ապակայունացումն է։ Ադրբեջանում վահաբական գործոնի շահարկումը ներքաղաքական գործընթացներում, ըստ էության, կարող է հետաքրքրել տարածաշրջանի աշխարհաքաղաքական խաղացողներ համարվող Ռուսաստանին և ԱՄՆ-ին։
Դիտարկում.- Մամուլում տեղ գտած նյութերից պարզ է դառնում, որ Բաքվի իշխանությունները ռազմական գործողությունների գոտի են տեղափոխել ծանր զրահատեխնիկա։ Չի բացառվում, որ գրոհայինների թիվը քիչ չի եղել, որոնք, ամենայն հավանականությամբ, ցանկացել են մի քանի օր դիմադրելով ադրբեջանական բանակին՝ ցուցադրական ռազմական ակցիա իրականացնել, քանի որ խմբավորման ղեկավարները հազիվ թե համոզված լինեին, թե կարող են հասնել քաղաքական որևէ լուրջ նպատակի։
Չի բացառվում, որ «Անտառային եղբայրներին», ինչպես և դաղստանյան վահաբական ջամաաներին հովանավորում է Սաուդյան Արաբիան, որը Հյուսիսային Կովկասում վահաբականությանն աջակցող և ֆինանսավորող հիմնական երկիրն է համարվում։
Վահաբականությունը՝ որպես սալաֆիական շարժում, հիմնվել է 18-րդ դարում և պատմականորեն վճռորոշ դերակատարություն ունեցել սաուդական պետության ձևավորման հարցում։ 1960-ականների երկրորդ կեսին և 1970-ականների սկզբներին միջազգային հարաբերություններում ակնհայտորեն ակտիվացավ սաուդական քաղաքական դերակատարումը: Նավթային հսկայական պաշարների շնորհիվ թագավորությունը հայտնվեց ԱՄՆ կենսական հետաքրքրությունների և քաղաքական գործընկերության ոլորտում։ Այն դիտվեց որպես Խորհրդային Միության դեմ պայքարի կարևոր հենակետ։ Սաուդյան Արաբիան ձեռնամուխ եղավ վահաբականության արտահանմանը, որը նոր լիցքեր հաղորդեց իսլամական արմատական կրոնաքաղաքական շարժումներին՝ ձգտելով կենսունակ պահել ռազմական ջիհադի հայեցակարգը։ Ամերիկյան հետազոտողների կարծիքով՝ Սաուդյան Արաբիան վահաբական քարոզչության համար քառորդ դարի ընթացքում ավելի շատ գումար է ծախսել, քան ԽՍՀՄ-ը՝ համայնավարական քարոզչության համար10։
1990-ականներից սաուդական հիմնադրամները (հատկապես՝ Իսլամական օգնության միջազգային կազմակերպությունը, Ալ-Հարամեյնը, Իբրահիմ բեն Իբրահիմը) և վահաբական միսիոներները սկսել են գործունեություն ծավալել նաև Ռուսաստանում և Հյուսիսային Կովկասում։ Վահաբական գործոնը մեծ դեր է խաղացել չեչենական պատերազմներում և դաղստանյան հակառուսական կրոնաքաղաքական ռազմական շարժումներում։
Ըստ էության, տարածաշրջանում վահաբական գործոնի ակտիվացումը ներկա փուլում կարելի է դիտարկել որպես շրջանն ապակայունացնելու և այնտեղ լայն ազդեցություն ունեցող Ռուսաստանի դիրքերի թուլացմանն ուղղված ձգտում, որին հետամուտ է Արևմուտքը։
Ոմանք կարող են եզրակացնել նաև, որ Ադրբեջանի հյուսիսում տեղի ունեցած դեպքերը, թերևս, Ռուսաստանի նախաձեռնությունն էին, որը ձգտում է խոցելի դարձնելով Ադրբեջանը՝ վերահսկողություն ունենալ տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների վրա։ Որ վահաբական գրոհայինները կարողացել են անարգել ներթափանցել Ադրբեջան, խոսում է այն մասին, որ մի կողմից՝ այդ իրողությունը գուցե չնկատելու են տրվել ռուսական սահմանապահ ուժերը և հատուկ ծառայությունները, մյուս կողմից՝ չպետք է բացառել, որ Ռուսաստանն իր հերթին խնդիր ունի վերահսկել նախ՝ Դաղստանում վահաբական խմբավորումների գործունեությունը, ապա՝ ռուս-ադրբեջանական սահմանը, չնայած այն հանգամանքին, որ 1996թ. Ադրբեջանի հետ ձեռք է բերվել երկուստեք սահմանն ամրապնդելու պայմանավորվածություն, որն ամրագրվել է համապատասխան պայմանագրով։
Միևնույն ժամանակ, փաստը, որ վերջին տարիների ընթացքում սա «Անտառային եղբայրների» հետ կապված բազմաթիվ դեպքերից մեկն է, խոսում է այն մասին, որ խնդիրը դառնում է Ադրբեջանին առնչվող անվտանգության օրակարգի բաղկացուցիչը, և չի բացառվում, որ առաջիկայում այդ ուղղությամբ նոր զարգացումներ լինեն։
1Քուսարի շրջանում բնակչության 95 տոկոսը լեզգիներ են, Ղուբայում՝ 16։
2Տե՛ս www.day.az/news/society/136559.html
3Տե՛ս www.day.az/news/society/136230.html
4Դաղստանյան ծագում ունեցող Ռաբանի Խալիլովն իր հայրենիքում կազմակերպել է բազմաթիվ ահաբեկչություններ, իսկ 2007-ին սպանվել է դաղստանյան հատուկ ստորաբաժանումների կողմից:
5Մանրամասն տե՛ս www.kavkaz-uzel.ru/persontext/person/id/1197462.html
6Տե՛ս www.jamestown.org/terrorism/news/article.php?articleid=2374402
7Մանրամասն տե՛ս www.azeri.ru/papers/zerkalo_az/25994/
8Մանրամասն տե՛ս www.islam.az/modules/news/article.php?storyid=3358
9Մանրամասն տե՛ս www.today.az/news/society/47462.html
10Մանրամասն տե՛ս Ա.Փաշայան, Վահաբական քարոզչության մի քանի դրսևորումների շուրջ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, հ. 23, էջ 290-303։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]